«ՆՅՈՒ ԹՐԱՔ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-17)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 27 մարտի 2020թ. ՍԴԴԿՈ - 17 | «ՆՅՈՒ ԹՐԱՔ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 27 մարտի 2020 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
դատական կազմը
Նախագահությամբ Ա. Խաչատրյանի
Անդամակցությամբ Հ. Նազարյանի
Ա. Դիլանյանի
Քննության առնելով «ՆՅՈՒ ԹՐԱՔ» ՍՊԸ-ի դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. «ՆՅՈՒ ԹՐԱՔ» ՍՊԸ-ն (ներկայացուցիչ փաստաբան Ս. Մարաբյան) 2020 թվականի մարտի 9-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով. «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը մասնակի (այնքանով, որքանով սահմանափակում է իրավաբանական անձանց մասնաճյուղերին և ներկայացուցչություններին սնանկության վարույթի պարտապան հանդիսանալը հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը) ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:
2. Դիմողը նշում է, որ «Սանիթեք» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղին սնանկ ճանաչելու պահանջով իր դիմումը Սնանկության դատարանի 2019 թվականի նոյեմբերի 1-ի որոշմամբ մերժվել է այն հիմնավորմամբ, որ «սնանկության վարույթի պարտապան կարող է հանդիսանալ իրավաբանական կամ ֆիզիկական անձը, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 61-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն մասնաճյուղը իրավաբանական անձ չի հանդիսանում»: Նշված որոշման դեմ դիմողը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը վերաքննիչ դատարանի 2019 թվականի դեկտեմբերի 30-ի որոշմամբ նույն հիմնավորումներով մերժվել է: Դիմողի մատնանշմամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սպառիչ ցանկով սահմանված են այն սուբյեկտները, որոնք չեն կարող հանդիսանալ սնանկության վարույթի պարտապան: Նշված բացառությունների ցանկում իրավաբանական անձի մասնաճյուղն առկա չէ: Այսինքն ստացվում է, որ սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելը ենթակա է մերժման միայն այն պարագայում, երբ դիմումը ներկայացվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով որպես բացառություն նախատեսված սուբյեկտներից որևիցե մեկի դեմ: Դիմողի կարծիքով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով այնքանով, որքանով սնանկության վարույթի պարտապան նախատեսվել է միայն իրավաբանական անձը առանց իրավաբանական անձանց մասնաճյուղերի և ներկայացուցչությունների վերաբերյալ մատնանշում պարունակելու, ամրագրված դրույթները խախտում են Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները:
3. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. վիճարկվող դրույթի մասով դիմողն, ըստ էության, առաջ է քաշում օրենսդրական բացի խնդիր փաստարկներ ներկայացնելով առ այն, որ վիճարկվող դրույթով «այնքանով, որքանով սնանկության վարույթի պարտապան նախատեսվել է միայն իրավաբանական անձանց, առանց իրավաբանական անձանց մասնաճյուղերի և ներկայացուցչությունների վերաբերյալ մատնանշում պարունակելու,.... սահմանափակվել են կամ խախտվել են.... դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները»: Այսպես, Սահմանադրական դատարանն իր` 2010 թվականի փետրվարի 5-ի ՍԴՈ-864 որոշման մեջ, անդրադառնալով իրավունքի բացի հաղթահարման գործում Սահմանադրական դատարանի և օրենսդիր մարմնի իրավասությունների հարաբերակցությանը, նշել է. «բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է: Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք»: Զարգացնելով իր վերոնշյալ իրավական դիրքորոշումները` Սահմանադրական դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴՈ-914 որոշմամբ արձանագրել է. «....օրենսդրական բացը կարող է հանդիսանալ սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, կամ երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը»: Խնդրո առարկա գործի շրջանակներում առկա չէ Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշման մեջ հիշատակված երեք պայմաններից որևէ մեկը, որի առկայությամբ հնարավոր կլիներ դիմողի կողմից վկայակոչված օրենսդրական բացը քննության առարկա դարձնել Սահմանադրական դատարանում: Միաժամանակ, օրենսդրական առկա կարգավորումները հնարավորություն են տալիս դիմողին իր իրավունքների պաշտպանությունն իրականացնել համապատասխան դիմում ներկայացնելով հենց իրավաբանական անձի դեմ: Այն դեպքում, երբ իրավաբանական անձին սնանկ ճանաչելու գործընթաց սկսելիս իրավունքի սուբյեկտը կառնչվեր այնպիսի սահմանափակումների, որոնք, ըստ նրա, առկա չէին լինի իրավաբանական անձի մասնաճյուղի դեմ սնանկության գործընթաց սկսելու պարագայում, համապատասխան այլ չափորոշիչների առկայության պարագայում, հնարավոր կլիներ քննարկման առարկա դարձնել դիմողի կողմից վկայակոչված օրենսդրական բացը անհատական գանգատի համատեքստում: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
«ՆՅՈՒ ԹՐԱՔ» ՍՊԸ-ի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող
Անդամներ
27 մարտի 2020 թվականի
ՍԴԴԿՈ-17
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 մարտի, 2020 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-17
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
