«ՌԱՅՎ ԻՆՏԵՐԹՐԵՅԴ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 36-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-30)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 10 ապրիլի 2018թ. ՍԴԱՈ - 30 | «ՌԱՅՎ ԻՆՏԵՐԹՐԵՅԴ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 36-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՌԱՅՎ ԻՆՏԵՐԹՐԵՅԴ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ» ՀՀ
ՕՐԵՆՔԻ 36-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, քննության առնելով «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով կարճելու վերաբերյալ գործով զեկուցողի առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ Օրենք) 36-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել Սահմանադրության 1-ին հոդվածին, 3-րդ հոդվածի 2-րդ մասին, 28-րդ հոդվածին, 29-րդ հոդվածին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող:
Ըստ դիմողի վիճարկվող դրույթում առկա է իրավական անորոշություն, ինչը փաստարկվում է նրանով, որ Օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքը հանդիսանում է արբիտրաժային տրիբունալի վճիռը ճանաչելու միջնորդության վերաբերյալ գործի կասեցման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք, քանի որ առկա է քաղաքացիական դատավարության կարգով քննվող այլ գործ, ինչն անհնարին է դարձնում արբիտրաժային տրիբունալի վճիռը պարտադիր ճանաչելու միջնորդության վերաբերյալ գործի քննությունը: Մինչդեռ, ըստ հիշատակված իրավակարգավորման, Օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքը գործի վարույթը կասեցնելու հիմք չէ, այլ, մի կողմից, արբիտրաժային տրիբունալի վճիռը ճանաչելու որոշման կայացումը հետաձգելու հիմք է, իսկ մյուս կողմից Օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով արբիտրաժային տրիբունալի վճիռը ճանաչելու որոշման կայացման հետաձգումը վերապահված է դատարանի հայեցողությանը:
Դիմող կողմը նշում է նաև, որ «Տվյալ դեպքում իրավակիրառ պրակտիկայում այդ «բացը» (երկու գործողությունների միաժամանակյա քննարկում) անհամապատասխանություն է ստեղծում դատարանի կողմից չեղարկման դիմումի քննության և զուգահեռ վճիռը ճանաչելու և կատարողական թերթ տրամադրելու միջև, քանի որ ստացվում է, որ մի դեպքում դատարանը քննում է վճռի օրինականությունը, մեկ այլ դեպքում մինչ վճռի օրինականության հարցի վերաբերյալ վերջնական լուծումը դատարանը կայացնում է դատական ակտ»:
2. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունն ու վերլուծությունը, ինչպես նաև դիմողի նկատմամբ կայացված դատական ակտերի` այդ դատական ակտերի կայացման ժամանակագրության, դրանց հիմքում դրված պատճառաբանությունների ուսումնասիրությունը ցույց են տալիս, որ գործնականում թեև վիճարկվող դրույթը դատարաններին հայեցողություն է վերապահել, սակայն դատարանները չեն օգտվել այդ հայեցողությունից և զուգահեռ չեն քննել ներկայացված դիմումներն ու միջնորդությունները, այլ, ընդհակառակը, այն դատարանը, որտեղ ներկայացվել է արբիտրաժային վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ միջնորդություն, հետաձգել է իր կողմից որոշման կայացումը:
Այնուհետև, արբիտրաժային վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ միջնորդության հարցով դատարանի որոշումը կայացվել է մեկ այլ դատարանի կողմից վճռի ճանաչման և հարկադիր կատարման վերաբերյալ համապատասխան որոշումը կայացնելուց հետո միայն: Տվյալ իրավիճակում կոնկրետ անձի նկատմամբ առկա չի եղել նույն հարցի վերաբերյալ զուգահեռ դատական քննության գործընթաց, հետևաբար դատարանները միմյանցից անկախ գործընթացներ չեն իրականացրել:
Այսպիսով, սույն գործի շրջանակում փաստական հանգամանքների համակարգային վերլուծության արդյունքներից ելնելով Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ առկա չէ դատարանների հայեցողական լիազորության պատճառով մարդու` Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտման դեպք, ինչը նշանակում է, որ դիմումն ակնհայտ անհիմն է:
3. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը, բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Միաժամանակ, նույն օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` «Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր»:
Այնուհետև, նույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը սահմանում է, որ` «Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում»: Իսկ նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, կամ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները, կամ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը»: Հաշվի առնելով հիշյալ իրավակարգավորումների պահանջները, ինչպես նաև այն հանգամանքը, որ դիմումում չի հիմնավորվում դիմող կողմի հիմնական իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտման վերաբերյալ սահմանադրաիրավական վեճի առկայությունը, ուստի այդ հիմնավորմամբ պայմանավորված Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն գործի շրջանակում ներկայացված անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, իսկ գործի վարույթը ենթակա է կարճման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 69-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ
10 ապրիլի 2018 թվականի
ՍԴԱՈ-30
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 10 ապրիլի, 2018 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-30
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
