Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 54-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 80-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 6-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 96-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 54-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 80-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 6-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 96-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-9128 օգոստոսի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-91)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 28 օգոստոսի 2019թ. ՍԴԱՈ - 91 | «ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 54-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 80-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 6-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 96-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ Ա Յ Ի Ն Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

«ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՍԳՐՔԻ 54-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 80-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 6-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 96-

ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ՀՀ վարչական դատարանի դիմումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի, 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 96-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը քննության ընդունելու հարցը, ՊԱՐԶԵՑ.

1. 2019 թվականի հուլիսի 30-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել ՀՀ վարչական դատարանի դիմումը:

2019 թվականի հուլիսի 17-ի «Վարչական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու մասին» որոշմամբ ՀՀ վարչական դատարանը դիմել է Սահմանադրական դատարան ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2- րդ մասի, դրանով պայմանավորված 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 96-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականությունը որոշելու հարցով: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «2. Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է սույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում։ Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը։ Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով»:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` «1. Վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե` …

6) լրացել են հայցադիմում ներկայացնելու համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները, իսկ ժամկետները վերականգնելու մասին միջնորդությունը վարչական դատարանը մերժել է.»:

Նույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «1. Դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե`

1) վեճը ենթակա չէ որևէ դատարանում քննության.

2) լրացել է հայց ներկայացնելու համար օրենքով նախատեսված ժամկետը.

3) նույն անձանց միջև նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ.

4) դատավարության մասնակից հանդիսացող անձի մահից հետո վիճելի իրավահարաբերությունը բացառում է իրավահաջորդությունը.

5) դատավարության մասնակից հանդիսացող իրավաբանական անձը լուծարվել է.

6) հայցվորը հրաժարվել է հայցից, բացառությամբ սույն օրենսգրքի 26-րդ գլխով սահմանված այն գործերի, որոնց քննությունը բխում է հանրության կամ պետության շահերից.

7) վեճն ըստ էության սպառվել է.

8) գործի վարույթը կասեցնելու մասին որոշում ընդունելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կասեցման հիմք հանդիսացած հանգամանքները չեն վերացել (բացառությամբ սույն օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի), և գործի վարույթն այդ պայմաններում վերսկսելն անհնարին է.

9) եթե բացահայտվել են սույն օրենսգրքի 80-րդ հոդվածով նախատեսված` հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերը.

10) դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը»:

2. Դիմողի հիմնավորումները (համառոտ)

Դիմումի ուսումնասիրությունից բխում է, որ տվյալ դեպքում դիմողը բարձրացնում է օրենսդրական բացի խնդիր: Մասնավորապես, ՀՀ վարչական դատարանը, վկայակոչելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը, 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 96-րդ հոդվածի 1-ին մասը, հայտնում է, որ նշված նորմերը չեն ապահովում իրավական որոշակիություն այնքանով, որքանով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը, սահմանելով հարգելի պատճառով բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու իրավական հնարավորություն, չի նախատեսում այն առավելագույն ժամկետը, որի դեպքում հայցադիմումը դատարան ներկայացնելու համար նույն օրենսգրքով սահմանված դատավարական ժամկետները այլևս չեն լինի վերականգնելի»: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 96-րդ հոդվածի 1- ին մասը վերոնշյալին համահունչ, այնքանով, որքանով չեն նախատեսում նաև այդ առավելագույն դատավարական ժամկետից հետո հայցը դատարան ներկայացված լինելու դեպքում հայցադիմմումի ընդունումը մերժելու և արդեն իսկ հարուցված գործի վարույթը կարճելու իրավական հնարավորություն, կրկին չեն ապահովում իրավական որոշակիություն:

3. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով Սահմանադրական դատարանը գտնում է, որ առկա է դիմումի մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքը:

Այսպես «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

Դատարանի Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունն ամրագրված է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասում, ըստ որի «4. Դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով»: Նույն կարգավորումն է ամրագրված «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասում, համաձայն որի` «1. Դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով»:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` «5. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դիմումում դատարանը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառման միջոցով»:

Մեջբերված դրույթների համառոտ վերլուծությունից հետևում է, որ դատարանները «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի հիմքով Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումներում, ի թիվս այլնի, պարտավոր են հիմնավորել այն հանգամանքը, որ իրենց վարույթում գտնվող գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառման միջոցով: Այս պահանջն ամենևին ձևական բնույթ չի կրում և բխում է սահմանադրական կոնկրետ վերահսկողության տրամաբանությունից ի տարբերություն, օրինակ, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացվող դիմումների, որոնցով առաջադրված նորմատիվ իրավական ակտերի (դրանց դրույթների) սահմանադրականության ստուգումն իրականացվում է վերացական վերահսկողության շրջանակներում: Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ վիճարկվող նորմատիվ իրավական ակտը կամ դրա դրույթը դատարանների կողմից չեն կիրառվելու իրենց վարույթում գտնվող գործը լուծելիս կամ, այլ կերպ, այդ ակտը կամ դրա դրույթը որևէ նշանակություն չունի կոնկրետ գործի լուծման համար, ապա այդ դեպքերում դատարանները չեն կարող դիտարկվել որպես Սահմանադրական դատարան դիմելու սուբյեկտներ, այսինքն դատարանն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան հետևաբար, այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով:

Քննության առարկա թիվ ՎԴ/12189/05/18 վարչական գործի առնչությամբ Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի ընդունելիության հարցը լուծելու համար նշանակություն ունեցող դատավարական նախապատմության ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ՀՀ վարչական դատարանն իր 29.01.2019թ. որոշմամբ մերժել է հայցվորի բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը: Նշված որոշման դեմ հայցվորի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը 22.03.2019թ. որոշել է.

«Հայցվոր Սենո Առուշանյանի բողոքը բավարարել.

Թիվ ՎԴ/12189/05/18 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 29.01.2019թ. «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնել:

Հայցվոր Սենո Առուշանյանի բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարել ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի քաղաքապետի 26.04.2004թ. թիվ 58-Ա որոշումն անվավեր ճանաչելու (վերացնելու), որպես հետևանք դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու և ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի քաղաքապետի 10.02.2005թ. թիվ 28-Ա որոշումն անվավեր ճանաչելու (վերացնելու), որպես հետևանք` դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջներով Սենո Առուշանյանի կողմից վիճարկման հայց ներկայացնելու համար սահմանված և բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնել»: ՀՀ վարչական դատարանի (դիմողի) 21.05.2019թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանն իր 22.03.2019 թ. որոշմամբ (որոշումն ուժի մեջ է մտել) արդեն իսկ լուծել է հայցվորի կողմից բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու, ինչպես նաև հայցադիմումի ՀՀ վարչական դատարանում քննության ենթակա լինելու հարցերը, ուստի, նման պայմաններում ՀՀ վարչական դատարանն այլևս չի կարող անդրադառնալ հայցադիմումի դատավարական ժամկետի պահպանման հիմքով քննության ենթակա լինելու հարցին (այդ թվում իր 21.05.2019թ. որոշմամբ հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո նույն հիմքով գործի վարույթը կարճելու հարցին): Այլ կերպ ասած դատարանի կողմից վիճարկվող դրույթները դիմողի բարձրացրած հարցի ենթատեքստով, այլևս չեն կիրառվելու իր վարույթում գտնվող գործով: Հաշվի առնելով վերոշարադրյալը և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29- րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջներով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«ՀՀ վարչական դատարանի դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի, 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 96- րդ հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ

Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

28 օգոստոսի 2019 թվականի

ՍԴԱՈ-91

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
28 օգոստոսի, 2019 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-91
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել