ՍԵՎԱԿ ՍՈՂԻԿԵԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-59)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 28 հոկտեմբերի 2019թ. ՍԴԴԿՈ - 59 | ՍԵՎԱԿ ՍՈՂԻԿԵԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 28 հոկտեմբերի 2019թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
դատական կազմը
Նախագահությամբ Հ. Նազարյանի
Անդամակցությամբ Ա. Դիլանյանի
Ֆ. Թոխյանի
Քննության առնելով Սևակ Սողիկեանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Սևակ Սողիկեանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2019թ. հոկտեմբերի 9-ին) խնդրելով. «որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի և/կամ դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 61-րդ (1-ին մաս), 63-րդ (1-ին մաս), 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը»: Դիմողը գտնում է, որ վիճարկվող հոդվածի կարգավորումներից և/կամ դրանց տրված մեկնաբանությունից դուրս է մնում այն իրավիճակը, երբ նոր երևան եկած հանգամանքը հայտնի է եղել դատավարության մասնակիցներին, սակայն, հայտնի չի եղել դատարանին և գործի քննությանը մասնակից չդարձված անձին, և նման իրավիճակում փաստորեն չի երաշխավորվում արդար դատաքննության իրավունքը: Դիմողը որպես փաստարկ վկայակոչում է իր գործով
ՀՀ վճռաբեկ դատարանի 20.02.2019թ. որոշման մեջ ամրագրված իրավական դիրքորոշումը:
3. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության, ինչպես նաև լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական (այդ թվում սահմանադրական) պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները ինքնանպատակ չեն և հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, քանզի դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և Օրենքով նախատեսված) գործընթացներ, ինչը պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով։ Հետևաբար, դիմողը Սահմանադրական դատարանում պարտավորված է կատարելու այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական նշյալ նորմի հիման վրա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով մանրամասնվում և կանոնակարգվում են անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական և օրենսդրական պահանջները: Դրանց սահմանումն ինքնանպատակ չէ և միտված է Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու իր գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացման ապահովմանը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը վերարտադրում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի նորմատիվ պահանջը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը, իսկ նշված 3-րդ մասի համաձայն «Անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո»: Դիմումի ուսումնասիրությունից բխում է, որ վերջնական դատական ակտը Վճռաբեկ դատարանի «Դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, կայացվել է 2019 թվականի փետրվարի 20-ին, իսկ Սևակ Սողիկեանի դիմումը Սահմանադրական դատարան առձեռն եղանակով մուտք է արվել 2019 թվականի հոկտեմբերի 9-ին: Հետևաբար դիմողը բաց է թողել Սահմանադրական դատարան դիմելու համար սահմանված վեցամսյա ժամկետը, ինչը հիմք է անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը մերժելու համար: Դիմողը դիմումին կցել է նաև ապացույց, որով հավաստվում է, որ դիմողը վերջնական դատական ակտն ստացել է 2019 թվականի մարտի 19-ին: Դրանով դիմողը հիմնավորում է, որ դիմումը Սահմանադրական դատարան ներկայացվում է վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու մասին տեղեկանալուց վեցամսյա ժամկետի շրջանակներում: Հարկ է նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը նախատեսում է վեցամսյա ժամկետը հաշվարկել դատական ակտի հրապարակման պահից և չի նախատեսում դատական ակտն ավելի ուշ ստանալու փաստով դատավարական ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու և վերականգնելու ինստիտուտ: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Սևակ Սողիկեանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող
Անդամներ
28 հոկտեմբերի 2019 թվականի
ՍԴԴԿՈ-59
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 28 հոկտեմբերի, 2019 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-59
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
