«ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 70-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-42)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 13 հունիսի 2017թ. ՍԴԱՈ - 42 | «ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 70-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 70-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով «Գագիկ Սարգսյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 7-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով կարճելու վերաբերյալ գործով զեկուցողի առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. Դիմողը ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 7-րդ մասի` «Փորձաշրջանի ընթացքում (…) հանցանք կատարելու դեպքում» դրույթը ճանաչել ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի և 78-81-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր կամ բացահայտել նույն դրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը (սահմանելով դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով վերանայելու հնարավորություն): Դիմողի կարծիքով` ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 7-րդ մասում օգտագործված «փորձաշրջանի ընթացքում» բնորոշումը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, հատկապես այն դեպքում, երբ իրավասու դատարանը դատապարտվող անձի նկատմամբ պատիժ պետք է նշանակի նախորդ դատարանի փորձաշրջանն ավարտվելուց հետո, մարված դատվածության պայմաններում: Մի դեպքում այն կարող է ընկալվել, որ հանցանքը պետք է կատարված լինի այն ընթացքում, որի ժամանակ անձը գտնվել է փորձաշրջանում, քանի որ դրան տրամաբանորեն հետևում է նաև «…դատարանը վերացնում է պատիժը պայմանականորեն չկիրառելը և պատիժ նշանակում…» նախադասությունը, ինչը հանդիսանում է քրեաիրավական ներգործության միջոց փորձաշրջանի պայմանը խախտելու (հանցանք կատարելու) համար: Մյուս դեպքում, «փորձաշրջանի ընթացքում հանցանք կատարելու դեպքում» նախադասությունը կարող է ընկալվել որպես փորձաշրջանի ժամանակային հատվածում կատարված, սակայն հետագայում բացահայտված հանցագործություն, որպիսի պայմաններում, սակայն, քրեաիրավական ներգործության միջոց կիրառելը հակասում է դատվածության մարման և պատիժն ի կատար ածելու վաղեմության օրենսդրական սկզբունքներին: Դիմողը պնդում է, որ փորձաշրջանի ընթացքում իր կողմից հանցանք կատարելու փաստը չի արձանագրվել և օրենքով սահմանված կարգով դատվածությունը 2009թ. մայիսին մարվել է: Դիմողը գտնում է, որ վիճարկվող նորմի իրավական անորոշությունը հանգեցրել է նրան, որ առաջին և վերաքննիչ ատյանների դատարաններն ստիպված վիճարկվող նորմի մեկնաբանությանը տվել են յուրովի և սուբյեկտիվ մեկնաբանություններ: Առաջին ատյանի դատարանն անտեսել է դատվածությունը մարված լինելու դատավարական արգելքը և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը պահպանելու համար ստիպված վերանայել է այլևս որևէ իրավական հետևանք չունեցող դատավճիռը և, վերադառնալով 10 տարվա վաղեմության դատավճռին իր նկատմամբ պատիժ է նշանակել, այն դեպքում, երբ այդ պատիժն ինքը կրել է փորձաշրջանն անցնելու եղանակով: Դիմողը պատճառաբանում է նաև, որ վիճարկվող դրույթը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին այնքանով, որքանով չի նախատեսում նշանակված փորձաշրջանը վերացնելու և դրա արդյունքում պատիժ նշանակելու հստակ և ժամանակային ընթացակարգ: Այն չի համապատասխանում դատվածության մարման, պատիժ նշանակելու վաղեմության ժամկետների և ուժի մեջ մտած դատավճիռը վերանայելու օրենսդրական պայմաններին, ուստիև չի ապահովում մարդու և քաղաքացու` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների ու ազատությունների ապահովումը և պաշտպանությունը:
2. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և դիմողի փաստարկների վերլուծությունից հետևում է, որ քրեական գործի դատաքննության շրջանակներում դիմողի համար առաջացած հնարավոր անբարենպաստ հանգամանքները նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, հետևաբար, ՀՀ քրեական օրենսգրքի խնդրո առարկա դրույթի սահմանադրականությունը վիճարկելով դիմողն ընդամենը բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց: Միաժամանակ, ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն գործով ՀՀ վերաքննիչ դատարանն ըստ էության չի կիրառել վիճարկվող նորմը, գտնելով, որ տվյալ դեպքում ուղղակի պետք է կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածը «առանց նույն օրենսգրքի 70-րդ հոդվածի մատնանշման»: ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ առաջադրված հարցը ենթակա չէ Սահմանադրական դատարանին, և գործը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով ենթակա է կարճման: ՀՀ սահմանադրական դատարանն իր 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշմամբ և հետագա մի շարք այլ որոշումներով (13.11.2012թ. ՍԴԱՈ-80, 08.04.2014թ. ՍԴԱՈ-13, 07.04.2015թ. ՍԴԱՈ-19, ինչպես նաև 05.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-4, 18.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-5, 21.03.2016թ. ՍԴԴԿՈ/1-9, 02.04.2016թ. ՍԴԴԿՈ/1-13 և այլն) վերահաստատված իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի «...բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց ...ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005թ. փոփոխություններով) 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի, 60-րդ հոդվածի 1-ին կետի և 69-րդ հոդվածի պահանջներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Գագիկ Սարգսյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 7-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
13 հունիսի 2017 թվականի
ՍԴԱՈ-42
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 13 հունիսի, 2017 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-42
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
