Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 74-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 11-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 74-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 11-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-9818 հունիսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-98)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 18 հունիսի 2024թ. ՍԴԱՈ - 98 | «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 74-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 11-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 74-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 11-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի 11-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2024 թվականի մայիսի 20-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը: Դիմողը, քննության առնելով Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 26-ի թիվ ԱՎԴ1/0049/01/21 դատավճռի դեմ Արարատի մարզի դատախազության ավագ դատախազ Հ. Սարգսյանի վերաքննիչ բողոքը, 2024 թվականի մայիսի 14-ի որոշմամբ խնդրել է (որոշել է).

«1. Թիվ ԱՎԴ1/0049/01/21 գործով կիրառման ենթակա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 11-րդ մասի դրույթների սահմանադրականությունը որոշելու համար դիմել ՀՀ Սահմանադրական դատարան։

2. Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2023 թվականի սեպտեմբերի 26-ի դատավճռի դեմ Արարատի մարզի դատախազության ավագ դատախազ Հ. Սարգսյանի կողմից բերված վերաքննիչ բողոքի քննությունը կասեցնել՝ մինչև ՀՀ սահմանադրական դատարանի կողմից որոշում կայացնելը»:

2. Ներկայացնելով թիվ ԱՎԴ1/0049/01/21 քրեական գործի դատավարական նախապատմությունը, շարադրելով Սահմանադրության 6, 71 և 79-րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 53, 69 և 74-րդ հոդվածների վերաբերելի դրույթների բովանդակությունը՝ Սահմանադրական դատարանի 2008 թվականի մայիսի 13-ի ՍԴՈ-753 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման լույսի ներքո՝ Դիմողը նշում է. «(...) հան-ցանք կատարած անձի նկատմամբ պատիժը պետք է լինի արդարացի, նշանակվի քրեական օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում՝ հաշվի առնելով քրեական օրենսգրքի Ընդհանուր մասի կանոնները»:

Դիմողը շեշտադրում է. «ՀՀ քրեական օրենսգրքի Ընդհանուր մասը, ի թիվս պատիժ նշանակելու այլ կանոնների, ամրագրում է նաև հանցագործությունների համակցությամբ պատիժ նշանակելու վերաբերյալ կանոններ, որոնց համաձայն՝ յուրաքանչյուր հանցագործության համար առանձին պատիժ նշանակելով՝ դատարանը վերջնական պատիժը որոշում է՝ նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով:

Իսկ այն դեպքում, երբ դատավճիռ կայացնելուց հետո պարզվում է, որ դատապարտյալը մեղավոր է նաև մեկ այլ հանցանքի համար, որը նա կատարել է նախքան առաջին գործով դատավճիռ կայացնելը, ապա պատժի ժամկետում հաշվակցվում է առաջին դատավճռով նշանակված պատժի կրած մասը»:

Ներկայացնելով 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասով ամրագրված կարգավորումները՝ Դիմողը պնդում է. «Մինչդեռ ՀՀ քրեական նոր օրենսգրքով առաջին դատավճռով նշանակված պատժի կրած մասը վերջնական պատժի ժամկետին հաշվակցումը կարող է իրականացվել մեկ եղանակով՝ վերջնական պատժի ժամկետին հաշվակցելով առաջին դատավճռով նշանակված պատժի կրած մասը և պատժի կրման սկիզբ համարելով առաջին դատավճռով նշանակված պատժի կրման սկիզբը»:

Դիմողը գտնում է, որ «(...) գործող դրույթների կիրառման արդյունքում տեղի է ունենում դատապարտյալի կողմից նախկին դատավճռով պատժի կրած մասի կրկնակի հաշվակցում, ինչի արդյունքում հանցանք կատարած անձի վիճակն անարդարացիորեն բարելավվում է: Այս համատեքստում հատկանշական է, որ հանցագործությունների համակցության դեպքում պատիժ նշանակելու հարցում օրենսդրի կամքն ըստ էության ուղղված չի եղել օրենքի մեղմացմանը, այլ կերպ՝ օրենքի մեղմացում տեղի չի ունեցել: Հետևաբար, դատարանը՝ հանցագործությունների համակցությամբ պատիժ նշանակելով, Սահմանադրությամբ և քրեական օրենքով իրավասու և լիազորված չէ մեղադրյալի նկատմամբ կիրառել նշանակված վերջնական պատժից և ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված նվազագույն պատժի ժամկետից ավելի մեղմ պատիժ:

Այդպիսով ստեղծվում է իրավական անորոշություն ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածով նախատեսված հատուկ կանոնի և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունք-ների կիրառելիության հարցում, ինչպես նաև վտանգվում է տուժողի կարգավիճակ ունեցողի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը:

ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի 11-րդ մասի իրավակարգավորումը վերլուծելով դատական պաշտպանության և մարդու իրավունքների պաշտպանության որոշակիության, օրինականության, մեղքի և պատժի համաչափության սահմանադրական սկզբունքների արդյունավետ իրականացման ապահովման տեսանկյունից՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի 11-րդ մասով ամրագրված դրույթն առերևույթ հակասում է ՀՀ Սահմանադրության 6-րդ, 61-րդ և 71-րդ, 79-րդ հոդվածների պահանջներին»:

Դիմումի շրջանակներում շարադրելով Արարատի մարզի դատախազության ավագ դատախազ Հ. Սարգսյանի վերաքննիչ բողոքում ներկայացված փաստարկները՝ Դիմողը գտնում է, որ հիշյալ փաստարկներին իրավական գնահատական տալու համար պետք է կիրառվի վիճարկվող դրույթը, որը, վերջինիս գնահատմամբ, առերևույթ հակասում է Սահմանադրության 6, 61, 71 և 79-րդ հոդվածներին:

3. Ուսումնասիրության առարկա դարձնելով ներկայացված դիմումը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով՝ ներքոգրյալ պատճառաբանությամբ.

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված է դատարանների՝ իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը: Վկայակոչված նորմի տրամաբանական շարունակությունն օրենսդիրն ամրագրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածում՝ նախանշելով խնդրո առարկա սահմանադրաիրավական իրավասության իրացման օրենսդրական հիմքերն ու ընթացակարգը:

Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ դատարանների դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում սահմանադրական արդարադատության իրականացման իմաստավորումը հանգում է դատարանի կողմից ենթադրյալ հակասահմանադրական նորմի հիման վրա կոնկրետ վեճի լուծումը կանխելուն, որպիսի պայմաններում հիմնարար նշանակություն է ձեռք բերում արդարադատություն իրականացնելու բացառիկ իրավասությամբ օժտված սույն սուբյեկտների կողմից ներկայացված դիմումների շրջանակներում, ի թիվս այլնի, ներկայացնել վիճարկվող նորմի՝ Սահմանադրությանն անհամապատասխանությունը հիմնավորող այն լայնաբովանդակ պատճառաբանությունը, որը կբացահայտի դատարանի՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջը:

Սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել, որ դատարանի՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջն անառարկելիորեն ենթադրում է դատարանների կողմից Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումի շրջանակներում խնդրո առարկա հարցի վերաբերյալ իրենց՝ ներքին համոզման հիման վրա ձևավորված դատողությունների և հիմնավորումների պատճառաբանված դիրքորոշումների ներկայացում, ընդ որում՝ ներկայացված դիրքորոշումները չպետք է սահմանափակվեն լոկ դատավարության/վարույթի համապատասխան մասնակիցների՝ սույն հարցի վերաբերյալ դիրքորոշումների վկայակոչմամբ կամ նման դիրքորոշումների շրջանակներում՝ առանց սեփական դատողությունների համակարգված շղթան ներկայացնելու, վիճարկվող նորմի կիրառման վերաբերյալ հարցերը դրա ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ դիտարկումների համատեքստում բարձրացնելով:

Սահմանադրական դատարանը 2021 թվականի նոյեմբերի 16-ի ՍԴԱՈ-224 աշխատակարգային որոշմամբ նշյալ հարցի վերաբերյալ արտահայտել է համարժեք դիրքորոշում, ըստ որի՝ «(…) Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկածի» առկայությունը դատարանի կողմից հիմնավորված կարող է լինել, եթե դատարանի կողմից, ի թիվս դիմումին ներկայացվող այլ պայմանների, բավարար հիմնավորումներ են ներկայացվել առ այն, որ Սահմանադրական դատարանի ստուգմանն առաջադրվող նորմերի անորոշությունն անհնար է հաղթահարել՝ դատարանի կողմից իր լիազորությունների գործադրմամբ իրավական նորմի բավարար հստակությունն ապահովող սպառիչ դատական մեկնաբանություն տալով։ Այսինքն՝ Սահմանադրական դատարան դիմող դատարանը պարտավոր է հիմնավորել, թե իր կողմից վիճարկվող իրավական նորմերի հստակության վերաբերյալ կասկածները փարատելու ուղղությամբ ինչպե՞ս է փորձել մեկնաբանել վիճարկվող իրավական նորմերը, և վիճարկվող նորմերի՝ իր կողմից մեկնաբանման մեթոդաբանական ողջ գործիքակազմի կիրառմամբ դրանք ի՞նչ վերջնական իրավական բովանդակություն են ստացել՝ հիմնավորելով այդ բովանդակության անհամապատասխանությունը Սահմանադրությանը»:

Սահմանադրական դատարանն իր՝ 2022 թվականի մայիսի 6-ի ՍԴԱՈ-83 աշխատակարգային որոշմամբ փաստել է. «(…) վիճարկվող նորմի սահմանադրականության վերաբերյալ դատավորի սուբյեկտիվ դիրքորոշումն արտահայտում է վերջինիս ներքին համոզմունքը, որը չի կարող հիմնվել սոսկ ենթադրությունների կամ չպատճառաբանված դատողությունների վրա, ուստի Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշումը պետք է բովանդակի վիճարկվող իրավադրույթի՝ Սահմանադրության համապատասխան հոդվածի համատեքստում ենթադրյալ հակասահմանադրականությունը հիմնավորող պատճառաբանությունների վերաբերյալ համապատասխան վերլուծություն, որը օբյեկտիվ հիմք է հանդիսացել դատավորի ներքին համոզմունքի ձևավորման համար»:

Սահմանադրական դատարանն իր՝ 05.08.2021 թ. ՍԴԱՈ-175 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է՝ ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի նշված պահանջը դատարանները պետք է դիտարկեն Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված պայմանների (կոնկրետ սահմանադրական վերահսկողության) ենթատեքստում: Ըստ այդմ՝ դատարանները համապատասխան դիմումներում պետք է ներկայացնեն վիճարկվող դրույթի՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ իրենց հիմնավորումները, ինչպես նաև պետք է հիմնավորեն, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով»:

Վերոգրյալի համատեքստում Սահմանադրական դատարանը փաստում է, որ դատարանների՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ կատարված ցանկացած դատողություն չէ, որ ընդգրկվում է Սահմանադրի կողմից Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասում ամփոփված «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջի բովանդակային սահմաններում, այլ այն պատճառաբանված դիրքորոշումները, որոնք հանգեցրել են նման դատողությանը. սա է Սահմանադրի անբեկանելի կամքը, որը սահմանադրականության հաստատման, սույն պարագայում՝ կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի ենթադրյալ հակասահմանադրական դրույթի կիրառման արգելակման առհավատչյան է:

Սույն մոտեցմանը տարահունչ գործելակերպը ենթադրում է, որ դատարանը չի հիմնավորում Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրաիրավական պատվիրանի կատարումը, քանզի Բարձր դատարան ներկայացված դիմումը, ըստ էության, բովանդակում է ոչ թե դատարանի՝ վիճարկվող դրույթի սահմանադրականության վերաբերյալ պատճառաբանություններն ու գնահատականը, այլ դատավարության/վարույթի համապատասխան մասնակցի՝ տվյալ գործի շրջանակներում ստորադաս դատարանի կողմից դատական սխալ թույլ տված լինելու վերաբերյալ փաստարկները:

Անդրադառնալով սույն գործին՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմումի ուսումնասիրությունը թույլ է տալիս փաստել, որ այն չի պարունակում դատարանի՝ վիճարկվող դրույթի՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ համապատասխան իրավական հիմնավորումներ, որոնք բավարար կլինեն Սահմանադրական դատարանին եզրահանգելու, որ դիմումը հաղթահարում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջը: Այս համատեքստում Սահմանադրական դատարանը փաստում է, որ Բարձր դատարան ներկայացված դիմումով Դիմողը սահմանափակվել է լոկ թիվ ԱՐԴ1/0049/01/21 քրեական գործի դատավարական նախապատմությունը շարադրելով, տվյալ գործով Արարատի մարզի դատախազության ավագ դատախազ Հ. Սարգսյանի կողմից բերված վերաքննիչ բողոքի շրջանակներում ներկայացված փաստարկները ներկայացնելով, ապա վկայա-կոչելով նաև վիճարկվող նորմի և վերաբերելի այլ իրավակարգավորումների բովանդակությունը՝ եզրահանգելով, որ՝ «(…) գործող դրույթների կիրառման արդյունքում տեղի է ունենում դատապարտյալի կողմից նախկին դատավճռով պատժի կրած մասի կրկնակի հաշվակցում, ինչի արդյունքում հանցանք կատարած անձի վիճակն անարդարացիորեն բարելավվում է»:

Ողջ վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ Դիմողի՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ ներքին համոզման հիման վրա ձևավորված պատճառաբանությունների ու հիմնավորումների բացակայությունը հանգեցնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկածի» բացառմանը, ուստի՝ սույն դիմումով առկա է գործի քննությունը մերժելու՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմք։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 71-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի 11-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

18 հունիսի 2024 թվականի

ՍԴԱՈ-98

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
18 հունիսի, 2024 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-98
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել