«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 223.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 223.2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, 223.2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 5-ՐԴ ԿԵՏԻ, 223.3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 3-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԵՎ 5-ՐԴ ԿԵՏԵՐԻ, 223.4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-11)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 14 հունվարի 2022թ. ՍԴԱՈ - 11 | «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 223.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 223.2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, 223.2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 5-ՐԴ ԿԵՏԻ, 223.3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 3-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԵՎ 5-ՐԴ ԿԵՏԵՐԻ, 223.4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 223.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 223.2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, 223.2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 5-ՐԴ ԿԵՏԻ, 223.3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 3-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԵՎ 5-ՐԴ ԿԵՏԵՐԻ, 223.4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 223.1-ին հոդվածի 2-րդ մասի, 223.2-րդ հոդվածի 3-րդ մասի, 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի, 223.3-րդ հոդվածի 1-ին մասի, 3-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերի, 223.4-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ. 2021 թվականի նոյեմբերի 25-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ Դիմող, նախագահությամբ դատավոր Վ. Լ. Գրիգորյանի) դիմումը, որով ներկայացվել է թիվ ԵԴ/0961/01/20 քրեական գործով «Գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու մասին» 2021 թվականի նոյեմբերի 22-ի որոշումը: Դիմողը հիշյալ որոշմամբ խնդրել է «(...) քննարկել և պարզել ՀՀ քրեական օրենսգրքի 223.1 հոդվածի 2-րդ և 223.2 հոդվածի 3-րդ մասերի, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի, 223.3-րդ հոդվածի 1-ին մասի, 3-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերի, 223.4-րդ հոդվածի 1-ին մաս ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին համապատասխանության հարցը»:
2. Դիմողը նշում է, որ իր վարույթում գտնվող քրեական գործով մեղադրյալներին մեղադրանք է առաջադրվել «քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը» վերաբերելի գործողությունների կատարման համար, և իր վարույթում գտնվող գործի լուծումը հնարավոր է միայն ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև Քրեական օրենսգիրք) 223.1-ին հոդվածի 2-րդ և 223.2-րդ հոդվածի 3-րդ մասերի կիրառման միջոցով, քանի որ «(...) մինչ մեղադրյալներին առաջադրված մեղադրանքի ապացուցվածության հարցի քննարկումն էական նշանակություն ունի այն, թե արդյոք մեղսագրվող արարքները հանդիսանում են հանցագործություն, թե ոչ»: Այս առումով Դիմողն արձանագրում է, որ Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում օրենքում «(...) օգտագործվում են նոր, բազմիմաստ հասկացություններ և տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, ինչից ելնելով էլ ՀՀ քրեական օրենսգրքի 223.1 հոդվածի 2-րդ և 223.2 հոդվածի 3-րդ մասերով տրվել են այդ հասկացությունների և տերմինների սահմանումները, սակայն այդ սահմանումներն էլ չեն ապահովում դրանց միատեսակ ու միանշանակ ընկալումն ու կիրառումը»: Ըստ այդմ Դիմողը նկատում է, որ Քրեական օրենսգրքի 223.1-ին հոդվածի 2-րդ և 223.2-րդ հոդվածի 3-րդ մասերով «որոշակի հասկացությունների նշանակության լիարժեք ձևակերպում չնախատեսելու պայմաններում, ինչպես նաև հաշվի առնելով քրեական օրենքի անալոգիայով կիրառելու արգելքը, առերևույթ ստեղծվում է իրավական անորոշություն` դրանով իսկ առաջացնելով անհամապատասխանություն ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի հետ»: Դիմողը նշում է, որ ունի Քրեական օրենսգրքի 223.1-ին հոդվածի 2-րդ մասի, 223.2-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկածներ, «ինչի հիման վրա էլ նաև ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ, 223.3-րդ, 223.4-րդ հոդվածների սահմանադրականության` մասնավորապես որոշակիության սկզբունքի վերաբերյալ, (...)», գտնելով, որ դրանցում բացահայտված չեն մի շարք հարցեր, մասնավորապես թե ո՞րն է քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը (գողական աշխարհը), այդ խմբավորումն ինչո՞վ է տարբերվում կազմակերպված խմբից, բանդայից, հանցավոր համագործակցությունից, արդյո՞ք օրենքում օգտագործվող «քրեական ենթամշակույթ կրող խմբավորում» և «գողական աշխարհ» հասկացություններն օգտագործվում են որպես հոմանիշներ, թե ոչ, ո՞րն է քրեական ենթամշակույթը, ո՞րն է քրեական աստիճանակարգությունը, և ինչո՞վ է այն տարբերվում այլ աստիճանակարգություններից, և այլն: Ավելին, դիմումը պարունակում է նաև հարցադրումներ առ այն, թե « (...) որոնք են պետության սահմանած վարքագծի համապարտադիր կանոնները, արդյոք դրանք ձևակերպված են միայն որոշակի իրավական ակտերով, թե նաև ձևավորված են արտադրական, հասարակական և հոգևոր կյանքում մարդկային հասարակության կողմից» և այլն: Արդյունքում Դիմողն արձանագրում է, որ « (...) Դատարանի կողմից վերը բարձրացված հարցերը միանշանակ կամ որոշակիորեն իրենցից հաստատակամություն ներկայացնող պատասխաններ չունեն, դրանց տրվելիք պատասխանները կարող են խիստ սուբյեկտիվ ընկալվել», իսկ « (...) խիստ սուբյեկտիվ ընկալվելու պայմաններում կարող են նաև ընկալվել որպես նոր ստեղծված իրավանորմ» արձանագրելով, որ դատարանի կայացրած ակտերով չեն ստեղծվում իրավանորմեր: Վերոգրյալի հիման վրա Դիմողը եզրահանգում է, որ «հասկացությունների նշանակության լիարժեք ձևակերպում օրենքով չնախատեսելու պայմաններում» Դատարանի կողմից դատական մեկնաբանություններով այդ հասկացությունների տարաբնույթ մեկնաբանությունները հաղթահարելը կնշանակի սեփական լիազորություններն ընդլայնել և «սահմանադրականության խնդրի յուրօրինակ լուծում ոչ Սահմանադրական դատարանի կողմից, ինչն անթույլատրելի է»:
3. Ուսումնասիրելով դիմումը և դրան կից նյութերը Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողը Սահմանադրական դատարան դիմելու անհրաժեշտությունը պայմանավորել է իրավական ենթադրյալ անորոշության առկայությամբ, որը, ըստ Դիմողի, հետևանք է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի վկայակոչված դրույթներում իր կողմից ներկայացված ենթադրյալ անհստակության։ 3.1. Հաշվի առնելով, որ Դիմողի Սահմանադրական դատարան դիմելու լիազորությունն իրացվել է որպես դատարանի կողմից կիրառման ենթակա նորմի Սահմանադրության 79-րդ հոդվածով նախատեսված իրավական որոշակիության պահանջներին համապատասխանության վերաբերյալ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկածի» հիմքով, ուստի Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում սույն դիմումի ընդունելիության հարցի լուծման նպատակով վկայակոչել մարդու և քաղաքացու հիմնական սահմանադրական իրավունքների և ազատությունների սահմանափակման դեպքում «օրենքին» առաջադրվող իրավական որոշակիության վերաբերյալ նախկինում արտահայտված դիրքորոշումները։ Մասնավորապես. 3.2. «Իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլոց, պահանջում է նաև իրավական օրենքի առկայություն։ Վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում։ Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձևակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական և ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը» (13.05.2008թ. ՍԴՈ-753, 9-րդ կետ): 3.3. «ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված իրավական պետու-թյան կարևորագույն հատկանիշներից է իրավունքի գերակայությունը, որի ապահովման գլխավոր պահանջներից են իրավական որոշակիության սկզբունքը, իրավահարաբերությունների կարգավորումը բացառապես այնպիսի օրենքներով, որոնք համապատասխանում են որակական որոշակի հատկանիշների` հստակ են, կանխատեսելի, մատչելի» (03.05.2016թ. ՍԴՈ-1270, 7-րդ կետ): 3.4. Իրավական որոշակիության սկզբունքի վերաբերյալ դիրքորոշումներն ամրագրված են Սահմանադրական դատարանի մի շարք, մասնավորապես, ՍԴՈ-630, ՍԴՈ-753, ՍԴՈ-1270 որոշումներում, « … որոնցից բխում է, որ Սահմանադրական դատարանն իրավական որոշակիության սկզբունքը դիտարկում է որպես ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված իրավական պետության և հատկապես վերջինիս կարևորագույն հատկանիշներից` իրավունքի գերակայության գլխավոր պահանջներից մեկը, և հիշյալ սահմանադրաիրավական սկզբունքի գործողությունը տարածվում է բոլոր օրենքների վրա` անկախ այն հանգամանքից, թե վերջիններս ունեն հիմնական իրավունք սահմանափակող, թե հիմնական իրավունքի իրացումը կարգավորող բնույթ» (14.03.2017թ. ՍԴՈ-1357, 5-րդ կետ):
4. Վերահաստատելով իրավական որոշակիության մասին նախկինում իր ար-տահայտած դիրքորոշումները Սահմանադրական դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն դիմումը ներկայացված է դատարանի կողմից, հարկ է համարում վկայակոչել նաև Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական վերահսկողության այս տեսակի սուբյեկտների դիմումներին վերաբերելի իր այն դիրքորոշումները, համաձայն որոնց 4.1. «Նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձևակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում: Իրավադրույթների պարզաբանման և փոփոխվող հանգամանքներին` զարգացող հասարակական հարաբերություններին դրանց համապատասխանեցման անհրաժեշտությունը միշտ էլ առկա է: Հետևաբար, օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել նույնիսկ ոչ բավարար հստակու-թյունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով» (03.05.2016թ. ՍԴՈ-1270, 7-րդ կետ): 4.2. «Որոշակիության սկզբունքի համատեքստում հարցը քննարկելիս պետք է հաշվի առնել այն իրողությունը, որ իրավական նորմերը, որպես ընդհանուր-վերացական կարգավորումներ, միշտ որոշակի մեկնաբանությունների կարիք ունեն, և գրեթե անհնար է իրավական միարժեք նորմերով հստակ կարգավորել հասարակական կյանքի բոլոր բազմաբնույթ հարաբերությունները» (23.09.2021թ. ՍԴՈ-1610, 4.1.2-րդ կետ):
5. Սահմանադրական դատարանը դատարանների կողմից ներկայացվող դիմումների ընդունելիության չափանիշները մեկնաբանելու վերաբերյալ իր դիրքորոշումներում զարգացրել և հստակեցրել է Սահմանադրության 169-րդ հոդվածով նախատեսված դատարանի լիազորության իրականացման անհրաժեշտ պայմանները, մասնավորապես դատարանի կողմից Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումի հիմնավորումների մասով նշելով. «(...) դատարանները համապատասխան դիմումներում պետք է ներկայացնեն ոչ միայն վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ իրենց հիմնավորումները, այլ նաև պետք է հիմնավորեն, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով: Այլ կերպ, եթե վիճարկվող դրույթը դատարանի կողմից չի կիրառվելու կամ այլևս ենթակա չէ կիրառման, կամ այդպիսի կիրառումը կրելու է ձևական բնույթ, ապա Սահմանադրական դատարանի գործն ըստ էության լուծող որոշմամբ վիճարկվող դրույթի վերաբերյալ արտահայտած ցանկացած գնահատական որևէ նշանակություն չի ունենալու կոնկրետ գործի լուծման համար (...): Այդ պարագայում դատարանի դիմումը ենթադրելու է ոչ թե կոնկրետ, այլ վերացական սահմանադրական վերահսկողություն: Այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով» (05.08.2021թ. ՍԴԱՈ-176, 3-րդ կետ)։
6. Իրավական ակտի Սահմանադրության 79-րդ հոդվածով նախատեսված որակին իրավական որոշակիությանն անհամապատասխանության հիմքով դատարանների կողմից ներկայացվող դիմումի ընդունելիության չափանիշներին Սահմանադրական դատարանն անդրադարձել է նաև 2021 թվականի հոկտեմբերի 26-ի ՍԴԱՈ-212 և նոյեմբերի 16-ի ՍԴԱՈ-224 որոշումներով։ Վերահաստատելով սույն որոշումներով արտահայտած դիրքորոշումները Սահմանադրական դատարանը հիշեցնում է, որ իրավական նորմերում ընդհանրական ձևակերպումների պատճառով հստակության բացարձակության անհնարինության դեպքերում իրավական որոշակիության սահմանադրական հրամայականն իրագործելու արդյունավետ միջոցը դատարանների կողմից իրենց լիազորությունների շրջանակում իրավական նորմերի դատական մեկնաբանման միջոցով նորմի անհրաժեշտ որոշակիության ապահովումն է։ Ըստ այդմ իրավական անորոշության հիմքով Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելիս Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկածի» առկայությունը դատարանի կողմից հիմնավորված է, եթե դատարանի կողմից, ի թիվս դիմումին ներկայացվող այլ պայմանների, բավարար հիմնավորումներ են ներկայացվել առ այն, որ Սահմանադրական դատարանի ստուգմանն առաջադրվող նորմերի անորոշությունն անհնար է հաղթահարել դատարանի կողմից իր լիազորությունների գործադրմամբ իրավական նորմի բավարար հստակությունն ապահովող սպառիչ դատական մեկնաբանություն տալով։ Այսինքն Սահմանադրական դատարան դիմող դատարանը պարտավոր է հիմնավորել, թե իր կողմից վիճարկվող իրավական նորմերի հստակության վերաբերյալ կասկածները փարատելու ուղղությամբ ինչպե՞ս է փորձել մեկնաբանել վիճարկվող իրավական նորմերը, և վիճարկվող նորմերի իր կողմից մեկնաբանման մեթոդաբանական ողջ գործիքակազմի կիրառմամբ դրանք ի՞նչ վերջնական իրավական բովանդակություն են ստացել հիմնավորելով այդ բովանդակության անհամապատասխանությունը Սահմանադրությանը։ Միայն նման հիմնավորումների առկայությամբ է դատարանն իրավասու դիմել Սահմանադրական դատարան իրավական անորոշությամբ պայմանավորված «հիմնավոր կասկածի» հիմքով։
7. Սահմանադրական դատարանի այս դիրքորոշման հիմքում ընկած է այն նկատառումը, որ բոլոր այն դեպքերում, երբ Սահմանադրական դատարան դիմող դատարանի իրավասության տիրույթում է գտնվում իր կողմից վիճարկվող իրավական նորմերի հստակության վերաբերյալ կասկածները փարատելու հնարավորությունը, որպեսզի վիճարկվող իրավական նորմի դատական մեկնաբանությամբ հանդերձ այն վերջնական իրավական բովանդակությամբ լինի Սահմանադրության 79-րդ հոդվածի իմաստով «բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ», ապա Սահմանադրական դատարանի և եռաստիճան դատական համակարգի դատարանների իրավասությունների կրկնօրինակման բացառման, եռաստիճան դատական համակարգի դատարանների կողմից դատական մեկնաբանություններով իրավունքի զարգացումը խթանելու, սահմանադրական իրավունքների և ազատությունների կրողների և հասցեատերերի իրավունքների պաշտպանության արդյունավետության ապահովման նպատակով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված Սահմանադրական դատարան դիմելու լիազորությունը դատարանի մոտ ծագում է միայն իր բարձրացրած խնդրի իր լիազորությունների սահմաններում դատական մեկնաբանությամբ լուծման անհնարինության դեպքում։ Այլապես դատարանն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան։
8. Անդրադառնալով վերը նշված չափորոշիչների լույսի ներքո Դիմողի բարձրացրած հարցադրումներին Սահմանադրական դատարանը, առանց անդրադառնալու վիճարկվող իրավական նորմերի որոշակիության վերաբերյալ Դիմողի բարձրացրած փաստարկների վերաբերելիությանը և բավարարությանը, արձանագրում է, որ Դիմողի կողմից որևէ հիմնավորում չի ներկայացվել առ այն, թե որքանո՞վ է անհնար եղել վիճարկվող նորմերի որոշակիության վերաբերյալ իր վկայակոչած կասկածը դատական մեկնաբանությամբ փարատելը, որի պատճառով դիմել է Սահմանադրական դատարանի կողմից վիճարկվող նորմերի սահմանադրականության ստուգման միջոցին։
9. Ուսումնասիրելով դիմումը Սահմանադրական դատարանը նկատում է նաև, որ Դիմողը վիճարկվող նորմերի սահմանադրականության ստուգման անհրաժեշտության հիմքում դրել է մի շարք հարցադրումների իր համար անպատասխան լինելու (իր նշմամբ վիճարկվող նորմերով «առերևույթ բացահայտված չեն») հանգամանքը։ Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանադրի կողմից սահմանված են Սահմանադրությամբ, որի 168-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված է, ի թիվս այլնի, նաև օրենքների Սահմանադրությանը համապատասխանության ստուգման Սահմանադրական դատարանի լիազորությունը։ Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատության իրականացման շրջանակներում սույն լիազորության իրականացմամբ գործի քննության նախապայմանը սահմանադրաիրավական վեճի առկայությունն է, որի առանցքը, մասնավորապես դատարանի կողմից ներկայացված դիմումներով, վիճարկվող ակտի Սահմանադրությանը ենթադրյալ հակասության վերաբերյալ «հիմնավոր կասկածն» է։ Մինչդեռ Դիմողի կողմից դիմումում բարձրացված խնդիրները ներկայացված հիմնավորումների շրջանակում զուրկ են սահմանադրաիրավական վեճի բովանդակությունից և վերաբերում են բացառապես քրեական օրենքի նորմերի իրավական բովանդակության բացահայտմանը առանց փորձ իսկ կատարելու ներկայացնել հիշյալ նորմերի մեկնաբանության իր տարբերակը մատնանշելով դրանում Սահմանադրության հետ հակասությունը։ Հետևաբար դիմող դատարանի դատական մեկնաբանության միջոցով իրավական անորոշության վերաբերյալ իր վկայակոչած կասկածը փարատելու անհնարինության մասին հիմնավորումների բացակայությունը հանգեցնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկածի» բացառմանը, ուստի սույն դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, քանի որ Դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմա-նադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 223.1-ին հոդվածի 2-րդ մասի, 223.2-րդ հոդվածի 3-րդ մասի, 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի, 223.3-րդ հոդվածի 1-ին մասի, 3-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերի, 223.4-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
14 հունվարի 2022 թվականի
ՍԴԱՈ-11
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 հունվարի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-11
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
