Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԴԻԱՆԱ ԱԼԵՔԻ ԿՈՒՅՈՒՄՉՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԴԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԲՈՂՈՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԴԻԱՆԱ ԱԼԵՔԻ ԿՈՒՅՈՒՄՉՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԴԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԲՈՂՈՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-5610 հոկտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-56)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 10 հոկտեմբերի 2025թ. ՍԴԴԿՈ - 56 | ԴԻԱՆԱ ԱԼԵՔԻ ԿՈՒՅՈՒՄՉՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԴԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԲՈՂՈՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

Քաղ. Երևան 10 հոկտեմբերի 2025 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը՝

Նախագահությամբ՝ Ա. Զեյնալյանի

Անդամակցությամբ՝ Դ. Խաչատուրյանի

Ե. Խունդկարյանի

ԴԻԱՆԱ ԱԼԵՔԻ ԿՈՒՅՈՒՄՉՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԴԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԲՈՂՈՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՊԱՐԶԵՑ.

1. Նախապատմությունը, բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

1.1. Դիանա Ալեքի Կույումչյանի (հետայսու՝ Դիմող) անունից ներկայացուցիչ՝ փաստաբան Ազատ Շահբազյանը (հետայսու՝ Ներկայացուցիչ) Սահմանադրական դատարան է մուտքագրել 04.09.2025թ. 05/ԴԿ-01/25 թվագրված անհատական դիմումը՝ 08.09.2025թ., մտից՝ ԱԴ-90, (հետայսու՝ 08.09.2025 ԱԴ-90 Դիմում), որով վիճարկում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթների սահմանադրականությունը:

1.2. Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը 11.09.2025թ. Ա/0692-2025 գրությամբ (հետայսու՝ 11.09.2025թ. Գրություն) Դիմողի Ներկայացուցչին տեղեկացրել է, որ՝ « (...) դիմումին կից ներկայացված լիազորագիրը պատշաճ չէ՝ լիազորագրում չկա նշում Սահմանադրական դատարանում որպես ներկայացուցիչ հանդես գալու վերաբերյալ» և Դիմումին կցված չէ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի այն վերջնական դատական ակտը, որով դիմողի նկատմամբ կիրառվել է նրա կողմից վիճարկվող օրենքի դրույթը:

1.3. Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը 11.09.2025թ. Գրությամբ Դիմողի Ներկայացուցչին հայտնել է.

« (...) տեղեկացումն ստանալուց հետո եռօրյա ժամկետում կարող եք Ձեր դիմումը համապատասխանեցնել վերոհիշյալ պահանջներին և վերստին ներկայացնել Սահմանադրական դատարան:

Նշված ժամկետում դիմումի համապատասխանեցումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի վերոհիշյալ պահանջներին չապահովելու դեպքում դիմումը մեկօրյա ժամկետում կվերադարձվի»:

1.4. Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի 11.09.2025թ. Գրությունը Դիմողի Ներկայացուցչին 12.09.2025թ. առաքվել է փոստով՝ առաքանի՝ LO129529014AM, որն ստացվել է 15.09.2025թ.:

1.5. Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը 01.10.2025թ. Ա/0743-2025 գրությամբ (հետայսու՝ 01.10.2025թ. Գրություն) Դիմողի Ներկայացուցչին տեղեկացրել է, որ 11.09.2025թ. Գրությունը Դիմողի Ներկայացուցչի կողմից ստացվել է 15.09.2025թ. և օրենքով սահմանված եռօրյա ժամկետում չի համապատասխանեցվել օրենքի պահանջներին և վերստին չի ներկայացվել Սահմանադրական դատարան: Ուստի՝ 01.10.2025թ. Գրությանը կից՝ Դիմողի Ներկայացուցչին են վերադարձվել 08.09.2025 ԱԴ-90 Դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը:

1.6. Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի 01.10.2025թ. Գրությունը Դիմողի Ներկայացուցչին 01.10.2025թ. առաքվել է փոստով՝ առաքանի՝ LO129808269AM, որը Դիմողը, ըստ AL0129808269AM հանձնման մասին ծանուցման վրա կատարված մակագրության, ստացել է 03.10.2025թ. (նաև ըստ Դիմողի Ներկայացուցչի հայտարարության՝ 08.09.2025 ԱԴ-90 Դիմում, էջ՝ 2, 3-րդ պարբ. վերևից):

1.7. Դիմողի Ներկայացուցչի կողմից 07.10.2025թ. «08.09.2025 թվականի թիվ ԱԴ-90 դիմումը վերադարձնելու դեմ» 05/ԴԿ-01/23 բողոք (հետայսու՝ 07.10.2025թ. Բողոք) է ներկայացվել Սահմանադրական դատարան:

1.8. Դիմողի Ներկայացուցիչը 07.10.2025թ. Բողոքին է կցել, ի թիվս այլնի՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 05.03.2025թ. որոշումը, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի 11.09.2025թ. և 01.10.2025թ. գրությունների և դրանց փոստային ծրարների պատճենները:

1.9. Դիմողի Ներկայացուցչի 07.10.2025թ. Բողոքը Սահմանադրական դատարան է առաքվել փոստով՝ առաքանի՝ LO129895355AM, որն ստացվել է 09.10.2025թ., մտից՝ 4-143:

2. 07.10.2025 թ. Բողոքի հիմքերը և հիմնավորումները

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

2.1. «(...) ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի Ա/0692-2025 գրությանը համաձայն որի «Սահմանադրական դատարան ներկայացված դիմումին կից ներկայացված լիազորագիրը պատշաճ չէ՝ լիազորագրում չկա նշում Սահմանադրական դատարանում որպես ներկայացուցիչ հանդես գալու վերաբերյալ», ապա գտնում եմ, որ Սահմանադրական դատարան դիմելիս դիմողը ծանրաբեռնվել է ավելորդ ձևական պահանջով, որով սահմանափակվել է դատարանի մատչելիության իրավունքը և խաթարել է այդ իրավունքի բուն էությունը, ուստի սույն բողոքն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դրանով իսկ նպաստելու արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը»:

«(...) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով կարգավորված չեն պատշաճ լիազորագրի պահանջների՝ ձևի և բովանդակության մասին նորմատիվ պահանջները, ուստի գտնում եմ, որ դիմողի՝ Դիանա Կույումչյանի Սահմանադրական դատարանում ներկայացուցչությունն կարող է իրականացվել Դիանա Ալեքի Կույումչյանի կողմից ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ազատ Լավրենտիի Շահբազյանին 09.10.2024 թվականին տրված լիազորագրով»:

2.2. Դիմողի Ներկայացուցիչը հարկ է համարել հայտնել, որ վերացրել է «(...) դիմումը վերադարձնելու հիմքում նշված թերությունը, նկատի ունենալով, որ Սահմանադրական դատարան եմ ներկայացնում նաև ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 05.03.2025 թվականի որոշումը, վերջնական դատական ակտը, որով դիմողի նկատմամբ կիրառվել է վիճարկվող օրենքի դրույթը»:

2.3. Վերոգրյալի հիման վրա՝ բողոքաբերը պահանջել է՝ «Վերացնել ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի Ա/0743–2025 գրությունը` 08.09.2025 թվականի թիվ ԱԴ-90 դիմումը վերադարձնելու մասին»։

3. Դատական կազմի պատճառաբանությունները և եզրահանգումները

3.1. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ դիմումը վերադարձնելը դիմողը կարող է եռօրյա ժամկետում բողոքարկել Սահմանադրական դատարան:

3.2. Դիմողի 08.09.2025 ԱԴ-90 Դիմումը Ներկայացուցչին է վերադարձվել Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի 01.10.2025թ. Գրությամբ, որը Դիմողի Ներկայացուցչի կողմից ստացվել է 03.10.2025թ. (տե՛ս § 1.6): Դիմողի Ներկայացուցիչն իր՝ 07.10.2025թ. Բողոքը ստորագրել և Սահմանադրական դատարան առաքելու նպատակով փոստին է հանձնել 07.10.2025թ., այսինքն՝ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի 01.10.2025թ. Գրությունն ստանալու չորրորդ օրը:

3.3. Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի կողմից 01.10.2025թ. Գրությամբ Դիմողի 08.09.2025 ԱԴ-90 Դիմումը վերադարձնելու դեմ 07.10.2025թ. Բողոքը ներկայացվել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված բողոքարկման ժամկետի խախտմամբ:

3.4. Սահմանադրական դատարանի դատական կազմը 07.10.2025թ. Բողոքը ժամկետի խախտմամբ ներկայացնելու հանգամանքը բավարար է համարում այն մերժելու համար, ուստի՝ չի անդրադառնում Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի 11.09.2025թ. Գրության՝ Դիմողի կողմից 08.09.2025 ԱԴ-90 Դիմումին պատշաճ լիազորագիր և ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի վերջնական դատական ակտը կցված չլինելու ու թերությունները չվերացնելու հիմքերի իրավաչափությանը:

Հետևաբար՝ ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի կողմից Դիանա Ալեքի Կույումչյանի 2025 թվականի սեպտեմբերի 8-ի անհատական դիմումը վերադարձնելու դեմ ներկայացված բողոքը մերժել։

Նախագահող՝ Ա. Զեյնալյան

Անդամներ՝ Դ. Խաչատուրյան

Ե. Խունդկարյան

10 հոկտեմբերի 2025 թվականի

ՍԴԴԿՈ-56

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
10 հոկտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-56
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել