«ՀԵՏԱՔՆՆՈՂ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-20)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 20 սեպտեմբերի 2017թ. ՍԴԴԿՈ/1 - 20 | «ՀԵՏԱՔՆՆՈՂ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 20 սեպտեմբերի 2017թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1
դատական կազմը
Նախագահությամբ Ա.Գյուլումյանի
Անդամակցությամբ Կ. Բալայանի
Ա. Թունյանի
Քննության առնելով «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը (ներկայացուցիչներ Արա Ղազարյան, Արտակ Զեյնալյան) 04.09.2017թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1 ու 2, 41, 51 ու 78, 79, 80, 81 ու 7, 48, 49, 183-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Հողային» օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասին «մասնակցել» և 7-րդ մասի «Աճուրդն սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է» դրույթները»:
2. Դիմողի փաստարկները հիմնականում հանգում են հետևյալին.
դիմողը նշում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից տեղեկատվություն ստանալու անձի իրավունքը կարող է սահմանափակվել բացառապես օրենքով երբ անհրաժեշտ է պաշտպանել հանրային շահերը, և երբ անհրաժեշտ է պաշտպանել այլոց հիմնական իրավունքները և ազատությունները: Դիմողը գտնում է, որ իր նկատմամբ բացասական իրավական հետևանքներ են առաջացրել դատարանների կողմից կիրառված` ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի դրույթները: Որպես հիմնավորում` դիմողն ընդգծում է, որ հանդիսանում է հետաքննող լրագրությամբ զբաղվող կազմակերպություն, որը գործում է կանոնադրության հիման վրա, և այդ կանոնադրական նպատակներից ու խնդիրներից է, ի թիվս այլնի, Հայաստանում հետաքննական լրագրության զարգացմանը նպաստելը, տեղեկատվություն հավաքագրելը և տարածելը: Մասնագիտական գործունեության իրականացման նպատակով դիմողը դիմել է մի քանի համայնքների ղեկավարների համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ-վաճառքները դիտարկելու և լուսաբանելու նպատակով աճուրդին ներկա գտնվելու թույլտվություն ստանալու պահանջով։ Համայնքների ղեկավարները, դիմողի գնահատմամբ, վիճահարույց գրություններով մերժել են վերջինիս դիմումը և արգելել են ներկա գտնվել հողերի աճուրդ-վաճառքներին, դիտարկել և լուսաբանել դրանք, որը հանդիսացել է համայնքների ղեկավարների ակտերի իրավաչափության` դատական կարգով վիճարկման առիթ: Ըստ դիմողի` Սահմանադրությամբ երաշխավորված` խոսքի ազատության և միավորումների ազատության իրավունքների ապահովման պարտականությունը կազմակերպությանը գրանցելով չի սահմանափակվում, Սահմանադրության 3-րդ հոդվածով սահմանված պարտականությունների ծավալն իրացված համարվելու համար անհրաժեշտ է, որպեսզի պետությունը մշտապես ապահովի և պաշտպանի, այդ թվում` օրենքներով, դիմողի խոսքի ազատության և միավորումների ազատության սահմանադրորեն երաշխավորված իրավունքները: Դիմողը գտնում է, որ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտների, լրագրողների կողմից համայնքային հողերի աճուրդ-վաճառքներին ներկա գտնվելը և դրանց ուսումնասիրությունը, դիտարկելն ու լուսաբանելը բոլորովին պարտադիր չէ, թե կհանգեցնի չարաշահումների կամ կոռուպցիոն երևույթների բացահայտման, այն կարող է հանգեցնել նաև «լավ կառավարման» օրինակների բացահայտմանը,...»: Դիմողը պնդում է, որ ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասում օրենսդիրը գործածել է աճուրդին «մասնակցում» են եզրույթը, ինչը վերաբերում է գրանցված աճուրդում հաղթող ճանաչվելու շահ ունեցող անձանց, կազմակերպչին ու արձանագրողին և չի վերաբերում այդ կարգավիճակը չունեցող անձանց, դիցուք քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչներին, լրագրողներին և այլն: ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի համադրության արդյունքում դիմողը եզրահանգել է, որ բացարձակ արգելքն ստեղծել է մի իրավիճակ, երբ կոնկրետ ոլորտին վերաբերող իրավական ակտով անտեսվում է տեղեկատվության ազատության օրենքով նախատեսված երաշխիքների իրացումը, իսկ նման իրավիճակը չի բխում ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածով նախատեսված որոշակիության սկզբունքից: Վիճարկվող դրույթների սահմանափակումները համարժեք չեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը, գերազանցում են «Կոռուպցիայի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայով, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով և Եվրոպական դատարանի պրակտիկայով սահմանված սահմանափակումները:
3. Ուսումնասիրելով դիմումը և գործում առկա նյութերը ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը պարզեց, որ առկա չեն դիմումի քննությունը մերժելու հիմքեր, քանի որ դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին,
դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,
դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,
դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում, դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
1. «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության դիմումի հիման վրա ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասի «մասնակցել» և 7-րդ մասի «Աճուրդն սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է» դրույթների Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:
Նախագահող
Անդամներ
20 սեպտեմբերի 2017 թվականի
ՍԴԴԿՈ/1-20
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 20 սեպտեմբերի, 2017 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-20
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
