«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-243)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 8 դեկտեմբերի 2020թ. ՍԴԱՈ - 243 | «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Ազգային ժողովի խորհրդի դիմումի հիման վրա Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. Ազգային ժողովի խորհուրդը 2020 թվականի նոյեմբերի 24-ի «Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ԱԺԽՈ-065-Ա որոշմամբ դիմել է Սահմանադրական դատարան: Դիմումը Սահմանադրական դատարան է ուղարկվել 2020 թվականի նոյեմբերի 25-ին, որը մուտքագրվել է 2020 թվականի նոյեմբերի 26-ին: Դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով 2020 թվականի նոյեմբերի 30-ի Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի գրությանն ի պատասխան 2020 թվականի դեկտեմբերի 2-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Ազգային ժողովի նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լ. Նազարյանի ԱԺ.2/7150-2020 գրությունը, որով Սահմանադրական դատարան է ուղարկվել Ազգային ժողովի խորհրդի «Ազգային ժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 065-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին» 2020 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ ԱԺԽՈ-067-Ա որոշումը, Ազգային ժողովի նախագահի «Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարման մասին» 2020 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ Կ-131-Ա կարգադրությունը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 03/2020 եզրակացության և դրան կից փաստաթղթերի թղթային տարբերակը:
2. Դիմողը նշում է, որ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու մասին դիմումը ներկայացվել է հիմք ընդունելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 5-րդ մասով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 79-րդ հոդվածի 1-ին մասով, 23-րդ հոդվածի 1-ին մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 157-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված իրավակարգավորումները: Դիմումը վերաբերում է Հայաստանի Հանրապետության յոթերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի լիազորությունների դադարեցման հարցին, այն առումով, որ վերջինս խախտել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածով ամրագրված պատգամավորական մանդատի անհամատեղելիության պահանջը պատգամավորի կարգավիճակի հետ մեկտեղ զբաղեցրել է պաշտոն առևտրային կազմակերպությունում (կազմակերպություններում): Դիմողը հայտնում է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահն Ազգային ժողովի նախագահին ուղղված 2020 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ Ե-100 գրությամբ Ազգային ժողով է ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 03/2020 եզրակացությունը և դրան կից փաստաթղթերը: Դիմողը վկայակոչելով Սահմանադրության և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ, և հիմք ընդունելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 03/2020 եզրակացությունը խնդրել է ընդունել որոշում Հայաստանի Հանրապետության յոթերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու մասին:
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմումը չի համապատասխանում սահմանադրաիրավական կարգավորումների, մասնավորապես Սահմանադրության 88-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի, 167-րդ հոդվածի 3-րդ մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին, և ըստ այդմ առկա է գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 4-րդ գլխով սահմանվում են Սահմանադրական դատարան դիմելու ընդհանուր իրավակարգավորումները, որոնք պարտադիր են Սահմանադրական դատարան դիմող բոլոր սուբյեկտների, այդ թվում` Ազգային ժողովի խորհրդի համար: Օրենքի հիշյալ գլխով կանոնակարգվում են նաև դիմումին ներկայացվող ընդհանուր պահանջների (24-րդ հոդված), դիմումին կցվող նյութերի (25-րդ հոդված), գործը քննության ընդունելու (28-րդ հոդված) և գործի քննությունը մերժելու (29-րդ հոդված) հետ կապված հարցերը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն գործն ընդունվում է վարույթ Սահմանադրական դատարանի աշխատակարգով սահմանված կարգով, եթե առկա չեն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված գործի քննությունը մերժելու հիմքերը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված է, որ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Սահմանադրության 167-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ կազմավորման և գործունեության կարգը` Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի մասին օրենքով: Հիշյալ սահմանադրական կարգավորումից բխում է, որ Սահմանադրական դատարան դիմելու, ներառյալ` այդ հարցով իրավասու լինելու հետ կապված հարաբերությունների կարգավորման իրավական հիմքը, նախևառաջ, Սահմանադրությունն է: Սահմանադրության 168-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով որոշում է կայացնում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցի վերաբերյալ: Սահմանադրության 169-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված դեպքում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովի խորհուրդը: Սահմանադրության 88-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` Ազգային ժողովը գործում է իր կանոնակարգին համապատասխան: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Ազգային ժողովն իր լիազորությունները և գործառույթներն իրականացնելիս գործում է նույն օրենքին համապատասխան նստաշրջանների, նիստերի, ինչպես նաև իր մարմինների աշխատանքի միջոցով: Սահմանադրական դատարանը գտնում է, որ Ազգային ժողովի խորհուրդը, ղեկավարվելով Սահմանադրության 88-րդ հոդվածի 5-րդ մասով, իր գործունեությունը պետք է իրականացնի «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի կանոնակարգումների, ներառյալ` դրանով նախատեսված ժամկետների շրջանակներում, որպեսզի նրա գործունեությունը գնահատվի որպես իրավասու սուբյեկտի գործունեություն, տվյալ դեպքում, նաև Սահմանադրական դատարան դիմելու առումով: Հարկ է նշել, որ համանման իրավական դիրքորոշում Սահմանադրական դատա-րանն արտահայտել է նաև իր 2019 թվականի հոկտեմբերի 14-ի ՍԴԱՈ-112 աշխատակարգային որոշմամբ: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքում նույն հոդվածով սահմանված կարգով Սահմանադրական դատարան է դիմում Ազգային ժողովի խորհուրդը, եթե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն Ազգային ժողով է ներկայացրել պատգամավորի կողմից Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու վերաբերյալ եզրակացություն: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն «Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում համապատասխան փաստաթուղթն ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը հրավիրում է Խորհրդի նիստ փաստաթղթում նշված պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար, և այդ մասին անհապաղ գրավոր տեղեկացնում պատգամավորին»: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված վերոհիշյալ մեկշաբաթյա ժամկետը չպահպանելը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի պահանջի խախտում է, որը, ըստ էության, հանգեցնում է նաև Սահմանադրության 88-րդ հոդվածի 5-րդ մասի խախտման: Եվ հետևաբար, այն պարագայում, եթե Ազգային ժողովի խորհրդի նախագահը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված ժամկետում չի իրացնում Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի խորհրդի նիստ հրավիրելու լիազորությունը, ապա Ազգային ժողովի խորհրդի կողմից այդ հարցով Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ որոշում կայացնելու լիազորության իրացումը իրավաչափ չէ: Սահմանադրական դատարանը գտնում է, որ Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված մեկշաբաթյա ժամկետում Ազգային ժողովի խորհրդի նիստ հրավիրելու (ինչպես և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պատգամավորի կողմից Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու վերաբերյալ եզրակացությունը «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 33-րդ հոդվածով սահմանված եռօրյա ժամկետում Ազգային ժողով ուղարկելու, Ազգային ժողովի խորհրդի կողմից պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցի քննարկումն սկսելուց հետո առավելագույնը երկու շաբաթում այն եզրափակելու և Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշում ընդունելու դեպքում այն` Սահմանադրական դատարան 24 ժամվա ընթացքում ուղարկելու («Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 157-րդ հոդված), Սահմանադրական դատարանի կողմից նշված գործերով որոշումը ոչ ուշ, քան դիմումի մուտքագրման օրվանից 30 օրում ընդունելու («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 79-րդ հոդվածի 9-րդ մաս)) օրենքով սահմանված պահանջն ինքնանպատակ չէ, և, ի թիվս այլնի, հանդիսանում է պատգամավորի գործունեության երաշխիքների ապահովման միջոց, միտված է բացառելու նրա որպես պատգամավորի գործունեության շրջանակներում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար հետապնդումը, նրա գործունեության համար որևէ սպառնալիքի տևական առկայությունը ու դրա հետ կապված որևէ շահարկման հնարավորությունը: Վերջիններիս առկայությունը վտանգում է նաև օրենսդիր մարմնի հեղինակությունը: Ելնելով սույն դիմումի, 2020 թվականի դեկտեմբերի 7-ին Սահմանադրական դատարան մուտքագրված Ազգային ժողովի թիվ 69/7212-2020 գրության, ինչպես նաև դրանց կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 03/2020 եզրակացությունը և վերջինիս կից նյութերն Ազգային ժողովում ստացվել են 2020 թվականի նոյեմբերի 3-ին: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 03/2020 եզրակացության մեջ նշված պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար Ազգային ժողովի խորհրդի առաջին նիստն Ազգային ժողովի նախագահը հրավիրել է 2020թ. նոյեմբերի 16-ին (համապատասխան տեղեկատվությունը տեղադրված է նաև Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում): Նշված երկու ամսաթվերի համադրումից ակնհայտ է, որ քննարկվող դեպքում չի պահպանվել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված մեկշաբաթյա ժամկետը և, հետևաբար, դիմողն իրավասու չէ դիմել Սահմանադրական դատարան: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրությամբ, ինչպես նաև հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Ազգային ժողովի խորհրդի դիմումի հիման վրա Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
8 դեկտեմբերի 2020 թվականի
ՍԴԱՈ-243
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 8 դեկտեմբերի, 2020 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-243
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
