ԱՐՈՒՍՅԱԿ ԹԱՐՎԵՐԴՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-80)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 3 սեպտեմբերի 2026թ. ՍԴԴԿՈ - 80 | ԱՐՈՒՍՅԱԿ ԹԱՐՎԵՐԴՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 3 սեպտեմբերի 2026 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ՝ Է. Շաթիրյանի
Անդամակցությամբ՝ Ս. Սաֆարյանի
Վ. Վարդանյանի
Քննության առնելով Արուսյակ Թարվերդյանի
անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Արուսյակ Թարվերդյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը (ներկայացուցիչ՝ փաստաբան Արմինե Ավետիսյան) Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի օգոստոսի 14-ին (դիմումն ուղարկվել է համապատասխանեցման օգոստոսի 17-ին և վերստին ներկայացվել է օգոստոսի 18-ին), որով Դիմողը խնդրել է.
«ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 777-րդ հոդվածի 2-րդ մասով, 450-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասով, 61-րդ հոդվածի 5-րդ մասով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված նորմերին թիվ ԵԴ/0067/02/21 գործով տրված և կիրառվող մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 39-րդ, 61-րդ, 63-րդ, 79-րդ հոդվածներով սահմանված պահանջներին հակասող և անվավեր»:
2. Դիմողը, ներկայացնելով թիվ ԵԴ/0067/02/21 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը, մասնավորապես, նշում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով գործին մասնակցող անձանց կողմից փաստի ընդունումը հանգեցնում է տվյալ փաստի առնչությամբ կողմերի միջև նյութաիրավական վեճի բացակայության, հետևաբար՝ դատարանի կողմից այդ փաստի առկայությունը կամ բացակայությունը հաստատող ապացույցների բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ հետազոտման, վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և իրենց համակցության մեջ փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից գնահատման անհրաժեշտության բացակայության։
Ըստ Դիմողի՝ «Նույնիսկ եթե առկա լիներ օրենքով սահմանված հասարակ գրավոր ձևով կնքման ենթակա պայմանագրերի կնքված լինելը որոշակի ապացույցով/ապացույցներով հավաստելու օրենսդրական պահանջ, ապա դա չի կարող վերաբերել այն դեպքերին, երբ կողմերը (...) փոխադարձ համաձայնությամբ այլ եղանակով են պայմանագիր կնքել, օրինակ՝ կոնկլյուդենտ գործողություններով, ինչպես որ սույն դեպքում է»։
Դիմողը նշում է, որ եթե առկա են միաժամանակ քննվող քաղաքացիական և քրեական գործեր, որոնց շրջանակներում քննության առարկա փաստական տվյալներն ամբողջությամբ կամ որոշակիորեն համընկնում են, ապա քաղաքացիական գործի վարույթը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ի կետով սահմանված հիմքով չի կարող կասեցվել միայն այն պատճառաբանությամբ, որ քաղաքացիական գործին մասնակցող անձը քրեական գործով ունի վկայի կարգավիճակ, եթե գործին մասնակցող այլ անձինք որևէ կարգավիճակով ներգրավված չեն քրեական գործի վարույթին։
Դիմողը գտնում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից համապատասխան նորմին տրված այն մեկնաբանությունը, որի համաձայն՝ գործին մասնակցող անձի՝ քրեական վարույթով որպես վկա ներգրավված լինելու հանգամանքն անհնարին է դարձնում քաղաքացիական գործի քննությունը մինչև քրեական գործով եզրափակիչ ակտի օրինական ուժի մեջ մտնելը, հակասահմանադրական է:
Դիմողը հավելում է. «(...) եթե ենթադրենք, որ Դատարանը չի համարել, որ առկա է հասարակ գրավոր ձևով պայմանագրի կնքված լինելը որոշակի ապացույցով կամ ապացույցներով հաստատելու օրենսդրական պահանջ, ստացվում է, որ Դատարանը համարել է, որ եթե որևէ փաստ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով ընդունվել է գործին մասնակցող մյուս անձանց կողմից, միևնույնն է դատական գործի նյութերում այդ փաստի առկայությունը կամ բացակայությունը այս կամ այն չափ հավանական դարձնող ապացույցների առկայության դեպքում դրանք պետք է գնահատվեն դատարանի կողմից Օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով։
Բացի այդ, Դատարանի հակասահմանադրական մեկնաբանությունը, ըստ որի գործին մասնակցող անձի՝ քրեական վարույթով վկա ներգրավված լինելու հանգամանքը անհնարին է դարձնում քաղաքացիական գործի քննությունը մինչև քրեական գործով եզրափակիչ ակտի օրինական ուժի մեջ մտնելը, հանգեցրել է Դատարանի կողմից անհիմն կերպով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով գործի վարույթի կասեցման։ Այսպիսով թիվ ԵԴ/0067/02/21 քաղաքացիական գործի վարույթը անհիմն կերպով կասեցված է եղել 15.06.2021 թվականից մինչև 03.04.2025 թվականը, ինչի պատճառով խախտվել է նաև Հայցվորի՝ ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունքը»:
Դիմողը եզրահանգում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը և Վերաքննիչ քաղաքացիական դատարանը վիճարկվող դրույթները մեկնաբանել են՝ առանց հաշվի առնելու դրանց բովանդակությունը և էությունը, օրենսդրի միանշանակ նպատակը: Մասնավորպես, ըստ Դիմողի, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի և Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից վիճարկվող դրույթներին տրված մեկնաբանությունները հակասում են Սահմանադրության 79-րդ հոդվածին, ինչի արդյունքում իր վրա դրվել է օրենքով չնախատեսված, այն է՝ գործին մասնակցող անձանց կողմից ընդունված փաստն ապացուցելու, այն էլ որոշակի ապացույցներ ներկայացնելու միջոցով ապացուցելու անհամաչափ պարտականություն՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ կողմերի միջև պայմանագիր էր կնքվել կոնկլյուդենտ գործողությամբ, ինչը հավաստող միակ ապացույցը՝ բջջային քարտը, ներկայացվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան։ Արդյունքում՝ Դիմողի պնդմամբ՝ խախտվել են նաև իր՝ արդար դատաքննության, ողջամիտ ժամկետում գործի քննության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքները՝ բացառելով Դիմողի կողմից իր իրավունքների պատշաճ պաշտպանության առկա կառուցակարգերի գործարկումը:
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ.
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրության հիշյալ դրույթն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրված է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմ(եր)ի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթ(ներ)ի սահմանադրականության գնահատման հարցեր:
Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.
դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 450-րդ հոդվածի 2-րդ մասի, 777-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի, 61-րդ հոդվածի 5-րդ մասի և 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը, սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է հիշյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց: Այսպես՝ Դիմողը նշել է. «(…) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Հայցվորի և Պատասխանողի միջև փոխադարձ համաձայնությամբ կնքվել է օրենքով չպահանջվող ձևով պայմանագիր։ Մասնավորապես Հայցվորը ստորագրել է դիմում, որից հետո ստացել է բջջային քարտ, իսկ կողմերի միջև պայմանագրի կնքումը հավաստվել է ոչ թե գրավոր եղանակով այլ կոնկլյուդենտ գործողությամբ՝ Պատասխանողի կողմից Հայցվորին բջջային քարտի տրամադրմամբ։ Այսպիսով նման պայմաններում կողմերի միջև պայմանագրային հարաբերությունների առկայությունը կարող է հաստատվել բացառապես Հայցվորին տրամադրված բջջային քարտով, որի պատճենն առկա է գործի նյութերում իսկ բնօրինակը դատական նիստի ընթացքում ներկայացվել է Դատարանին, որը դատավորը հետազոտել է, համեմատել է բջջային քարտի պատճենի հետ, համոզվել է դրանց նույնական լինելու մեջ և վերադարձրել է Հայցվորին:
(...)
Կողմերի միջև հասարակ գրավոր ձևով պայմանագիր կնքված չլինելու պայմաններով չի կարող ներկայացվել հասարակ գրավոր ձևով կնքված պայմանագիր, իսկ կոնկլյուդենտ գործողությամբ պայմանագրի կնքված լինելու միակ ապացույցը Պատասխանողի կողմից Հայցվորին տրամադրված բջջային քարտն է, որի պատճենն առկա է թիվ ԵԴ/0067/02/21 դատական գործի նյութերում, իսկ բնօրինակը նույն գործով կայացած դատական նիստերից մեկի ընթացքում ներկայացվել է դատարանին և Դատարանի կողմից հետազոտվելուց հետո վերադարձվել է Հայցվորին»:
Դիմողը նաև նշել է. «(...) եթե առկա են միաժամանակ ընթացքի մեջ գտնվող քաղաքացիական և քրեական գործեր, որոնց շրջանակներում քննության առարկա փաստական տվյալները ամբողջությամբ կամ որոշակիորեն համընկնում են, ապա չի կարող քաղաքացիական գործի վարույթը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ի կետով սահմանված հիմքով կասեցվել միայն այն պատճառաբանությամբ, որ քաղաքացիական գործին մասնակցող անձը քրեական գործով ունի վկայի կարգավիճակ, եթե գործին մասնակցող այլ անձինք որևէ կարգավիճակով ներգրավված չեն քրեական գործի վարույթին:
(...)
(...) տվյալ դեպքում քրեական վարույթը եզրափակող որոշումը որևէ կերպ չի կարող առնչվել վկայի կարգավիճակ ունեցող անձին և որևէ նշանակություն չի կարող ունենալ այդ անձի մասնակցությամբ քննվող քաղաքացիական գործի քննության համար»:
Հաշվի առնելով Դիմողի վերոնշյալ, ինչպես նաև սույն անհատական դիմումում ներկայացված մյուս դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը, ըստ էության, իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԵԴ/0067/02/21 քաղաքացիական գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակության առնչությամբ։ Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող դրույթների՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը, հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացրել, իսկ որպես փաստարկ ներկայացված դիրքորոշումներն առավելապես վերաբերում են ՀՀ դատարանների գործողությունների/կայացրած դատական ակտերի իրավաչափությանը:
Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով բարձրացված հարցերի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը, սահմանադրականության գնահատում, այլ թիվ ԵԴ/0067/02/21 քաղաքացիական գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:
Հետևաբար՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ դիմումում առաջադրված հարցերի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Արուսյակ Թարվերդյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Է. Շաթիրյան
Անդամներ՝ Ս. Սաֆարյան
Վ. Վարդանյան
3 սեպտեմբերի 2026 թվականի
ՍԴԴԿՈ-80
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 սեպտեմբերի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-80
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
