ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-78)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 23 նոյեմբերի 2021թ. ՍԴԴԿՈ - 78 | ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 23 նոյեմբերի 2021թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը
Նախագահությամբ Վ. Գրիգորյանի
Անդամակցությամբ Ե. Խունդկարյանի
Ա. Թունյանի
Քննության առնելով Տիգրան Գալստյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Տիգրան Գալստյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի նոյեմբերի 10-ին) խնդրելով. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասը իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության հաշվառմամբ, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 75-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»: Դիմողը ներկայացրել է նաև պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդություն դրա չբավարարվելու դեպքում պետական տուրքի վճարումը հետաձգելու հաջորդական միջնորդությամբ։
2. Սույն անհատական դիմումով դիմողը պնդում է, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասը դատարանների կողմից տրված մեկնաբանությամբ չի բավարարում Սահմանադրության դատական պաշտպանության իրավունքն ամրագրող 61-րդ հոդվածի, արդար դատաքննության իրավունքը երաշխավորող 63-րդ հոդվածի, հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը սահմանող 75-րդ հոդվածի, համաչափության և որոշակիության սկզբունքներն ամրագրող համապատասխանաբար 78-րդ և 79-րդ հոդվածների պահանջները: Մասնավորապես, դիմողը նշում է, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի այն մեկնաբանությունը, որը ներկայացվել է գործը քննած դատարանների կողմից, հանգեցնում է մի իրավիճակի, որ, եթե առկա չեն նույն հոդվածով նախատեսված բացառությունները, իսկ վիճարկվող վարչական ակտը դատարանի կողմից տրված մեկնաբանության համաձայն արդեն իսկ կատարվել է, անձը զրկված է լինում իր իրավունքների հնարավոր անվերականգնելի կամ զգալի վնասները կանխելու համար դատարանին միջնորդությամբ դիմելու հնարավորությունից, ինչպես նաև դատարանից հայցի ապահովում հայցելու հնարավորությունից: Ըստ դիմողի սույն վարչական գործով կայացված դատական ակտերով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասին տրված մեկնաբանությունն ինքնին անորոշություն է ստեղծում առ այն, թե որն է վարչական ակտը «կատարված» լինելու չափանիշը, եթե դրա հիմքում իրավունքների և/կամ պարտականությունների իրացումը չէ: Դիմողը բարձրացնում է այն հարցը, թե ի՞նչ չափանիշներով պետք է որոշվի վարչական ակտը կատարված լինելը, որպեսզի դրա հիման վրա էլ վարչական ակտով շահագրգիռ անձանց և հատկապես հասցեատիրոջ համար պարզ լինի, թե վարչական ակտը վիճարկելու դեպքում ինչ հետևանքներ են առաջանալու: Բացի դրանից, դիմողը գտնում է, որ դատական պրակտիկայում վիճարկվող նորմին տրված մեկնաբանության պայմաններում անհամաչափորեն սահմանափակվում է շահագրգիռ անձի իրավունքը դատավարական համապատասխան կառուցակարգերի միջոցով մինչև վերջնական դատական ակտ կայացնելը քննության առարկա դարձնել իր իրավունքների անհամաչափ սահմանափակումները վերացնելու հարցը:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս դիմողը կրում է իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող իրավական նորմերի ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապը հիմնավորելու պարտականություն: Ընդ որում` սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ միայն այնպիսի վեճերը, որոնց բովանդակությունը հիմնված է վիճարկվող նորմատիվ իրավական ակտի Սահմանադրությանը հակասության վերաբերյալ փաստարկված պնդումների վրա: 3.2. Սույն դիմումով դիմողը վիճարկում է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման իրավաչափության հարցը: Մասնավորապես, դիմողի կողմից ներկայացված հիմնավորումները հանգում են նրան, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի դիմողի ծառայության վայրը փոփոխելու վերաբերյալ հրամանի վիճարկման հայցը վարչական դատարանի կողմից վարույթ ընդունվելը Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի ուժով կասեցնում է վերոնշյալ որոշման կատարումը, մինչդեռ դատարաններն այլ մեկնաբանություն են տվել հիշատակված դատավարական նորմին` համարելով, որ այն դեպքերում, երբ վիճարկվող ակտը կատարված է, դրա կասեցումը հնարավոր չէ։ 3.3. Նույն հարցի վերաբերյալ դիմողի գործով վերաքննիչ վարչական դատարանը 2021 թվականի ապրիլի 27-ի որոշմամբ մերժել է դիմողի վերաքննիչ բողոքն այն պատճառաբանությամբ, որ. «… հաշվի առնելով թիվ ՎԴ/2355/05/20 վարչական գործի շրջանակներում վիճարկվող վարչական ակտի ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 11.02.2020թ. թիվ 26-ԱԿԳՎ հրամանի, կարգավորման առարկան, նկատի ունենալով, որ թիվ ՎԴ/2355/05/20 վարչական գործի հարուցման համար հիմք հանդիսացած Տիգրան Գալստյանի ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 11.02.2020թ. թիվ 26-ԱԿԳՎ հրամանի վիճարկման հայցը վարույթ է ընդունվել այդ վարչական ակտը Տիգրան Գալստյանի մասով, արդեն իսկ կատարված լինելու պայմաններում, … Տիգրան Գալստյանի ներկայացրած հայցը … ենթակա է մերժման»: 3.4. Վերոգրյալից բխում է, որ սույն դիմումի շրջանակներում ձևականորեն բարձրացնելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տված մեկնաբանության սահմանադրականության հարց` դիմողն ըստ էության վիճարկում է վարչական դատարանի և վերաքննիչ վարչական դատարանի կողմից Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման, մասնավորապես սույն վարչական գործով վիճարկվող դրույթի չկիրառման իրավաչափությունը, իսկ այդպիսի դիմումները, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին կետով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Տիգրան Գալստյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Վ. Գրիգորյան
Անդամներ Ե. Խունդկարյան
Ա. Թունյան
23 նոյեմբերի 2021 թվականի
ՍԴԴԿՈ-78
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 նոյեմբերի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-78
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
