Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՍԿԱՅԷԼԼՈՅ ԹՐԵՅԴԻՆԳ ՍԸԼՈՒՇՆՍ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՍԿԱՅԷԼԼՈՅ ԹՐԵՅԴԻՆԳ ՍԸԼՈՒՇՆՍ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-6230 հուլիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-62)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 30 հուլիսի 2026թ. ՍԴԴԿՈ - 62 | «ՍԿԱՅԷԼԼՈՅ ԹՐԵՅԴԻՆԳ ՍԸԼՈՒՇՆՍ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 30 հուլիսի 2026 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը՝

Նախագահությամբ՝ Դ. Խաչատուրյանի

Անդամակցությամբ՝ Ե. Խունդկարյանի

Է. Շաթիրյանի

Քննության առնելով «ՍկայԷլլոյ Թրեյդինգ Սըլուշնս» ՍՊԸ անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «ՍկայԷլլոյ Թրեյդինգ Սըլուշնս» ՍՊԸ (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչ՝ Վարդան Մուրադյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի հուլիսի 21-ին, որով Դիմողը խնդրել է.

«1. (…)

2. ՀՀ Սահմանադրության 10-րդ, 60-րդ, 61-րդ, 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին կետը , իսկ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու դեպքում սահմանել, որ այն Դիմողի նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ և Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 22.01.2026թ. թիվ ԵԴ1/0128/11/25 գործով կայացված որոշումը, նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով»:

2. Ներկայացնելով թիվ ԵԴ1/0128/11/25 քրեական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ «[թ]իվ 13176421 քրեական վարույթով Կարեն Սահակյանի և Արմեն Գագիկի Մելիքյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշման դեմ Դիմողի կողմից ներկայացրած բողոքները սկզբում դատախազի, իսկ այնուհետև Առաջին ատյանի քրեական դատարանի, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից մերժվել են սոսկ այն պատճառաբանությամբ, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող թիվ 13176421 քրեական վարույթով Դիմողը վարույթով ներգրավված անձ չէ և կայացված որոշումները չէին կարող ու չեն ունեցել անհամաչափ ներգործություն նրա իրավաչափ շահերի նկատմամբ»։

Դիմողը, անդրադառնալով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2025 թվականի հունիսի 26-ի՝ «Մինչդատական ակտը վիճարկելու բողոքը քննելու վերաբերյալ» որոշման հիմքում դրված այն եզրահանգմանը, որ «(…) «Կարեն Սահակյանի կողմից «SKYALLOY TRADING SOLUTIONS» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 854.000 եվրո պարտքը կեղծ լինելու պայմաններում Կարեն Սահակյանի և Արմեն Մելիքյանի նկատմամբ քրեական ոչ ռեաբիլիտացնող հիմքով հետապնդում չհարուցելու մասին որոշումները չէին կարող առնչվել «SKYALLOY TRADING SOLUTIONS» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, ինչպես նաև այդ ընկերության մեկ այլ տնօրեն՝ Վարդան Մուրադյանի շահերին, ինչը նշանակում է, որ Վարդան Մուրադյանը չի հիմնավորել և տվյալ դեպքում չէր կարող հիմնավորել նշված մինչդատական ակտերի անհամաչափ ներգործությունն իր իրավաչափ շահերի նկատմամբ», ինչպես նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի այն հետևությանը, որ Առաջին ատյանի դատարանը ըստ էության հանգել է քրեադատավարական օրենսդրության պահանջներին համապատասխանող իրավաչափ և գործի փաստական տվյալներից բխող հիմնավոր հետևության, պնդում է, որ դատական վարույթի հիմք հանդիսացած իր բողոքները փաստում են, որ նախաքննությունն իրականացվել է օրենսդրությամբ սահմանված քրեադատավարական պահանջների էական խախտումներով, և հավելում, որ իր կողմից ներկայացվել են համապատասխան փաստարկներ և ապացույցներ, իսկ վարույթն իրականացնող մարմնի եզրահանգումն իր կնքած պայմանագրի կեղծ լինելու վերաբերյալ իրավաչափ ու տրամաբանական չէ, քանի որ քրեական վարույթում առկա չէ որևէ վերաբերելի ու թույլատրելի ապացույց պայմանագրի կեղծ լինելու վերաբերյալ։

Բացի դրանից, Դիմողն ընդգծում է, որ «[Կարեն Սահակյանը և Արմեն Մելիքյանը] չեն ընդունել կեղծ պայմանագիր կազմելու և Սնանկության դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու հանգամանքները», իսկ նախաքննությունը կատարվել է ՀՀ քր. դատ. օրենսգրքով սահմանված ողջամիտ ժամկետների կոպիտ խախտմամբ, ինչպես նաև անտեսվել ու քննության չի առնվել 2024 թվականի դեկտեմբերի 9-ին՝ Գլխավոր դատախազին հասցեագրված՝ «Կ․ Սահակյանի կատարած առերևույթ հանցագործությունների մասին հաղորդումը, որի կապակցությամբ 30.01.2025թ. ամսաթվով կազմվել է միջնորդությունը քննության առնելու մասին որոշում»։

Դիմողը նշում է նաև, որ «[ե]նթադրյալ մեղադրյալների կատարած ոչ բոլոր հանցանքներին են քրեաիրավական գնահատական տրվել։ Գնահատված արարքներն էլ սխալ են որակվել, քրեական պատասխանատվությունից ազատվելու համար սահմանված վաղեմության ժամկետների լրացած չլինելու և հանցագործությամբ պատճառված վնասը վերականգնված չլինելու պայմաններում՝ Քենակալներն ապօրինի ազատվել են քրեական պատասխանատվությունից»։

Դիմողը նշում է, որ յուրաքանչյուր անձ, որի իրավաչափ շահերին առնչվում է վարութային ակտը, վարույթին ներգրավված անձ է դիտարկվել օրենսդրի կողմից, որպիսի պայմաններում պնդումը կամ փաստարկումը, թե Դիմողը չունի դատավարական կարգավիճակ կամ վարույթի մասնակից չէ, ինչպիսին արվել է նախաքննության մարմնի, դատախազի, դատարանների համապատասխան որոշումներում, ըստ Դիմողի, ուղղակիորեն հակասում է Սահմանադրության՝ վերը հիշատակված հոդվածներին:

Ամփոփելով՝ Դիմողը գտնում է, որ «(…) իրավակիրառ պրակտիկայում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասին տրված մեկնաբանությունը, ըստ որի պարտավորության առկայության կամ բացակայության, պայմանագրի կեղծ կամ ոչ այդպիսին լինելու վերաբերյալ նախաքննական մարմնի եզրահանգում պարունակող վարութային մինչդատական ակտերը ենթակա չեն բողոքարկման այդ պայմանագրի կողմ հանդիսացող անձի կողմից, այն էլ այն դեպքում, երբ պարտավորությունը ճանաչված է օրինական ուժ ունեցող դատական ակտով, հակասում է ՀՀ սահմանադրության վերոգրյալ իրավանորմերին, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին»։

3. Ելնելով դիմումի և թիվ ԵԴ1/0128/11/25 քրեական գործով կայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ.

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որով սահմանված են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոց-ները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական դատարանն իր՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Այս առումով հարկ է փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի՝ տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթ(ներ)ի սահմանադրականության գնահատման հարցեր:

Քննարկվող համատեքստում հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը բարձրացրել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.

գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 300-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը Սահմանադրությանը, ըստ էության, բարձրացնում է նշյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց:

Դիմողը, ըստ էության, իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԵԴ1/0128/11/25 քրեական գործով դատարանների կողմից ոչ իր օգտին կայացված դատական ակտերի բովանդակության առնչությամբ՝ չներկայացնելով վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ, իսկ որպես փաստարկ ներկայացված դիրքորոշումներն առավելապես վերաբերում են դատարանների գործողությունների (կայացված դատական ակտերի) իրավաչափությանը:

Մասնավորապես՝ Դիմողը պնդում է, որ թե՛ դատախազը, թե՛ դատարանները, պատճառաբանելով, որ վիճարկվող որոշումները չեն առնչվում Դիմողի իրավունքներին ու օրինական շահերին, հրաժարվել են բողոքների փաստարկումներն ու առկա ապացույցներն ըստ էության քննելուց, և նշում, որ մինչդատական վարութային ակտերի դեմ իր կողմից բերված բողոքները վերաբերել են ապացույցների գնահատման լրիվության, բազմակողմանիության և օբյեկտիվության չափորոշիչները՝ վարույթ իրականացնող մարմնի կողմից կոպտորեն խախտելուն՝ պնդելով, ի թիվս այլնի, որ Դիմողի մասնակցությամբ կնքված պայմանագիրը որպես կեղծ որակելու համար քրեական վարույթում որևէ ապացույց իսպառ բացակայել է։

Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է նաև, որ Դիմողը, վիճարկելով կայացված դատական ակտերի փաստական հիմքերը, նշել է նաև, որ քրեական վարույթ իրականացնող մարմինը, առանց քրեական վարույթով գործում առկա ապացույցները, փաստական հանգամանքները և հանրահայտ փաստերը հաշվի առնելու ու գնահատելու, կայացրել է հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումներ:

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով Դիմողի բարձրացրած հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ թիվ ԵԴ1/0128/11/25 քրեական գործով դատարանների կայացրած դատական ակտերի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Հետևաբար՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

«ՍկայԷլլոյ Թրեյդինգ Սըլուշնս» ՍՊԸ անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Դ. Խաչատուրյան

Անդամներ՝ Ե. Խունդկարյան

Է. Շաթիրյան

30 հուլիսի 2026 թվականի

ՍԴԴԿՈ-62

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 հուլիսի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-62
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել