«ԿՈՏԱՅՔ» ԳԱՐԵՋՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-84)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 30 նոյեմբերի 2021թ. ՍԴԴԿՈ - 84 | «ԿՈՏԱՅՔ» ԳԱՐԵՋՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 30 նոյեմբերի 2021 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը
Նախագահությամբ Վ. Գրիգորյանի
Անդամակցությամբ Ե. Խունդկարյանի
Ա. Թունյանի
Քննության առնելով «Կոտայք» գարեջրի գործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. «Կոտայք» գարեջրի գործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի նոյեմբերի 24-ին) խնդրելով. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 28-րդ, 29-րդ, 61-րդ, 63-րդ և 64-րդ հոդվածներին հակասող և անվավեր, այնքանով, որքանով չի ապահովում անձի պատշաճ ծանուցման, արդյունքում դատական պաշտպանության, արդար դատաքննության և օրենքի առջև բոլորի հավասարության իրավունքները»:
2. Սույն անհատական դիմումով դիմողը պնդում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 3-րդ մասը հակասում է Սահմանադրության 1-ին հոդվածում նշված իրավական պետության սկզբունքին, Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասում նշված յուրաքանչյուր անձի դատական պաշտպանության իրավունքն ապահովող սկզբունքին, Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասում նշված արդար դատական քննության իրավունքն ապահովող սկզբունքին, Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասում նշված իրավաբանական օգնություն ստանալու իրավունքն ապահովող սկզբունքին, Սահմանադրության 28-րդ հոդվածում նշված օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքին և Սահմանադրության 29-րդ հոդվածում նշված խտրականության արգելքի սկզբունքին: Վկայակոչելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 2-րդ մասը դիմողը նշում է, որ գործին մասնակցող անձի կողմից իր ներկայացուցչին ծանուցելու վերաբերյալ դիմում ներկայացվելու կամ լիազորագրում նման լիազորության առկայության դեպքում ծանուցվում է միայն ներկայացուցիչը, սակայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 3-րդ մասով հատուկ կարգավորում է տրվել, որով սահմանվել է, որ իրավաբանական անձանց դեպքում ծանուցվում է գործին մասնակցող անձի ի պաշտոնե ներկայացուցիչը: Ըստ դիմողի վիճարկվող կարգավորումը որևէ կերպ չի ապահովում անձի պատշաճ ծանուցման, դատավարական պաշտպանության և արդար դատական քննության իրավունքները, քանի որ իրավաբանական անձի ի պաշտոնե ներկայացուցիչը, լիազորելով փաստաբանին և լիազորագրում հստակ նշելով փաստաբանի կողմից դատավարական փաստաթղթերը և ծանուցումներն ստանալու լիազորությունը, ունեցել է այն կանխավարկածը, որ պատշաճ ծանուցում է համարվում դատական նիստերի ժամանակի և վայրի մասին իր ներկայացուցչին ծանուցելը և ներկայացուցչի կողմից դատավարական փաստաթղթերը ստանալու պահը: Այսինքն ըստ դիմողի, երբ գործին մասնակցող անձը իրավաբանական անձ է, ապա անկախ նրանից գործին մասնակցող անձի ի պաշտոնե ներկայացուցիչը դիմումով կամ լիազորագրով լիազորել է իր փաստաբան ներկայացուցչին ստանալ դատավարական ծանուցումներն ու փաստաղթերը, թե ոչ, միևնույն է դատավարական ժամկետների հաշվարկն սկսվում է իրավաբանական անձի կողմից դատավարական փաստաթղթերն ստանալու պահից:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է բավարար հիմնավորումներ ներկայացնի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել հիմնավորելով իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: 3.2. Ընդ որում սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման իրավաչափության, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր: 3.3. Սույն անհատական դիմումով վիճարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականությունը, որը կարգավորում է քաղաքացիական դատավարության շրջանակներում դատական ծանուցման հետ կապված իրավահարաբերությունները: Մասնավորապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է նույն օրենսգրքով սահմանված կոնկրետ դեպքերում դատական ծանուցման հատուկ կարգ, որի համաձայն սույն օրենսգրքի 49-րդ և 50-րդ հոդվածներով նախատեսված ներկայացուցչության դեպքերում ծանուցվում է գործին մասնակցող անձի ներկայացուցիչը: 3.4. Սույն դիմումով, ըստ էության, վիճարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառման իրավաչափության հարցը: Մասնավորապես դիմողի կողմից ներկայացված հիմնավորումները հանգում են նրան, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2021 թվականի հունվարի 25-ին կայացրել է «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշում կիրառելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 3-րդ մասը, մինչդեռ, ըստ դիմողի, սույն դատական գործի պայմաններում պետք է կիրառվեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 2-րդ մասը, և, հետևաբար ընկերությունը պետք է համարվեր պատշաճ ծանուցված վերջինիս ներկայացուցիչ փաստաբան Ս. Գևորգյանի կողմից ծանուցումը ստանալու պահից: 3.5. Թիվ ԿԴ1/0597/02/18 քաղաքացիական գործով վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2021 թվականի հունվարի 25-ի որոշման ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ելնելով այն հանգամանքից, որ բողոքը ներկայացվել է իրավաբանական անձի կողմից, իսկ իրավաբանական անձանց դատական ծանուցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված է դատական ծանուցման վերաբերյալ հատուկ կարգավորում, վերաքննիչ քաղաքացիական դատարանը եկել է այն եզրահանգման, որ դիմողը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 3-րդ մասի կանոններով համարվում է ծանուցման ենթակա միակ անձը, իսկ վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման, մասնավորապես սույն որոշմամբ վերաքննիչ քաղաքացիական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «… Ըստ այդմ հաշվի առնելով Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման հիմքում ընկած փաստական հանգամանքները և իրավական հիմնավորումները, որպես պատասխանող հանդես եկող գործին մասնակցող անձ ««Կոտայք» գարեջրի գործարան» ՍՊԸ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 3-րդ մասի կանոններով համարվում է ծանուցման ենթակա միակ անձը։ Իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումները այս պարագայում կիրառելի չեն, քանի որ նույն հոդվածի 3-րդ մասը գործին մասնակցող անձ հանդիսացող իրավաբանական անձի ծանուցման մասով սահմանել է այլ կանոններ, չհաշված որ ««Կոտայք» գարեջրի գործարան» ՍՊԸ ներկայացուցիչ հանդես եկող անձին տրված լիազորագրի (պատճենի) գործողությունը դադարած է եղել վերաքննիչ բողոքը առաջին անգամ ներկայացնելու պահին»: 3.6. Վերոգրյալից բխում է, որ սույն դիմումի շրջանակներում առերևույթ բարձրացնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 3-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տված մեկնաբանության սահմանադրականության հարց դիմողը, ըստ էության, վիճարկում է վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառման իրավաչափության և սույն քաղաքացիական գործով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 2-րդ մասի չկիրառման իրավաչափությունը, իսկ այդպիսի դիմումները, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ենթակա է մերժման: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
«Կոտայք» գարեջրի գործարան» ՍՊ ընկերության անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Վ. Գրիգորյան
Անդամներ Ե. Խունդկարյան
Ա. Թունյան
30 նոյեմբերի 2021 թվականի
ՍԴԴԿՈ-84
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 նոյեմբերի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-84
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
