Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱՆԱՀԻՏ ՔԱՐԻՄՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 135-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 235-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 301-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱՆԱՀԻՏ ՔԱՐԻՄՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 135-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 235-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 301-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-1383 սեպտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-138)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 3 սեպտեմբերի 2024թ. ՍԴԱՈ - 138 | «ԱՆԱՀԻՏ ՔԱՐԻՄՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 135-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 235-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 301-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԱՆԱՀԻՏ ՔԱՐԻՄՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 135-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 235-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 301-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱ-ՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Անահիտ Քարիմյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի, 135-րդ հոդվածի 1-ին մասի, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 301-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,

ՊԱՐԶԵՑ

1. 2024 թվականի օգոստոսի 22-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Անահիտ Քարիմյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը, որով Դիմողը խնդրել է.

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի, 135-րդ հոդվածի 1-ին մասի, 235-րդ հոդվածի 1-ին մասի, 301-րդ հոդվածի 1-ին մասի թիվ ԵՇԴ/0072/04/17 դատական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից կիրառված մեկնաբանությունը, համաձայն որի՝ միայն դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռն արդեն իսկ բավարար է անշարժ գույքի նկատմամբ գրավի իրավունքի ծագման համար, ճանաչել ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող և անվավեր»:

2. Ներկայացնելով թիվ ԵՇԴ/0072/04/17 սնանկության և թիվ ՍնԴ/0024/02/19 քաղաքացիական գործերի դատավարական նախապատմությունները՝ Դիմողը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը, 135-րդ հոդվածի 1-ին մասը, 235-րդ հոդվածի 1-ին մասը և 301-րդ հոդվածի 1-ին մասն իր նկատմամբ կիրառվել են Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող մեկնաբանությամբ:

Դիմողը Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է հետևյալ իրավական հարցադրումները.

1. արդյո՞ք անշարժ գույքի նկատմամբ գրավի իրավունքը կարող է ծագել այդ իրավունքը վերականգնող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից՝ անկախ այդ իրավունքի պետական գրանցման փաստից:

2. Արդյո՞ք անշարժ գույքի նկատմամբ կարող է ծագել գրավի իրավունքն այն պարագայում, երբ դեռևս այդ նույն գույքի նկատմամբ շարունակում է գործել նույն անձի սեփականության իրավունքը:

3. Արդյո՞ք սնանկության գործի շրջանակներում կարող է գրանցվել պարտատիրոջ ապահովված պահանջի իրավունքն այն պարագայում, երբ ապահովված իրավունքի առարկայի նկատմամբ գրանցված է պարտատիրոջ սեփականության իրավունքը:

Դիմողը պնդում է, որ վիճարկվող դրույթներն իր նկատմամբ կիրառվել են Սահմանադրության 79-րդ հոդվածով երաշխավորված՝ որոշակիության սկզբունքին հակասող մեկնաբանությամբ, քանի որ մի կողմից` օրենքով սահմանված է հստակ և իմպերատիվ իրավակարգավորում, որի համաձայն՝ գույքի նկատմամբ պետական գրանցման ենթակա իրավունքները ծագում են դրանց գրանցման պահից, իսկ մյուս կողմից՝ ՀՀ սնանկության դատարանը և Վերաքննիչ քաղաքացիական դատարանը գույքի նկատմամբ գրավի իրավունքի ծագման համար բավարար են համարել միայն դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի առկայությունը:

Դիմողը նշում է, որ իրավակիրառ պրակտիկայում ՀՀ դատարանները նույնացրել են անշարժ գույքի նկատմամբ գրավի իրավունքի «ծագման հիմք» և «ծագման պահ» հասկացությունները, քանի որ թիվ ՍնԴ/0024/02/19 քաղաքացիական գործով Սնանկության դատարանի 2022 թվականի հունիսի 29-ի վճիռը հանդիսացել է բանկի գրավի իրավունքի ծագման հիմքը, սակայն այդ վճիռն օրինական ուժի մեջ մտնելով` ամենևին էլ չի ծագել տվյալ բանկի գրավի իրավունքը: Հավելելով՝ Դիմողը պնդում է, որ բանկի գրավի իրավունքը կարող էր ծագել միայն դրա պետական գրանցման պահից, ինչը մինչ օրս տեղի չի ունեցել:

Ամփոփելով՝ Դիմողը եզրահանգում է, որ թիվ ԵՇԴ/0072/04/17 սնանկության գործի շրջանակներում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից վիճարկվող դրույթներին տրված մեկնաբանությունը հակասում է Սահմանադրության 79-րդ հոդվածով երաշխավորված՝ որոշակիության սկզբունքին, քանի որ տվյալ մեկնաբանությամբ նույնացվել են գրավի իրավունքի «ծագման հիմք» և «ծագման պահ» հասկացությունները՝ թիվ ՍնԴ/0024/02/19 քաղաքացիական գործով Սնանկության դատարանի 2022 թվականի հունիսի 29-ի վճիռը համարելով նաև գրավի իրավունքի ծագման պահ:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

3.1. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրվել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:

Սահմանադրական դատարանը վերը նշված՝ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է. «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։

Այս առումով հարկ է փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և իր համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:

Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»:

Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները և Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանը եզրակացնում է, որ անհատական դիմումի շրջանակում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, ինչը սույն պարագայում տեղի չի ունեցել:

Մասնավորապես՝ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում վիճարկում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասին, 135-րդ հոդվածի 1-ին մասին, 235-րդ հոդվածի 1-ին մասին և 301-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության՝ Սահմանադրության 79-րդ հոդվածին համապատասխանությունը, որի կապակցությամբ հարկ է արձանագրել հետևյալը.

թեև Դիմողը վկայակոչել է Սահմանադրության 79-րդ հոդվածով երաշխավորված՝ որոշակիության սկզբունքի խախտման վերաբերյալ պնդումներ, սակայն բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման փաստը, հետևաբար նաև՝ տվյալ փաստի և վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը:

Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 79-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում այն ինքնին չի կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող է դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո, ինչը սույն պարագայում տեղի չի ունեցել։

Հետևաբար՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով չի հիմնավորվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասին, 135-րդ հոդվածի 1-ին մասին, 235-րդ հոդվածի 1-ին մասին և 301-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության հակասությունը Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքին, հետևաբար և՝ Սահմանադրության 79-րդ հոդվածին:

Այսինքն` սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, որը գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից մերժելու հիմք է:

Ուստի` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով:

3.2. Դիմողի կողմից բարձրացված հարցի կապակցությամբ հարկ է արձանագրել նաև հետևյալը.

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Այս առումով Սահմանադրական դատարանը փաստում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր:

Այսինքն` Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող է լինել բացառապես նորմատիվ ակտի, համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության և (կամ) դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականության գնահատումը:

Քննարկվող համատեքստում, հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները` Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.

գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասին, 135-րդ հոդվածի 1-ին մասին, 235-րդ հոդվածի 1-ին մասին և 301-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:

Այսպես` Դիմողն իր անհատական դիմումով ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ «(...) ՀՀ սնանկության դատարանը 12.07.2023թ.-ին գրանցել է բանկի պահանջը որպես ապահովված պահանջ՝ հիմք ընդունելով թիվ ՍնԴ/0024/02/19 գործով Դատարանի 29.06.2022թ.-ի վճիռը: Իսկ Վերաքննիչ դատարանը, իր որոշման հիմքում դնելով այն հանգամանքը, որ թիվ ՍնԴ/0024/04/19 գործով կայացված վճռով վերականգնվել է «Արարատբանկ» ԲԲԸ-ի գրավի և հաջորդող գրավի իրավունքը, անտեսել է այն փաստը, որ դատարանի վճիռն այդպես էլ չի կատարվել և ՀՀ կադաստրի կոմիտեում Երևան քաղաքի, Ջրվեժ, Մայակ թաղամաս 3/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ չի կատարվել «Արարատբանկ» ԲԲԸ-ի գրավի իրավունքի պետական գրանցում»:

Դիմողը նաև նշել է, որ «(...) չէր կարող գրանցվել Բանկի ապահովված պահանջի իրավունքը, երբ Բանկը հանդիսանում է նշված գույքի սեփականատեր, փաստացի ստացել է իր պահանջների բավարարումը և գումարն այդպես էլ ետ չի վերադարձրել և դեռ ավելին՝ չկա ոչ մի խոչընդոտ ցանկացած պահի այդ գույքն օտարելու համար»:

Վերոշարադրյալի հաշվառմամբ, նկատի ունենալով Դիմողի կողմից դիմումում ներկայացված մյուս դիրքորոշումները ևս` Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինս ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասին, 135-րդ հոդվածի 1-ին մասին, 235-րդ հոդվածի 1-ին մասին և 301-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են ՀՀ դատարանների, մասնավորապես՝ Սնանկության դատարանի և Վերաքննիչ քաղաքացիական դատարանի գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:

Ելնելով ողջ վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության գնահատում, այլ Սնանկության դատարանի և Վերաքննիչ քաղաքացիական դատարանի գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Ուստի՝ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման նաև՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանը

ՈՐՈՇԵՑ

«Անահիտ Քարիմյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի, 135-րդ հոդվածի 1-ին մասի, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 301-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

3 սեպտեմբերի 2024 թվականի

ՍԴԱՈ-138

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 սեպտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-138
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել