Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼԻՔՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼԻՔՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-1416 մարտի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-14)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 16 մարտի 2020թ. ՍԴԴԿՈ - 14 | ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼԻՔՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 16 մարտի 2020 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը

Նախագահությամբ Ա. Խաչատրյանի

Անդամակցությամբ Հ. Նազարյանի

Ա. Դիլանյանի

Քննության առնելով Միքայել Մելիքյանի

անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Միքայել Մելիքյանը (ներկայացուցիչ, փաստաբան Արա Զաքարյան) 2020 թվականի փետրվարի 27-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով. «…. ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը»:

2. Դիմողը նշում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, որը լիազորում է Վճռաբեկ դատարանին բեկանելու վերաքննիչ դատարանի արդարացման դատական ակտը և օրինական ուժ տալու առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճռին, չի կարող համապատասխանել Սահմանադրության 69-րդ հոդվածին, քանի որ զրկում է դատապարտվածին իրեն դատապարտող դատական ակտը վերադասության կարգով բողոքարկելու սահմանադրական իրավունքն իրականացնելու հնարավորությունից: Դիմողը գտնում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր նկատմամբ կայացված մեղադրական դատական ակտը վերադասության կարգով բողոքարկելու և վերադաս դատարանի կողմից իրեն դատապարտող ակտի վերանայման իրավունք, և այդ իրավունքի սահմանափակում Սահմանադրությամբ սահմանված չէ: Դիմողը գտնում է, որ Վճռաբեկ դատարանը, վիճարկվող նորմը կիրառելով, բեկանել է իրեն արդարացնող վերաքննիչ դատարանի որոշումը և օրինական ուժ տվել իրեն դատապարտող առաջին ատյանի դատարանի դատավճռին, որի հետևանքով ինքը զրկվել է Սահմանադրության 69-րդ հոդվածով երաշխավորված իրավունքն իրականացնելու հնարավորությունից: Ըստ դիմողի օրենսդիրը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով խախտել է իր Սահմանադրության 69-րդ հոդվածով երաշխավորված դատապարտվածի բողոքարկման իրավունքը:

3. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. ա/ Դիմողը բաց է թողել Սահմանադրական դատարան դիմելու համար «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված 6-ամսյա ժամկետը: Գործի դատավարական նախապատմությունը ցույց է տալիս, որ վերջնական դատական ակտը Վճռաբեկ դատարանի որոշումը, կայացվել է 2019 թվականի ապրիլի 11-ին: Դիմողի համար Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված ժամկետի հաշվարկը պետք է կատարվի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգով, ըստ որի անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո: Այսինքն, խնդրո առարկա գործի շրջանակներում դիմողի համար Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված ժամկետը լրացել է 2019 թվականի հոկտեմբերի 12-ին, մինչդեռ դիմումը Սահմանադրական դատարան մուտքագրվել է 2020 թվականի փետրվարի 27-ին: Հետևաբար, դիմողը բաց է թողել Սամանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը: բ/ Սահմանադրական դատարանն իր 2007 թվականի դեկտեմբերի 11-ի ՍԴՈ-720 որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը: Սույն որոշման մեջ Սահմանադրական դատարանը խնդրո առարկա դրույթի վերաբերյալ մի շարք իրավական դիրքորոշումներ է արտահայտել առ այն, որ «... ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419 հոդվածի 6-րդ կետով նախատեսված լիազորությունը ՀՀ վճռաբեկ դատարանը կարող է կիրառել բոլոր այն դեպքերում, երբ գործի փաստական հանգամանքները չեն փոխվում և´ առաջին ատյանի դատարանի, և´ վերաքննիչ դատարանի դատաքննության արդյունքում, և դատավճիռներով հաստատված միևնույն փաստը տարբեր դատարանների կողմից տարբեր քրեաիրավական գնահատականի է արժանանում: Նման գործը վճռաբեկության կարգով վերանայելիս ՀՀ վճռաբեկ դատարանը կարող է ուժի մեջ թողնել իրար հակասող դատական ակտերից մեկը: Այդպիսի որոշման հիմք կարող է հանդիսանալ միայն որևէ ատյանի դատարանի կողմից քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառումը: ....

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419 հոդվածի 6-րդ կետը սահմանադրականության խնդիր չի առաջացնում և վճռաբեկ դատարանին վերապահված լիազորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրությամբ, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով երաշխավորված` ողջամիտ ժամկետներում դատական քննության իրավունքին: Հիշյալ լիազորությունների բացակայությունը, ընդհակառակը, կարող է վտանգել դատական պաշտպանության, արդար դատաքննության, ողջամիտ ժամկետներում դատաքննության իրավունքները: Այնուամենայնիվ, տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու, իրավական որոշակիությունն ապահովելու առումով ճիշտ կլիներ օրենքում հնարավորինս հստակեցնել այն հիմքերը, որոնք դատարանին հնարավորություն են տալիս կիրառել նշված լիազորությունը»: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3 և 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Միքայել Մելիքյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող

Անդամներ

16 մարտի 2020 թվականի

ՍԴԴԿՈ-14

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 մարտի, 2020 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-14
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել