ԱՐՄԱՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-12)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 25 մայիսի 2017թ. ՍԴԴԿՈ/2 - 12 | ԱՐՄԱՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
25 մայիսի 2017թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2
դատական կազմը`
Նախագահությամբª Ֆ. Թոխյանի
Անդամակցությամբ` Հ. Նազարյանի
Ա. աչատրյանի
Քննության առնելով Արման Սահակյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` Արման Սահակյանը 2017թ. մայիսի 10-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով. «ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ և 75-րդ հոդվածները»:
Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց, որ.
1. Դիմողը նշում է, որ վիճարկվող նորմերում ամրագրված են դատավարական ժամկետների որոշման չափորոշիչները, համաձայն որոնց` վերջիններս որոշվում են օրացուցային ստույգ տարով, ամսով, ամսաթվով կամ որոշակի ժամանակահատվածով: Ընդ որում, բոլոր ժամկետներին տրված է ընդհանուր մոտեցում դրանց սկսման և ավարտման մասով: Բացի դրանից, օրենսդիրն առանձնացրել է «աշխատանքային օր» եզրույթը, ինչը բացառում է ոչ աշխատանքային օրերին որևէ դատավարական գործողություն կատարելը:
Ըստ դիմողի` օրերով հաշվարկվող ժամկետների դեպքում խնդիրներ են առաջանում սուբյեկտների համար, քանի որ դրանց հոսքի մեջ ժամանակագրային առումով կարող են ընդգրկվել ոչ աշխատանքային օրեր, որոնք անհնարին են դարձնում համապատասխան վարքագծի դրսևորումը:
Դիմողը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը չի ամրագրում «օրացուցային օր» եզրույթը, սակայն, փաստորեն, ժամկետները հաշվարկվում են այդ եզրույթի համատեքստում` իրավունքի հասցեատիրոջ համար առաջացնելով շփոթմունք և վարքագծի դրսևորման ոչ հստակություն: Դիմողի կարծիքով` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ և 75-րդ հոդվածները որոշակի չեն այնքանով, որքանով չեն ամրագրում օրերով հաշվարկվող ժամկետների հաշվարկի ընթացքը, չեն ընդգծում դրա հաշվարկն «օրացուցային օր» եզրույթին համապատասխան կատարելը, կանխատեսելի չեն սուբյեկտի համար և չեն ապահովում իրավունքի սուբյեկտի և իրավակիրառողի միատեսակ ընկալումը:
2. Դիմումին կից ներկայացված դատական ակտերի, մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշման ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանում անմիջականորեն վկայակոչված չեն դիմողի կողմից վիճարկվող դրույթները:
Ի թիվս այլնի, անհատական դիմումին առաջադրվող սահմանադրական և օրենսդրական պահանջներից է նաև այն, որ անհատական դիմում կարող է ներկայացնել այն անձը, որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթ: ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1- ին մասի իմաստով «օրենքի դրույթի կիրառում» հասկացության սահմանադրաիրավական բովանդակությունը ՀՀ սահմանադրական դատարանը բացահայտել է իր` 2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշման մեջ, մասնավորապես, արտահայտելով իրավական դիրքորոշում առ այն, որ ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետի` «...իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի...» բառակապակցության մեջ կիրառում հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման: Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի կիրառում, երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ: Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի կիրառում: Սահմանադրական դատարանի պրակտիկայում հանդիպել են նաև այնպիսի իրավիճակներ, երբ դատական ակտերում ուղղակիորեն վկայակոչված չի եղել դիմողի կողմից վիճարկվող դրույթը, սակայն դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում ակնհայտ է եղել դիմողի նկատմամբ իրավական հետևանքների առաջացումը դիմողի կողմից վիճարկվող, դատական ակտում անմիջականորեն չվկայակոչված նորմերով, ինչպես խնդրո առարկա գործի պարագայում: Հետևաբար, «օրենքի դրույթի» կիրառում է համարվում նաև այն դեպքը, երբ դատական ակտերում բացակայում է օրենքի դրույթի ցանկացած վկայակոչում, սակայն դատական ակտի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ դիմողի համար իրավական հետևանքներ է առաջացրել չվկայակոչված դրույթի փաստացի կիրառումը:
3. Դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ առկա չեն դիմումի քննությունը մերժելու հիմքեր, քանի որ` դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին, դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,
դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,
դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
1. «Արման Սահակյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ և 75-րդ հոդվածների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:
Նախագահող
Անդամներ
25 մայիսի 2017 թվականի
ՍԴԴԿՈ/2-12
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 մայիսի, 2017 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-12
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
