Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԼՈՒԻԶԱ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԼՈՒԻԶԱ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-5514 հոկտեմբերի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-55)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 14 հոկտեմբերի 2019թ. ՍԴԴԿՈ - 55 | ԼՈՒԻԶԱ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 14 հոկտեմբերի 2019 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը

Նախագահությամբ Հ. Նազարյանի

Անդամակցությամբ Ա. Դիլանյանի

Ֆ. Թոխյանի

Քննության առնելով Լուիզա Մելքոնյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Լուիզա Մելքոնյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան մուտքագրվել է 2019 թվականի սեպտեմբերի 24-ին) խնդրելով. «…. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը այն առումով, որոնցով արգելափակվում են ուժի մեջ մտած դատական ակտերի օրինականության վիճարկումը «նոր երևան եկած» իրավաչափ այլ հանգամանքների հիմքերով հանգեցնելով անձի դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների սահմանափակման, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ հոդվածներին, 6-րդ հոդվածի երկրորդ մասին, 63-րդ, 69-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

2. Հավաստելով, որ նախաքննության մարմնի որոշմամբ արձանագրվել է քաղաքացիական գործով պատասխանողի ներկայացուցիչը, բաց թողնելով վերաքննիչ բողոք բերելու ժամկետները, դրդել է փոստի աշխատակցին վերաքննիչ բողոքը պարունակող ծրարը կնքել հետին ամսաթվով` դիմողը գտնում է, որ նախաքննության մարմնի որոշումը պետք է հավասարազոր լինի օրինական ուժի մեջ մտած դատավճռին և համարվի նոր երևան եկած հանգամանք: Եթե դրանք դիտարկվում են որպես տարբեր փաստաթղթեր, ապա, ըստ դիմողի, իրավական որոշակիության առումով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերն անկատար են:

3. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության, ինչպես նաև լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական (այդ թվում սահմանադրական) պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոններն ինքնանպատակ չեն և հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, քանզի դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և Օրենքով նախատեսված) գործընթացներ, ինչը պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով։ Հետևաբար դիմողը Սահմանադրական դատարանում պարտավորված է կատարելու այնպիսի գործողություններ, ինչպիսիք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական նշյալ նորմի հիման վրա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով մանրամասնվում և կանոնակարգվում են անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական և օրենսդրական պահանջները: Դրանց սահմանումն ինքնանպատակ չէ և միտված է Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու իր գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացման ապահովմանը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը կրկնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի նորմը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, կամ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները, կամ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը: Դիմումի ուսումնասիրության արդյունքներով դատական կազմն արձանագրում է, որ իր իրավունքների ենթադրյալ խախտման առնչությամբ դիմողի փաստարկները հիմնավոր չեն, քանի որ դրանք հերքվում են ՀՀ վճռաբեկ դատարանի դիմողի գործով կայացված որոշման մեջ ամրագրված հետևյալ իրավական դիրքորոշումներով. «Տվյալ դեպքում բողոք բերած անձինք, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Վերաքննիչ դատարանի 23.05.2018 թվականի որոշումը բեկանելու համար որպես նոր երևան եկած հանգամանք վկայակոչել են այն, որ թիվ 29200418 քրեական գործով 26.11.2018 թվականի Քրեական հետապնդումը դադարացնելու, քրեական հետապնդում չիրականացնելու և գործով վարույթը կարճելու մասին» որոշումը հավասարազոր է դատավճռին: Այսինքն անձի մեղավորությունը հաստատող դատավճիռն ու որոշումն ունեն նույն իրավական ուժը, ուստի քննիչի կողմից կայացված որոշումը հավասարազոր է օրենքում նախատեսված դատավճիռ հասկացությանը: Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոք բերած անձինք վճռաբեկ բողոքում վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը բողոքին կից չեն ներկայացրել դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճիռ: Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքին կից ներկայացված թիվ 29200418 քրեական գործով 26.11.2018 թվականի «Քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական հետապնդում չիրականացնելու և գործով վարույթը կարճելու մասին» որոշմանը, ապա վերջինիս դատավճռին հավասարազոր լինելու վերաբերյալ բողոք բերած անձանց ներկայացրած փաստարկը չի կարող բավարար հիմք հանդիսանալ վճռաբեկ բողոքը դրանում նշված հիմքով վարույթ ընդունելու համար, քանի որ նոր երևան եկած հանգամանքով դատական ակտի վերանայման համար օրենսդիրը հստակ սահմանել է, որ ապացույցների կեղծման փաստը պետք է հաստատված լինի դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: Վերոգրյալից բխում է, որ օրենսդիրը դատավարական փաստաթուղթ հանդիսացող նախաքննական մարմնի որոշումը և դատավճիռը դիտարկել է որպես տարբեր փաստաթղթեր, որոնք չեն կարող հավասարազոր իրավական ուժ ունենալ, քանի որ դրանցից մեկը դատական ակտ է, որն ամփոփում է արդարադատության իրականացման արդյունքները: Նման պայմաններում հիմնազուրկ են դառնում իր իրավունքների խախտման վերաբերյալ դիմողի փաստարկները: Բացի այդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը դիմողի նկատմամբ չի կիրառվել, որպիսի պարագայում դիմողը հանդիսանում է որպես տվյալ հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն չունեցող անձ: Ավելին, վերոնշյալ բոլոր հիմքերին կարելի էր նաև չանդրադառնալ, քանի որ անկախ դրանց վերաբերյալ տրված գնահատականից, դիմողը բաց է թողել Սահմանադրական դատարան դիմելու համար սահմանված վեցամսյա ժամկետը, ինչը սույն անհատական դիմումը մերժելու հիմք է: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Լուիզա Մելքոնյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող

Անդամներ

14 հոկտեմբերի 2019 թվականի

ՍԴԴԿՈ-55

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
14 հոկտեմբերի, 2019 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-55
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել