Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԷԴՈՒԱՐԴ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԷԴՈՒԱՐԴ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-118 հունվարի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-1)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 18 հունվարի 2022թ. ՍԴԴԿՈ - 1 | ԷԴՈՒԱՐԴ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 18 հունվարի 2022 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ Ա. Թունյանի

Անդամակցությամբ Ա. Վաղարշյանի

Է. Շաթիրյանի

Քննության առնելով Էդուարդ Հարությունյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

Էդուարդ Հարությունյանը 2021 թվականի դեկտեմբերի 14-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով. «…. Որոշել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի և 97-րդ հոդվածի ՀՀ Սահմանադրության (2015 թ.-ի խմբագրություններով) 1-ին, 3-րդ, 28-րդ, 29-րդ, 61-րդ, 63-րդ հոդվածներին համապատասխանության հարցը բացահայտելով օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի և 97-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակությունը»:

2. Ըստ դիմողի «Սնանկության մասին» օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ մասն իր նկատմամբ կիրառվել է նշված նորմի սահմանադրաիրավական բովանդակությունից չբխող մեկնաբանությամբ, ինչը հանգեցրել է իր Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքների և ազատությունների խախտման: Դիմողը թիվ ԵԿԴ/0029/04/16 քաղաքացիական գործով

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.07.2016 թ. վճռով ճանաչվել է սնանկ: Մինչ սնանկ ճանաչվելը դատարանի վարույթում քննվել է թիվ ԵԿԴ/4893/02/15 քաղաքացիական գործը, որով ներկայացվել է դիմողից գումար բռնագանձելու պահանջ: Ելնելով ներկայացված պահանջի բնույթից դիմողն արձանագրում է, որ թիվ ԵԿԴ/4893/02/15 քաղաքացիական գործով սնանկ ճանաչված պարտապանին ներկայացված է նյութաիրավական պահանջ, որի լուծումը կարող է հանգեցնել վերջինիս գույքային զանգվածի փոփոխության: Նման պայմաններում դիմողը գտնում է, որ իրեն սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից մինչև իր վերաբերյալ դատական ակտ կայացնելը, «Սնանկության մասին» օրենքի 39-րդ հոդվածի համաձայն առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք, որի պայմաններում սույն գործով հայցվորը մինչև սնանկության գործն ավարտելու մասին դատական ակտ կայացնելը կարող էր իր պահանջը ներկայացնել սնանկության վարույթի շրջանակներում, սակայն դատարանն այդ ժամանակահատվածում գործի վարույթը չի կարճել, չնայած այն հանգամանքին, որ «Սնանկության մասին» օրենքի 19-րդ հոդվածի «գ» ենթակետին համապատասխան` Վճռաբեկ դատարանի կողմից դրա մասին իրազեկվել է: Վկայակոչելով «Սնանկության մասին» օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ մասը դիմողը նշում է, որ իրավաչափ չէ սնանկության գործընթացի շրջանակներում սնանկ ճանաչված պարտապանին ընտրողաբար պարտավորություններից ազատելը, քանի որ վիճարկվող իրավակարգավորումը, ըստ դիմողի, տարբերակված մոտեցում է նախատեսում պարտապան հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձանց համար: Բացի դրանից, դիմողի կարծիքով օրենսդրի կողմից առկա չէ որևէ հիմնավոր փաստարկ կամ տրամաբանություն, թե ի՞նչ սկզբունքով է ընտրվել «Սնանկության մասին» օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված վեցամսյա ժամկետը և ի՞նչ իրավաչափ նպատակ է այն հետապնդում:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. 3.1 «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը, կրկնելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի դրույթները, սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են ա/ երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ/ երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ/ երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սույն թիվ ԵԿԴ/4893/02/15 քաղաքացիական գործի շրջանակներում կայացված դատական ակտերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Սահմանադրական դատարան ներկայացված անհատական դիմումով վիճարկվող «Սնանկության մասին» օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ մասը և 97-րդ հոդվածը չեն կիրառվել դիմողի նկատմամբ: Վերահաստատելով 17.03.2009 թ. ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ ամրագրված իրավական դիրքորոշումները Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: 3.2 Դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս նաև, որ դրանում չեն ներկայացվել «Սնանկության մասին» օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի և 97-րդ հոդվածի հակասահմանադրականության կամ այդ նորմերին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության հակասահմանադրականության վերաբերյալ հիմնավորումներ, այլ դիմումով ներկայացված ողջ հիմնավորումները հանգում են նրան, որ ըստ դիմողի առկա է եղել թիվ ԵԿԴ/4893/02/15 քաղաքացիական գործի վարույթը կարճելու հիմք: Վերոգրյալից բխում է, որ «Սնանկության մասին» օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի և 97-րդ հոդվածի առնչությամբ ձևականորեն բարձրացնելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց դիմողը, ըստ էության, բարձրացնում է դատարանների գործողությունների իրավաչափության հարցեր, իսկ այդպիսի դիմումները, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով` Սահմանադրական դատարանը

ՈՐՈՇԵՑ.

Էդուարդ Հարությունյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Ա. Թունյան

Անդամներ Ա. Վաղարշյան

Է. Շաթիրյան

18 հունվարի 2022 թվականի

ՍԴԴԿՈ-1

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
18 հունվարի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-1
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել