Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՎՐՈՒՅՐ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 46-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 47-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 62-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 6-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ/ԿԱՄ ԴՐԱՆՑ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՎՐՈՒՅՐ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 46-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 47-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 62-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 6-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ/ԿԱՄ ԴՐԱՆՑ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-22430 նոյեմբերի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-224)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 30 նոյեմբերի 2020թ. ՍԴԱՈ - 224 | «ՎՐՈՒՅՐ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 46-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 47-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 62-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 6-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ/ԿԱՄ ԴՐԱՆՑ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՎՐՈՒՅՐ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ

ՕՐԵՆՍԳՐՔԻ 46-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 47-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 62-ՐԴ

ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 6-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ/ԿԱՄ ԴՐԱՆՑ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Վրույր Ներսիսյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 46-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 47-րդ հոդվածի 1-ին մասի, 62-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և/կամ դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. Վրույր Ներսիսյանի դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020 թվականի հունիսի 29-ին:

Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է. «….որոշել ՀՀ քրեական օրենսգրքի 46-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 47-րդ հոդվածի 1-ին մասի, 62-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և/կամ դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 4-րդ, 5- րդ, 61-րդ (1-ին մաս), 63-րդ (1-ին մաս), 71, 72, 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը»:

2. Դիմողը մատնանշում է, որ խնդրո առարկա գործի տեսանկյունից ամենաէական հարցը պայմանագրային զինվորական ծառայողի կարգավիճակն է, դրա շրջանակներում հրամանի հիման վրա դրսևորած վարքագիծը, որը բացառում է քրեական պատասխանատվությունը ՀՀ քրեական օրենսգրքի 46-րդ և 47-րդ հոդվածների հիմքով կամ առնվազն մեղմացնում է պատասխանատվությունը նույն օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով: ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու համար, այսինքն դիմողն իրականացրել է հրամանի տարբեր բաղադրիչներ, չէր կարող հրաժարվել հրամանի կատարումից, որի կատարման ընթացքում տեղի է ունեցել դժբախտ պատահարը: Ենթարկվելով օրինական հրամանին, ձեռնարկելով հնարավոր բոլոր միջոցները հրամանի կատարման ընթացքում ռիսկերը նվազագույնի հասցնելու համար անձն այնուամենայնիվ դատապարտվում է:

Դիմողի կարծիքով վիճարկվող դրույթները կամ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունները չեն համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, հակասում են Սահմանադրության 1-ին, 3-րդ, 4, 5, 61 (1-ին մաս), 63 (1-ին մաս), 71, 72, 75, 78, 79, 80 և 81-րդ հոդվածներին, չեն երաշխավորում և ապահովում Սահմանադրությամբ սահմանված սկզբունքներն և իրավունքները:

3. Ելնելով դիմումի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանը գտնում է, որ Վրույր Ներսիսյանի անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 167-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ: Սահմանադրության 168-րդ հոդվածում ամրագրված են Սահմանադրական դատարանի լիազորությունները: Մասնավորապես, Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի ուժով Սահմանադրական դատարանը «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով սահմանված կարգով որոշում է, ի թիվս այլնի, օրենքների համապատասխանությունը Սահմանադրությանը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «Սույն հոդվածում նշված գործերով դիմում (այսուհետ` անհատական դիմում) կարող է ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը»:

Սահմանադրության 167-րդ հոդվածի 3-րդ մասի, 168-րդ հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համադրված վերլուծության արդյունքում Սահմանադրական դատարանը գտնում է, որ անհատական դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող են դառնալ միայն դիմողի նկատմամբ կիրառված օրենքները (դրանց դրույթները):

Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. դիմողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով, և 10.08.2017թ. մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ Դատարան): Դատարանը մեղավոր է ճանաչել Վ. Ներսիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտել ազատազրկման 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու: Վերաքննիչ քրեական դատարանը 2019 թվականի հունվարի 24-ի որոշմամբ մերժել է դիմողի պաշտպանների վերաքննիչ բողոքը, «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1- ին կետի հիմքով Վրույր Ֆիրդուսի Ներսիսյանին ազատել է Դատարանի 2018 թվականի փետրվարի 20-ի թիվ ԳԴ1/0030/01/17 նշանակված 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկման ձևով պատժից: Թե´ առաջին, թե´ վերաքննիչ և թե´վճռաբեկ ատյաններում քրեական գործի դատական քննության ընթացքում քննարկման առարկա չեն դարձել ինչպես արարքի հանցավորությունը բացառող այն հանգամանքների առկայության կամ բացակայության հետ կապված հարցերը, որոնք սահմանված են դիմողի կողմից վիճարկվող ՀՀ քրեական օրենսգրքի 46-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 47-րդ հոդվածի 1-ին մասով, այնպես էլ պատիժը և պատասխանատվությունը մեղմացնող ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հանգամանքի հետ կապված հարցերը:

Վերոնշյալի հիման վրա Սահմանադրական դատարանը փաստում է, որ վիճարկվող դրույթները դիմողի նկատմամբ չեն կիրառվել, մինչդեռ ինչպես նշվեց անհատական դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող են դառնալ միայն դիմողի նկատմամբ կիրառված օրենքները (դրանց դրույթները): Հաշվի առնելով վերոգրյալը Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողի բարձրացրած հարցը դուրս է Սահմանադրական դատարանի լիազորությունների տիրույթից, այլ կերպ ենթակա չէ Սահմանադրական դատարանին:

Մյուս կողմից «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69- րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ վերջնական դատական ակտով կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում դիմումի քննության արդյունքում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Միաժամանակ, դիմողը պետք է նաև հիմնավոր և պատշաճ ձևով հիմնավորի, թե իր կողմից վիճարկվող նորմերի «հակասահմանադրականության» արդյունքում իր ո´ր սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև հիմնավորի իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, պահանջներ, որոնք չպահպանելը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է: Խնդրո առարկա գործի շրջանակներում դիմողը նշյալ դրույթների մասով չի պահպանել օրենսդրական վերոշարադրյալ պահանջները: Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Վրույր Ներսիսյանի անհատական դիմումով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 46-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 47-րդ հոդվածի 1-ին մասի, 62-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և/կամ դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա.

ԴԻԼԱՆՅԱՆ

30 նոյեմբերի 2020 թվականի

ՍԴԱՈ-224

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 նոյեմբերի, 2020 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-224
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել