«ԹՈՒՄՈ ԴԻԶԱՅՆ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 91-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-248)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 29 դեկտեմբերի 2020թ. ՍԴԱՈ - 248 | «ԹՈՒՄՈ ԴԻԶԱՅՆ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 91-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԹՈՒՄՈ ԴԻԶԱՅՆ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 91-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ԹՈՒՄՈ ԴԻԶԱՅՆ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. «ԹՈՒՄՈ ԴԻԶԱՅՆ» ՍՊԸ-ի դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020թ. փետրվարի 18-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է. «որոշել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի ՀՀ Սահմանադրության 28-րդ, 29-րդ հոդվածներին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 60-րդ հոդվածի 1-ին և 7-րդ մասերին, 78-րդ հոդվածին համապատասխանության հարցը»:
2. Դիմողը, վկայակոչելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև Օրենսգիրք) 91-րդ հոդվածը, նշում է, որ վարչական դատավարությունում հայցի ապահովման միջոց կարող է կիրառվել բացառապես պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայց ներկայացնելու դեպքում։ Ինչ վերաբերում է վիճարկման հայց ներկայացնելուն, ապա այս պարագայում դիմողի կարծիքով հայցի ապահովման միջոց կիրառելու հնարավորություն Օրենսգրքով չի նախատեսվում։ Դիմողը գտնում է, որ նման պարագայում արգելափակվում է դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքների արդյունավետ իրականացումը զրկելով անձին իր նյութական իրավունքների խախտման բացասական հետևանքները հայցի ապահովման միջոցով կանխելու հնարավորությունից։ Անդրադառնալով Օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորմանը դիմողը նշում է, որ տվյալ դեպքում վիճարկման առարկա է հանդիսանում ապրանքային նշանների գրանցումը, որի պարագայում ակնհայտորեն չի կարող կիրառվել ապրանքային նշանի գրանցման վարչական ակտի կատարման կասեցման միջոցը որպես հայցվորի իրավունքների միջանկյալ իրավական պաշտպանության հնարավորություն։ Դիմողը գտնում է, որ գրանցված ապրանքային նշանի դեպքում այդ ապրանքային նշանի օգտագործումը կարող է արգելվել միայն համապատասխան հայցի ապահովման միջոցի կիրառմամբ։ Վկայակոչելով Սահմանադրության 28 և 29-րդ հոդվածները, 60-րդ հոդվածի 1-ին և 7-րդ մասերը, 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, 78-րդ հոդվածը դիմողը խնդրում է որոշել Օրենսգրքի 91-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը:
3. Պատասխանողը, վկայակոչելով Սահմանադրության 1, 3, 61 և 63-րդ հոդվածները, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 8-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, Օրենսգրքի 3, 10, 65 և 91-րդ հոդվածները, նշում է, որ հայցի ապահովման դատավարական ինստիտուտի կարևորագույն նպատակն է ապահովել որոշակի երաշխիքներ հարուցված հայցով ապագա վճռի կատարումն ապահովելու և դատավարության մասնակիցների օրինական շահերը բացասական հետևանքներից պաշտպանելու համար։ Վկայակոչելով Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներ պատասխանողը գտնում է, որ հայցի ապահովման ինստիտուտը հետապնդում է երկու հիմնական նպատակ։ Առաջինն ուղղված է արդեն իսկ խախտված իրավունքների վերականգնմանը, իսկ երկրորդը իրավունքների խախտման կանխարգելմանը։ Օրենսգրքի 66 և 83-րդ հոդվածների վերլուծության հիման վրա պատասխանողը հայտնում է, որ վիճարկման հայցի դեպքում այն վարույթ ընդունելն օրենքի ուժով կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը, որպիսի կանոնից սահմանված են որոշակի բացառություններ։ Վերոգրյալի հիման վրա պատասխանողի կարծիքով, անձի սահմանադրական իրավունքները վիճարկվող դրույթի համատեքստում, որևէ կերպով չեն սահմանափակվում, քանի որ վիճարկվող վարչական ակտի կասեցումն ինքնին կասեցնում է դրա հիման վրա ծագած իրավունքները հայցվորին տալով միջանկյալ իրավական պաշտպանության հնարավորություն։ Ելնելով վերոգրյալից պատասխանողը գտնում է, որ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրության պահանջներին:
4. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունն ու վերլուծությունը, ինչպես նաև դիմողի նկատմամբ կայացված դատական ակտերի հիմքում դրված պատճառաբանությունների ուսումնասիրությունը ցույց են տալիս, որ դիմումն ակնհայտ անհիմն է և սույն գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են. ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը, բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Միաժամանակ, նույն օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համա-ձայն` «Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը 1) գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր»: Այնուհետև, նույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը սահմանում է. «Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում»: Իսկ նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն «Անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, ...»: Սահմանադրական դատարանի 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշման համաձայն, Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս, ըստ ձևի ներկայացվող պահանջների կատարման հետ մեկտեղ անհրաժեշտ է նաև բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե անձի սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ է ակնկալվում սահմանադրական դատարանում դիմումի քննության արդյունքում: Մասնավորապես, նշված որոշման համաձայն «... դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր ...: ...
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»: Քննարկվող դեպքում դիմողը հայտնում է, որ Օրենսգրքով վիճարկման հայց ներկայացնելու դեպքում հայցի ապահովման միջոց կիրառելու հնարավորություն չնախատեսելն արգելափակվում է դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքների արդյունավետ իրականացումը զրկելով անձին իր նյութական իրավունքների խախտման բացասական հետևանքները հայցի ապահովման միջոցով կանխելու հնարավորությունից։ Օրենսգրքի վիճարկվող դրույթի համաձայն.
«1. Պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցերի դեպքում վարչական դատարանը դատավարության մասնակցի միջնորդությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը։
2. Հայցի ապահովման միջոցներն են`
1) հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարումը.
2) դատավարության մասնակցին որոշակի գործողություն կատարելն արգելելը.
3) պատասխանողին պատկանող գույքի (ներառյալ դրամական միջոցների) վրա հայցագնի չափով արգելանք դնելը.
4) որևէ իրավիճակի ժամանակավոր պահպանումը կամ փոփոխումը:
3. Հայցի ապահովումը թույլատրվում է դատավարության յուրաքանչյուր փուլում։
4. Հայցի ապահովման մասին միջնորդությունը քննարկվում է այն ստացվելուց հետո ոչ ուշ, քան երկօրյա ժամկետում, և դրա վերաբերյալ կայացվում է որոշում` առանձին դատական ակտի տեսքով:
5. Հանրային իրավական դրամական պահանջներով վիճարկման հայցի դեպքում վարչական մարմինը կարող է ներկայացնել պարտապանի գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն, եթե առկա է դրամական պարտավորությունը չկատարելու անմիջական վտանգ: Դրամական պարտավորությունը չկատարելու անմիջական վտանգի առկայության դեպքում վարչական դատարանն իրավասու է արգելանք դնելու հայցվորի գույքի վրա` դրամական պարտավորության չափով»։ Օրենսգրքի 83-րդ հոդվածը սահմանում է.
«1. Վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ
1) օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման.
2) այն դեպքերի, երբ վարչական մարմինը վարչական ակտ (ներառյալ վարչական բողոքի վերաբերյալ ըստ էության որոշում) ընդունելիս գրավոր ձևով հիմնավորել է, որ անհապաղ կատարումն անհրաժեշտ է ելնելով հանրային շահերից.
3) այն դեպքերի, երբ վիճարկվում է կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտ.
4) այն դեպքերի, երբ վիճարկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու կամ այդ իրավունքից զրկելու ձևով վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վարչական ակտ. 4.1) այն դեպքերի, երբ վիճարկվում է ընդերքօգտագործման իրավունքի դադարման կամ կասեցման վարչական ակտը.
5) այն դեպքերի, երբ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վիճարկվում է վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտ (ներառյալ զուգորդվող վարչական ակտի դեպքում հասցեատիրոջ համար բարենպաստ դրույթները).
6) այն դեպքերի, երբ վիճարկվում է ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման համար վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վարչական ակտ:
2. Հայցվորի միջնորդությամբ վարչական դատարանը կարող է գործի քննության ժամանակ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 4.1-ին, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վարչական ակտի կատարումը։
3. Միջնորդության վերաբերյալ որոշումը կայացվում է 3 օրվա ընթացքում։
4. Միջնորդությունը բավարարվում է, եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։
5. Վարչական դատարանն իրավասու է վիճարկվող վարչական ակտի կասեցումը պայմանավորելու որոշակի ժամկետով և կարող է ցանկացած ժամանակ փոխել կամ վերացնել իր որոշումը»: Վերոշարադրյալ իրավանորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը սահմանում է ժամանակավոր միջոցների կիրառման երկու դեպք: Ըստ այդմ, Օրենսգրքի 91-րդ հոդվածով սահմանված են հայցի ապահովման ընդհանուր եղանակներն ու միջոցները, որոնք կիրառվում են պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցերի դեպքում: Վիճարկման հայցի պարագայում օրենսդիրը չի նախատեսել հայցի ապահովման միջոց կիրառելու հնարավորություն, սակայն սահմանել է հայցվորի իրավունքների նախնական պաշտպանության մեկ այլ եղանակ։ Մասնավորապես, վիճարկման հայցի դեպքում վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցվում է օրենքի ուժով վիճարկման հայցով հայցադիմումը վարույթ ընդունելն ինքնին հիմք է հանդիսանում տվյալ վարչական ակտի կատարումը կասեցնելու համար (Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված բացառություններով)։ Նշված կարգավորման տրամաբանությունը, ի թիվս այլնի, կայանում է նրանում, որ վիճարկման հայցի բավարարման դեպքում դատական ակտն ուժի մեջ մտնելով վիճարկվող վարչական ակտը պարզապես կորցնում է իր իրավաբանական ուժը: Այլ կերպ ասած նշված տեսակի հայցի բավարարման դեպքում կայացվելիք վերջնական դատական ակտի կատարումը, որպես այդպիսին, պայմանական բնույթ է կրում, քանի որ այն չի ենթադրում միջնորդավորված որևէ գործողություն և, այդպիսով, չի առաջացնում կատարման հետ կապված այնպիսի դժվարություններ, որոնք բնորոշ են դասական իմաստով կատարում ենթադրող դատական ակտերին: Վերոգրյալը հաշվի առնելով վիճարկման հայցի պարագայում Օրենսգիրքը նախատեսել է ոչ թե հայցի ապահովման միջոցի, այլ նախնական իրավական պաշտպանության կիրառման հնարավորություն այն է վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցում, դրանով իսկ որոշակի իրավական երաշխիքներ տրամադրելով հայցվորին արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացման ենթատեքստում։ Ողջ վերոգրյալի լույսի ներքո, դիմողի փաստարկների ուսումնասիրությունը վկայում է, որ վերջինս ոչ միայն չի ներկայացրել բավարար հիմնավորումներ այս առանձնահատուկ կարգավորումների, մասնավորապես վիճարկվող նորմի կամ դրա վերաբերյալ իրավակիրառ պրակտիկայում ձևավորված մեկնաբանության հակասահմանադրականության վերաբերյալ, այլ նաև իր Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտման և վիճարկվող դրույթի կամ դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ: Արդյունքում, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն գործի շրջանակում ներկայացված անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, իսկ գործի վարույթը ենթակա է կարճման: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 69-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջներով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «ԹՈՒՄՈ ԴԻԶԱՅՆ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
29 դեկտեմբերի 2020 թվականի
ՍԴԱՈ-248
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 29 դեկտեմբերի, 2020 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-248
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
