ՍՈՆԱ ԲԱԳՈՅԱՆ ՍՈՒԼԱԽՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-10)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 10 մայիսի 2017թ. ՍԴԴԿՈ/1 - 10 | ՍՈՆԱ ԲԱԳՈՅԱՆ ՍՈՒԼԱԽՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
10 մայիսի 2017թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը`
Նախագահությամբ Կ. Բալայանի
Անդամակցությամբ Ա. Գյուլումյանի
Ա. Թունյանի
Քննության առնելով Սոնա Բագոյան Սուլախյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Սոնա Բագոյան Սուլախյանը 18.04.2017թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով` «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73 հոդվածը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ կետի «ա» ենթակետը օրենսդրական բացի մասով, այնքանով, որքանով պետական տուրքի գումարի բաշխումը գործին մասնակցող անձանց միջև չի կարգավորվում օրենքով, ճանաչել ՀՀ Սահմանադրության /06.12.2015թ. փոփոխություններով/ 1-ին, 10-րդ, 60-րդ հոդվածի, 61-րդ, 63-րդ, 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:
2. Դիմողի փաստարկները հիմնականում հանգում են հետևյալին. Դիմողը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածը, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ կետի «ա» ենթակետն իրավական անորոշության և օրենքի բացի հիմքով հակասում են ՀՀ Սահմանադրության 1-ին, 79-րդ հոդվածներին, ինչն էլ, իր հերթին, հանգեցնում է ՀՀ Սահմանադրության 10-րդ, 60-րդ , 61-րդ, 63-րդ հոդվածների խախտման: Ըստ դիմողի` վիճարկվող իրավանորմերի անհստակությունը և բացը հնարավորություն են տալիս դատարանին հայցվորի վրա դնել պետական տուրքի վճարման պարտավորություն ոչ միայն բավարարված կամ մերժված հայցապահանջի համար, ինչպես բխում է օրենքի տառացի մեկնաբանությունից, այլ նաև առաջին ատյանի դատարանում հրաժարված հայցապահանջի մասով վերաքննիչ դատարանի կողմից գործի վարույթը կարճելու դեպքում:
Դիմողը գտնում է, որ դատարանի նման մոտեցումը հանգեցնում է նաև անձի` դատարանի մատչելիության իրավունքի խախտման: Անձը, հայց ներկայացնելով դատարան, ակնկալում է իր խախտված իրավունքների վերականգնում և պաշտպանություն: Եթե հայցվորը գործի քննության ընթացքում մասնակի հրաժարվում է իր ներկայացրած հայցից, որն ընդունում է դատարանը, և հայցվորն այդ մասով չի բողոքարկում, ապա մյուս կողմի ներկայացրած բողոքի բավարարման և գործի վարույթի կարճման դեպքում դատարանը չի կարող անձի վրա դնել պարտավորություն` վճարելու պետական տուրք` հրաժարված հայցապահանջի գումարի երեք տոկոսի չափով: Դատարանի նման մոտեցումը, որն ամրագրված չէ օրենքով, սահմանափակում է հայցվորի` դատարանի մատչելիության իրավունքը, և ստացվում է` դատարանը «պատժում է» հայցվորին հրաժարված հայցապահանջի համար, որը հակասում է անձի` արդար դատաքննության իրավունքին: Դիմողի կարծիքով` «բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն» արտահայտությունն իրավական առումով անորոշ է, ձևակերպված է ընդհանուր և վերացական, որը հնարավորություն է տալիս դատարանին գործին մասնակցող անձանց վրա դնել պետական տուրքի վճարման այնպիսի պարտավորություն, որը նախատեսված չէ օրենքով` խախտելով անձի` դատարանի մատչելիության իրավունքը և ՀՀ Սահմանադրության 1-ին, 61-րդ, 63-րդ, 79-րդ հոդվածները: Նման պայմաններում խախտվում է նաև անձի սեփականության իրավունքը:
Գործի դատավարական նախապատմությունը վկայում է, որ դիմողը` Սոնա Աբգարի Բագոյան-Սուլախյանը հայց է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ընդդեմ Գայանե Խլղաթյանի` 24 000 000 ՀՀ դրամ գումարի նկատմամբ` սկսած 01.09.2009 թվականից մինչև պարտավորությունների փաստացի կատարման օրը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսների գումարի բռնագանձման պահանջի մասին: Գործի քննության նախապատրաստական փուլում Սոնա Աբգարի Բագոյան-Սուլախյանը հստակեցրել է հայցը. այն է` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսների բռնագանձման պահանջ է ներկայացրել 28.11.2014 թվականից մինչև 04.09.2015 թվականն ընկած ժամանակահատվածի համար 24 000 000 ՀՀ դրամ գումարի նկատմամբ: ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 07.04.2016 թվականի վճռով բավարարել է հայցը, և Սոնա Աբգարի Բագոյան-Սուլախյանից հօգուտ պետական բյուջե բռնագանձել 24 000 000 ՀՀ դրամ գումարի նկատմամբ հաշվարկված տոկոսագումար` սկսած 01.09.2009 թվականից մինչև 28.11.2014 թվականն ընկած ժամանակահատվածի համար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսների ընդհանուր գումարի 2 տոկոսը` որպես վճարման ենթակա պետական տուրքի գումար: Այսինքն, դատարանը պետական բյուջե գանձման ենթակա պետական տուրքի չափը կախվածության մեջ չի դրել հետագայում հայցվորի կողմից հայցագնի չափի հստակեցումից, և ներկայացված սկզբնական հայցադիմումի համար հաշվարկել է վճարման ենթակա պետական տուրք` այն բաշխելով կողմերի միջև` բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն` համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության 73-րդ հոդվածով սահմանված կանոնների: Ընդ որում, դիմողն իր փաստարկները ներկայացնելիս նշել է, որ` «... դատարանը ճիշտ է արել, որ 01.09.2009 թվականից մինչև 28.11.2014 թվականի ժամանակահատվածի տոկոսների համար պետական տուրքի գումարն իրենից է բռնագանձել, քանի որ ինքն անհիմն պահանջ է ներկայացրել...»: Ավելին, դիմողը նաև հստակեցրել է, որ առաջին ատյանի դատարանի եզրահանգման հետ ինքը համաձայնել է և այդ իսկ պատճառով վճիռը չի բողոքարկել:
Սույն գործի շրջանակներում վերաքննիչ բողոք է բերել պատասխանողը: ՀՀ վերաքննիչ դատարանը 01.07.2016 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է, ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 07.04.2016 թվականի վճիռը բեկանել և փոփոխել է. թիվ` ԵԿԴ/2633/02/15 քաղաքացիական գործի` ըստ հայցի` Սոնա Աբգարի Բագոյան-Սուլախյանի ընդդեմ Գայանե Համլետի Խլղաթյանի` 2.325.000 ՀՀ դրամի գումարի բռնագանձման պահանջի մասին, վարույթը կարճել, միաժամանակ արձանագրելով, որ Սոնա Աբգարի Բագոյան-Սուլախյանից հօգուտ պետական բյուջե պետք է բռնագանձել, ի թիվս այլնի, նաև 24 000 000 ՀՀ դրամ գումարի նկատմամբ` սկսած 01.09.2009 թվականից մինչև 28.11.2014 թվականն ընկած ժամանակահատվածի համար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսների ընդհանուր գումարի 3 տոկոսը` որպես վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված պետական տուրքի գումար: ՀՀ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայել է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, որոնցում, բնականաբար, անդրադարձ չի եղել Սոնա Աբգարի Բագոյան-Սուլախյանի կողմից հրաժարված հայցագնի համար պետական տուրք վճարելու պարտականության իրավաչափության հարցին և, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի` «վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ առաջին ատյանի դատարանում հաստատված փաստերն ընդունվում են որպես հիմք, բացառությամբ այն դեպքի, երբ բողոքում վիճարկվում է այդ փաստը» դրույթով, որպես հիմք է ընդունել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 07.04.2016 թվականի վճռի` Սոնա Աբգարի Բագոյան-Սուլախյանի կողմից հրաժարված հայցագնի համար պետական տուրք վճարելու պարտականությունը սահմանելուն վերաբերող մասը: Այսինքն, դիմողի համար առաջացած անցանկալի իրավական հետևանքներն արդյունք են դեռևս ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 07.04.2016 թվականի վճռի, որի շրջանակներում դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել առ այն, որ պետական տուրքի հաշվարկի համար հիմք է հանդիսանում ներկայացված սկզբնական հայցադիմումը, իսկ հետագայում դրանում կատարված փոփոխությունների ռիսկը կրում են կողմերը: Ավելին, դիմողը չի առարկել այդ դիրքորոշման դեմ, չի վիճարկել այն վերաքննության կարգով, իսկ պատասխանողի կողմից բերված վերաքննիչ բողոքի շրջանակներում այդ հարցին որևէ անդրադարձ չի եղել և չէր էլ կարող լինել: Հետևաբար, դիմողի փաստարկներն առ այն, որ «... եթե հայցվորը գործի քննության ընթացքում մասնակի հրաժարվում է իր ներկայացրած հայցից, որն ընդունում է դատարանը, և հայցվորն այդ մասով չի բողոքարկում, ապա մյուս կողմի ներկայացրած բողոքի բավարարման և գործի վարույթի կարճման դեպքում դատարանը չի կարող անձի վրա դնել պարտավորություն` վճարելու պետական տուրք` հրաժարված հայցապահանջի գումարի երեք տոկոսի չափով…», ակնհայտ անհիմն են, սահմանադրաիրավական վեճ չեն առաջացնում, քանի որ համապատասխան իրավական հետևանքները դիմողի համար առաջացել են դեռևս ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 07.04.2016 թվականի վճռով, որոնց ինքը համաձայնել է հենց իր իսկ կողմից բերված փաստարկներում, այլ ոչ թե ՀՀ վերաքննիչ դատարանի` 01.07.2016 թվականի որոշմամբ: Ընդ որում, այս համատեքստում ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը գտնում է, որ դիմողը չի սպառել դատական պաշտպանության միջոցները, քանի որ չի վիճարկել ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 07.04.2016 թվականի վճիռը:
Համաձայն 2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետի` սահմանադրական դատարան կարող է դիմել «յուրաքանչյուր ոք` կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը»: ՀՀ Սահմանադրությունն իր 101-րդ հոդվածին է վերապահել Սահմանադրական դատարան դիմելու կարգի սահմանումը: Այդ հոդվածի 6-րդ կետն իր կոնկրետացումն է ստացել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանել է ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների ընդունելիության պայմանները: Ըստ այդ պայմանների` դիմում կարող է ներկայացնել այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը,
որը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից,
որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է որևէ օրենքի դրույթ,
որի նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառվել է գործը լուծող վերջնական դատական ակտով,
որը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ, 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Սոնա Բագոյան Սուլախյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող
Անդամներ
10 մայիսի 2017 թվականի
ՍԴԴԿՈ/1-10
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 10 մայիսի, 2017 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-10
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
