Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՍԵԴՐԱԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՍԵԴՐԱԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-7121 օգոստոսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-71)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 21 օգոստոսի 2026թ. ՍԴԴԿՈ - 71 | ՍԵԴՐԱԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 21 օգոստոսի 2026 թ.

Սահմանադրական դատարանի

դատական կազմը՝

Նախագահությամբ՝ Ե. Խունդկարյանի

Անդամակցությամբ՝ Է. Շաթիրյանի

Հ. Հովակիմյանի

Քննության առնելով Սեդրակ Սարգսյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Սեդրակ Սարգսյանը (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Անդրանիկ Մանուկյան), դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի օգոստոսի 6-ին), խնդրել է հետևյալը.

«Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասն՝ այնքանով, որքանով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասը հնարավորություն չի տալիս, որպեսզի ստորադաս դատարանի դատական ակտը ենթակա լինի անվերապահ բեկանման այն հիմքով, որ մեղադրյալի անազատության հիմնավորվածության հանգամանքը հաստատող դատական ակտը Վերաքննիչ դատարանի կողմից մեղադրյալին (պաշտպանին) ուղարկվել կամ տրամադրվել է օրենքով նախատեսված ժամկետից ուշ»:

2. Ներկայացնելով թիվ ԿԴ/0316/01/23 քրեական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ այն դեպքում, երբ մեղադրյալի անազատության հիմնավորվածության հարցին դրական պատասխան տվող դատական ակտը Վերաքննիչ քրեական դատարանի կողմից մեղադրյալին (պաշտպանին) ուղարկվում կամ տրամադրվում է օրենքով նախատեսված ժամկետից ուշ, ապա մեղադրյալը (պաշտպանը), տեղեկացված չլինելով իր անազատության շարունակականության պատճառների մասին, չի ունենում իրեն անազատության մեջ պահելու իրավաչափությունն արդյունավետ կերպով բողոքարկելու հնարավորություն, այսինքն՝ չի ունենում արդյունավետ հնարավորություն կամ ունենում է ուշացած հնարավորություն՝ վերականգնելու մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը:

Միաժամանակ Դիմողը նշում է, որ մեղադրյալի անազատության հիմնավորվածության հանգամանքը հաստատող դատական ակտը Վերաքննիչ քրեական դատարանի կողմից մեղադրյալին (պաշտպանին) օրենքով նախատեսված ժամկետից ուշ ուղարկված կամ տրամադրված լինելու հանգամանքն անմիջապես վկայում է դատական ակտը կողմին հանձնելու քրեադատավարական համապատասխան իրավանորմի՝ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից խախտված լինելու մասին, այլ խոսքով՝ այն մասին, որ տվյալ իրավանորմը Վերաքննիչ քրեական դատարանը չի մեկնաբանել ու չի կիրառել դրա սահմանադրաիրավական արժեբանությանը և օրենսդրի կամքին ներդաշնակ:

Բացի դրանից, Դիմողը նշում է նաև, որ մեղադրյալի անազատության հիմնավորվածության հանգամանքը հաստատող դատական ակտը Վերաքննիչ քրեական դատարանի կողմից մեղադրյալին (պաշտպանին) օրենքով նախատեսված ժամկետից ուշ ուղարկված կամ տրամադրված լինելու հանգամանքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով քրեադատավարական օրենքի էական խախտում է՝ դրսևորված նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 6-րդ մասի խախտմամբ, հետևաբար՝ ըստ Դիմողի՝ նշված հանգամանքը Վերաքննիչ քրեական դատարանի դատական ակտը բեկանելու հիմք է՝ նախատեսված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 354-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով:

Դիմողը գտնում է, որ վերոնշյալ հանգամանքը վերջինիս զրկում է Սահմանադրության 61-րդ հոդվածով հռչակված՝ արդյունավետ դատական պաշտպանության հիմնարար իրավունքից և սույն դեպքում դրանից ածանցված՝ Սահմանադրության 27-րդ հոդվածով հռչակված՝ իր անձնական ազատության հիմնարար իրավունքն իրացնելու հնարավորությունից, որպիսի պայմաններում ակնհայտ է այն, որ մեղադրյալի անազատության հիմնավորվածության հանգամանքը հաստատող դատական ակտը Վերաքննիչ քրեական դատարանի կողմից մեղադրյալին (պաշտպանին) օրենքով նախատեսված ժամկետից ուշ ուղարկված կամ տրամադրված լինելու փաստն ունի իրավունքի առավել ծանրակշիռ խախտման բովանդակություն, քան պարզապես քրեադատավարական օրենքի էական խախտումը:

Հավելելով՝ Դիմողը գտնում է, որ մեղադրյալի անազատության հիմնավորվածության հանգամանքը հաստատող դատական ակտը Վերաքննիչ քրեական դատարանի կողմից մեղադրյալին (պաշտպանին) օրենքով նախատեսված ժամկետից ուշ ուղարկված կամ տրամադրված լինելու փաստը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվելու ենթակա հատուկ ու նույն դրույթով ներկայումս նախատեսված դեպքերից գերակշիռներին համաբնույթ հատուկ դեպք է, հետևաբար՝ այդպիսի հանգամանքը պետք է անվերապահորեն հանգեցնի Վերաքննիչ քրեական դատարանի դատական ակտի բեկանմանը՝ իբրև «արժանի հակակշիռ»՝ դատական ակտը մեղադրյալին (պաշտպանին) օրենքով նախատեսված ժամկետից ավելի ուշ ուղարկվելուն կամ տրամադրվելուն, դրանով իսկ՝ արդյունավետ բողոքարկման հնարավորությունից մեղադրյալին զրկելուն, բայց մեղադրյալին զուգահեռաբար անազատության մեջ պահելուն:

Ելնելով վերոնշյալից՝ Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասը չի համապատասխանում Սահմանադրության 61-րդ հոդվածով հռչակված՝ արդյունավետ դատական պաշտպանության հիմնարար իրավունքի բովանդակությանը, երբ հնարավորություն չի տալիս, որ ստորադաս դատարանի դատական ակտը ենթակա լինի անվերապահ բեկանման այն հիմքով, որ մեղադրյալի անազատության հիմնավորվածության հանգամանքը հաստատող դատական ակտը Վերաքննիչ քրեական դատարանի կողմից մեղադրյալին (պաշտպանին) ուղարկվել կամ տրամադրվել է օրենքով նախատեսված ժամկետից ուշ։

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին։

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Այս առումով Սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի՝ տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի (դրույթների) սահմանադրականության գնահատման հարցեր:

Քննարկվող համատեքստում հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը։ Մասնավորապես՝ գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է Վերաքննիչ քրեական դատարանի և Վճռաբեկ դատարանի գործողությունների իրավաչափության հարց:

Մասնավորապես՝ վիճարկվող դրույթի առնչությամբ Դիմողը, ի թիվս այլնի, նշում է հետևյալը.

- «(…) Մեղադրյալի անազատության հիմնավորվածության հանգամանքը հաստատող դատական ակտը Վերաքննիչ [քրեական] դատարանի կողմից մեղադրյալին (պաշտպանին) օրենքով նախատեսված ժամկետից ուշ ուղարկված կամ տրամադրված լինելու պարագան անմիջապես վկայում է դատական ակտը կողմին հանձնելու քրեադատավարական համապատասխան իրավանորմի՝ Վերաքննիչ [քրեական] դատարանի կողմից խախտված լինելու մասին, այլ խոսքով՝ այն մասին, որ տվյալ իրավանորմը Վերաքննիչ [քրեական] դատարանը չի մեկնաբանել ու չի կիրառել դրա սահմանադրաիրավական արժեբանությանը և օրենսդրի կամքին ներդաշնակ:»,

- «(…) մեղադրյալի անազատության հիմնավորվածության հանգամանքը հաստատող դատական ակտը Վերաքննիչ [քրեական] դատարանի կողմից մեղադրյալին (պաշտպանին) օրենքով նախատեսված ժամկետից ուշ ուղարկված կամ տրամադրված լինելու պարագան քրեադատավարական օրենքի էական խախտում է՝ դրսևորված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 6-րդ մասի խախտմամբ, հետևաբար՝ հիշյալ պարագան Վերաքննիչ [քրեական] դատարանի դատական ակտը բեկանելու հիմք է՝ նախատեսված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 354-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով:»,

- «(…) մեղադրյալի անազատության հիմնավորվածության հանգամանքը հաստատող դատական ակտը Վերաքննիչ [քրեական] դատարանի կողմից մեղադրյալին (պաշտպանին) օրենքով նախատեսված ժամկետից ուշ ուղարկված կամ տրամադրված լինելու փաստը [ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի] 376-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվելու ենթակա հատուկ ու ՀՀ քրեական դատավարության [օրենսգրքի] 376-րդ հոդվածի 1-ին մասով ներկայումս նախատեսված դեպքերից գերակշիռներին համաբնույթ հատուկ դեպք է, հետևաբար՝ այդպիսի պարագան պետք է անվերապահորեն հանգեցնի Վերաքննիչ [քրեական] դատարանի դատական ակտի բեկանմանը՝ իբրև «արժանի հակակշիռ»՝ դատական ակտը մեղադրյալին (պաշտպանին) օրենքով նախատեսված ժամկետից ավելի ուշ ուղարկվելուն կամ տրամադրվելուն (…)»։

Այսպիսով, Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողն իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԿԴ/0316/01/23 քրեական գործով Վերաքննիչ քրեական դատարանի՝ դատական ակտը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետների խախտմամբ կողմին հանձնելու գործողությանը և Վճռաբեկ դատարանի կողմից կայացված դատական ակտի բովանդակությանը։ Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են խնդրո առարկա քրեական գործով Վերաքննիչ քրեական դատարանի՝ դատական ակտը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետների խախտմամբ կողմին հանձնելու և Վճռաբեկ դատարանի գործողությունների (կայացրած դատական ակտի) իրավաչափությանը:

Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի սահմանադրականության գնահատում, այլ խնդրո առարկա քրեական գործի շրջանակում Վերաքննիչ քրեական դատարանի՝ դատական ակտը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետների խախտմամբ կողմին հանձնելու գործողության և Վճռաբեկ դատարանի կայացրած դատական ակտի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Ուստի՝ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Սեդրակ Սարգսյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Ե. Խունդկարյան

Անդամներ՝ Է. Շաթիրյան

Հ. Հովակիմյան

21 օգոստոսի 2026 թվականի

ՍԴԴԿՈ-71

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 օգոստոսի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-71
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել