Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱՌԳՈ ՖԱՐՄ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱՌԳՈ ՖԱՐՄ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-1514 մարտի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-15)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 14 մարտի 2022թ. ՍԴԴԿՈ - 15 | «ԱՌԳՈ ՖԱՐՄ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 14 մարտի 2022 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ Է. Շաթիրյանի

Անդամակցությամբ Ա. Խաչատրյանի

Վ. Գրիգորյանի

Քննության առնելով «Առգո Ֆարմ» ՍՊ ընկերության անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «Առգո Ֆարմ» ՍՊ ընկերության դիմումը (ներկայացուցիչ` Հ. Սահակյան) Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի փետրվարի 23-ին: Դիմողը խնդրում է. «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետը և նույն օրենսգրքի 161-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետը, այնքանով որ /.../ առնվազն մեկ գործով /.../» նշված իրավադրույթների վկայակոչմամբ վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը մերժելիս ՀՀ վճռաբեկ դատարանը չի բացահայտում և անորոշ է մեկնաբանում դրանից բխող անհրաժեշտ հիմնավորումների նվազագույն հատկանիշների բացակայությունը վճռաբեկ բողոքում»:

2. Ըստ դիմողի` թիվ ՎԴ/0481/05/19 վարչական գործով Վճռաբեկ դատարանի 18.08.2021 թ. որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետին տրված մեկնաբանությամբ խախտվել են իր Սահմանադրության 61-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դատական պաշտպանության և 63-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արդար դատաքննության իրավունքները «այնքանով, որ թեև վճռաբեկ բողոքում ներկայացվել է այն վարույթ ընդունելու համար Օրենսդրի սահմանած անհրաժեշտ և բավարար պայմանների առկայությունը, սակայն Վճռաբեկ դատարանն այդ պայմանը մեկնաբանել է իրավական որոշակիությանը ներկայացվող պահանջներին հակասող մեկնաբանությամբ և այդուհանդերձ գտել է, որ ներկայացված հիմնավորումները բավարար չեն բողոքը վարույթ ընդունելու համար»: Դիմողը գտնում է, որ անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների իրացման տեսանկյունից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը հակասահմանադրական է այնքանով, որ թեև միատեսակ դատական պրակտիկա ձևավորելու տեսանկյունից բողոքում ներկայացված հիմնավորումների առկայությանը, այդ թվում թիվ ՎԴ/6204/05/08, թիվ ՎԴ/9192/05/16, թիվ ՎԴ/1556/05/19 վարչական գործերին կատարված հղումներին, այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանը առնվազն մեկ այլ գործով» եզրույթի կամայական մեկնաբանմամբ մերժել է վարույթ ընդունել սույն դիմումի հիմքում ընկած թիվ ՎԴ/0481/05/19 վարչական գործով վճռաբեկ բողոքը: Դիմողի կարծիքով ներկայումս Վճռաբեկ դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետը և 161-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետը մեկնաբանում է այնպես, որ թեև բողոքաբերը հիմնավորում է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի առկայությունը, այնուհանդերձ, վճռաբեկ բողոքի ճակատագիրը մնում է Վճռաբեկ դատարանի նպատակահարմարությունից առկախված:

3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և վերջինիս կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ Օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման ներքոնշյալ պատճառաբանություններով. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: Ընդ որում, սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում ընկած են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր: Սույն գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողը, ըստ էության, վիճարկվող նորմերի հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող պնդումներն առավելապես վերաբերում են դատարանների (մասնավորապես Վճռաբեկ դատարանի) գործողությունների/դատական ակտերի իրավաչափությանը: Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ սույն գործով դիմողի նկատմամբ ենթադրյալ անբարենպաստ իրավական հետևանքներն առաջացել են թիվ ՎԴ/0481/05/19 վարչական գործով Վճռաբեկ դատարանի 18.08.2021 թ. որոշմամբ, և վիճարկելով խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը դիմողը բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց փորձելով այն ներկայացնել վիճարկվող դրույթների հակասահմանադրականության առումով: Այսպես, դիմողը նշել է. Սույն դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետին և 158-րդ հոդվածի 2-րդ կետին տրված մեկնաբանությամբ խախտել է Ընկերության ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի առաջին մասով երաշխավորվող անձի արդյունավետ դատական պաշտպանության և 63-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արդար դատաքննության իրավունքները, այնքանով, որ թեև վճռաբեկ բողոքում ներկայացվել է այն վարույթ ընդունելու համար Օրենսդրի սահմանած անհրաժեշտ և բավարար պայմանների առկայությունը, սակայն Վճռաբեկ դատարանն այդ պայմանը մեկնաբանել է իրավական որոշակիությանը ներկայացվող պահանջներին հակասող մեկնաբանությամբ և այդուհանդերձ գտել է, որ ներկայացված հիմնավորումները բավարար չեն բողոքը վարույթ ընդունելու համար: (…)

Ներկայումս Վճռաբեկ դատարանը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետը և նույն օրենսգրքի 161-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետը մեկնաբանում է այնպես, որ թեև բողոքաբերը հիմնավորում է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի առկայությունը, այնուհանդերձ վճռաբեկ բողոքի ճակատագիրը մնում է վճռաբեկ դատարանի նպատակահարմարությունից առկախված»: Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող է լինել բացառապես նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատումը, ինչպես նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ ձևականորեն բարձրացնելով իրավական նորմի սահմանադրականության հարց դիմողն իրականում առաջ է քաշում Վճռաբեկ դատարանի դատական ակտի/գործողությունների իրավաչափության հարց, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից: Համաձայն Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սահմանադրական դատարանը գործի քննությունը մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: Սահմանադրական դատարանը 2022 թվականի փետրվարի 1-ի ՍԴՈ-1628 որոշմամբ անդրադարձել է Վճռաբեկ դատարանի որոշումների պատճառաբանվածության հարցին նշելով. Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման նկատմամբ դատական ակտի պատճառաբանվածության պահանջի վերը նշված ընդհանուր նկատառումներից բացի, այն ուղղակիորեն կիրառելի է նաև այն հանգամանքի հաշվառմամբ, որ այս որոշմամբ դատավարական կողմը, իր վճռաբեկ բողոքը Օրենսգրքով նախատեսված ընթացակարգային կանոններին համապատասխան ներկայացնելով, սպառում է իր իրավունքի դատական պաշտպանության հնարավորությունը Հայաստանի Հանրապետության եռաստիճան դատական համակարգում այլևս չունենալով իր իրավունքի ենթադրյալ խախտման դեմ դատական պաշտպանության այլ միջոց։ Հետևաբար Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման նկատմամբ ուղղակիորեն տարածվում է դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ Սահմանադրության 63-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքից բխող պատճառաբանվածության պահանջը, որից որևէ շեղում օրենսդրի կողմից նախատեսված չէ: (…) Վճռաբեկ դատարանին վերապահված լայն հայեցողությամբ հանդերձ, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշմամբ պատճառաբանությունների կամ դատողությունների կամ հիմնավորումների սոսկ եզրահանգումների արձանագրումը չի կարող համարվել դատական ակտի պատճառաբանություն, եթե դատական ակտում շարադրված չէ նման եզրահանգման համար հիմք ծառայած դատողությունների ընթացքը»: Նշված որոշման եզրափակիչ մասի 1-ին կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածները համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանմամբ, համաձայն որի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու որոշումը դրա հիմքում դրված եզրահանգման հետ մեկտեղ, պետք է պարունակի նաև դրան հանգեցրած պատճառաբանությունը։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

«Առգո Ֆարմ» ՍՊ ընկերության անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Է. Շաթիրյան

Անդամներ Ա. Խաչատրյան

Վ. Գրիգորյան

14 մարտի 2022 թվականի

ՍԴԴԿՈ-15

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
14 մարտի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-15
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել