Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀԱՍՄԻԿ ԱԲԳԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՀԱՍՄԻԿ ԱԲԳԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-2317 մայիսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-23)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 17 մայիսի 2024թ. ՍԴԴԿՈ - 23 | ՀԱՍՄԻԿ ԱԲԳԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 17 մայիսի 2024 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ՝ Հ. Հովակիմյանի

Անդամակցությամբ՝ Վ. Գրիգորյանի

Ե. Խունդկարյանի

Քննության առնելով Հասմիկ Աբգարյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ

1. Հասմիկ Աբգարյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի մայիսի 7-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումով խնդրել է.

««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր»:

2. Ներկայացնելով թիվ ԵԴ/13422/02/21 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ սույն անհատական դիմումի առարկան է Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կողմից կայացված որոշմամբ Դիմողի նկատմամբ կիրառված՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասը՝ իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությամբ, որ ներկայացուցչին սկավառակ տրամադրելը դիտարկվում է որպես ուսումնասիրության նյութերում պարունակվող բողոքարկման ենթակա դատական ակտի վերաբերյալ պատշաճ ծանուցում։

Միաժամանակ Դիմողը, ներկայացնելով թիվ ԵԴ/13422/02/21 հակակոռուպցիոն քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը, նշում է, որ դատարանի կողմից Դիմողի նկատմամբ կիրառված Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը՝ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, «… ակնհայտ միջամտություն է գործում դիմողի՝ Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքի նկատմամբ՝ այնքանով, որքանով անհնարին է դառնում անձի կողմից իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը, երբ Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը դիտարկվում է բավարարված, երբ դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում ուսումնասիրության նյութերին ծանոթացնելու համար տրամադրում է էլեկտրոնային կրիչ»:

Դիմողը նշում է. «Դատարանը, ղեկավարվելով վերոգրյալ նորմով, կիրառել է այն Դիմողի նկատմամբ՝ այն մեկնաբանությամբ, որ գործի նյութերին ծանոթացած լինելը դիտարկվել է առկա այն պայմաններում, երբ հայցվորի որևէ ներկայացուցչի տրվել է էլեկտրոնային կրիչ, որի վրա առկա են հարյուրավոր էջերի հասնող նյութեր»:

Դիմողը նշում է, որ թե՛ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը, թե՛ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը եզրակացրել են, որ ուսումնասիրության նյութերին ծանոթացած լինելու պահանջը բավարարված է բոլոր այն դեպքերում, երբ անձը դատախազության կողմից ստանում է էլեկտրոնային կրիչ/սկավառակ, որի վրա առկա են համապատասխան բողոքարկման ենթակա դատական ակտերի էլեկտրոնային տարբերակները:

Դիմողը գտնում է, որ այդ սկավառակները պրակտիկայում պարունակում են ուսումնասիրության բոլոր նյութերը, որոնք հասնում են հարյուրավոր էջերի: Հաշվի առնելով համապատասխան դատական ակտերի բողոքարկման սեղմ ժամկետները (7օր)՝ պրակտիկայում չափազանց բարդ ու շատ ժամանակ նույնիսկ անհնարին է դառնում արագ գտնել այդ ահռելի ծավալի մեջ պոտենցիալ բողոքարկվող դատական ակտերը, ուսումնասիրել դրանք ու այդ սեղմ ժամկետում բողոքարկել: Միաժամանակ, դատական պրակտիկայում Օրենքի 16-րդ հոդվածի 1-ի մասին հաղորդվել է այնպիսի հակասահմանադրական բովանդակություն, որի համաձայն՝ բավարար է զուտ որևէ էլեկտրոնային կրիչի միջոցով անձին համապատասխան նյութերը տրամադրելը:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում` նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է դիմողի` Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: (…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:

Սահմանադրական դատարանը վերը նշված՝ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:

Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և տվյալ հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:

Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացված իր դիմումով բարձրացրել է Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականության հարց: Մինչդեռ դիմումի և դրան կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ Դիմողը, վիճարկելով վերոնշյալ դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) համապատասխանությունը Սահմանադրության 61-րդ հոդվածին, չի հիմնավորել վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) հակասահմանադրականությունը:

Մասնավորապես՝ Դիմողը նշել է, որ «(...) սկավառակները պրակտիկայում պարունակում են ուսումնասիրության բոլոր նյութերը, որոնք հասնում են հարյուրավոր էջերի: Հաշվի առնելով համապատասխան դատական ակտերի բողոքարկման սեղմ ժամկետները (7օր), պրակտիկայում չափազանց բարդ ու շատ ժամանակ նույնիսկ անհնարին է դառնում արագ գտնելու այդ ահռելի ծավալի մեջ պոտենցիալ բողոքարկվող դատական ակտերը, ուսումնասիրել դրանք ու այդ սեղմ ժամկետում բողոքարկել(...)»:

Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ անհատական դիմումի շրջանակներում նորմատիվ իրավական ակտի դրույթի, իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության կամ դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է հիմնավորել, որ վիճարկվող դրույթը (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացը) հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված առնվազն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման:

Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Դիմողը սահմանափակվել է իր՝ Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված՝ դատական պաշտպանության իրավունքի խախտման վերաբերյալ պնդումների պարզապես վկայակոչմամբ՝ չհիմնավորելով իր կողմից վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) և նման խախտման ընդհանրությունը, դրանց միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայությունը՝ սույն կոնկրետ գործի հանգամանքների և առանձնահատկությունների հաշվառմամբ: Ավելին՝ սույն անհատական դիմումի շրջանակներում Դիմողի կողմից ներկայացված հիմնավորումներն առավելապես վերաբերում են վիճարկվող դրույթով սահմանված իրավակարգավորման և (կամ) իրավակիրառ պրակտիկայում այդ դրույթին տրված մեկնաբանության նպատակահարմարությանը:

Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Հասմիկ Աբգարյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Հ. Հովակիմյան

Անդամներ՝ Վ. Գրիգորյան

Ե. Խունդկարյան

17 մայիսի 2024 թվականի

ՍԴԴԿՈ–23

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
17 մայիսի, 2024 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-23
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել