Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/««ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ, 30-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ, 265-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

««ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ, 30-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ, 265-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-1287 նոյեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-128)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 7 նոյեմբերի 2023թ. ՍԴԱՈ - 128 | ««ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ, 30-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ, 265-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

««ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ, 30-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ, 265-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով ««Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ դիմումի հիման վրա՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի, 30-րդ հոդվածի 4-րդ մասի, 265-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,

ՊԱՐԶԵՑ

.

1. 2023 թվականի օգոստոսի 11-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ (այսուհետ՝ Դիմող) դիմումը, որով վերջինս խնդրել է.

«ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ հանդերձ՝ այնքանով որքանով չի նախատեսում գործատուի ընդունած ներքին և անհատական իրավական ակտերի մասին իրազեկելու հստակ կարգ կամ չի նախատեսում անձի իրազեկված լինելու բովանդակային անհրաժեշտություն՝ անկախ իրազեկման կարգից, ինչպես նաև անհատական իրավական ակտի ուժի մեջ մտնելը պայմանավորվում է դրա եռօրյա ժամկետում հանձնման, այլ ոչ թե իրազեկման հետ,

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 30-րդ հոդվածի 4-րդ մասը և 265-րդ հոդվածի 1-ին մասը իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ հանդերձ՝ այնքանով որքանով չեն նախատեսում, թե աշխատանքային օրենսդրությամբ հայցային վաղեմության կիրառման վերաբերյալ որ դրույթների բացակայության դեպքում են կիրառվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերի հայցային վաղեմության վերաբերյալ դրույթները, և դրանք մեկնաբանվում են այնպես, որ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված չէ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտը բողոքարկելու ժամկետի հաշվարկի սկիզբը, ինչի հետևանքով կիրառվում են ՀՀ քաղաքացիական օրենսդրության կանոնները,

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ հանդերձ՝ այնքանով որքանով չեն նախատեսում գործատուի սեփականության իրավունքի սահմանափակման ծավալը, հնարավորություն են ընձեռում դատարաններին սեփական նախաձեռնությամբ գործատուից հօգուտ աշխատողի բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը՝ համապատասխան պահանջի բացակայության պայմաններում, հստակորեն չեն նախատեսում, որ գործատուի կողմից հօգուտ աշխատողի հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի բռնագանձման անհրաժեշտ նախապայման է աշխատանքից ազատման հրամանի վիճարկումը,

ճանաչել ՀՀ սահմանադրության 60-րդ, 61-րդ, 63-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

2. Ներկայացնելով թիվ ԵԴ/12355/02/18 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը՝ դրա վերաբերյալ վերաքննիչ դատարանի մեկնաբանությամբ, հակասում է Սահմանադրությանը, քանի որ կամայական մոտեցում է ցուցաբերվել հրամանի մասին հայցվորի ծանուցված լինելու խնդրի ուսումնասիրության հարցում, ինչպես նաև նույնացվել են «հանձնել» և «իրազեկել» եզրույթները:

Դիմողը գտնում է, որ «(...) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 4-րդ մասն այնքանով, որքանով չի սահմանում անձին անհատական իրավական ակտի մասին իրազեկված լինելը պարզելու հստակ չափորոշիչներ և սահմանափակվում է «պատշաճ կարգ» բառակապակցության օգտագործմամբ, հակասում է ՀՀ սահմանադրությանը»: Ըստ Դիմողի՝ եթե նշված իրավակարգավորումը չհամարվի Սահմանադրությանը հակասող, ապա առնվազն դրա վերաբերյալ վերաքննիչ դատարանի մեկնաբանությունը չի համապատասխանում Սահմանադրությանը, այսինքն՝ այն պատասխանողի նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

Դիմողը նշում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 30-րդ հոդվածի 4-րդ մասը հակասում է Սահմանադրությանը, քանի որ չի բավարարում օրենքի որոշակիության և կանխատեսելիության պահանջները: Դիմողի պնդմամբ՝ նորմի իրավական ամրագրման, ձևակերպման համար կիրառված հասկացությունները, մասնավորապես՝ «հայցային վաղեմության կիրառման վերաբերյալ դրույթների բացակայություն» ձևակերպումը բավականին անորոշ է և իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տարաբնույթ մեկնաբանությունների:

Դիմողն ընդգծում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 30-րդ հոդվածի 4-րդ մասը չի համապատասխանում Սահմանադրությանն այնքանով, որքանով չի նախատեսում, թե աշխատանքային օրենսդրությամբ հայցային վաղեմության կիրառման վերաբերյալ ո՞ր դրույթների բացակայության դեպքում են կիրառվում ՀՀ քաղաքացիական և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքերով սահմանված՝ հայցային վաղեմության վերաբերյալ դրույթները, հետևաբար՝ նշվածը տարընթերցման տեղիք է տալիս:

Դիմողը փաստում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված՝ վիճարկվող իրավակարգավորումների՝ Սահմանադրությանը համապատասխանելու նպատակով անհրաժեշտ է, որ դրանցում առնվազն հստակորեն նշվի, թե առավելագույնը քանի ամսվա միջին աշխատավարձ է կարող բռնագանձվել գործատուից հօգուտ աշխատակցի: Ըստ Դիմողի՝ դա կարող է լինել, օրինակ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված եռամսյա ժամկետը, որը ներկայում կրում է դեկլարատիվ բնույթ:

Դիմողը գտնում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի այնպիսի մեկնաբանությունը, որը ենթադրում է, որ դատարանը կարող է իր նախաձեռնությամբ, աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում վերջինիս տրամադրել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում՝ միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, և միաժամանակ, աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում, հակասում է ՀՀ քաղաքացիական դատավարության սկզբունքներին, այդ թվում՝ տնօրինչականության և մրցակցության սկզբունքներին, և Սահմանադրության 60, 61, 63 և 79-րդ հոդվածներին:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

3.1. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Այս առումով Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր: Հակառակ դեպքում՝ նման դիմումները չեն կարող ենթակա լինել Սահմանադրական դատարանին, քանի որ դրանցով բարձրացված հարցերը դուրս են Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Նորմատիվ իրավական ակտի դրույթի կիրառման իրավաչափության հարցի քննարկման պարագայում Սահմանադրական դատարանը կստանձնի դատական ակտ վերանայող դատական ատյանի գործառույթ, որը ոչ միայն չի բխի Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի կարգավորումներից, այլև փաստացի կվերացնի Սահմանադրական դատարանի և եռաստիճան դատական համակարգում գործող դատարանների գործառույթների տարանջատումը։

Այսինքն` Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող է լինել բացառապես նորմատիվ ակտի, ինչպես նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության գնահատումը:

Քննարկվող համատեքստում, հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.

գործի նյութերի ուսումնասիրությունը Սահմանադրական դատարանին թույլ է տալիս փաստել, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի, 30-րդ հոդվածի 4-րդ մասի, 265-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:

Այսպես` Դիմողն իր անհատական դիմումով ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ «(...) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը վերաբերյալ Վերաքննիչ դատարանի մեկնաբանությամբ հակասում է ՀՀ սահմանադրությանը, քանի որ կամայական մոտեցում է ցուցաբերվել՝ Հրամանի մասին Հայցվորի ծանուցված լինելու խնդրի ուսումնասիրության հարցում, ինչպես նաև նույնացվել են «հանձնել» և «իրազեկել» եզրույթները»:

Դիմողը նաև նշել է, որ «Վերաքննիչ դատարանը չի արձանագրել, չի մեկնաբանել, թե ինչ է իրենից ներկայացնում իրազեկման պատշաճ կարգը, և միայն անհիմն կերպով հերքել է Հայցվորի իրազեկված լինելու մասին բազմաթիվ փաստարկները, ինչը նույնպես վկայում է նշված իրավակարգավորման անորոշ լինելու մասին»:

Բացի դրանից, Դիմողը վկայակոչել է հետևյալ բովանդակությամբ պնդում. «Այն, որ վերոգրյալ փաստարկները Վերաքննիչ դատարանը բավարար չի համարել, որպեսզի հաստատի, որ Հայցվորը պատշաճ կարգով իրազեկվել է Հրամանի մասին, ապա վերոգրյալի հաշվառմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը պետք է ճանաչվի Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ առնվազն՝ Պատասխանողի նկատմամբ այլ՝ ՀՀ սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ կիրառված»:

Դիմողը դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «(...) Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափորեն ղեկավարվել է ոչ թե ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված հատուկ կանոնով, այլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ընդհանուր կանոնով և հայցային վաղեմության ժամկետի հաշվարկի սկիզբ համարել է ենթադրյալ իրավախախտման մասին իմանալու պահը»:

Միաժամանակ, Դիմողը նշել է. «(...) Վերաքննիչ դատարանը դատավարության ընթացքում ղեկավարվում է բացառապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով և չի կարող իրացնել դրանով չնախատեսված լիազորություն:

Այսպիսով, Հայցվորին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար և աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցումներ տրամադրելու հարցերը ենթակա չէին քննության և հօգուտ Հայցվորի բավարարման Վերաքննիչ դատարանի կողմից: Վերաքննիչ դատարանը չէր կարող կատարել Հայցվորի ենթադրյալ խախտված իրավունքների այնպիսի վերականգնում, որը հայցված չի եղել Հայցվորի կողմից, և Վերաքննիչ դատարանի դատողություններն այս մասով ամբողջությամբ անհիմն են»:

Ողջ վերոգրյալը Սահմանադրական դատարանին թույլ է տալիս եզրահանգել, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ըստ էության, իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԵԴ/12355/02/18 քաղաքացիական գործով վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից կայացված դատական ակտի բովանդակության հետ: Մասնավորապես, Դիմողը վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են ՀՀ դատարանների, մասնավորապես՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանի գործողությունների (կայացրած դատական ակտի) իրավաչափությանը:

Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանը եզրակացնում է, որ տվյալ պարագայում Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի, 30-րդ հոդվածի 4-րդ մասի, 265-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:

Ելնելով ողջ վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության գնահատում, այլ թիվ ԵԴ/12355/02/18 քաղաքացիական գործով վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից կայացված դատական ակտի իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Ուստի՝ հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման` դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

3.2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում` սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: (…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:

Սահմանադրական դատարանը վերոնշյալ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։

Այս առումով Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի (օրինադրույթների) և տվյալ հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:

Վերոշարադրյալի համատեքստում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումով բարձրացրել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի, 30-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև 265-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության հարց:

Մինչդեռ, ինչպես դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Դիմողը, վիճարկելով վերոնշյալ դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) համապատասխանությունը Սահմանադրության 60, 61, 63 և 79-րդ հոդվածներին, չի հիմնավորել ինչպես նշված դրույթների, այնպես էլ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության և (կամ) դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի հակասահմանադրականությունը:

Այսինքն՝ սույն դիմումով չի հիմնավորվում Դիմողի կողմից վիճարկվող՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի, 30-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև 265-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասությունը Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքին և (կամ) ազատությանը:

Այս առումով Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ անհատական դիմումի շրջանակներում նորմատիվ իրավական ակտի դրույթի, իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության կամ դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացը) հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված առնվազն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, որը տվյալ պարագայում տեղի չի ունեցել:

Փոխարենը՝ Դիմողը սահմանափակվել է իր՝ Սահմանադրության 60, 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքների խախտման վերաբերյալ պնդումների պարզապես վկայակոչմամբ՝ բավարար կերպով իրավաբանորեն չհիմնավորելով իր կողմից վիճարկվող դրույթների և նման խախտման ընդհանրությունը, դրանց միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայությունը՝ սույն կոնկրետ գործի հանգամանքների և առանձնահատկությունների հաշվառմամբ:

Քննարկվող համատեքստում նկատի ունենալով, որ Դիմողը վկայակոչել է Սահմանադրության 60, 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ համապատասխանաբար սեփականության, դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների խախտման վերաբերյալ պնդում, սակայն բավարար հիմնավորումներ չի ներկայացրել իր՝ Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի խախտման փաստի վերաբերյալ, Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողը չի հիմնավորել նաև վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) և իր համապատասխան իրավունքի ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը:

Ավելին, Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության՝ իրավական որոշակիության սկզբունքը սահմանող 79-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ այն ինքնին չի կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող է դիտարկվել միայն Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո:

Հետևաբար՝ սույն անհատական դիմումի շրջանակներում Դիմողի կողմից վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի)՝ Դիմողի որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման հանգեցնելը չհիմնավորելը բացառում է վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության հարցի քննարկումը Սահմանադրության 79-րդ հոդվածի հնարավոր խախտման համատեքստում:

Միաժամանակ, անդրադառնալով Դիմողի կողմից բարձրացված՝ վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության և (կամ) դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականության հարցին` Սահմանադրական դատարանը փաստում է, որ Դիմողն այս առումով չի հստակեցրել և բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել, թե վիճարկվող դրույթների կոնկրետ ի՞նչ մեկնաբանության և (կամ) դրանցում առկա ենթադրյալ ի՞նչ օրենսդրական բացի մասին է խոսքը, նշվածն ի՞նչ իրավական հետևանք է առաջացրել իր համար և ի՞նչ եղանակով է հանգեցրել իր՝ Սահմանադրության 60, 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման:

Այսպիսով, սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, որը գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից մերժելու հիմք է:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Սահմանադրական դատարանը

ՈՐՈՇԵՑ

.

««Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ դիմումի հիման վրա՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի, 30-րդ հոդվածի 4-րդ մասի, 265-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

7 նոյեմբերի 2023 թվականի

ՍԴԱՈ-128

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
7 նոյեմբերի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-128
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել