ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-27)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 13 հուլիսի 2023թ. ՍԴԴԿՈ - 27 | ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 13 հուլիսի 2023թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Վաղարշյանի
Անդամակցությամբ Հ. Թովմասյանի
Հ. Հովակիմյանի
Քննության առնելով Հովհաննես Գասպարյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Հովհաննես Գասպարյանի (այսուհետ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի հուլիսի 3-ին: Դիմողը Սահմանադրական դատարան մուտքագրված իր դիմումում խնդրել է.
«1. Ազգային ժողովի կողմից ընդունված Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության նախկին օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 290-րդ հոդվածի 5-րդ մասի «գտնելով, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, և անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, դատարանը որոշում է կայացնում բողոքը մերժելու մասին որոշում» ձևակերպումը, 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությունը և 2-րդ մասի «կամ կայացնում է նոր դատական ակտ» եզրույթը, ինչպես նաև Քրեական դատավարության գործող օրենսգրքի 398-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 5-րդ, 28-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր: (...)»:
2. Ներկայացնելով թիվ ԵԴ/0906/11/21 դատական գործի դատավարական նախապատմությունը Դիմողը նշում է, որ «Օրենսգրքերում եղող օրենսդրական բացի և իրավական որոշակիության հետ կապված խնդիրների առկայությունը լայն հնարավորություններ են տալիս որպես արդարադատություն և դատարան հանդես եկող դատավորներին շրջանցելու սահմանադրական և օրենսդրական պահանջները առաջնորդվելով սեփական ցանկությամբ»: Դիմողը գտնում է, որ իր « պարագայում հենց այդպես էլ եղավ բոլոր դատական ատյաններում, երբ չպահպանվեցին մրցակցությունն ու արդարությունը, դատավարական ժամկետների անհարկի և անհիմն ձգձգումներով երկարեց դատական գործընթացը, հետազոտված ապացույցների դուրս թողնմամբ, նկարագրական մասերի բացակայությամբ, ընդհանրական և վերացական բնույթի դատողություններով լցված պատճառաբանական մասերով, հավասարության պայմանների չգոյությամբ, դատարանի մատչելիության իրավունքի ոտնահարմամբ կայացվեցին ակնհայտ անարդար որոշումներ»: Դիմողը փաստում է, որ « ակնհայտ է դառնում, որ որպես արդարադատություն և դատարան ներկայացած վերը նշված դատավորները հանդես չեն եկել Օրենքի անունից, չեն իրականացրել իրենց սահմանադրական պարտավորություններն ու լիազորությունները որպես Օրենքի հիման վրա ստեղծված դատարաններ»: Դիմողը գտնում է, որ «Իրենց կայացրած ակնհայտ անարդար որոշումներով նրանք, ի թիվս այլնի, ուղղակիորեն ոտնահարել են ոչ միայն իմ իրավունքները, այլև, առաջին հերթին, պատիվս և արժանապատվությունս»: Դիմողը փաստում է. «Օգտվելով իրենց դիրքից, ինչպես նաև օրենսդրությունում դեռևս առկա բացերից ու իրավական անորոշություններից, որ տեղ ունեն Օրենքների տարբեր հոդվածներում Արդարադատության ներկայացուցիչները ոչ միայն պաշտպանել են վարույթ իրականացրած մարմնի հակաօրինական որոշումը, ինչով պայմանավորված թաքցվել և անպատիժ է մնացել օրինախախտումը, որում տեղ ունեն հանցատարրեր, այլև օգտվել են իմ միայնակ լինելու հանգամանքից, (...), տարիքից»: Դիմողը նաև գտնում է. «Բացահայտ խտրականություն և կողմնակալություն դրսևորելով երկու սուբյեկտներից մեկի իմ նկատմամբ Արդարադատության անունից հանդես եկած պաշտոնատար անձինք արժեզրկել են Հայաստանի Հանրապետության որպես իրավական պետության գաղափարը, ստվերել են ժողովրդավարությունը»:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական վերոհիշյալ նորմն ամրագրվել է նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում` եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում` սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Միևնույն ժամանակ, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները: Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ (…) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»: Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 24-ի ՍԴԴԿՈ-58 դատական կազմի որոշմամբ արձանագրել է, որ (…) Դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելու սահմանադրական պահանջից բխում է, որ եթե առկա է կամ առկա է եղել որևէ դատական ատյան, որը կարող է (էր) քննել դիմողի կողմից բարձրացված հարցը, սակայն դիմողը չի օգտվել այդ հնարավորությունից, ապա դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները»: Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները և Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ Սահմանադրական դատարանի դատական կազմը հանգում է հետևյալ եզրակացության. անհատական դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Դիմողը չի իրացրել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելու սահմանադրական պահանջը: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը թիվ ԵԴ/0906/11/21 դատական գործով 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշմամբ բողոքը վերադարձրել է արձանագրելով, որ բողոքը չի բովանդակում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածով սահմանված հատուկ վերանայման բողոքը վարույթ ընդունելու պայմանները, և այն բերվել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգավորումներին համապատասխան, այսինքն չի համապատասխանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով սահմանված պահանջներին։ Վճռաբեկ բողոքի թերությունը շտկելու և այն կրկին ներկայացնելու համար դատարանը սահմանել է տասնօրյա ժամկետ։ Հետևաբար Վճռաբեկ դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Դիմողին իրական հնարավորություն է տրվել տասնօրյա ժամկետում շտկելու Վճռաբեկ դատարանի կողմից նշված թերությունները և կրկին ներկայացնելու վճռաբեկ բողոք ապահովելով դատական պաշտպանության իր սահմանադրական իրավունքի իրացումը: Ըստ Դիմողի կողմից դիմումին կից ներկայացված փաստաթղթերի Դիմողը սահմանված ժամկետում կրկին վճռաբեկ բողոք է ներկայացրել, որի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը, քննելով դիմողի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը, 2023 թվականի հունվարի 5-ին կայացրել է «Հատուկ վերանայման վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշում: Վճռաբեկ դատարանը վերոնշյալ որոշմամբ արձանագրել է հետևյալը. «Դիմող Հ. Գասպարյանը սահմանված ժամկետում կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք, որում չի շտկվել Վճռաբեկ դատարանի կողմից մատնանշված թերությունը:
Հետևաբար` դիմող Վ. Գասպարյանի հատուկ վերանայման բողոքը պետք է թողնել առանց քննության, քանի որ այն սահմանված ժամկետում չի համապատասխանեցվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի պահանջներին»: Նշված հանգամանքը հաստատում է նաև Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացված դիմումում:
Վերոշարադրյալի կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է. Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 8-ի ՍԴԱՈ-120 աշխատակարգային որոշմամբ ընդգծել է, որ սահմանադրական արդարադատություն հայցելու անձի իրավունքը, ինչպես նաև օրենսդրությամբ դրա իրացման նպատակով նախատեսված ընթացակարգային կարգավորումներն ինքնանպատակ չեն, ուստիև հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող: Նշված կարգավորումները միտված են դիմողի կողմից նախքան Սահմանադրական դատարան դիմելու իրավունքն իրացնելն իր ենթադրյալ խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման համար օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորությունները սպառելուն։ Մինչդեռ, սույն գործի փաստերից ակնհայտ է, որ Դիմողը, ունենալով Վճռաբեկ դատարանի կողմից սահմանված ժամկետում վկայակոչված թերությունները շտկելու և կրկին վճռաբեկ բողոք ներկայացնելու իրական հնարավորություն, կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք, սակայն չի վերացրել Վճռաբեկ դատարանի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրած թերությունները, մասնավորապես, վճռաբեկ բողոքում չի նշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածով սահմանված հատուկ վերանայման բողոքը վարույթ ընդունելու պայմանները: Նշվածի արդյունքում Վճռաբեկ դատարանը 2023 թվականի հունվարի 5-ին կայացրել է «Հատուկ վերանայման վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշում: Վերոնշյալ հանգամանքի հաշվառմամբ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը պատշաճ կերպով չի իրացրել իր ենթադրյալ խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման համար օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորությունները սպառելու պահանջը, քանի որ Վճռաբեկ դատարանի կողմից 2023 թվականի հունվարի 5-ի «Հատուկ վերանայման վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշման կայացման հիմքում ընկած է հենց Դիմողի կողմից Վճռաբեկ դատարանի սահմանած ժամկետում վկայակոչված թերությունները շտկելու և կրկին վճռաբեկ բողոք ներկայացնելու իրական հնարավորությունից չօգտվելը, իր իրավունքների իրացման նպատակով անհրաժեշտ օրենսդրական պահանջները չպահպանելը: Այսպիսով, Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները նկատի ունենալով այն հանգամանքը, որ Դիմողի նկատմամբ թիվ ԵԴ/0906/11/21 դատական գործով կայացված վերջին դատական ակտը Վճռաբեկ դատարանի 2023 թվականի հունվարի 5-ի որոշումն է, որի բովանդակությունից, մասնավորապես, հատուկ վերանայման վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու հիմքից բխում է, որ այն չի կարող համարվել Դիմողի կողմից բարձրացված հարցերի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 290-րդ հոդվածի 5-րդ մասի «Գտնելով, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, և անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, դատարանը որոշում է կայացնում մերժելու մասին որոշում» ձևակերպման, 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասության և 2-րդ մասի «կամ կայացնում է նոր դատական ակտ» եզրույթի) կապակցությամբ օրենսդրությամբ նախատեսված ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցների սպառում: Վերոշարադրյալի լույսի ներքո, հաշվի առնելով նաև Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը` Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, հետևաբար սույն պարագայում բացակայում է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան պայմանը, ուստի Դիմողը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Նման պայմաններում Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 290-րդ հոդվածի 5-րդ մասի «Գտնելով, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, և անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, դատարանը որոշում է կայացնում մերժելու մասին որոշում» ձևակերպման, 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասության և 2-րդ մասի «կամ կայացնում է նոր դատական ակտ» եզրույթի մասով, ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դատական պաշտպանության բոլոր միջոցները չսպառելու, Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չլինելու հիմքերով: 3.2. Դիմողի կողմից բարձրացված հարցերի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 290-րդ հոդվածի 5-րդ մասի «Գտնելով, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, և անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, դատարանը որոշում է կայացնում մերժելու մասին որոշում» ձևակերպման, 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասության և 2-րդ մասի «կամ կայացնում է նոր դատական ակտ» եզրույթի, ինչպես նաև 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է նաև հետևյալը. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ (…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականնության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»: Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր: Հակառակ դեպքում տվյալ դիմումները չեն կարող ենթակա լինել Սահմանադրական դատարանին, քանի որ դուրս են Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից: Նորմատիվ իրավական ակտի դրույթի կիրառման իրավաչափության հարցի քննարկման պարագայում Սահմանադրական դատարանը կստանձնի դատական ակտ վերանայող դատական ատյանի գործառույթ, որը ոչ միայն չի բխի Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի կարգավորումներից, այլև փաստացի կվերացնի Սահմանադրական դատարանի և եռաստիճան դատական համակարգում գործող դատարանների գործառույթների տարանջատումը։ Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող է լինել բացառապես նորմատիվ ակտի, ինչպես նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության գնահատումը: Քննարկվող համատեքստում, հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը հետևյալ պատճառաբանությամբ. սույն անհատական դիմումով Դիմողը, ըստ էության, իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԵԴ/0906/11/21 դատական գործով ինչպես վերաքննիչ դատարանի, այնպես էլ Վճռաբեկ դատարանի կողմից կայացված դատական ակտերն, վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը: Վերոշարադրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 290-րդ հոդվածի 5-րդ մասի «գտնելով, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, և անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, դատարանը որոշում է կայացնում բողոքը մերժելու մասին» ձևակերպումը, 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությունը և 2-րդ մասի «կամ կայացնում է նոր դատական ակտ» եզրույթի, ինչպես նաև Օրենսգրքի 398-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց: Վերոգրյալով պայմանավորված Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների սահմանադրականության գնահատում, այլ թիվ ԵԴ/0906/11/21 դատական գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից: Սահմանադրական դատարանի դատական կազմը, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները, գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման նաև դիմումում առաջադրված հարցերի Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Հովհաննես Գասպարյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Ա. Վաղարշյան
Անդամներ Հ. Թովմասյան
Հ. Հովակիմյան
13 հուլիսի 2023 թվականի
ՍԴԴԿՈ-27
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 13 հուլիսի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-27
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
