Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 101-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ ԴՐԱ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 50-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 90-ՐԴ Հ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 101-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ ԴՐԱ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 50-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 90-ՐԴ Հ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-8821 մայիսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-88)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 21 մայիսի 2024թ. ՍԴԱՈ - 88 | «ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 101-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ ԴՐԱ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 50-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 90-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ ԴՐԱ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՆՈՒՅՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ՆԱԵՎ ՆՇՎԱԾ ԴՐՈՒՅԹՆԵՐԻՆ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱ

Ամբողջ Տեքստ

«ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 101-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ ԴՐԱ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 50-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 90-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ ԴՐԱ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՆՈՒՅՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ՆԱԵՎ ՆՇՎԱԾ ԴՐՈՒՅԹՆԵՐԻՆ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՄԱՍԱՄԲ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 50-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ՄԱՍԵՐՈՎ, ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Դավիթ Հարությունյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և դրա հետ փոխկապակցված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասի և դրա հետ փոխկապակցված նույն սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի՝ հաշվի առնելով նաև նշված դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի և 50-րդ հոդվածի 2-րդ մասի մասերով, կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. Դավիթ Հարությունյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի հունվարի 3-ին, որով Դիմողը խնդրել է.

«Սույն դիմումը բավարարել.

1․ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և դրա հետ փոխկապակցված «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասը և/կամ այդ նորմերին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը և/կամ օրենսդրական բացը ճանաչել Սահմանադրության 31-րդ, 49-րդ, 61-րդ, 63-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

2․ «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասը և դրա փոխկապակցված 11-րդ հոդվածի 2-րդ մասը, և/կամ այդ նորմերին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը և/կամ օրենսդրական բացը ճանաչել Սահմանադրության 31-րդ, 49-րդ, 61-րդ, 63-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»։

2. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը (այսուհետ՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի փետրվարի 7-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2018 թվականի փետրվարի 10-ին և ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ից:

Օրենսգրքի՝ «Դատական վարույթի հրապարակայնությունը» վերտառությամբ 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է.

«2. Դատական վարույթը կամ դրա մի մասն օրենքով սահմանված դեպքերում և կարգով դատարանի որոշմամբ կարող է անցկացվել դռնփակ` վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով»:

Օրենսգրքի՝ «Դատական սանկցիա կիրառելու առանձնահատկությունները» վերտառությամբ 50-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է.

«2. Դատական նիստերի դահլիճից հեռացում չի կիրառվում վարույթին մասնակցող դատախազի, որպես ներկայացուցիչ կամ պաշտպան մասնակցող փաստաբանի, ինչպես նաև տվյալ պահին ցուցմունք տվող վկայի և օրենքով նախատեսված այլ անձանց նկատմամբ»:

Օրենսգրքի վերոնշյալ վիճարկվող դրույթները ընդունման պահից ի վեր չեն փոփոխվել/լրացվել:

3. Դիմողի դիրքորոշումները

Դիմողը, մասնավորապես, նշում է. «Բարձրագույն դատական խորհրդի կողմից կայացված Որոշմամբ [Բարձրագույն դատական խորհրդի՝ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ» 2023 թվականի հուլիսի 3-ին ընդունած թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշում] դիմողի նկատմամբ կիրառված Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը, 90-րդ հոդվածի 6-րդ մասը (արդարադատության շահերի պաշտպանության նպատակով դռնփակ դատական նիստ), 50-րդ հոդվածի 2-րդ մասը և դրա հետ փոխկապակցված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը (դատական նիստերի դահլիճից դատավորի հեռացում), ակնհայտ միջամտություն են գործում դիմողի՝ Սահմանադրության 61-րդ ու 63-րդ հոդվածով, ինչպես նաև 31-րդ հոդվածի 1-ին մասով ու 49-րդ հոդվածով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության ու արդար դատաքննության, մասնավոր ընտանեկան կյանքի ու բարի համբավի, ինչպես նաև հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքների նկատմամբ»:

Դիմողն Օրենսգրքի 90-րդ հոդվածի 6-րդ մասի ենթադրյալ հակասահմանադրականությունը փոխկապակցում է Օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի ենթադրյալ հակասահմանադրականության հետ՝ մասնավորապես, նշելով. «Նման պայմաններում, երբ գործի քննության հենց սկզբում վարույթի քննությունը դռնփակ իրականացնելու անհրաժեշտությունը ԲԴԽ-ն պայմանավորում է արդարադատության շահի պաշտպանությամբ՝ հիմնվելով բացառապես նախարարության հարուցած կարգապահական վարույթի, վերագրվող խախտման, մեղադրանքի բնույթի վրա, զրկել են դիմողին գործի հրապարակային քննության իրավունքից:

(...) գործի քննության հրապարակայնության սկզբունքն ապահովվելու դեպքում միջամտություն տեղի չէր ունենա դիմողի արդար դատաքննության, ու բարի համբավի, ինչպես նաև հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքների նկատմամբ:

Մասնավորապես նաև ամբողջապես դռնփակ դատավարություն իրականացնելու, տվյալներ հրապարակելու անթույլատրելիության պայմաններում դիմողը զրկվել է որևէ եղանակով իր փաստերը, դիրքորոշումները ներկայացնելու հնարավորությունից (…)»:

Կարգապահական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիայի կիրառման հարցի առնչությամբ Դիմողը, մասնավորապես, գտնում է. «(...) հատկապես գործի քննության հենց սկզբնական փուլում, երբ հատկապես դատավորը կարգապահական վարույթի սկզբնական փուլում, դեռևս չի ներկայացրել նյութեր և/կամ չի թույլատրվել ներկայացնել նյութեր, ապացույցներ, չի տվել բացատրություններ, չի ունեցել պաշտպանական ելույթ, ներկա չեն գտնվել փաստաբաններ, ներկայացուցիչներ, չի ապահովվել ներկայացուցիչների մասնակցությունը նաև հետագայում, և նրա նկատմամբ կիրառվում է դատական նիստերից դահլիճից հեռացում սանկցիա, ապա նորմը կամ դրա նման մեկնաբանությունը իրավակիրառ պրակտիկայում հակասում է կողմերի հավասարության, մրցակցության, պաշտպանության, արդար դատաքննության Սահմանադրական իրավունքին»։

Դիմողը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ենթադրյալ հակասահմանադրականությունը փոխկապակցում է Օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի ենթադրյալ հակասահմանադրականության հետ՝ նշելով, որ տվյալ դրույթին համապատասխան՝ դատական նիստերի դահլիճից հեռացումը չի կիրառվում վարույթին մասնակցող դատախազի, որպես ներկայացուցիչ կամ պաշտպան մասնակցող փաստաբանի, ինչպես նաև տվյալ պահին ցուցմունք տվող վկայի և օրենքով նախատեսված այլ անձանց նկատմամբ, մինչդեռ նման արգելք նախատեսված չէ կարգապահական վարույթի կողմ հանդիսացող դատավորի մասով: Ըստ Դիմողի՝ «(...) Օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասը, և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և/կամ դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը և/կամ օրենսդրական բացը, մասնավորապես նաև այնքանով որքանով չեն նախատեսում կարգապահական վարույթով գործի քննության ընթացքում դատավորի նկատմամբ դատական նիստերի դահլիճից հեռացում դատական սանկցիայի կիրառման բացառություն կամ ընձեռում են դրա հնարավորությունը, և/կամ այնքանով որքանով չեն նախատեսում սանկցիայի կիրառման տևողություն և/կամ այնքանով որքանով չեն նախատեսում դատական նիստի շարունակության անհնարինություն առանց փաստաբանի մասնակցության հակասահմանադրական են, հակասում են Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով և 63-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության ու արդար դատաքննության իրավունքներին»:

4․ Պատասխանողի դիրքորոշումները

Ազգային ժողովը (այսուհետ՝ Պատասխանող), մասնավորապես, գտնում է, որ Օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով և 90-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված արդարադատության շահերի պաշտպանության նպատակով դատական նիստի դռնփակ անցկացումը համապատասխանում է համաչափության սկզբունքին, իսկ դրանով ենթադրվող իրավունքների սահմանափակումը հետապնդում է իրավաչափ նպատակ:

Ըստ Պատասխանողի՝ «Դիմողն ըստ էության նորմի իր նկատմամբ ոչ իրավաչափ կիրառելու հարցն է բարձրացնում, առ այն, որ դատական նիստը դռնփակ կարգով անցկացնելու հիմքերը բավարար չեն եղել կամ բացակայել են, որպիսի հանգամանքը չի կարող նորմի սահմանադրականության հարց առաջացնել»:

Օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի առնչությամբ Պատասխանողը գտնում է, որ «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիայի՝ վարույթի որոշ մասնակիցների նկատմամբ կիրառման անհնարինությունն ուղղված է գործի քննության ընթացքում ներկայացուցչի կամ պաշտպանի մասնակցության համար բավարար երաշխիքներ ապահովելուն, «(...) ինչը հնարավորություն է տալիս դատական նիստերի դահլիճից հեռացված անձին՝ լիարժեք իրացնել իր դատական պաշտպանության իրավունքը»:

Պատասխանողը գտնում է, որ վիճարկվող դրույթների առնչությամբ Դիմողի կողմից բարձրացված օրենսդրական բացի կամ հակասահմանադրական մեկնաբանման խնդիր առկա չէ, և Դիմողի պնդումներն ըստ էության անհիմն են:

Պատասխանողը խնդրում է սույն գործով ընդունել որոշում վիճարկվող դրույթները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին:

5. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Սահմանադրական օրենք) 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան՝ Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր:

Ուսումնասիրելով դիմումն ու կից փաստաթղթերը, Պատասխանողի գրավոր բացատրությունը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը մասամբ՝ Օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի և 50-րդ հոդվածի 2-րդ մասի մասերով, ենթակա է կարճման ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ.

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրության հիշյալ դրույթն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Այն սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(...) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:

Սահմանադրական դատարանը հիշյալ աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է. «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:

Սահմանադրական դատարանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ անհատական դիմումի ընդունելիության հարցի վերաբերյալ արտահայտված դիրքորոշումները կիրառելի են նաև Սահմանադրական օրենքի համապատասխան դրույթի մեկնաբանության նկատմամբ։

Վերոնշյալի լույսի ներքո Օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ Դիմողի դիրքորոշումների առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նշված իրավակարգավորմամբ օրենսդիրը սահմանափակել է «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիայի կիրառելիության շրջանակը՝ սահմանելով դատավարության որոշ մասնակիցների նկատմամբ հիշյալ սանկցիայի կիրառման բացարձակ անհնարինություն: Այսպես՝ Օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստերի դահլիճից հեռացումը չի կիրառվում վարույթին մասնակցող դատախազի, որպես ներկայացուցիչ կամ պաշտպան մասնակցող փաստաբանի, ինչպես նաև տվյալ պահին ցուցմունք տվող վկայի և օրենքով նախատեսված այլ անձանց նկատմամբ (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101.1-ին հոդվածի 2-րդ մասում, նշված մասնակիցներից բացի, հիշատակվում են նաև փորձագետը և թարգմանիչը):

Օրենսդիրը, հաշվի առնելով վարույթի հիշյալ մասնակիցների դատավարական գործառույթների առանձնահատկությունները, վերջիններիս դուրս է թողել «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիայի ենթակա անձանց ցանկից՝ հաշվի առնելով նաև այն իրողությունը, որ դատավարության կողմերի նկատմամբ կիրառելի են նաև կարգապահական պատասխանատվության միջոցներ։

Սույն հարցի համատեքստում Սահմանադրական դատարանն իր՝ 2015 թվականի փետրվարի 24-ի ՍԴՈ-1191 որոշմամբ արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. «Ինչպես դատախազը (գործով պետական մեղադրողը), այնպես էլ պաշտպանը (փաստաբանը, կողմի ներկայացուցիչը) ՀՀ Սահմանադրության 103-րդ, 20-րդ հոդվածների, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների, ՀՀ օրենսդրության այլ ակտերի հիմքերով կատարում են սահմանադրաիրավական գործառույթներ` կապված համապատասխանաբար՝ դատարանում մեղադրանքի պաշտպանման և անձանց իրավաբանական օգնության տրամադրման հետ, որպիսիք միտված են ինչպես անձի իրավունքների ու ազատությունների պաշտպանության ապահովման, այնպես էլ վերջինիս հետ շաղկապված՝ անկախ, արդար, անկողմնակալ, մրցակցային արդարադատության իրականացման՝ Սահմանադրությամբ հաստատագրված նպատակների իրագործմանը: Այսպիսով, դատավարության մասնակից հանդիսացող վերոհիշյալ սուբյեկտների իրավական (դատավարական) կարգավիճակի առանձնահատկությունը, համաձայն որի` նրանք ենթակա չեն դատարանի կողմից անմիջականորեն կիրառման ենթակա որոշ սանկցիաների (նիստերի դահլիճից հեռացում, դատական տուգանք), ուղղակիորեն պայմանավորված է քրեադատավարական հարաբերություններում օրենքով նրանց ունեցած իրավունքների ու պարտականությունների բնույթով»: Սահմանադրական դատարանի գնահատմամբ՝ քրեադատավարական օրենսդրության համատեքստում արտահայտված նշված իրավական դիրքորոշումը վերաբերելի է նաև այլ ոլորտային դատավարություններին:

Սույն գործի համատեքստում Սահմանադրական դատարանը գտնում է, որ վարույթի որոշ մասնակիցներին շնորհված այդ արտոնությունը պայմանավորված է վարույթի համապատասխան մասնակիցների դատավարական կարգավիճակների առանձնահատկություններով։ Այսպես, օրինակ՝ վարույթին որպես ներկայացուցիչ կամ պաշտպան մասնակցող փաստաբանի նկատմամբ սույն սանկցիայի կիրառման անհնարինությունը պայմանավորված է անձի՝ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության և իրավաբանական օգնություն ստանալու իրավունքների երաշխավորման անհրաժեշտությամբ: Տվյալ պահին ցուցմունք տվող վկայի նկատմամբ «դատական նիստերի դահլիճից հեռացում» սանկցիան կիրառելու անհնարինությունը բխում է ապացուցման գործընթացի անխափան ընթացքն ապահովելու անհրաժեշտությունից։ Համապատասխանաբար՝ դատախազի նկատմամբ նշված սանկցիայի կիրառման անհնարինությունը նախ պայմանավորված է դատախազի՝ որպես մեղադրանքի կողմի, դատավարական գործառույթների համալիրով, ինչպես նաև այն իրավական իրողությամբ, որ դատախազի դատավարական վարքը զգալի մասով ենթակա է նաև դատախազի նկատմամբ կիրառելի կարգապահական կարգավորումների։

Վերոնշյալը հաշվի առնելով՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողը Օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված նորմին տվել է վերջինիս նպատակային նշանակությունից տարբերվող մեկնաբանություն։ Այսպես՝ Դիմողը սահմանադրականության առումով խնդրահարույց է համարել այն հանգամանքը, որ օրենսդիրը, ի թիվս դատական վարույթի վերոնշյալ մասնակիցների, որպես կարգապահական վարույթի կողմ հանդես եկող դատավորի համար չի նախատեսել «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիան կիրառելու անհնարինությունը, որպիսի մոտեցումը, Դիմողի դիտարկմամբ, ստորադասում է դատավորի կարգավիճակը։ Մինչդեռ վարույթի մասնակիցներն օժտվել են վիճարկվող նորմով նախատեսված արտոնությամբ՝ բացառապես ելնելով իրենց դատավարական կարգավիճակից բխող որոշակի գործառույթների պատշաճ իրականացումն ապահովելու նկատառումներից:

Դիմողի դիրքորոշումներից պարզ է դառնում, որ վերջինս իր՝ դատավորի կարգավիճակը փոխկապակցում է իր՝ կարգապահական վարույթի կողմի դատավարական կարգավիճակի հետ, և այդպիսով եզրակացնում, որ Օրենսգրքի համապատասխան նորմով սահմանված պաշտպանությունը պետք է տարածվի նաև այն դատավորի վրա, որի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողի՝ դատավորի կարգավիճակը չի նույնանում վերջինիս՝ կարգապահական վարույթի շրջանակներում ունեցած կարգավիճակի հետ:

Դիմողը նաև նշում է, որ վիճարկվող դրույթը հակասահմանադրական է այնքանով, որքանով չի նախատեսում խնդրո առարկա դատական սանկցիայի կիրառման տևողություն, մինչդեռ Դիմողի կողմից բարձրացված հարցերը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101.1-ին հոդվածով արդեն իսկ կարգավորված են: Այսպես՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ դատական նիստերի դահլիճից հեռացումը կարող է կիրառվել ոչ ավելի, քան մինչև տվյալ դատական նիստի ավարտը, իսկ դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ` որոշակի ժամանակահատվածով կամ որոշակի դատավարական գործողությունն ավարտելու ժամկետով կամ մինչև դատաքննության ավարտը, իսկ 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստերի դահլիճից հեռացված վարչական դատավարությանը մասնակցող անձի, նրա ներկայացուցչի միջնորդությամբ դատարանն իրավունք ունի մինչև սանկցիայի կիրառման ժամկետի լրանալը վերականգնելու հեռացված անձի մասնակցությունը դատական նիստին:

Դիմողի այն դիրքորոշման առնչությամբ, որի համաձայն՝ «(…) ներքին հակասություն է առկա կամ ծայրահեղ անտրամաբանական է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և նույն հոդվածի 6-րդ, 9-րդ մասերի կարգավորումն այն առումով, ըստ որի դատարանը ունի լիազորություն կիրառելու դատական նիստերի դահլիճից հեռացում դատական սանկցիա նաև դատավարությանը մասնակցող անձի (տվյալ դեպքում կարգապահական պատասխանատվության ենթարկվող դատավորի) ու նրա ներկայացուցիչների նկատմամբ, սակայն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նիստերի դահլիճից հեռացումը չի կարող կիրառվել տվյալ պահին ցուցմունք տվող վկայի նկատմամբ, իսկ 9-րդ մասը սահմանում է, որ այդ սանկցիան չի կարող կիրառվել գործի քննությանը մասնակցող դատախազի և գործի քննությանը որպես կողմի ներկայացուցիչ մասնակցող փաստաբանի նկատմամբ», Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողի կողմից վկայակոչված կարգավորումները, ըստ էության, վերաբերում են նախքան 2018 թվականի փետրվարի 9-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-120-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածին։

Օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ Դիմողի փաստարկների առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի՝ նշված հոդվածն արտացոլված է Օրենսգրքի՝ «Դատարանների կազմակերպման և գործունեության սկզբունքները» վերտառությամբ 2-րդ գլխի ներքո և բովանդակում է դռնփակ դատական նիստ անցկացնելու օրենսդրական հիմքերը, որոնք վերաբերելի են, առհասարակ, բոլոր դատական վարույթներին՝ անկախ ճյուղային պատկանելությունից: Այդ համատեքստում, վերոնշյալ վիճարկվող դրույթը, բովանդակելով դռնփակ դատական նիստ անցկացնելու վերաբերյալ ընդհանուր դրույթներ, հիմք է հանդիսացել Օրենսգրքի 90-րդ հոդվածի 6-րդ մասի կարգավորումների համար, որն էլ իր հերթին անմիջականորեն կիրառվել է Դիմողի նկատմամբ՝ առաջ բերելով համապատասխան իրավական հետևանքներ:

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողը բավարար հիմնավորումներ չի ներկայացրել Օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի և 50-րդ հոդվածի 2-րդ մասի՝ հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունները, և իր՝ Սահմանադրության 31, 49, 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ: Նման պայմաններում սույն անհատական դիմումի շրջանակներում Դիմողի կողմից վիճարկվող դրույթների՝ հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունները, Դիմողի որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման/խախտման հանգեցնելը չհիմնավորելը բացառում է վիճարկվող դրույթների սահմանադրականության հարցի քննարկումը դրանց՝ Սահմանադրության 79-րդ հոդվածին համապատասխանության հարցի համատեքստում, քանզի Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված որոշակիության սկզբունքը կարող է քննարկման առարկա դառնալ միայն Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի/ազատության սահմանափակման լույսի ներքո, այլ ոչ ինքնուրույն, առանձին վերցված:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումը՝ Օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի և 50-րդ հոդվածի 2-րդ մասի մասերով, ակնհայտ անհիմն է, ուստի՝ սույն գործի վարույթը մասամբ՝ Օրենսգրքի նշված դրույթների մասով, ենթակա է կարճման:

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 1-ին, 2 և 5-րդ մասերի պահանջները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Դավիթ Հարությունյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և դրա հետ փոխկապակցված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասի և դրա հետ փոխկապակցված նույն սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի՝ հաշվի առնելով նաև նշված դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի և 50-րդ հոդվածի 2-րդ մասի մասերով, կարճել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

21 մայիսի 2024 թվականի

ՍԴԱՈ-88

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 մայիսի, 2024 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-88
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել