«ՌԵՆԱ-ՀՈԼԴԻՆԳ» ԲԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-15)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 18 փետրվարի 2026թ. ՍԴԴԿՈ - 15 | «ՌԵՆԱ-ՀՈԼԴԻՆԳ» ԲԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 18 փետրվարի 2026 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը՝
Նախագահությամբ՝ Ս. Սաֆարյանի
Անդամակցությամբ՝ Ա. Զեյնալյանի
Ա. Վաղարշյանի
Քննության առնելով «ՌԵՆԱ-ՀՈԼԴԻՆԳ» ԲԸ անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. «ՌԵՆԱ-ՀՈԼԴԻՆԳ» ԲԸ (այսուհետ՝ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի հունվարի 29-ին:
Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում խնդրել է.
«(...)
(...) Որոշել 2023 թվականի ապրիլի 13-ի ՀՕ-143-Ն օրենքով իրավաբանական ուժը կորցրած (փոփոխված) «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 60-րդ և/կամ այլ հոդվածներին »:
2. Ներկայացնելով թիվ ՎԴ/4952/05/20 վարչական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ տվյալ վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական և Վճռաբեկ դատարաններն իր նկատմամբ վերջնական դատական ակտերով կիրառել են «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ մինչև 2023 թվականի ապրիլի 13-ին ընդունված՝ ««Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-143-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը գործած խմբագրությամբ (այսուհետ՝ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործած խմբագրությամբ 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ)՝ նշված դրույթի մեկնաբանմամբ ու կիրառմամբ արձանագրելով, որ առկա է հանրության մոտ ապրանքների և (կամ) ծառայությունների նույնական կամ նույնատիպ լինելու շփոթության առաջացման վտանգ, ինչն էլ իր հերթին հիմք է հանդիսացել իրեն համապատասխան ապրանքային նշանների նկատմամբ ԱԾՄԴ 30-րդ դասի մասով սեփականության իրավունքից զրկելու համար՝ առանց քննարկելու այդպիսի վտանգի իրական և ողջամտորեն հավանական լինելու հարցը, «(...) միաժամանակ առանց քննարկելու այդպիսի վտանգին որևէ այլ կերպ, քան Դիմողին սեփականության իրավունքից զրկելու եղանակով ներգործելու տարբերակը»:
Դիմողը գտնում է, որ վիճարկվող իրավադրույթը սահմանադրաչափ չէ և հիմք է ծառայում անձանց, սույն դեպքում՝ իր սեփականության սահմանադրական իրավունքի խախտման համար:
Դիմողը նշում է, որ իր նկատմամբ կիրառված իրավանորմը՝ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործած խմբագրությամբ 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն այնքանով, որքանով սահմանում է ապրանքային նշաններով մակնշվող ապրանքների և (կամ) ծառայությունների նույնական կամ նույնատիպ լինելը հանրության մեջ շփոթություն առաջացնելու վտանգը՝ որպես բավարար պայման՝ անձին սեփականության իրավունքից զրկելու կամ նրա սեփականության իրավունքին պետական գրանցման լրիվ կամ մասնակի անվավեր ճանաչման եղանակով միջամտելու համար՝ չնախատեսելով նմանատիպ իրավիճակներին հակազդելու ավելի մեղմ և այդպիսով՝ համաչափ եղանակ, հակասում է Սահմանադրության 60-րդ հոդվածին, քանի որ այդպիսի վտանգը, առանց հաստատված համարելու դրա իրական բնույթը, ողջամիտ հավանականությունն ու փաստացի դրսևորումը, չի կարող համարվել բավարար պայման անձին սեփականությունից զրկելու կամ անձի սեփականության իրավունքին միջամտելու համար, իսկ այդպիսի պարագայում անձի սեփականության իրավունքին նմանատիպ ներգործությունը չի կարող համարվել համաչափ՝ չբավարարելով առնվազն համարժեքության ու անհրաժեշտության պահանջներն այն հիմնավորմամբ, որ մեկ այլ անձի իրավունքի խախտման վերացական, կոնկրետ դեպքում՝ չհաստատված և փաստացի չդրսևորված վտանգի չեզոքացումն այլ անձի սեփականության իրավունքի չեղարկմամբ կամ այլ միջամտությամբ իրականացնելը համաչափ չէ:
Դիմողի պնդմամբ շփոթության առաջացման վտանգը հիմք է հանդիսացել ԱԾՄԴ 30-րդ դասի մասով սեփականության իրավունքից զրկելու համար՝ առանց քննարկելու այդպիսի վտանգի իրական և ողջամտորեն հավանական լինելու հարցը, քան Դիմողին սեփականության իրավունքից զրկելու եղանակով ներգործելու տարբերակը:
Ըստ Դիմողի՝ առկա է անհրաժեշտություն Սահմանադրական դատարանի մակարդակով քննարկման առարկա դարձնել 2023 թվականի ապրիլի 13-ի ՀՕ-143-Ն օրենքով իրավաբանական ուժը կորցրած «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի սահմանադրաչափությունը՝ հասկանալու համար, թե արդյո՞ք սպառողի համար շփոթություն առաջանալու վտանգը կարող է համարվել անձին սեփականության իրավունքից զրկելու կամ վերջինիս սեփականության իրավունքը սահմանափակելու սահմանադրաչափ հիմք, և արդյո՞ք այս ձևակերպմամբ մինչև 2023 թվականի ապրիլի 13-ի ՀՕ-143-Ն օրենքն ուժի մեջ մտնելը գործող «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանը, թե՝ ոչ:
Դիմողը գտնում է, որ անձի մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ ունեցած (պետության կողմից ճանաչված) սեփականության իրավունքից զրկումը սահմանող իրավադրույթների՝ ներառյալ նաև վիճարկվող իրավադրույթի սահմանադրաչափությունը, մասնավորապես` Սահմանադրության 60-րդ հոդվածին չհակասելու, սեփականության իրավունքի սահմանափակման կամ սեփականությունից զրկման թույլատրելի սահմանները չհատելու համար պետք է նաև համապատասխանի սահմանադրական կիրառելի սկզբունքներին, այդ թվում նաև՝ համարժեքության և համաչափության սահմանադրական սկզբունքներին:
Դիմողի ընկալմամբ ապրանքային նշանների նույնության կամ նմանության հետևանքով սպառողների շրջանում շփոթության և մոլորեցման վտանգի չեզոքացումը բխում է հանրային շահից ու ենթակա է օրենսդրական կարգավորման, սակայն տվյալ խնդրի լուծմանը հնարավոր է հասնել ավելի մեղմ, համաչափ և համարժեք իրավակարգավորմամբ, որը մի կողմից՝ թույլ կտա կանխել այդ խնդիրը, մյուս կողմից՝ կբացառի անձին սեփականությունից զրկելը:
Վերոգրյալի հիման վրա՝ Դիմողը գտնում է, որ նկարագրվածն առավել քան բավարար չափով փաստում է իր մտավոր սեփականության իրավունքի խախտման և վիճարկվող իրավադրույթի միջև պատճառահետևանքային անմիջական կապի առկայությունը՝ հաշվի առնելով, որ իր սեփականության իրավունքին միջամտությունը՝ սեփականությունից զրկումը, իրականացվել է վիճարկվող իրավադրույթի կիրառման արդյունքում և ունեցած բովանդակության հետևանքով, իսկ վիճարկվող իրավադրույթն այլ ձևակերպմամբ գոյություն ունենալու դեպքում ինքն անհարկի և հանիրավի չէր զրկվի սեփականությունից, կամ անհամաչափորեն չէր սահմանափակվի իր սեփականության իրավունքը, որը փաստացի կատարվել է վիճարկվող իրավադրույթի գոյության ու կիրառման արդյունքում:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի, այլ վերաբերելի նյութերի և իրավական ակտերի ուսումնասիրության արդյունքներից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի որոշում:
Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ հարկ է արձանագրել հետևյալը.
Դիմողի կողմից վիճարկվող՝ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործած խմբագրությամբ 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի առնչությամբ սույն դիմումով բարձրացված հարցի վերաբերյալ արդեն իսկ առկա է Սահմանադրական դատարանի որոշում, այն է՝ 2019 թվականի ապրիլի 23-ի ՍԴՈ-1455 որոշումը, որով Սահմանադրական դատարանն արտահայտել է իր դիրքորոշումը տվյալ հարցի առնչությամբ:
Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1445 որոշման «Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները» խորագրով 3-րդ բաժնում առաջ քաշված` «արդյոք «Ապրանքային նշանների մասին» օրենքի վիճարկվող դրույթը՝ իրավակիրառ պրակտիկայի հաշվառմամբ, չի խախտում ապրանքային նշանի իրավատիրոջ՝ Սահմանադրության 60-րդ հոդվածով ամրագրված իրավունքը, և այդ դրույթը համահունչ է Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված որոշակիության սկզբունքին, արդյոք նախատեսված են իրավունքների իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր» հարցադրումները նույնական են սույն գործով Դիմողի բարձրացրած հարցերին և պնդումներին, ուստի` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա է «Սահամանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված՝ գործի քննությունը մերժելու հիմք:
Սահմանադրական դատարանի դատական կազմն փաստում է, որ վերը նշված որոշման առկայության պայմաններում բացակայում է վիճելի նորմի կապակցությամբ նոր վերաիմաստավորման անհրաժեշտությունը, ուստի` Սահմանադրական դատարանի դատական կազմն անդրադառնում է բացառապես տվյալ որոշմամբ արձանագրված և սույն գործին վերաբերելի դիրքորոշումներին:
Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1455 որոշմամբ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի հետ համակարգային վերլուծության է ենթարկել նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1172-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը՝ պայմանավորված այն հանգամանքով, որ նույնական են ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի և ապրանքային նշանի օգտագործման սահմանումները: Միաժամանակ, «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է, որ ապրանքային նշանների մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքից և այլ իրավական ակտերից:
Սահմանադրական դատարանը վկայակոչված որոշմամբ արձանագրել է.
«(...) ապրանքային նշանի նկատմամբ իրավունքի ամրագրման և դրա պաշտպանության իմաստը կայանում է նրանում, որ սպառողներին հնարավորություն է տրվում տարբերակել շուկայում առկա ապրանքները՝ թույլ չտալով երրորդ անձանց ապօրինի օգտագործել գրանցված ապրանքային նշանը, ինչի արդյունքում պաշտպանվում են ապրանքային նշանի իրավատիրոջ իրավունքներն ու շահերը: Այդ պատճառով օրենսդիրն արգելում է ոչ միայն արդեն իսկ գրանցված ապրանքային նշանի ապօրինի օգտագործման հնարավորությունը, այլ նաև այնպիսի ապրանքային նշանների օգտագործումը, որոնք նմանության պատճառով կարող են շփոթության մեջ գցել սպառողներին:
(...)
Վերոհիշյալ տրամաբանությունն է դրված նաև Օրենքի վիճարկվող 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքում, համաձայն որի՝ որպես ապրանքային նշան գրանցման ենթակա չէ այն նիշը, որը նույնական կամ նման է ավելի վաղ ապրանքային նշանին, և դրանով մակնշվող ապրանքների և (կամ) ծառայությունների նույնական կամ նույնատիպ լինելը հանրության մեջ շփոթություն առաջացնելու վտանգ է պարունակում, ներառյալ՝ ավելի վաղ ապրանքային նշանին զուգորդվելը (շփոթելու աստիճան նմանությունը):
Սահմանելով ապրանքային նշանի իրավատիրոջ վերոնշյալ բացառիկ իրավունքը, օրենսդիրը՝ հաշվի առնելով շփոթության աստիճանի նմանություն ունեցող ապրանքային նշանների իրավատերերի միջև ի հայտ եկող հնարավոր վեճերի լուծման անհրաժեշտությունը, սահմանել է ավելի վաղ ապրանքային նշանի հասկացությունը՝ պաշտպանելով ապրանքային նշանի գրանցման համար հայտն առավել վաղ ներկայացրած հայտատուների շահերը:
(...)
(...) ինչպես վիճարկվող դրույթները, այնպես էլ ձևավորված իրավակիրառ պրակտիկան ուղղված են ավելի վաղ ապրանքային նշանի իրավատիրոջ՝ Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված իրավունքների և շահերի պաշտպանությանը: Այդ պատճառով Օրենսգրքի և Օրենքի վիճարկվող դրույթներն իրավակիրառ պրակտիկայի հաշվառմամբ չեն խախտում ապրանքային նշանի իրավատիրոջ՝ Սահմանադրության 60-րդ հոդվածով ամրագրված իրավունքները, իսկ վիճարկվող դրույթներով նախատեսված սահմանափակումները պիտանի և անհրաժեշտ են ավելի վաղ ապրանքային նշանի իրավատիրոջ իրավաչափ շահերը պաշտպանելու համար»:
Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանն անդրադարձել է վիճարկվող դրույթների իրավական որոշակիության հարցին, մասնավորապես՝ «նույնական», «նույնատիպ», «շփոթություն առաջացնելու վտանգ», «գրանցված ապրանքային նշանի զուգորդումը», «շփոթելու աստիճան նմանությունը» եզրույթների իրավական հստակությանը՝ արձանագրելով, որ իրավական փաստն արձանագրելու համար բավարար է «շփոթության իրական հավանականությունը», այլ ոչ՝ «փաստացի շփոթությունը»:
Արդյունքում՝ Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1455 որոշմամբ որոշել է.
«(...)
(...) «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանը:
(...)»:
Սահմանադրական դատարանի դատական կազմը կարծում է, որ Կառավարության 2010 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1538-Ն որոշմամբ կանոնակարգված է ապրանքային նշանների որոշման կարգը, շփոթելու աստիճանի նմանության որոշմամբ պայմանավորված ապրանքերի առանձնահատկություններին ներկայացվող ձևաչափը, ապրանքային նշանների՝ որպես շփոթելու աստիճանի նման որակման վերաբերյալ տպավորության գնահատման կարգը, առանձին գրաֆիկական նմանության որոշման չափանիշները:
Սահմանադրական դատարանի դատական կազմն անդրադառնում է նաև Դիմողի ներկայացրած մյուս փաստարկներին՝ Սահմանադրության 60-րդ հոդվածով նախատեսված սեփականության իրավունքի միջամտությանը՝ համաչափության և իրավական որոշակիության սկզբունքների պահպանվածության անհրաժեշտության հարցին:
Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.
«Նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձևակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում: Իրավադրույթների պարզաբանման և փոփոխվող հանգամանքներին` զարգացող հասարակական հարաբերություններին դրանց համապատասխանեցման անհրաժեշտությունը միշտ էլ առկա է: Հետևաբար, օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել՝ նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով»: (ՍԴՈ-1270, 03.05.2016 թ.),
«Թեև օրենքում որոշակիությունը մեծապես ցանկալի է, դա կարող է հանգեցնել չափազանց կոշտության, և օրենքը պետք է կարողանա հարմարվել փոփոխվող հանգամանքներին։ Հետևաբար, շատ օրենքներ անխուսափելիորեն ձևակերպվում են այնպիսի հասկացություններով, որոնք քիչ թե շատ անորոշ են և որոնց մեկնաբանությունը և կիրառումը պրակտիկայի խնդիր է»: (ՍԴՈ-997, 15.11.2011 թ.):
Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողի կողմից բարձրացված՝ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործած խմբագրությամբ 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականության հարցի կապակցությամբ արդեն իսկ առկա է Սահմանադրական դատարանի վերը նշված՝ ՍԴՈ-1455 որոշումը, որով Սահմանադրական դատարանը տվյալ հարցի առնչությամբ արտահայտել է իր իրավական դիրքորոշումները: Նշվածը գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից մերժելու հիմք է:
Ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշում առկա լինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
«ՌԵՆԱ-ՀՈԼԴԻՆԳ» ԲԸ անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Ս. Սաֆարյան
Անդամներ՝ Ա. Զեյնալյան
Ա. Վաղարշյան
18 փետրվարի 2026 թվականի
ՍԴԴԿՈ-15
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 փետրվարի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-15
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
