Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՄԻՔԱՅԵԼ ԵՎ ԱՆԱՀԻՏ ԿՈՒՐՂԻՆՅԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՄԻՔԱՅԵԼ ԵՎ ԱՆԱՀԻՏ ԿՈՒՐՂԻՆՅԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-214 հունվարի, 2014 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-2)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 14 հունվարի 2014թ. ՍԴԴԿՈ/2 - 2 | ՄԻՔԱՅԵԼ ԵՎ ԱՆԱՀԻՏ ԿՈՒՐՂԻՆՅԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

14 հունվարի 2014 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2

դատական կազմը

Նախագահությամբ Ֆ. Թոխյանի

Անդամակցությամբ Վ. Պողոսյանի

Կ. Բալայանի

Քննության առնելով քաղաքացիներ Միքայել և Անահիտ Կուրղինյանների անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացիներ Միքայել և Անահիտ Կուրղինյանները 2013թ. դեկտեմբերի 28-ին դիմել են ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին և 5-րդ կետերը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1- ին, 3-րդ, 18-րդ և 19-րդ հոդվածներին հակասող»։

Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց.

1. Դիմողները նշում են, որ վերաքննիչ բողոք բերելու իրավասություն ունեցող անձանց երկու խմբի բաժանելը /գործի քննությանը մասնակցած և չմասնակցած/ և բողոք բերելու համար տարբեր ժամկետներ /մեկ ամիս և երեք ամիս/ սահմանելը բխում է արդարադատության օրենքին համապատասխան և արդյունավետ իրականացման սկզբունքներից։

Ըստ դիմողների հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրենք խնդրո առարկա քաղաքացիական գործով գործի քննությանը չեն մասնակցել, հետևաբար, բողոք բերելու համար ունեն եռամսյա ժամկետ, և այդ հիմնավորմամբ էլ վերաքննիչ բողոքների հիմքում դրվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 5-րդ կետը։

Դիմողները գտնում են նաև, որ վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 5-րդ մասը չկիրառելով /կիրառել է 1- ին մասը/, համարել է, որ վերաքննիչ բողոք բերողները բովանդակային առումով ոչ թե գործին մասնակից չդարձված, այլ գործին մասնակից դարձված անձինք են, ուստի պետք է բողոքը բերեին մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը։

2. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 5-րդ մասը չի կիրառվել դիմողների նկատմամբ։ Դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից վիճարկվող դրույթի կիրառումը որպես անհատական դիմումին ներկայացվող պայման, ի թիվս այլնի, նախատեսված է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով։ ՀՀ սահմանադրական դատարանն իր 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ։

3. Դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին մասի առնչությամբ դիմողները չեն ներկայացրել պատշաճ իրավական հիմնավորումներ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ։ Մինչդեռ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը որպես անհատական դիմումի ընդունելիության պարտադիր պայման, սահմանում է, որ դիմումը պետք է պարունակի ՀՀ Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ։ Այս համատեքստում ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-839 որոշման մեջ դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի նշված օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով։ Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չէ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասով պայմանավորված խնդրո առարկա դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության որևէ հիմնավորում։ Միաժամանակ, դիմողները չեն հիմնավորել, թե վիճարկվող նորմերի «հակասահմանադրականության» արդյունքում իրենց որ սահմանադրական իրավունքներն են խախտվել, ինչպես նաև չեն հիմնավորել իրենց սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է։

4. Դատական կազմը գտնում է նաև, որ դիմողների համար առաջացած անբարենպաստ հետևանքները նրանց նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, հետևաբար, խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը վիճարկելով դիմողներն ընդամենը բարձրացնում են դրանց կիրառման իրավաչափության հարց փորձելով այն քողարկել խնդրո առարկա դրույթների հակասահմանադրականության վիճարկմամբ։ Փաստորեն, դիմողները վերոհիշյալ դրույթների սահմանադրականության հարցի վիճարկման պահանջի քողի ներքո իրականում բարձրացնում են դրանց կիրառման իրավաչափության հարց, որն էլ, համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման, համաձայն որի բոլոր այն դեպքերում, երբ դիմողը ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ, հանդիսանում է դիմումի քննության ընդունումը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 7-րդ մասով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Քաղաքացիներ Միքայել և Անահիտ Կուրղինյանների անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։

Նախագահող

Անդամներ

14 հունվարի 2014 թվականի

ՍԴԴԿՈ/2-2

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
14 հունվարի, 2014 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-2
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել