Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՄԱՍԻՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՄԱՍԻՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-5216 սեպտեմբերի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-52)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 16 սեպտեմբերի 2022թ. ՍԴԴԿՈ - 52 | «ՄԱՍԻՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

Վ. Գրի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 16 սեպտեմբերի 2022 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ Է. Շաթիրյանի

Անդամակցությամբ Ա. Խաչատրյանի

Վ. Գրիգորյանի

Քննության առնելով «ՄԱՍԻՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-ի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «ՄԱՍԻՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲ ընկերության դիմումը (ներկայացուցիչ` Դ. Գրիգորյան) Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի օգոստոսի 30-ին, որով դիմողը խնդրել է. «ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը իրավակիրառ պրակտիկայում տեղ գտած մեկնաբանությունների մասով, ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված «հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատված» եզրույթը իրավակիրառ պրակտիկայում տեղ գտած մեկնաբանությունների մասով ճանաչել ՀՀ Սահմանադրության 79-րդ, 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

2. Ըստ դիմողի վիճարկվող դրույթը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, աշխատանքային հարաբերությունների դադարեցման ինքնուրույն հիմք է, և նշված դրույթի կիրառման համար անհրաժեշտ չէ աշխատանքի ընդունման անհատական իրավական ակտի կամ աշխատանքի ընդունման մասին պայմանագրի վիճարկում կամ դրա անվավեր ճանաչված լինելու հանգամանքի առկայություն։ Դիմողի գնահատմամբ «(...) դատական պրակտիկայում տրված իրավակիրառ մեկնաբանության պայմաններում վիճարկվող նորմը չի բավարարում իրավական որոշակիության սկզբունքով ներկայացված չափորոշիչներին, որոշակի և կանխատեսելի չէ, ինչի պայմաններում անձը զրկվում է իր վարքագծի իրավական հետևանքները կանխատեսելու հնարավորությունից (...): Փաստացի, գործատուն չի կարողանում որոշել, թե ինչպիսի պայմաններ են անհրաժեշտ Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված իրավական հիմքի փաստացի կիրառման համար»։ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի վիճարկվող դրույթի առնչությամբ անդրադառնալով նշված դրույթով ամրագրված «հարկադիր պարապուրդ» եզրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությանը դիմողը նշում է, որ «հարկադիր պարապուրդի» վերաբերյալ օրենսդրի մոտեցումը վերաբերում է աշխատողի կողմից փաստացի աշխատանք չկատարելու ժամանակահատվածին, այնինչ իրավակիրառ պրակտիկայում նշված եզրույթը դիտարկվում է աշխատանքային պայմանագրի լուծման հրամանից մինչև դատական կարգով հրամանի իրավաչափության որոշման վերաբերյալ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու ժամանակահատվածը։ Դիմողի պնդմամբ վիճարկվող դրույթից կարելի է եզրահանգել, որ հարկադիր պարապուրդն այն ժամանակահատվածն է, երբ աշխատողը փաստացի, ոչ իր մեղքով չի կարողացել կատարել աշխատանք, ստանալ վարձատրություն կամ կատարել է աշխատանք ու ստացել վարձատրություն, որը, սակայն, ավելի նվազ է եղել, քան եթե վերջինիս իրավունքը չխախտվեր ու ոչ իր մեղքով չգտնվեր հարկադիր պարապուրդում։ Ըստ դիմողի իրավակիրառ պրակտիկայում անորոշ և հակասական վիճակի առկայությունը պայմանավորված է նաև օրենսդրական բացով, քանի որ օրենսդրությամբ սահմանված չեն «հարկադիր պարապուրդ» եզրույթի իրավական հասկացությունն ու դրա կարգավորման շրջանակները։

3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և վերջինիս կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ Օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման ներքոնշյալ պատճառաբանություններով. 3.1. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունը մերժելու մասին որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Օրենքը, սահմանելով անհատական դիմումներին ներկայացվող պահանջները, միաժամանակ նախատեսում է, որ անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթ(ներ)ի ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: Սույն դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նշված պահանջները դիմումում պահպանված չեն. դիմողը վիճարկվող դրույթների Սահմանադրությանը հնարավոր հակասության, իր կոնկրետ իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող օրինադրույթների միջև պատճառահետևանքային կապի վերաբերյալ հիմնավորումներ չի ներկայացրել: Մասնավորապես դիմողը բարձրացնում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 265-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրության 79 և 81-րդ հոդվածներին ենթադրյալ հակասության հարց, մինչդեռ Սահմանադրության նշված հոդվածների դրույթները հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումների համար նախատեսված որակական չափանիշներ են և չեն կարող քննարկվել կոնկրետ հիմնական իրավունքից կամ ազատությունից անջատ։ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված «հարկադիր պարապուրդ» եզրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության հարցի առնչությամբ դիմողը նշում է. Իրավակիրառ պրակտիկայում “հարկադիր պարապուրդ”-ը դիտարկվում է որպես աշխատանքային պայմանագրի լուծումից մինչև աշխատանքային պայմանագրի լուծման հրամանի իրավաչափության վերաբերյալ կայացված դատական ակտի ուժի մեջ մտնելու ժամանակահատվածը և քննությունից դուրս է մնում աշխատողի մոտ փաստացի “հարկադիր պարապուրդ”-ի վիճակի առկայությունը (...)»: Այդ առնչությամբ, դիմողի կողմից բարձրացրած հարցադրման վերաբերյալ իր նկատմամբ կայացված դատական ակտերով որևէ մեկնաբանություն առկա չէ: Դիմողն ինքն է նշում. (…) սույն գործով առկա իրավիճակում (…) Դատարանն ընդհանրապես այս փաստով քննություն չի իրականացրել (...)»: Ուստի վիճարկվող նորմին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության հակասահմանադրականության վերաբերյալ դիմողի փաստարկները ևս ակնհայտ անհիմն են: Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի վիճարկվող դրույթների վերաբերյալ դիմողի կողմից ներկայացված հիմնավորումներն ակնհայտ անհիմն են, իսկ այդպիսի դիմումով գործի քննությունը, համաձայն Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի, ենթակա է մերժման։ 3.2. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունը մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին։ Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ դիմողի կողմից ներկայացված հիմնավորումներն առավելապես վերաբերում են վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումների օրինականությանը և գործողությունների իրավաչափությանը։ Դիմողը, մասնավորապես, նշում է. «(…) Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի կիրառման իրավաչափությունը օրենսդիրը, կարծես թե, փոխկապվածության մեջ չի դնում աշխատողի իր զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանելու վերաբերյալ տեղեկացված լինելու հանգամանքի հետ և դրանով չի պայմանավորում աշխատանքից ազատման հիմքի իրավաչափությունը կամ գործատուին աշխատանքից ազատման իրավասության վերապահումը։ Սակայն, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 15.04.2022 թվականին կայացրած թիվ ԱՎԴ2/1006/02/19 որոշմամբ տրված մեկնաբանությամբ, որով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն անդրադառնալով Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով աշխատանքային պայմանագրի լուծման հիմքին, աշխատանքային պայմանագրի լուծման գործատուի իրավունքը պայմանավորել է (a) աշխատանքի ընդունման վերաբերյալ իրավական ակտի անվավեր ճանաչման և (b) աշխատողի իր զբաղեցրած հաստիքի անհամապատասխանության վերաբերյալ նախապես տեղեկացվածությամբ»։ Դիմողը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված «հարկադիր պարապուրդ» եզրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության հարցի առնչությամբ ներկայացված փաստարկներով ևս, փաստորեն, բարձրացնում է վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշման իրավաչափության գնահատման հարց: Վերոգրյալից բխում է, որ ձևականորեն բարձրացնելով իրավադրույթների սահմանադրականության հարց` դիմողը, ըստ էության, բարձրացնում է թիվ ԱՎԴ2/1006/02/19 քաղաքացիական գործով վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումների օրինականության, վերաքննիչ քաղաքացիական դատարանի գործողությունների իրավաչափության հարցեր, իսկ այդպիսի դիմումը, համաձայն Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ենթակա է մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմում: Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

«ՄԱՍԻՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-ի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Է. Շաթիրյան

Անդամներ Ա. Խաչատրյան

Վ. Գրիգորյան

16 սեպտեմբերի 2022 թվականի

ՍԴԴԿՈ–52

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 սեպտեմբերի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-52
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել