Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-332 հուլիսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-33)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 2 հուլիսի 2024թ. ՍԴԴԿՈ - 33 | ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 2 հուլիսի 2024 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ՝ Դ. Խաչատուրյանի

Անդամակցությամբ՝ Վ. Գրիգորյանի

Է. Շաթիրյանի

Քննության առնելով Հարություն Բաղդասարյանի անհատական

դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Հարություն Բաղդասարյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի հունիսի 7-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումով խնդրել է.

«(...) Սույն դիմումն ընդունել վարույթ:

(...) ՀՀ քր. դատ. օր. 181 հոդ. 8-րդ մասը, ՀՀ քր. դատ. օր. 304-րդ 3-րդ մասը, ՀՀ քր. դատ. օր. 264 հոդ. 5-րդ մասը, ՀՀ քր. դատ. օր. 391-րդ 3-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող և անվավեր»:

2. Ներկայացնելով թիվ ԵԴ1/0179/11/23 գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ տվյալ անհատական դիմումի շրջանակներում կարևոր է այն հանգամանքը, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (այսուհետ նաև՝ Դատարան) գտել է, որ վարույթի հանրային մասնակցի վրա քրեական վարույթ նախաձեռնելու և նախաքննություն իրականացնելու պարտականություն դնելը դուրս է Դատարանի լիազորությունից:

Ըստ Դիմողի՝ եթե Դատարանը գտել է, որ կոնկրետ վարութային ակտեր չեն կարող լինել քրեական վարույթ նախաձեռնելու կամ վարույթի ենթակայությունը փոխելու որոշումները, ապա ՀՀ քրեադատավարական օրենքը չունի բավարար որոշակիություն՝ Դատարանի լիազորությունների առումով:

Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի 8-րդ մասը չունի իրավական որոշակիություն, քանի որ ցանկացած դատախազ կարող է իր հայեցողությամբ ընթացք տալ կամ չտալ այս կամ այն հաղորդմանը, հետևաբար նշված դրույթը հակասում է Սահմանադրության 79-րդ հոդվածին:

Միաժամանակ Դիմողի պնդմամբ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասը և 391-րդ հոդվածի 3-րդ մասը նույնպես չունեն իրավական հստակ որոշակիություն, և պարզ չէ, թե ՀՀ դատարանները ե՞րբ են կարող և պարտավոր գործը քննել բանավոր ընթացակարգով:

Ամփոփելով՝ Դիմողը գտնում է, որ ՀՀ դատախազության և ՀՀ դատարանների կողմից իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտերով խախտվել են իր իրավունքները, ինչն էլ հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման: Ուստի` Դիմողը վիճարկում է այդ ակտերով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտերի դրույթների սահմանադրականությունը՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

3. Ելնելով դիմումի և դրան կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Սահմանադրական դատարանի մեջբերված դիրքորոշումը վերաբերում է նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված գործի քննությունը մերժելու հիմքին։

Այս առումով հարկ է փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր: Հակառակ դեպքում՝ նման դիմումներով բարձրացված հարցերը չեն կարող ենթակա լինել Սահմանադրական դատարանի քննությանը, քանի որ դուրս են վերջինիս իրավասության շրջանակից:

Քննարկվող համատեքստում, հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.

գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի 8-րդ մասի, 264-րդ հոդվածի 5-րդ մասի, 304-րդ հոդվածի 3-րդ մասի և 391-րդ հոդվածի 3-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:

Քննարկվող համատեքստում Սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում վկայակոչել Դիմողի կողմից ներկայացրած հետևյալ դիրքորոշումը.

«Հաղորդմանը և բողոք/ներ/ին ընթացք չտալով, Հայաստանի դատախազությունն ու դատարանները խախտել են ինչպես միջազգային պայմանագրերը, այնպես էլ ՀՀ Սահմանադրությունը և նյութական ու դատավարական իրավունքի մի շարք նորմեր»:

Միաժամանակ Դիմողն իր անհատական դիմումով ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ «(...) Ոչ առաջին ատյանի դատարանը, ոչ էլ վերաքննիչ դատարանը գործը բանավոր ընթացակարգով չքննեցին և հնարավորություն չտվեցին դիմողին (բողոքաբերներին) դատավարության հանրային մասնակցից տեղեկանալու, թե ի՞նչ ընթացք է ստացել իրենց հաղորդումը: Այսինքն՝ դատարանները վախեցել են հանրային հնչեղությունից:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մեջբերելով Եվրոպական դատարանի նախադեպերը, նշում է, որ դատարանի որոշումը չի կարող մեկնաբանվել որպես դատարանի կողմից յուրաքանչյուր փաստարկին պատասխան տալու պահանջ (...), սակայն այդպես էլ չի անդրադարձել դատավարական ժամկետներն ու քննչական ենթակայությունը խախտված լինելու հանգամանքին և, ընդհանրապես, ուշադրություն չի դարձրել բողոքում բարձրացված բազում հարցերի։ Իսկ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վերաքննիչ դատարանի կողմից թույլ չի տրվել առերևույթ սխալ: Ավելին, վճռաբեկ դատարանը գտել է, որ պետական դավաճանության կամ սահմանադրական կարգը տապալելու հանցագործությունների, իսկ ըստ էության՝ պատերազմ հրահրելու մասին բողոքում բարձրացված հարցերի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը չի կարող էական նշանակություն ունենալ քրեական օրենքի միատեսակ կիրառության համար: Այսինքն, ՀՀ վճռաբեկ դատարանն, ըստ էության, հրաժարվել է արդարադատություն իրականացնելուց»։

Բացի դրանից, Դիմողը վկայակոչել է հետևյալ բովանդակությամբ դիրքորոշում. «(...) Հիմնավոր կասկած ունենք ենթադրելու, որ դատարանը վախեցել է հանրային հնչեղությունից, ինչի պատճառով վիճարկման վարույթն իրականացրել է գրավոր ընթացակարգով: Ավելին, բողոքաբերները տեղյակ չեն եղել անգամ դատախազության դիրքորոշմանը, որը, ենթադրվում է, որ ներկայացվել է դատարան։ Թեպետ, արդարադատության շահը պահանջում էր հրապարակավ բացահայտելու բողոքում ներկայացված հանգամանքները և դրան հակադրվելու հանրային մասնակցի պատճառաբանությունները, և, ի վերջո պարզելու, թե հաղորդումն ինչ հետևանք է ունեցել»:

Վերոշարադրյալի հաշվառմամբ, նկատի ունենալով Դիմողի կողմից դիմումում ներկայացված մյուս դիրքորոշումները ևս` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ըստ էության, իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԵԴ1/0179/11/23 գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակությանը: Մասնավորապես` Դիմողը վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումները վերաբերում են թիվ ԵԴ1/0179/11/23 գործով Դատարանի, վերաքննիչ դատարանի և Վճռաբեկ դատարանի գործողությունների (կայացրած դատական ակտերի), ինչպես նաև համապատասխան հաղորդման շրջանակներում վարութային ակտերի իրավաչափությանը:

Ողջ վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրելու է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ ԵԴ1/0179/11/23 գործով ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Ուստի՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Հարություն Բաղդասարյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Դ. Խաչատուրյան

Անդամներ՝ Վ. Գրիգորյան

Է. Շաթիրյան

2 հուլիսի 2024 թվականի

ՍԴԴԿՈ–33

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2 հուլիսի, 2024 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-33
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել