Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԼԵՎՈՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ՍԻՐԱՆՈՒՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԼԵՎՈՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ՍԻՐԱՆՈՒՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-322 հուլիսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-32)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 2 հուլիսի 2024թ. ՍԴԴԿՈ - 32 | ԼԵՎՈՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ՍԻՐԱՆՈՒՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 2 հուլիսի 2024թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը՝

Նախագահությամբ՝ Դ. Խաչատուրյանի

Անդամակցությամբ՝ Վ. Գրիգորյանի

Է. Շաթիրյանի

Քննության առնելով Լևոն Քոչարյանի և Սիրանուշ Քոչարյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Լևոն Քոչարյանի և Սիրանուշ Քոչարյանի (այսուհետ՝ Դիմողներ) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի հունիսի 7-ին: Դիմողները Սահմանադրական դատարան ներկայացրած իրենց դիմումով խնդրել են.

««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը ճանաչել Սահմանադրության 31-րդ և 34-րդ հոդվածներին (ի համակցում 78-րդ հոդվածի) հակասող և անվավեր»:

2. Ներկայացնելով թիվ ԵԴ/15338/02/22 քաղաքացիական գործի դատավարական ընթացքը՝ Դիմողները նշում են, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի վիճարկվող դրույթները թույլ են տալիս իրավակիրառ անձանց նաև ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի սեփականատիրոջ հետ զուտ փոխկապակցված անձանց վերաբերյալ հավաքել անսահմանափակ տեղեկություն, ինչն անհամաչափ ձևով սահմանափակում է Դիմողների՝ Սահմանադրության 31 և 34-րդ հոդվածներով երաշխավորված սահմանադրական իրավունքները:

Դիմողները գտնում են, որ ինչ-որ ժամանակ ոչ օրինական ճանապարհով այլ անձի կողմից ձեռք բերված սեփականության առկայության պարզումն ինքնին ծանր կշիռ չունի, եթե դրա համար հնարավոր ամենածանր ձևով միջամտություն է գործադրվում անձի հետ զուտ փոխկապակցված մեկ այլ անձի մասնավոր կյանքի նկատմամբ: Դիմողների պնդմամբ՝ վիճարկվող դրույթները՝ իրենց համակարգային փոխկապակցվածության և կիրառման մեջ, կարելի է ասել, ի չիք են դարձնում իրենց՝ Սահմանադրության 31-րդ հոդվածով երաշխավորված՝ մասնավոր կյանքի իրավունքը, քանի որ հնարավորություն են տալիս առանց որևէ ժամանակային կամ բովանդակային սահմանափակման հանրային իշխանության մարմիններից պահանջել այնպիսի զգայուն տեղեկություններ, ինչպիսիք են՝ բանկային, ավանդային և վարկային հաշիվները, անհաշիվ գործարքները, որոնք իրենց էությամբ կարող են պարունակել ընդհուպ մինչև ամենանեղ անձնական ոլորտին պատկանող տեղեկություններ:

Ըստ Դիմողների՝ դատարանները, ելնելով վիճարկվող օրինադրույթների կիրառման ոլորտի վերացականության բարձր աստիճանից, բավարարում են գլխավոր դատախազության ցանկացած դիմում՝ առանց իրատեսական ժամանակային սահմանափակման: Միաժամանակ, Դիմողները գտնում են, որ կանխավարկածն իրավակիրառ պրակտիկայում համաչափության սկզբունքի ճիշտ հակառակ կիրառումն է՝ «որքան շատ տեղեկություն որքան շատ մարդկանց մասին, այնքան լավ» մոտեցմամբ, ինչն ուղղակիորեն ոտնահարում է իրավական պետության սկզբունքը:

Դիմողներն արձանագրում են, որ իրենց վերաբերյալ առկա չեն քրեական վարույթ, և իրենց պատկանող գույքի նկատմամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ, իրենք հոր և եղբոր ընտանիքից առանձին տնտեսություն են վարում, հետևաբար՝ իրենց նկատմամբ անսահմանափակ քանակի անձնական տվյալներ հավաքելը և մշակելն ինքնին հակասահմանադրական է և ցանկացած նորմ, տվյալ դեպքում՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, որոնք նման բլանկետային լիազորություններ են ընձեռում հանրային իշխանության ներկայացուցիչներին, ինքնին հակասահմանադրական են:

3. Ելնելով դիմումի և դրան կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:

Սահմանադրական դատարանը վերը նշված ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:

Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Սահմանադրական դատարանի մեջբերված դիրքորոշումը վերաբերում է նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործի քննությունը մերժելու հիմքին։

Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ սահմանել է, որ դիմումն ակնհայտ անհիմն է, եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման միջև պատճառահետևանքային կապը։

Այս առումով հարկ է փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի կամ ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և տվյալ հիմնական իրավունքի կամ ազատության ենթադրյալ խախտման միջև պատճառահետևանքային կապի բավարար հիմնավորումներ:

Սահմանադրական դատարան ներկայացրած անհատական դիմումի ընդունելիության հարցի առնչությամբ վերոհիշյալ կարգավորումները սույն գործի փաստերի հետ համադրելով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողները Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումով բարձրացրել են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի սահմանադրականության հարց, մինչդեռ, դիմումի և դրան կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ Դիմողները, վիճարկելով վերոնշյալ դրույթների համապատասխանությունը Սահմանադրության 31 և 34-րդ հոդվածներին, այդ հոդվածներով նախատեսված որևէ հիմնական իրավունքի խախտման փաստական հանգամանքների վկայակոչմամբ չեն հիմնավորել վիճարկվող դրույթների հակասահմանադրականության մասին պնդման հիմքում դրվող՝ հիմնական իրավունքի կամ ազատության նկատմամբ միջամտության համաչափության սահմանադրական սկզբունքի որևէ բաղադրիչի առկայություն:

Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմը հիշեցնում է, որ անհատական դիմումի ընդունելիության շեմը չի կարող բավարարված համարվել բացառապես համապատասխան հիմնական իրավունքին կամ ազատությանը միջամտության փաստի հիմնավորմամբ։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման (...)։ Հիմնական սահմանադրական իրավունքի խախտումը՝ անհատական դիմումով ներկայացվող կոնկրետ փաստական հանգամանքների վկայակոչմամբ, հիմնական իրավունքի կամ ազատության միջամտության համար Սահմանադրությամբ նախատեսված պայմանների բացակայությունն է, ինչի հիմնավորումը բացակայում է ներկայացված դիմումում։

Փոխարենը՝ Դիմողները սահմանափակվել են իրենց՝ Սահմանադրության 31 և 34-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքներին միջամտության վերաբերյալ պնդումներով՝ առանց իրենց կողմից վիճարկվող դրույթների և իրենց կողմից վկայակոչված իրավունքների ենթադրյալ խախտման միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայության մասին փաստական բավարար հիմնավորումներ ներկայացնելու:

Ուստի՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Լևոն Քոչարյանի և Սիրանուշ Քոչարյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Դ. Խաչատուրյան

Անդամներ՝ Վ. Գրիգորյան

Է. Շաթիրյան

2 հուլիսի 2024 թվականի

ՍԴԴԿՈ-32

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2 հուլիսի, 2024 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-32
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել