ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-55)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 29 սեպտեմբերի 2025թ. ՍԴԴԿՈ - 55 | ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 29 սեպտեմբերի 2025 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ՝ Հ. Հովակիմյանի
Անդամակցությամբ՝ Ա. Զեյնալյանի
Դ. Խաչատուրյանի
Քննության առնելով Վարդան Վարդանյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Վարդան Վարդանյանը (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Լևոն Բաղդասարյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի սեպտեմբերի 17-ին)՝ խնդրելով.
«4․1․ Գործն ընդունել քննության։
4․1․1․ Որոշել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 693-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի իրավական պրակտիկայում ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԴ/32365/02/22 քաղաքացիական գործով 19.03.2025 թվականի որոշմամբ տրված դիրքորոշման (այն մասով, որ մասով Վճռաբեկ դատարանը արդարացված և հիմնավորված է համարել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նույն գործով 31.10.2024 թվականի որոշմամբ տրված իրավական մեկնաբանումն առ այն, որ շարժական գույքի սեփականատերը (Դիմող Վարդան Վարդանյանը) չի կարող օգտվել իր՝ գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից ետ պահանջելու իրավունքի իրացումից, եթե սեփականատերը և շարժական գույքերը ապօրինի տիրապետող անձը որևէ պայմանագրային իրավահարաբերությունների մեջ չեն գտնվում և գտել, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի քաղաքացիական օրենսգրքի 3-րդ, 163-րդ, 274-րդ և 693-րդ հոդվածների խախտումներ առկա չեն՝ սահմանափակելով անձի (Դիմող Վարդան Վարդանյանի) վճռաբեկության վարույթ հարուցելու իրավունքի իրացումը) ՀՀ Սահմանադրության 60-61–րդ, 63-րդ, 75-րդ և 78-79-րդ հոդվածների համապատասխանության հարցը,
4․1․2․ որոշել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 693-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իրավական պրակտիկայում ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԴ/32365/02/22 քաղաքացիական գործով 19.03.2025 թվականի որոշմամբ տրված դիրքորոշման (այն մասով, որ մասով ՀՀ վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումների մասին բողոք բերած անձի փաստարկները մասամբ հիմնավորված համարելով հանդերձ՝ սահմանափակել է անձի (Դիմող Վարդան Վարդանյանի) վճռաբեկության վարույթ հարուցելու իրավունքի իրացումը և գտել է, որ բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված հիմքով բողոքը վարույթ ընդունելու հետևության հանգելու համար, քանի որ այդ խախտումները Վճռաբեկ դատարանի գնահատմամբ չեն հանգեցրել արդարադատության բուն էության խաթարման այն դեպքում, երբ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից բողոքում վկայակոչված իրավունքի խախտումներ թույլ են տրվել)՝ ՀՀ Սահմանադրության 60-61-րդ, 63-րդ, 75-րդ և 78-79-րդ հոդվածների համապատասխանության հարցը,
4․1․3․ որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասի՝ իրավական պրակտիկայում ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԴ/32365/02/22 քաղաքացիական գործով 19.03.2025 թվականի որոշմամբ տրված դիրքորոշման (այն մասով, որ մասով ՀՀ վճռաբեկ դատարանը Դիմողի վճռաբեկ բողոքը մասամբ հիմնավորված համարելով հանդերձ՝ սահմանափակել է անձի (Դիմող Վարդան Վարդանյանի) վճռաբեկության վարույթ հարուցելու իրավունքի իրացումը և գտել է, որ բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված հիմքով բողոքը վարույթ ընդունելու հետևության հանգելու համար, սակայն չի անդրադարձել Դիմողի կողմից վկայակոչված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներին և չի պատճառաբանել վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը, թե ինչ փաստական և իրավական հիմքերով հանդերձ չի խախտվել անձի (Դիմող Վարդան Վարդանյանի) ՀՀ սահմանադրորեն երաշխավորված իրավունքները, որն էլ չի հանգեցրել արդարադատության բուն էության խաթարման, և այն մասով, որ մասով Դիմողի վճռաբեկ բողոքը մասամբ հիմնավորված համարելով հանդերձ՝ վճռաբեկ բողոքում թույլ տրված իրավունքի խախտումների՝ արդարադատության բուն էության խաթարմանը հանգեցնելու կամ չհանգեցնելու հանգամանքին Վճռաբեկ դատարանը անդրադարձել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշմամբ և ոչ՝ այն վարույթ ընդունելուց հետո բողոքի քննության ժամանակ՝ սահմանափակելով անձի (Դիմող Վարդան Վարդանյանի) վճռաբեկության վարույթ հարուցելու իրավունքի իրացումը)՝ ՀՀ Սահմանադրության 8-րդ, 31-րդ, 60-61-րդ, 63-րդ, 75-րդ և 78-79-րդ հոդվածների համապատասխանության հարցը»։
2. Ներկայացնելով թիվ ԵԴ/32365/02/22 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է հետևյալ իրավական հարցադրումները.
«(...) - արդյո՞ք օրենսդրորեն արդարացված և հիմնավորված է այն իրավական կարգավորումը /մեկնաբանումը/ առ այն, որ շարժական գույքի սեփականատերը չի կարող օգտվել իր՝ գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից ետ պահանջելու իրավունքի իրացումից, եթե սեփականատերը և շարժական գույքերը ապօրինի տիրապետող անձը որևէ պայմանագրային իրավահարաբերությունների մեջ չեն գտնվում,
(...) - արդյո՞ք օրենսդրորեն արդարացված և հիմնավորված է այն իրավական կարգավորումը /մեկնաբանումը/ առ այն, որ Վճռաբեկ դատարանն իրավասու է վճռաբեկ բողոքի վարույթի ընդունելիության փուլում արձանագրել վճռաբեկ բողոքում թույլ տրված խախտումների մասին բողոք բերած անձի փաստարկների մասամբ հիմնավորված լինելու հանգամանքը, սակայն այն վարույթ չընդունել, քանի որ Վճռաբեկ դատարանի դիտարկմամբ դրանք չեն հանգեցրել արդարադատության բուն էության խաթարման, և արդյո՞ք վճռաբեկ բողոքում թույլ տրված իրավունքի խախտումների՝ արդարադատության բուն էության խաթարմանը հանգեցնելու կամ չհանգեցնելու հանգամանքին Վճռաբեկ դատարանը պետք է անդրադառնա վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուց հետո՝ բողոքի քննության ժամանակ»։
Վերը ներկայացված առաջին հարցադրման կապակցությամբ Դիմողը նշում է. «(...) Վերաքննիչ դատարանի և Վճռաբեկ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ, 163-րդ, 274-րդ և 693-րդ հոդվածների հակասահմանադրական մեկնաբանության կիրառման արդյունքում խախտվել է ոչ միայն իրավական որոշակիության սկզբունքը, Դիմողի՝ արդար դատաքննության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքները, այնպես էլ Դիմողի՝ իր սեփականության իրավունքից անարգել օգտվելու իրավական հնարավորությունը /ՀՀ Սահմանադրության 60-61-րդ, 63-րդ և 78-79-րդ հոդվածներ/, քանի որ փաստացի Դիմողը զրկվել է իրեն պատկանող թիվ ԵԴ/32365/02/22 քաղաքացիական գործով վեճի առարկա հանդիսացող շարժական գույքերը ետ վերադարձնելու իրավական հնարավորությունից առանց օրենքով սահմանված որևէ իրավական հիմքի, օրենսդիրը որևէ կերպ չի սահմանափակում սեփականատիրոջ անբեկանելի և բացարձակ իրավունքն իրեն պատկանող շարժական գույքն ապօրինի տիրապետողից ետ պահանջելու իրավական հնարավորության մասով և միայն այն հանգամանքը, որ առկա է գույքն իրավական հիմքերով տիրապետող և օգտագործող այլ անձ, չի վերացնում Դիմողի՝ որպես սեփականատիրոջ, գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունը, նման օրենսդրական կարգավորում առկա չէ որևէ նորմատիվ իրավական ակտով, իսկ Վերաքննիչ դատարանի և Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման համատեքստում սեփականատերն անհիմն կերպով զրկվում է իր իրավազորությունների իրականացման հնարավորությունից, ինչով պայմանավորված սահմանափակվել է Դիմողի՝ ՀՀ Սահմանադրության 60-61-րդ, 63-րդ, 75-րդ և 78-79-րդ հոդվածներով երաշխավորված սեփականության իրավունքի պաշտպանության իրավունքի իրացումը, դատական պաշտպանության իրավունքները, իրավական որոշակիության սկզբունքը՝ հաշվի առնելով, որ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված նշված միջոցը պիտանի և անհրաժեշտ չէ Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար, քանի որ նման օրենսդրական մեկնաբանման և կիրառման արդյունքում Դիմողը զրկվել է իր սեփականության իրավունքից, որի արդյունքում խաթարվում է սեփականատիրոջ իր գույքը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքները»:
Անդրադառնալով երկրորդ հարցադրմանը՝ Դիմողը գտնում է, որ «(...) օրենսդրորեն արդարացված և հիմնավորված չէ այն իրավական կարգավորումը /մեկնաբանումը/ առ այն, որ Վճռաբեկ դատարանն իրավասու է վճռաբեկ բողոքի վարույթի ընդունելիության փուլում արձանագրել վճռաբեկ բողոքում թույլ տրված խախտումների մասին բողոք բերած անձի փաստարկների մասամբ հիմնավորված լինելու հանգամանքի մասին, սակայն այն վարույթ չընդունել, քանի որ Վճռաբեկ դատարանի դիտարկմամբ դրանք չեն հանգեցրել արդարադատության բուն էության խաթարման, իսկ վճռաբեկ բողոքում թույլ տրված իրավունքի խախտումների՝ արդարադատության բուն էության խաթարմանը հանգեցնելու կամ չհանգեցնելու հանգամանքին Վճռաբեկ դատարանը պետք է անդրադառնա վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուց հետո՝ բողոքի քննության ժամանակ, միաժամանակ օրենսդրորեն արդարացված և հիմնավորված չէ Վճռաբեկ դատարանի Դիմողի կողմից վկայակոչված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներին չանդրադառնալը և վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը չպատճառաբանելը, թե ինչ փաստական և իրավական հիմքերով հանդերձ չի խախտվել Դիմողի ՀՀ սահմանադրորեն երաշխավորված իրավունքները, քանի որ փաստացի նման իրավիճակում Դիմող Վարդան Վարդանյանը զրկվել է իր գործի վերաբերյալ արդարացի և անաչառ դատարանի կողմից պատճառաբանված դատական ակտ ստանալու իրավունքից, ինչով պայմանավորված զրկվել իրեն պատկանող սեփականության իրավունքից»:
Դիմողը պնդում է. «Նման պայմաններում Դիմողի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքով վկայակոչված իրավունքի նորմերի խախտումներին Վճռաբեկ դատարանը, փաստացի գնահատական չտալով և ընդհանրական մեկնաբանությամբ այն հիմնավոր չհամարելով, սահմանափակել է Դիմողի վճռաբեկության վարույթ հարուցելու իրավունքի իրացումը, քանի որ Դիմողը իր ենթադրյալ իրավունքների խախտման վերաբերյալ կայացված Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բերված բողոքի ներկայացմամբ չի ստացել արդարացի և անաչառ դատարանի կողմից իր գործի վերաբերյալ հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ, նման պայմաններում Դիմողը զրկվել է վճռաբեկ վարույթ հարուցելու իրավունքից, ինչպես նաև իրեն պատկանող սեփականության իրավունքից, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և խախտել Դիմողի սահմանադրորեն երաշխավորված իրավունքները, որը գտնում եմ համահունչ չէ ՀՀ Սահմանադրության 60-61-րդ, 63-րդ, 75-րդ և 78-79-րդ հոդվածներին՝ հաշվի առնելով, որ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված նշված միջոցը պիտանի և անհրաժեշտ չէ Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար»։
3. Ելնելով դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Սահմանադրական դատարանն իր՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի՝ տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր:
Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողի կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.
գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասի, 163-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 274-րդ հոդվածի, 693-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Դատավարական օրենսգիրք) 394-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 397-րդ հոդվածի 1-ին մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:
Այսպես` Դիմողն իր անհատական դիմումով ներկայացրել է դիրքորոշում, որ «Տվյալ դեպքում թե՛ Վերաքննիչ դատարանը, թե՛ Վճռաբեկ դատարանն ուշադրություն չեն դարձրել այն հանգամանքին, որ եթե Վարդան Վարդանյանի, «Կաֆե 17» ՓԲ ընկերության և «Քլաբ 15» ՍՊ ընկերության միջև առկա լիներ շարժական գույքերի մասով որևէ պայմանագրային իրավահարաբերություն, նոր միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածով սահմանված կարգավորումը կիրառել լինել չէր կարող»:
Դիմողը նաև նշել է. «(...) թե՛ Վերաքննիչ դատարանը, թե՛ Վճռաբեկ դատարանն այդպես էլ դատական ակտով չեն պատճառաբանել, օրենսդրական ո՞ր կարգավորման հիման վրա Դիմողը որպես սեփականատեր զրկված է իրեն պատկանող գույքը ետ վերադարձնելու պահանջով հանդես գալու իրավունքից, (...)»։
Սույն անհատական դիմումի շրջանակներում Դիմողը ներկայացրել է նաև պնդում առ այն, որ «Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը բացարձակապես չի անդրադարձել բողոքաբերի բողոքի հիմքերի և հիմնավորվածության հարցին՝ ըստ էության սահմանափակելով Դիմողի արդար դատաքննության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքները (...)»:
Հաշվի առնելով վերոշարադրյալը` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողն իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԵԴ/32365/02/22 քաղաքացիական գործով Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակության առնչությամբ։ Մասնավորապես՝ Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի, 163-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 274-րդ հոդվածի, 693-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, ինչպես նաև Դատավարական օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 397-րդ հոդվածի 1-ին մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասահմանադրականության վերաբերյալ Դիմողը որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են խնդրո առարկա քաղաքացիական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի և Վճռաբեկ դատարանի գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:
Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սույն դիմումով Դիմողի բարձրացրած հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ Հայաստանի Հանրապետության դատարանների կայացրած դատական ակտերի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:
Հետևաբար՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման` Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Վարդան Վարդանյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Հ. Հովակիմյան
Անդամներ՝ Ա. Զեյնալյան
Դ. Խաչատուրյան
29 սեպտեմբերի 2025 թվականի
ՍԴԴԿՈ-55
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 29 սեպտեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-55
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
