ՄՀԵՐ ԵՆՈՔՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-44)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 29 օգոստոսի 2024թ. ՍԴԴԿՈ - 44 | ՄՀԵՐ ԵՆՈՔՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 29 օգոստոսի 2024 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը՝
Նախագահությամբ՝ Ե. Խունդկարյանի
Անդամակցությամբ՝ Ս. Սաֆարյանի
Հ. Հովակիմյանի
Քննության առնելով Մհեր Ենոքյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Մհեր Ենոքյանը (այսուհետ՝ Դիմող), դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի օգոստոսի 19-ին), խնդրել է հետևյալը.
«(...) 2. ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը («պատժի կրման ընթացքում նա դրսևորել է պատշաճ վարքագիծ» ձևակերպումը) ճանաչել ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասին, 5-րդ հոդվածի 2-3-րդ մասերին, 78-79-րդ, 80-81-րդ հոդվածներին հակասող: Հիշյալ դրույթը Սահմանադրությանը հակասող չճանաչելու պարագայում, ՀՀ Սահմանադրական դատարանի մասին օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն, խնդրում ենք քննարկել ներքոհիշյալ 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերը:
3. Թիվ ԵԴ1/0045/12/23 գործով Մհեր Ենոքյանին ՊՎ ազատելը մերժելու վերաբերյալ դատական ակտերով կիրառված ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով («պատժի կրման ընթացքում» ձևակերպումը) և նույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված պատշաճ վարքի և կրկին անգամ հանցանքի գնահատման չափորոշիչների Դատարանների մեկնաբանումը և կիրառումը՝ առանց հաշվի առնելու օրենքի` 2017թ.-ից գործելու հանգամանքը՝ ճանաչել ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասին հակասող:
4. Դատական ակտերով կիրառված ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 1-ին մասը («պատժի կրման ընթացքում» ձևակերպումը) և նույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված պատշաճ վարքի և կրկին անգամ հանցանքի գնահատման չափորոշիչների Դատարանների մեկնաբանումը և կիրառումը՝ առանց հաշվի առնելու համաչափության, որոշակիության սկզբունքները՝ ճանաչել ՀՀ Սահմանադրության 26-րդ, 28–29-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող:
5. Դատական ակտերով կիրառված ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 1-ին մասը («պատժի կրման ընթացքում» ձևակերպումը) և նույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված պատշաճ վարքի և կրկին անգամ հանցանքի գնահատման չափորոշիչների Դատարանների մեկնաբանումը և կիրառումը՝ առանց հաշվի առնելու ՄԻԵԴ-ի իրավական դիրքորոշումները և այլ վերաբերելի դրույթները՝ ճանաչել ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-3-րդ մասերին, 80-րդ և 81-րդ հոդվածներին հակասող։
6. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում քրեադատավարական օրենքի խախտման չափորոշիչ հանդիսացող «էական խախտում» և «կարող էր խաթարել արդարադատության բուն էությունը» ձևակերպումների մասով ճանաչել ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված որոշակիության սկզբունքին հակասող, 61-րդ հոդվածի 1-ին մասի և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող: Հիշյալ դրույթը Սահմանադրությանը հակասող չճանաչելու պարագայում, ՀՀ Սահմանադրական դատարանի մասին օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն, խնդրում ենք քննարկել ներքոհիշյալ 7-րդ կետը:
7. Թիվ ԵԴ1/0045/12/23 գործով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում քրեադատավարական օրենքի խախտման չափորոշիչ հանդիսացող «էական խախտում» և «կարող էր խաթարել արդարադատության բուն էությունը» ձևակերպումների Վճռաբեկ դատարանի կողմից մեկնաբանումը և կիրառումը ճանաչել ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված որոշակիության սկզբունքին հակասող, 61-րդ հոդվածի 1-ին մասի և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող:
8. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասում վճռաբեկ բողոքը վարույթ չընդունելու համար «հիմնավորումները բավարար չեն» ձևակերպումը ճանաչել ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված որոշակիության սկզբունքին հակասող, 61-րդ հոդվածի 1-ին մասի և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող: Հիշյալ դրույթը Սահմանադրությանը հակասող չճանաչելու պարագայում, ՀՀ Սահմանադրական դատարանի մասին օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն, խնդրում ենք քննարկել ներքոհիշյալ 9-րդ կետը:
9. Թիվ ԵԴ1/0045/12/23 գործով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասում վճռաբեկ բողոքը վարույթ չընդունելու համար «հիմնավորումները բավարար չեն» ձևակերպման Վճռաբեկ դատարանի կողմից մեկնաբանումը և կիրառումը ճանաչել ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված որոշակիության սկզբունքին հակասող 61-րդ հոդվածի 1-ին մասի և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող»:
2. Դիմողը, ներկայացնելով գործի դատավարական նախապատմությունը, նշում է, որ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման օրենսդրական չափորոշիչները սահմանվել են միայն 2017 թվականի մարտի 21-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով և նույնական են մնացել 2022 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածում:
Դիմողը գտնում է, որ վերջինս, պատիժը կրելով 1990-ական թվականներից, չէր կարող կանխատեսել, թե 2017 թվականին պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ինչպիսի չափորոշիչներ կսահմանվեն, որպեսզի կարողանար կանխատեսել իր գործողությունները:
Ըստ Դիմողի՝ 2017 թվականին սահմանված չափորոշիչների լույսի ներքո 1996 թվականից մինչև 2017 թվականն ընկած պատժի կրման ժամանակահատվածը գնահատելը որոշակիության սկզբունքի տեսանկյունից իրավաչափ չէ: Դիմողը միաժամանակ գտնում է, որ համաչափ չէ դիտարկել պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հարցը՝ առանց հաշվի առնելու դատապարտյալի գործողությունների և վարքի կանխատեսելիության հարցը, պատժի կրման պայմանները, իրավական ակտերի փոփոխությունները:
Մինչդեռ Դիմողը նշում է, որ դատարաններն անտեսել են վերջինիս բողոքներում հիմնավորված, Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներով նախատեսված համաչափության և որոշակիության սկզբունքների ակնհայտ խախտումները:
Դիմողի պնդմամբ՝ զեկույցներում Մհեր Ենոքյանի պատշաճ վարքագծի, կրկին հանցանք կատարելու ցածր հավանականությանը վերաբերող հիմնավորումները կազմում են առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի որոշումների կեսից ավելին, սակայն դատարանները շրջանցել են դրանք՝ խախտելով նաև ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը:
Դիմողի գնահատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 1-ին մասը (մասնավորապես՝ «պատժի կրման ընթացքում» ձևակերպումը) և նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված չափորոշիչների մեկնաբանումը՝ առանց հաշվի առնելու համաչափության, որոշակիության սկզբունքները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումները և միջազգային փաստաթղթերով ամրագրված այլ վերաբերելի դրույթները, ակնհայտորեն հանգեցնում են նաև Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի խախտմանը:
Ելնելով վերոգրյալից՝ Դիմողը գտնում է, որ դատարանները ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 1-ին, 2 և 3-րդ մասերը մեկնաբանել և կիրառել են՝ հակասելով Սահմանադրության 73, 78-79 և 80-81-րդ հոդվածներին:
Դիմողը միաժամանակ նշում է, որ դատարաններն առհասարակ չեն անդրադարձել իր բողոքում ներկայացված խտրական վերաբերմունքը հիմնավորող փաստերին: Մասնավորապես՝ Դիմողի պնդմամբ՝ դատարանները, տեղեկացված լինելով չորս ցմահ դատապարտյալների նկատմամբ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման մասին որոշումներ կայացված լինելու մասին, Դիմողի պատժի կրման ողջ ժամանակահատվածը գնահատելիս եզրահանգել են, որ վերջինս պատժի կրման ժամանակահատվածի վերջին տարիներին է միայն պատշաճ վարքագիծ դրսևորել: Նշվածի հիման վրա Դիմողը գտնում է, որ վերջինիս պատժից պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքից զրկելը հակասում է Սահմանադրության 28 և 29-րդ հոդվածներին:
Ըստ Դիմողի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում ամրագրված «էական խախտում» և «կարող էր խաթարել արդարադատության բուն էությունը» ձևակերպումները, ինչպես նաև նույն օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված «հիմնավորումները բավարար չեն» ձևակերպումը հակասում են Սահմանադրության 79-րդ հոդվածով սահմանված որոշակիության սկզբունքին:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի պահանջով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ (և հետագայում 13.11.2012թ. ՍԴԱՈ-80, 08.04.2014թ. ՍԴԱՈ-13, 07.04.2015թ. ՍԴԱՈ-19, ինչպես նաև 05.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-4, 18.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-5, 21.03.2016թ. ՍԴԴԿՈ/1-9, 02.04.2016թ. ՍԴԴԿՈ/1-13 և այլ որոշումներով վերահաստատված) իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման՝ (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։
Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ նորմատիվ իրավական ակտի սահմանադրական կոնկրետ վերահսկողության համար վերոհիշյալ պարտադիր նախապայմանի ամրագրմամբ, ի թիվս այլնի, նպատակ է դրվել Սահմանադրական դատարանում քննության առարկա դարձնել ենթադրյալ սահմանադրականության այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման, սահմանադրական նորմերի վերջնական մեկնաբանության և կիրառման հարցեր:
Սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում արձանագրել, որ Սահմանադրական դատարանի կողմից նորմատիվ իրավական ակտի դրույթի կիրառման իրավաչափության հարցի քննարկման դեպքում Սահմանադրական դատարանը կստանձնի դատական ակտ վերանայող դատական ատյանի գործառույթ, ինչը ոչ միայն չի բխի Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի կարգավորումներից, այլև փաստացի կվերացնի Սահմանադրական դատարանի և եռաստիճան դատական համակարգում ներառված դատարանների գործառույթների տարանջատումը։
Տվյալ դեպքում Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ սույն դիմումով Դիմողի կողմից ներկայացված հիմնավորումներն առավելապես վերաբերում են դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակությանը: Մասնավորապես՝ Դիմողը, վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության առնչությամբ որևէ հիմնավոր փաստարկ չներկայացնելով, ըստ էության, իր անհամաձայնությունն է հայտնում դատարանների գործողություններին և նրանց կողմից կայացված դատական ակտերին: Այդ մասին են վկայում, օրինակ, դիմումում տեղ գտած այն դատողությունները, որ դատարաններն անտեսել են Դիմողի բողոքներում հիմնավորված, Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներով նախատեսված համաչափության և որոշակիության սկզբունքների ակնհայտ խախտումները, կամ որ Դիմողի պատշաճ վարքագծի, նոր հանցանք կատարելու ցածր հավանականությանը վերաբերող հիմնավորումները կազմում են առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի որոշումների կեսից ավելին, սակայն դատարանները շրջանցել են դրանք՝ խախտելով նաև ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, կամ որ դատարաններն առհասարակ չեն անդրադարձել իր բողոքում ներկայացված խտրական վերաբերմունքը հիմնավորող փաստերին:
Վերոգրյալից բխում է, որ Դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթների սահմանադրականության հարց, ըստ էության, վիճարկում է դատարանների գործողությունները և նրանց կողմից կայացված դատական ակտերի իրավաչափությունը, որպիսի հարցի քննությունը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակներից:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Մհեր Ենոքյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Ե. Խունդկարյան
Անդամներ՝ Ս. Սաֆարյան
Հ. Հովակիմյան
29 օգոստոսի 2024 թվականի
ՍԴԴԿՈ-44
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 29 օգոստոսի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-44
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
