Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԵՆԹԱԿԵՏԻ ԵՎ «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԵՆԹԱԿԵՏԻ ԵՎ «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-15116 սեպտեմբերի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-151)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 16 սեպտեմբերի 2022թ. ՍԴԱՈ - 151 | «ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԵՆԹԱԿԵՏԻ ԵՎ «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԵՆԹԱԿԵՏԻ ԵՎ «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով Լևոն Բարսեղյանի դիմումի հիման վրա «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի և «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,

ՊԱՐԶԵՑ

.

1. 2022 թվականի օգոստոսի 1-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Լևոն Բարսեղյանի (այսուհետ դիմող) դիմումը, որով դիմողը խնդրել է. «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումները այնքանով, որքանով հնարավորություն չեն նախատեսում անձին իմանալու տվյալ պետական մարմնի մոտ իր մասին տեղեկության ծավալները, դրանք հավաքագրելու և պահելու նպատակը, շրջանակը, վիճարկելու պետական մարմնի կողմից տեղեկության ստացման ուղղությամբ ձեռնարկված քայլերի իրավաչափությունը (այդ թվում չեն նախատեսում բացառություն պետական գաղտնիք կազմող տեղեկությունները հասանելի դառնալու հետ կապված), ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր»:

2. Դիմողը պնդում է, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կարգավորումն այնքանով, որքանով չի նախատեսում բացառություն տեղեկությունն այն անձին տրամադրելու մասով, որի վերաբերյալ հավաքագրվել է, ինչպես նաև չի նախատեսում բացառություն պետական գաղտնիք կազմող տեղեկությունները հասանելի դառնալու հետ կապված այն դեպքում, երբ դրա տարածումը վտանգ չի ներկայացնում պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության համար, Սահմանադրությանը հակասող և անվավեր է: Մյուս կողմից, ըստ դիմողի, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով չի սահմանում բացառություններ և կոնկրետացնում անձի վերաբերյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում ձեռք բերված բոլոր տվյալները, առանց որևէ բացառության, համարում է պետական գաղտնիք, հակասում է Սահմանադրությամբ երաշխավորված անձի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, ինչպես նաև անձի իր վերաբերյալ տեղեկություններ ստանալու իրավունքին: Վկայակոչելով Սահմանադրության մի շարք դրույթներ դիմողը նշում է, որ թեև Սահմանադրությունն անձնական տվյալների պաշտպանությունը չի դիտարկել որպես բացարձակ իրավունք, այնուամենայնիվ, նախատեսել է, որ նման իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Մյուս կողմից, ըստ դիմողի, Սահմանադրության 34-րդ հոդվածը նախատեսել է անձի իրավունքը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում իր մասին հավաքված տվյալներին տեղեկանալու, պահանջելու ոչ հավաստի տվյալների շտկում, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված կամ այլևս իրավական հիմքեր չունեցող տվյալների վերացում: Միաժամանակ դիմողը նշում է, որ ինչպես երևում է սույն դիմումի հիմքում ընկած գործի փաստական հանգամանքներից, ազգային անվտանգության մարմինները, վկայակոչելով պետական գաղտնիքին վերաբերող դրույթները, մերժում են անձին իր վերաբերյալ ցանկացած տեղեկատվության տրամադրումը հղում կատարելով դրանց օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված լինելու հանգամանքին: Դիմողը գտնում է, որ տեղեկություն տրամադրելը մերժելն անձին հնարավորություն չի ընձեռում իմանալու տվյալ պետական մարմնի մոտ իր մասին տեղեկության ծավալները, այն հավաքագրելու և պահելու նպատակը, իրավաչափությունը, շրջանակը, վիճարկելու պետական մարմնի կողմից տեղեկության ստացման ուղղությամբ ձեռնարկված քայլերի իրավաչափությունը, ինչը, ըստ դիմողի, հակասում է Սահմանադրությամբ երաշխավորված ինչպես մասնավոր կյանքի անձեռնմխելիության, այնպես էլ անձի իր վերաբերյալ տեղեկություններ ստանալու իրավունքներին: Դիմողը եզրակացնում է, որ եթե ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից անձանց վերաբերյալ ձեռք բերված ցանկացած տվյալ ինքնաբերաբար համարվում է օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում ձեռք բերված տվյալ, նման պարագայում այդ մարմնի գործունեությունը անձանց վերաբերյալ տվյալներ հավաքելու իրավաչափության և նպատակային լինելու տեսանկյունից չի վերահսկվում, դառնում է կամայական և անկառավարելի, ինչի արդյունքում հնարավոր է դառնում տվյալների ոչ թե ըստ անհրաժեշտության, այլ մշտապես հավաքագրումը, ինչը, դիմողի գնահատմամբ, «(…) ստվերում է օպերատիվ-հետախուզական եղանակով անձի վերաբերյալ տվյալներ հավաքագրելու իրական և անհրաժեշտ դեպքերը և շեղում Ծառայությանը իր բուն նպատակային գործունեությունից»: Ինքնին օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքները բացարձակ պետական գաղտնիք համարելը, դիմողի դիտարկմամբ, Սահմանադրության 34-րդ հոդվածով ամրագրված անձնական տվյալների պաշտպանության անձի հիմնարար իրավունքի անհամաչափ միջամտություն և սահմանափակում է, քանի որ անձին հնարավորություն չի տալիս օգտվելու նշված հոդվածով նախատեսված իր իրավունքից: Նույն կերպ, ազգային անվտանգության մարմնի մոտ առկա անձի վերաբերյալ ցանկացած տեղեկության միանշանակ պետական գաղտնիք համարելը և անձին չտրամադրելը, ըստ դիմողի, հակասում է Սահմանադրության 31, 42 և 51-րդ հոդվածներին:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը, սահմանելով անհատական դիմումներին ներկայացվող սահմանադրական պահանջները, միաժամանակ նախատեսում է, որ անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով ամրագրված են Սահմանադրական դատարանի կողմից գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու հիմքերը։ Մասնավորապես նշված օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, կամ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները, կամ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն դիմումով վիճարկվում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի և «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումների սահմանադրականությունը, որոնց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանցով կարգավորվում են մի դեպքում տեղեկատվության ազատության սահմանափակումների հետ կապված, մյուս դեպքում` օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների մասին տեղեկությունների պաշտպանության հետ կապված հարաբերությունները: «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում են այն հիմքերը, որոնցից թեկուզև մեկի առկայության դեպքում տեղեկատվություն տնօրինողը մերժում է տեղեկության տրամադրումը: Մասնավորապես այդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի համաձայն տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք: Սահմանադրության 51-րդ հոդվածով սահմանվում է անձի տեղեկություններ ստանալու իրավունքը, որի համաձայն յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք: Միաժամանակ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ այդ իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Այսինքն Սահմանադրությամբ ամրագրված տեղեկություններ ստանալու իրավունքը բացարձակ չէ և կարող է սահմանափակվել օրենքով Սահմանադրությամբ նախատեսված նպատակներից առնվազն մեկի պաշտպանության հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Սահմանադրական դատարանը փաստում է, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը, ելնելով Սահմանադրությամբ նախատեսված կարգավորումներից, նախատեսում է այն հիմքերը, որոնց առկայության դեպքում տեղեկության տրամադրումը կարող է մերժվել: Ի թիվս այլնի, այդպիսի հիմք է պահանջվող տեղեկության պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք պարունակելը: «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների ուժերի, միջոցների ու աղբյուրների, մեթոդների, պլանների, այդ միջոցառումների արդյունքների, դրանց ֆինանսավորման, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հաստիքային գաղտնի աշխատակիցների, ինչպես նաև այդ մարմինների հետ գաղտնիության հիման վրա համագործակցող և համագործակցած անձանց մասին տեղեկությունները հանդիսանում են պետական գաղտնիք: Սահմանադրությամբ ամրագրված տեղեկություններ ստանալու իրավունքի սահմանափակումներն իրավաչափ են, եթե սահմանափակումների հիմքում ընկած է հանրային շահի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակը: Սահմանադրական դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում ՀՀ ազգային անվտանգության ծառայությանն ուղղված դիմողի հարցմանն ի պատասխան մերժում ստանալը պայմանավորված է եղել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի կարգավորումներով, որոնց համաձայն` օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների մասին տեղեկությունները պետական գաղտնիք են, իսկ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի համաձայն այդպիսի տեղեկատվության տրամադրումը ենթակա է մերժման: Ողջ վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն դիմումով վիճարկվող դրույթների վերաբերյալ ներկայացված հիմնավորումներն ակնհայտ անհիմն են, իսկ այդպիսի դիմումները, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի, ենթակա են մերժման: Նման պայմաններում Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը ենթակա է մերժման։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. Լևոն Բարսեղյանի դիմումի հիման վրա «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի և «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

16 սեպտեմբերի 2022 թվականի

ՍԴԱՈ-151

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 սեպտեմբերի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-151
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել