Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 24-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 24-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-453 ապրիլի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-45)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 3 ապրիլի 2026թ. ՍԴԱՈ - 45 | «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 24-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 24-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 31-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2026 թվականի փետրվարի 16-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Մարդու իրավունքների պաշտպանի (այսուհետ նաև՝ Դիմող) դիմումը, որով Դիմողը խնդրել է.

«(…) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 31-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը ճանաչել ՀՀ Սահմանադրության 52-րդ հոդվածին հակասող այնքանով, որքանով դրանք հնարավորություն են տալիս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ քննելու վարքագծի կանոնների խախտման և շահերի բախման վերաբերյալ այն դիմումները, որոնք առնչվում են Մարդու իրավունքների պաշտպանի՝ իրեն հասցեագրվող դիմումների և բողոքների քննության առնչությամբ իրականացվող գործունեությանը; այդ համատեքստում պահանջելու գրավոր պարզաբանում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության շրջանակներում իրականացված գործողությունների, Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումների կամ բողոքների, դրանց ուսումնասիրության կամ քննարկման ընթացքում ձեռք բերված փաստաթղթերի էության կամ իր կայացրած որոշումների կապակցությամբ; ստուգելու և մեկնաբանելու այլ մարմինների հետ Մարդու իրավունքների պաշտպանի գրագրությունը»:

2. Դիմողը, մասնավորապես, նշում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի անկախությունը ենթադրում է, որ որևէ պետական մարմին չի կարող բացատրություններ պահանջել վերջինից իրեն հասցեագրված դիմումների կամ բողոքների ուսումնասիրության ընթացքում ձեռնարկած միջոցառումների առնչությամբ, չի կարող ստուգել ու գրաքննության ենթարկել այլ մարմինների հետ նրա գրագրությունը, չի կարող վերանայել Մարդու իրավունքների պաշտպանի կայացրած որոշումները, ինչն ուղղակի երաշխիք է Սահմանադրության 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերում անձի՝ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն ստանալու իրավունքի ապահովման տեսանկյունից։ Մինչդեռ, Դիմողի պնդմամբ, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի խնդրո առարկա նորմերը հնարավորություն են տալիս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին քննելու վարքագծի կանոնների խախտման և շահերի բախման վերաբերյալ այն դիմումները, որոնք առնչվում են Մարդու իրավունքների պաշտպանի՝ իրեն հասցեագրվող դիմումների և բողոքների քննության առնչությամբ իրականացվող գործունեությանը, այդ համատեքստում պահանջելու գրավոր պարզաբանում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առնչությամբ իրականացված գործողությունների, իրեն հասցեագրված դիմումների կամ բողոքների, դրանց ուսումնասիրության կամ քննարկման ընթացքում ձեռք բերված փաստաթղթերի էության կամ իր կայացրած որոշումների կապակցությամբ, ստուգելու և մեկնաբանելու այլ մարմինների հետ Մարդու իրավունքների պաշտպանի գրագրությունը, ինչը, Դիմողի գնահատմամբ, հակասահմանադրական է։

Դիմողն ընդգծում է. «Հատկանշական է, որ հենց վիճարկվող նորմերով քննչական մարմինների ղեկավարների, նրանց տեղակալների, գլխավոր դատախազի տեղակալների համար նախատեսված է Հանձնաժողովի լիազորությունների սահմանափակում այն դեպքերի համար, երբ գործերն առնչվում են վերջիններիս կարգավիճակից բխող, ինչպես նաև Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների իրականացմանը։ Ընդ որում, նման սահմանափակում նախատեսված է այն պայմաններում, երբ Սահմանադրությամբ, միջազգային չափանիշներով և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով Մարդու իրավունքների պաշտպանի համար սահմանված են անկախության ու անձեռնմխելիության ամենաբարձր երաշխիքները, որոնք համեմատելի չեն վերը նշված պաշտոնատար անձանց համար սահմանված անկախության երաշխիքների հետ»։

Ամփոփելով իր դիրքորոշումները՝ Դիմողը եզրահանգում է, որ սահմանադրական արդարադատության մարմնի հստակ իրավական դիրքորոշումը կարևոր է Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն Մարդու իրավունքների պաշտպանին, այլ անկախության համանման երաշխիքներով օժտված ցանկացած այլ մարմնի դիմելու իրավունքի ձևախեղումից խուսափելու, անձանց՝ իրավունքների պաշտպանության նպատակով նման մարմիններին դիմելու պարագայում, առանց որևէ միջամտության, դիմում-բողոքների քննության հնարավորություն ունենալու իրավունքը փաստացի երաշխավորելու տեսանկյունից։

3. Ուսումնասիրելով սույն դիմումը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ առկա է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` սույն դիմումի հիման վրա գործի քննությունն ամբողջությամբ մերժելու հիմքը, որպիսի պայմաններում նշված գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ պատճառաբանությամբ.

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունը մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել Մարդու իրավունքների պաշտպանը՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված նորմատիվ իրավական ակտերի՝ Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին համապատասխանության հարցերով:

Սահմանադրության 191-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաև կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Մարդու իրավունքների պաշտպանը կարող է վիճարկել միայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված նորմատիվ իրավական ակտերի համապատասխանությունը Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի գլխավոր առաքելությունը մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը հետևելն է, ինչպես նաև խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ համարժեք քայլեր ձեռնարկելը:

Որպես իր վերոնշյալ առաքելության իրականացման կարևորագույն երաշխիք՝ Մարդու իրավունքների պաշտպանն օժտված է Սահմանադրական դատարան դիմելու իրավասությամբ, որի իրացման շրջանակներում կարող է բարձրացնել Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված նորմատիվ իրավական ակտերի համապատասխանության հարցը Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին։ Սահմանադրական դատարանի գնահատմամբ՝ վերոնշյալ կարգավորումն առանցքային կարևորություն է ներկայացնում ոչ միայն Մարդու իրավունքների պաշտպանի՝ անձանց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությանը հետևելու գործառույթի արդյունավետ իրացման, այլև Սահմանադրական դատարան դիմելու իրավասության սահմանները հստակեցնելու առումով:

Ինչպես Սահմանադրության մեջ, այնպես էլ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում շեշտադրված է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից Սահմանադրական դատարանում բարձրացվող հարցերը բացառապես Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված դրույթների համատեքստում դիտարկելու պահանջը, որի պահպանվածության հարցը պետք է ստուգվի յուրաքանչյուր կոնկրետ դեպքում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված դիմումի շրջանակներում:

Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ բոլոր այն դեպքերում, երբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրացվող հարցերն ուղղակիորեն պայմանավորված չեն Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնարար իրավունքի կամ ազատության ենթադրյալ խախտմամբ, ապա նշված դիմումները չեն բավարարում Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով ամրագրված պահանջները, ուստի՝ չեն բխում Մարդու իրավունքների պաշտպանի՝ Սահմանադրական դատարան դիմելու իրավասության սահմանների վերաբերյալ հստակ ամրագրած կարգավորումներից և ենթակա են մերժման:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմումի համալիր ուսումնասիրման արդյունքում նկատելի է դառնում, որ դրա շրջանակներում բարձրացված հարցերը վերաբերում են գլխավորապես Մարդու իրավունքների պաշտպանի անկախությանը: Մասնավորապես՝ Դիմողը բարձրացնում է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 31-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի սահմանադրականության հարց՝ Սահմանադրության 191-րդ հոդվածով ամրագրված՝ Մարդու իրավունքների պաշտպանի անկախության սահմանադրաիրավական հրամայականի երաշխավորման համատեքստում՝ փորձելով այն կապել Սահմանադրության 52-րդ հոդվածով ամրագրված՝ Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունքի իրացման հետ: Մինչդեռ դիմումում ներկայացված պատճառաբանությունների շղթան առավելապես վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանի անկախությունը ենթադրյալ սահմանափակող կարգավորումների հիմնավորմանը:

Ողջ վերոգրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմումը չի բավարարում Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված պահանջները, որոնք նախանշում են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից Սահմանադրական դատարան դիմումներ ներկայացնելու իրավասության սահմանները, և որոնցից դուրս սահմանադրականության խնդիրներ բարձրացնելու իրավասությամբ Մարդու իրավունքների պաշտպանն օժտված չէ: Նման պայմաններում Սահմանադրական դատարանը գտնում է, որ Մարդու իրավունքների պաշտպանն իրավասու չէ սույն դիմումում բարձրացված հարցերով դիմելու Սահմանադրական դատարան:

Ելնելով վերոշարադրյալից, ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի, 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 31-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

3 ապրիլի 2026 թվականի

ՍԴԱՈ-45

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 ապրիլի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-45
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել