«ԳԱՌՆԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 165-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-115)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 8 հուլիսի 2025թ. ՍԴԱՈ - 115 | «ԳԱՌՆԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 165-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԳԱՌՆԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 165-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Գառնիկ Ստեփանյանի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2025 թվականի հունիսի 23-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Գառնիկ Ստեփանյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Սերգեյ Մարաբյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.
«(...)
(...) որոշել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի՝ դատավորի նկատմամբ բացառապես քրեական հետապնդում հարուցելու փաստով պայմանավորված լիազորությունների կասեցում նախատեսող կարգավորման համապատասխանությունը Սահմանադրության 29-րդ, 66-րդ, 78-րդ, և 79-րդ հոդվածներին»:
2. Վկայակոչելով Բարձրագույն դատական խորհրդի՝ 2025 թվականի հունվարի 21-ի թիվ ԲԴԽ-7-Ո-Ք-1 և ԲԴԽ-7-Ո-10 որոշումները, ինչպես նաև ներկայացնելով թիվ ԱՎԴ2/0005/11/25 գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է հետևյալ իրավական հարցադրումները. ա) դատավորի նկատմամբ քրեական հետապնդման ժամանակահատվածում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով նրա լիազորությունների ինքնաշխատ (իրավունքի ուժով) կասեցումը, եթե հիմնված է դատավորի նկատմամբ բացառապես քրեական հետապնդում հարուցելու փաստի վրա, խախտու՞մ է արդյոք Սահմանադրության 29-րդ հոդվածով երաշխավորված՝ խտրականության արգելքի սկզբունքը և Սահմանադրության 66-րդ հոդվածով երաշխավորված՝ անմեղության կանխավարկածի սկզբունքը; բ) իրավաչա՞փ է արդյոք օրենսդրական այն կարգավորումը, որը պարտավորեցնում է Բարձրագույն դատական խորհրդին կասեցնել մեղադրվող դատավորի պաշտոնավարումը՝ առանց վարույթն իրականացնող մարմնի կողմից «պաշտոնավարման ժամանակավոր կասեցում» խափանման միջոց կիրառելու մասին որոշման կայացման, և արդյո՞ք այն չի հակասում Սահմանադրական դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ-1507 որոշման մեջ ձևավորված իրավական դիրքորոշումներին; գ) Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորի լիազորությունների կասեցում հարկադրանքի միջոցի կիրառումն իրավունքի ուժով՝ առանց հաշվի առնելու կոնկրետ դեպքի հանգամանքներն իր ինտենսիվությամբ, արդյո՞ք չի հավասարվում «քրեական պատժին»:
Իր կողմից բարձրացված առաջին հարցադրման կապակցությամբ Դիմողը նշում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը, դատավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու կապակցությամբ իր համաձայնությունը տալով և դատավորին անձեռնմխելիությունից զրկելով, թույլատրում է վերջինիս նկատմամբ քրեադատավարական գործիքակազմի, այդ թվում՝ խափանման միջոցների կիրառումը, սակայն օրենքի ուժով պարտավոր է միջամտել վարույթին և ինքնուրույն կիրառել քրեադատավարական բնույթի հարկադրանքի միջոց՝ իմաստազրկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով կարգավորվող խափանման միջոցների կիրառման հիմքերը, պայմանները, կարգը և վարույթն իրականացնող մարմնին վերապահված հայեցողական լիազորությունը:
Դիմողը գտնում է, որ իր նկատմամբ վիճարկվող դրույթով սահմանված հարկադրանքի միջոցի իրավունքի ուժով կիրառումը խտրական մոտեցման ակնհայտ դրսևորում է (բացառապես մեղադրյալի կարգավիճակ ունենալու հիմքով լիազորությունները կասեցնելու իմաստով) և խախտում է իր անմեղության կանխավարկածը՝ ըստ էության հասարակության աչքերում դատավորին ներկայացնելով որպես «հանցագործ»:
Դիմողը պնդում է, որ ապացուցվածության ցածր շեմ ենթադրող և ենթադրության մակարդակի հավասարեցված դատողությունները վիճարկվող դրույթի առկայության պայմաններում բավարար են անձի նկատմամբ այնպիսի հարկադրանքի միջոցի կիրառման համար, որը որոշակի տևական ժամանակահատվածով կասեցնում է դատավորի լիազորությունների իրականացումը: Հավելելով՝ Դիմողը գտնում է, որ վերոգրյալ հանգամանքը խտրական վերաբերմունք է՝ զրկված օբյեկտիվ հիմքերից:
Ըստ Դիմողի՝ խտրականությունը հատկապես արտահայտվում է այն համատեքստում, որ նույն դատավորը, եթե մեղադրվում է այնպիսի արարքի կատարման համար, որը չի վերաբերում նրա պաշտոնեական լիազորությունների իրականացմանը, ապա նրա նկատմամբ չի կիրառվում պաշտոնավարման կասեցումը՝ Բարձրագույն դատական խորհրդի որոշման հիմքով, այլ ըստ անհրաժեշտության կիրառվում է քրեադատավարական հարկադրանքի միջոց պաշտոնավարման կասեցումը:
Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ անձի անմեղության կանխավարկածը՝ համակցված խտրականության արգելքի սկզբունքի հետ, բացառում է օրենքով քրեական հետապնդում հարուցելու հետ կապված այնպիսի սահմանափակումների ամրագրման իրավական հնարավորությունը, որոնք վերաբերում են անձի ընդհանուր կարգավիճակին, այդ թվում՝ հանրային, տվյալ դեպքում՝ դատավորի պաշտոնում նրա հետագա պաշտոնավարմանը, և որոնք անհրաժեշտ չեն քրեական վարույթի իրականացման համար: Հետևապես՝ Դիմողը գտնում է, որ քրեական հետապնդում հարուցելու փաստը չպետք է հիմք դառնա դատավորի պաշտոն զբաղեցնող անձի պաշտոնավարումը կասեցնելու համար, եթե նրա նկատմամբ չի ընտրվել դատավարական ներգործության այնպիսի միջոց, որն արգելափակում է նրա հետագա պաշտոնավարումը:
Իր կողմից բարձրացված երկրորդ հարցադրման կապակցությամբ Դիմողը, վկայակոչելով Սահմանադրական դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ-1507 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները, նշում է, որ դրանք ուղղակիորեն վերաբերելի են սույն իրավիճակին, քանի որ համանման կարգավորումներ են նախատեսում, որոնք փաստացի խախտում են իր սահմանադրական իրավունքները:
Դիմողը գտնում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վերաբերելի կարգավորումներից չի բխում, որ խնդրո առարկա հարկադրանքի միջոցի կիրառման նպատակը դատական իշխանության նկատմամբ վստահության ապահովումն ու պահպանումն է:
Դիմողն ընդգծում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի կարգավորումների իմաստով կասեցվում են միայն այն դատավորի լիազորությունները, որին մեղսագրվող արարքը ենթադրաբար կատարվել է իր լիազորությունների իրականացման կապակցությամբ, իսկ եթե դատավորին մեղսագրվող արարքը վերաբերելի չէ իր լիազորությունների իրականացմանը, ապա Բարձրագույն դատական խորհուրդը բացառապես իրազեկվում է այդ մասին:
Ամփոփելով՝ Դիմողը եզրահանգում է, որ Սահմանադրական դատարանի 2020 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ-1507 որոշումն էական հատկանիշներով համընկնում է խնդրո առարկա իրադրության հետ, որպիսի պայմաններում վիճարկման ենթակա սահմանադրական դրույթի կապակցությամբ նույն վերլուծությունները պետք է հավասարապես վերաբերելի լինեն սույն դեպքին, և այդ հիմնավորմամբ (վերաբերելի մասով) վիճարկվող նորմը ճանաչվի Սահմանադրությանը հակասող և անվավեր:
Իր կողմից բարձրացված երրորդ հարցադրման կապակցությամբ Դիմողը նշում է, որ դատավորի լիազորությունների կասեցում հարկադրանքի միջոցն իր ինտենսիվությամբ և հատկապես հետապնդվող նպատակներով կարող է հավասարեցված լինել քրեական պատժին, քանի որ ակնհայտորեն ունի պատժիչ բնույթ և պարունակում է պատժի տարրեր, միաժամանակ, չի կարող վերանայվել նախաքննության որևէ փուլում, այսինքն՝ վերջնական է:
Ամփոփելով՝ Դիմողը գտնում է, որ քննարկվող միջոցը Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի լույսի ներքո կարող է հավասարեցված լինել «քրեական պատժի», որն իր խստությամբ ակնհայտորեն անհամաչափ է դատավորի լիազորությունների իրավունքի ուժով կասեցմանը, ավելին՝ խախտում է դատավորի անմեղության կանխավարկածը՝ հաշվի առնելով այն, որ վերջինիս նկատմամբ, փաստորեն, մինչ քրեական վարույթի ավարտը կիրառվում է մի միջոց, որը կարող է «քրեական պատժի» տարրեր պարունակել:
Ողջ վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Դիմողը եզրահանգում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի շրջանակներում բացառապես քրեական հետապնդում հարուցելու փաստով պայմանավորված դատավորի լիազորությունների կասեցման հնարավորությունը, որը մի կողմից չունի արդարացված իրավական նպատակներ, մյուս կողմից՝ վերջնական է և անժամկետ, ակնհայտորեն խախտում է իր հիմնարար իրավունքները, այդ թվում՝ Սահմանադրության 29, 66, 78 և 79-րդ հոդվածները:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է․ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: (…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը վերոնշյալ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է․ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:
Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։
Այս առումով հարկ է փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և իր համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:
Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»:
Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանը հանգում է հետևյալ եզրակացության.
անհատական դիմումի շրջանակում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, որը տվյալ պարագայում տեղի չի ունեցել:
Մասնավորապես՝ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում վիճարկում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի՝ Սահմանադրության 29, 66, 78 և 79-րդ հոդվածներին համապատասխանությունը, որի կապակցությամբ հարկ է արձանագրել հետևյալը.
սույն անհատական դիմումի շրջանակներում Դիմողը վիճարկվող դրույթի հակասահմանադրականությունն առավելապես քննարկել և դիտարկել է Սահմանադրական դատարանի 2020 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ-1507 որոշման լույսի ներքո։ Մասնավորապես՝ Դիմողն իր դիրքորոշումները և հիմնավորումներն առավելապես բխեցրել է խնդրո առարկա իրավական վեճի և Սահմանադրական դատարանի վերը նշված որոշման հիմքում ընկած իրավական վեճի, ինչպես նաև այդ կապակցությամբ Սահմանադրական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումների համեմատական վերլուծությունից։
Այնուամենայնիվ, այս համատեքստում Սահմանադրական դատարանը կարևոր է համարում արձանագրել, որ Սահմանադրական դատարանի՝ խնդրո առարկա 2020 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ-1507 որոշման ուսումնասիրությունը վկայում է, որ տվյալ որոշման հիմքում ընկած իրավական վեճը, ինչպես նաև գործի փաստական հանգամանքները լիովին չեն նույնանում սույն անհատական դիմումի հիմքում ընկած իրավական վեճի և գործի փաստական հանգամանքների հետ։
Մասնավորապես՝ Սահմանադրական դատարանի 2020 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ-1507 որոշման շրջանակներում քննվել է «Մարդու իրավունքների պաշտպանի և Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դիմումների հիման վրա՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի երկրորդ պարբերության և «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, որի կապակցությամբ Սահմանադրական դատարանը որոշել է.
«1. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի երկրորդ պարբերությունը` ոստիկանության ծառայողի նկատմամբ բացառապես քրեական հետապնդում հարուցելու (իրականացնելու) փաստով պայմանավորված` լիազորությունները կասեցնելու, ինչպես նաև ոստիկանության ծառայողի աշխատավարձի վճարման ժամկետային սահմանափակում նախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրության 29, 49, 66, 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
2. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասը` մինչև քրեական հետապնդումը դադարեցնելը ոստիկանության ծառայողի նոր պաշտոնի նշանակվելու բացարձակ արգելք, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ ոստիկանության ծառայությունից ազատվելու արգելք նախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրության 29, 49, 66 և 78-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
(...)»:
Սահմանադրական դատարանն իր վերը նշված որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) անմեղության կանխավարկածը` համակցված խտրականության արգելքի սկզբունքի հետ, բացառում է օրենքով քրեական հետապնդում հարուցելու հետ կապված այնպիսի սահմանափակումների ամրագրման իրավական հնարավորությունը, որոնք վերաբերում են անձի ընդհանուր կարգավիճակին, այդ թվում` հանրային, տվյալ դեպքում` ոստիկանության ծառայության պաշտոնում նրա հետագա պաշտոնավարման կամ ծառայությունից ազատվելու իրավունքին, և որոնք անհրաժեշտ չեն քրեական վարույթի իրականացման համար: Հետևապես` նախ` քրեական հետապնդում հարուցելու փաստը որևէ կերպ չի կարող հիմք դառնալ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի պաշտոնավարումը կասեցնելու կամ դադարեցնելու համար, եթե նրա նկատմամբ չի ընտրվել դատավարական ներգործության այնպիսի միջոց, որը արգելափակում է նրա հետագա պաշտոնավարումը: Դա նշանակում է, որ նման հիմքով չի կարող արգելափակվել նաև հանրային ծառայության պաշտոնից ազատվելու` անձի իրավունքը: Ուստի հանրային ծառայության պաշտոնի հետ կապված բոլոր իրավունքները, որոնք քրեական հետապնդման շրջանակներում չեն սահմանափակվել, չեն կարող սահմանափակվել նաև հանրային ծառայությունը կարգավորող ընդհանուր կամ հատուկ օրենքներով: Բացի դրանից, դա նշանակում է նաև հանրային ծառայության պաշտոնով պայմանավորված պարտականությունների անարգել իրականացման ապահովում, ինչից էլ հետևում է, որ մինչև մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելն անձի` վարձատրություն ստանալու իրավունքը չի կարող և չպետք է սահմանափակվի ո՛չ բովանդակային, ո՛չ էլ ժամանակագրական տեսանկյունից»:
Ստացվում է, որ Սահմանադրական դատարանի 2020 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ-1507 որոշման շրջանակներում Սահմանադրական դատարանը խնդրահարույց է ճանաչել այն իրավիճակը, երբ ոստիկանության ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելիս նրա լիազորությունների ժամանակավոր կասեցման հետ մեկտեղ վերջինիս աշխատավարձը վճարվում էր մինչև երկու ամսվա համար, իսկ մնացած վճարումը կատարվում էր գործի՝ արդարացնող հիմքով ավարտի դեպքում, ինչպես նաև մինչև քրեական հետապնդումը դադարեցնելը վերջինս իրավունք չուներ նշանակվել նոր պաշտոնի կամ իր նախաձեռնությամբ ազատվել ոստիկանությունում ծառայությունից։ Այսինքն՝ Սահմանադրական դատարանը տվյալ որոշման շրջանակներում հակասահմանադրական է ճանաչել վիճարկվող դրույթներով սահմանված՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ վերը նշված սահմանափակումների կիրառումը։
Մինչդեռ, սույն անհատական դիմումի շրջանակներում վիճարկվող դրույթով համապատասխան՝ միևնույն համատեքստում սահմանափակումներ առկա չեն։ Մասնավորապես՝ վիճարկվող դրույթով առկա չեն քրեական հետապնդում հարուցելու փաստի հիմքով լիազորությունները կասեցված դատավորի վարձատրությանը վերաբերող սահմանափակումներ, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ պաշտոնից ազատվելու վերաբերյալ որևէ արգելք։ Հակառակը՝ վիճարկվող՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 2-րդ մասով հստակ ամրագրված է, որ դատավորի լիազորությունները կասեցնելու ընթացքում դատավորն ստանում է հատուցում` որպես ոչ աշխատողի մեղքով պարապուրդում գտնվող:
Ավելին, Սահմանադրական դատարանը վերոգրյալ ՍԴՈ-1507 որոշմամբ ևս, անդրադառնալով հանրային ծառայության այլ տեսակների կազմակերպման և գործունեության առանձնահատկությունները կարգավորող առանձին օրենքներում առկա համանման դրույթներին, արձանագրել է. «(...) հանրային ծառայության վերոհիշյալ տեսակները կարգավորող օրենքներում առկա չէ ծառայությունից սեփական նախաձեռնությամբ ազատվելու և նոր պաշտոնի նշանակվելու կամ այլ աշխատանք կատարելու արգելք` քրեական հետապնդում հարուցելու փաստի հիմքով: Բացի դրանից, լիազորությունների կասեցման դեպքում աշխատավարձը պահպանվում է:
Սույն գործի շրջանակներում Սահմանադրական դատարանն իրավասու չէ անդրադառնալ հանրային ծառայության առանձին տեսակները կարգավորող օրենքների վերաբերելի դրույթների սահմանադրականությանը: Միևնույն ժամանակ, սակայն, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ օրենսդրորեն հիմնավորված չեն հանրային ծառայության վերը նշված տեսակները կարգավորող օրենքների վերաբերելի դրույթներից տարբերվող` սույն գործով վիճարկվող իրավակարգավորումների օբյեկտիվ հիմքերը և իրավաչափ նպատակները, ուստիև այս առումով ևս դրանք հակասում են Սահմանադրության 29-րդ հոդվածին»:
Ողջ վերոգրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողը վկայակոչել է վիճարկվող դրույթի հակասությունը Սահմանադրության 66-րդ հոդվածով երաշխավորված՝ անմեղության կանխավարկածին (որպես արդար դատաքննության հիմնական իրավունքի տարր հանդիսացող «սկզբունք-իրավունք»), սակայն բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր՝ տվյալ հոդվածով երաշխավորված հիմնական իրավունքի խախտման փաստը, հետևաբար՝ վիճարկվող դրույթի և համապատասխան հիմնական իրավունքի ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։
Անդրադառնալով Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 29, 78 և 79-րդ հոդվածներին՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ տվյալ հոդվածների բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում դրանք ինքնին չեն կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող են դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո:
Այսպիսով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի հակասությունը Սահմանադրության 66-րդ հոդվածով երաշխավորված հիմնական իրավունքին, հետևաբար՝ Սահմանադրության 29, 78 և 79-րդ հոդվածներին։
Այսինքն՝ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, ինչը գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից մերժելու հիմք է:
Ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Գառնիկ Ստեփանյանի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
8 հուլիսի 2025 թվականի
ՍԴԱՈ-115
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 8 հուլիսի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-115
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
