ՄՀԵՐ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ, ԴԱՎԻԹ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ԵՎ ՇՈՒՇԱՆԻԿ ԱՖՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-18)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 21 ապրիլի 2023թ. ՍԴԴԿՈ - 18 | ՄՀԵՐ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ, ԴԱՎԻԹ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ԵՎ ՇՈՒՇԱՆԻԿ ԱՖՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 21 ապրիլի 2023թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը
Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
Անդամակցությամբ Է. Շաթիրյանի
Ս. Սաֆարյանի
Քննության առնելով Մհեր Սեդրակյանի, Դավիթ Սեդրակյանի և Շուշանիկ Աֆյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Մհեր Սեդրակյանը, Դավիթ Սեդրակյանը և Շուշանիկ Աֆյանը, դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի ապրիլի 7-ին), խնդրել են հետևյալը. «(…) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածին, 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին, 6-րդ հոդվածի 1-ին մասին, 31-րդ հոդվածի 1-ին մասին, 34-րդ հոդվածի 1-ին մասին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին ու 79-րդ հոդվածին հակասող և անվավեր»։
2. Դիմողները նշում են, որ վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը հանգում է նրան, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում նշված գործողությունների նկատմամբ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետային սահմանափակումները չեն կիրառվում։ Այսինքն անկախ այն հանգամանքից, թե իրավասու մարմինն իր որոշմամբ ուսումնասիրության ինչ ժամկետ է որոշել, վերջինս ուսումնասիրության ընթացքում կարող է ձեռք բերել ցանկացած նյութ, այդ թվում այն նյութերը, որոնք ներառված չեն ուսումնասիրության ժամկետում։ Նման մեկնաբանության արդյունքում տեղի է ունենում դիմողների մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների նկատմամբ ոչ իրավաչափ միջամտություն։ Բացի դրանից, դիմողները նշում են, որ բոլոր այն դեպքերում, երբ իրավասու մարմինը հավաքում է ուսումնասիրության ժամկետի մեջ չներառված նյութեր, նվազագույնը տեղի է ունենում իրավաչափության կանոնի խախտում, քանի որ ուսումնասիրության ժամկետից դուրս գտնվող գույքի վրա չի տարածվում ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, այսինքն այդ գույքը բռնագանձման ենթակա չէ։ Ըստ դիմողների վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունն իրավասու մարմնին հնարավորություն է տալիս առանց որևէ սահմանափակման ձեռք բերելու «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում նշված տվյալները իրավասու մարմնին օժտելով բացարձակ հայեցողությամբ։ Միաժամանակ դիմողները նշում են, որ եթե «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի ժամկետները չեն տարածվում նույն հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումների վրա, ապա ամբողջությամբ իմաստազրկվում է նաև նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետի առավելագույն սահմանը 1991 թվականի սեպտեմբերի 21-ը, քանի որ նման մեկնաբանությամբ առաջնորդվելու դեպքում իրավասու մարմինը լիազորվում է նյութեր հավաքելու նաև այն ժամկետի համար, որը նախորդել է 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անկախ այն հանգամանքից, որ այդ ժամկետից առաջ անձի գույքի վրա բռնագանձում առհասարակ չի կարող տարածվել։
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է (…): Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Վերոնշյալ նորմի հիման վրա էլ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական պահանջները: Մասնավորապես «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության դեպքում յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Նշված հիմքերն են
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ դիմողը վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: Դիմումի ուսումնասիրությունից հետևում է, որ դիմողներն ըստ էության բարձրացնում են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի (դրույթ, որը մասնավորեցնում է, թե ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի ներկայացման համար անհրաժեշտ հիմքերի առկայությունը պարզելու նպատակով իրավասու մարմինը ինչպիսի հարցերի առնչությամբ է նյութեր հավաքում) սահմանադրականության հարց, այնինչ վիճարկվող դրույթով կարգավորվող հարաբերությունների բովանդակային ծավալը համատեղելի չէ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրական լինելու առնչությամբ ներկայացված հիմնավորումների հետ, ուստի Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության, վիճարկվող դրույթի և դիմողների իրավունքների հնարավոր խախտման միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ դիմումով չեն ներկայացվել բավարար հիմնավորումներ, հետևաբար գործի քննությունը ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Մհեր Սեդրակյանի, Դավիթ Սեդրակյանի և Շուշանիկ Աֆյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել: 21 ապրիլի 2023 թվականի
ՍԴԴԿՈ-18
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 21 ապրիլի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-18
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
