Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԿԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ, ՍԵԴԱ ՓԻԼՈՅԱՆԻ, ԱՆՆԱ ՓԻԼՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 419-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԿԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ, ՍԵԴԱ ՓԻԼՈՅԱՆԻ, ԱՆՆԱ ՓԻԼՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 419-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-6129 ապրիլի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-61)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 29 ապրիլի 2025թ. ՍԴԱՈ - 61 | «ԿԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ, ՍԵԴԱ ՓԻԼՈՅԱՆԻ, ԱՆՆԱ ՓԻԼՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 419-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԿԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ, ՍԵԴԱ ՓԻԼՈՅԱՆԻ, ԱՆՆԱ ՓԻԼՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 419-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Կարինե Խաչատուրյանի, Սեդա Փիլոյանի, Աննա Փիլոյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2023 թվականի հունվարի 20-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Կարինե Խաչատուրյանի, Սեդա Փիլոյանի և Աննա Փիլոյանի (այսուհետ` Դիմողներ, ներկայացուցիչ՝ Արտակ Զեյնալյան) դիմումը, որով Դիմողները խնդրել են՝ Սահմանադրության 1, 3, 6, 61, 63, 75, 79 և 80-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածն այնքանով, որքանով Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի դատական ակտի պատճառաբանական մասում իրավական դիրքորոշումը, Հայաստանի ներպետական իրավական ակտերին, ներպետական դատական գործերով հաստատված փաստերին տրված իրավական գնահատականներն ու որակումները չեն դիտարկվում որպես դատական ակտի վերանայման նոր հանգամանք:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի փետրվարի 9-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2018 թվականի փետրվարի 27-ին և ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ին:

3. Օրենսգրքի՝ «Նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը» վերտառությամբ 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը սահմանում է.

«1. Նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե`

(…)

2) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, կամ եթե անձը տվյալ վճռի կամ որոշման ուժի մեջ մտնելու պահին ունեցել է այդ իրավունքը միջազգային պայմանագրով նախատեսված պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն կամ միջազգային դատարանը հաստատել է կողմերի միջև ձեռք բերված հաշտության համաձայնությունը (բարեկամական կարգավորումը) կամ Հայաստանի Հանրապետության կողմից արված միակողմանի հայտարարությունը.»:

4. Ազգային ժողովի կողմից 2022 թվականի հունիսի 9-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքով (ՀՕ-182-Ն) վերոնշյալ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «հնարավորություն» բառից հետո լրացվել է «կամ միջազգային դատարանը հաստատել է կողմերի միջև ձեռք բերված հաշտության համաձայնությունը (բարեկամական կարգավորումը) կամ Հայաստանի Հանրապետության կողմից արված միակողմանի հայտարարությունը» բառերը:

Գործի նախապատմությունը

5. Երևան քաղաքի Փ. Բուզանդի փողոցի N 85 հասցեում գտնվող երկհարկանի շինության (այսուհետ՝ Շինություն) երկրորդ հարկի 42.7 ք/մ մակերեսով բնակարանը (այսուհետ՝ Առաջին բնակարան) պատկանել է Կարինե Խաչատուրյանին, իսկ Շինության առաջին հարկի 46.3 ք/մ մակերեսով բնակարանը (այսուհետ՝ Երկրորդ բնակարան) պատկանել է Դիմողներին:

6. Հայաստանի Հանրապետության Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (այսուհետ՝ Դատարան), հիմք ընդունելով Կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի «Երևան քաղաքի վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու, գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման կարգը և նկարագրության արձանագրության օրինակելի ձևը հաստատելու մասին» թիվ 108-Ն որոշումը (այսուհետ՝ Կառավարության որոշում), 2007 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2-4098 գործով կայացրած վճռով պարտավորեցրել է Դիմողներին` օտարել Երկրորդ բնակարանն անհատ ձեռներեց Հայկ Բեգլարյանին, իսկ թիվ 2-4099 գործով կայացված վճռով Դատարանը պարտավորեցրել է Կարինե Խաչատուրյանին օտարել Առաջին բնակարանն անհատ ձեռներեց Հայկ Բեգլարյանին:

7. Դատարանը 2008 թվականի մայիսի 26-ի վճռով դադարեցրել է Դիմողների սեփականության իրավունքը Երևան քաղաքի Փ. Բուզանդի փողոցի N 85 հասցեի նկատմամբ, ճանաչել է Հայկ Բեգլարյանի սեփականության իրավունքը Երևան քաղաքի Փ. Բուզանդի փողոցի N 85 հասցեի նկատմամբ և որոշել է վտարել Դիմողներին Երևան քաղաքի Փ. Բուզանդի փողոցի N 85 հասցեից:

8. Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 2008 թվականի նոյեմբերի 6-ին բեկանել է Դատարանի 2007 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2-4099 գործով կայացրած վճիռը և գործն ուղարկել է Դատարան նոր քննության:

9. Դատարանը 2009 թվականի ապրիլի 22-ի վճռով մերժել է Հայկ Բեգլարյանի հայցը՝ Առաջին բնակարանը Կառավարության որոշման մեջ որպես պետության կարիքների համար վերցվող սեփականության օբյեկտ ներկայացված չլինելու հիմքով:

10. Վերաքննիչ դատարանը 2009 թվականի հոկտեմբերի 20-ին անփոփոխ է թողել Դատարանի 2009 թվականի ապրիլի 22-ի վճիռը՝ հղում կատարելով Դատարանի 2007 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2-4098 գործով կայացրած և 2008 թվականի մայիսի 26-ի ուժի մեջ մտած վճիռներին:

11. Վճռաբեկ դատարանը 2009 թվականի դեկտեմբերի 28-ին վերահաստատել է Վերաքննիչ դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ տրված պատճառաբանությունն այն մասին, որ միևնույն կողմերի միջև միևնույն վեճի առնչությամբ կա վերջնական և պարտադիր ուժ ունեցող վճիռ:

12. Կարինե Խաչատուրյանը 2010 թվականի փետրվարի 19-ին Առաջին բնակարանի վերաբերյալ գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան (այսուհետ՝ ՄԻԵԴ) այն հիմքով, որ խախտվել է իր՝ գույքից անարգել օգտվելու իրավունքը:

13. ՄԻԵԴ-ը 2020 թվականի մարտի 19-ի «Խաչատուրյանն ընդդեմ Հայաստանի» վճռով (այսուհետ՝ ՄԻԵԴ վճիռ) ճանաչել է Կարինե Խաչատուրյանի իրավունքի խախտումը՝ Առաջին բնակարանի գործով և հաստատել այն հանգամանքը, որ Շինության օտարումը բացառիկ՝ գերակա հանրային շահ չի ճանաչվել, քանի որ այն Կառավարության որոշման մեջ ներառված չի եղել: Չնայած նշված հանգամանքին, այնուամենայնիվ, Առաջին բնակարանն օտարվել է պետության կարիքների համար, իսկ Կարինե Խաչատուրյանին սեփականության իրավունքից զրկելը «օրենքով նախատեսված պայմաններին» չի համապատասխանել:

14. Կարինե Խաչատուրյանը 2020 թվականի հունիսի 19-ին վերաքննիչ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ Դատարանի 2007 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2-4098 Երկրորդ բնակարանի գործով կայացված վճռի դեմ՝ հիմք ընդունելով ՄԻԵԴ-ի վճիռը՝ որպես նոր հանգամանք: 2020 թվականի նոյեմբերի 12-ին Սեդա Փիլոյանի անունից, իսկ 2020 թվականի դեկտեմբերի 22-ին Աննա Փիլոյանի անունից նույնպես նույն հիմքով ներկայացվել է վերաքննիչ բողոք՝ խնդրելով այն քննել Կարինե Խաչատուրյանի բողոքի հետ համատեղ:

15. Վերաքննիչ դատարանը 2022 թվականի մարտի 30-ի որոշմամբ մերժել է Դիմողների բողոքները և արձանագրել, որ Օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով դատական ակտի բեկանման համար անհրաժեշտ է, որ միջազգային դատարանի՝ ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորված լինի, որ վերանայվող դատական ակտով է խախտվել անձի իրավունքները: Կարինե Խաչատուրյանը վիճարկել է Առաջին բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքից զրկելու իրավաչափությունը, և ՄԻԵԴ-ն արձանագրել է իրավունքի խախտում այդ բնակարանի մասով: Երկրորդ բնակարանի նկատմամբ իրավունքի խախտում ՄԻԵԴ-ի վճռով չի ճանաչվել: Վերաքննիչ դատարանը նաև նշել է, որ ՄԻԵԴ-ում դիմումի ընդունելիության նախապայմաններից մեկն իրավունքի պաշտպանության ներպետական իրավական միջոցների սպառումն է, մինչդեռ թիվ 2-4098 վճիռը նախկինում չի բողոքարկվել, հետևաբար՝ 2020 թվականի մարտի 19-ի վճռով ՄԻԵԴ-ը Երկրորդ բնակարանի նկատմամբ Կարինե Խաչատուրյանի սեփականության իրավունքի խախտման հարցին չի անդրադարձել:

16. Դիմողների անունից Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք, որի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը 2022 թվականի հուլիսի 20-ին կայացրել է «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշում:

Դիմողների դիրքորոշումները

17. Ներկայացնելով թիվ 2-4098 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողները նշում են, որ իրենց համար բացասական իրավական հետևանքներ է առաջացրել Վերաքննիչ դատարանի կողմից իրենց նկատմամբ, inter alia, կիրառված և Վերաքննիչ դատարանի 2022 թվականի մարտի 30-ի որոշման շրջանակներում անմիջականորեն վկայակոչված՝ Օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը:

18. Ըստ Դիմողների՝ «(…) Միջազգային իրավունքի նորմերը՝ ՀՀ Սահմանադրական նորմերը մեկնաբանելու համար իրավունքի աղբյուր են և դրանք այն նվազագույն պայմաններն են, որոնք սահմանադրական նորմերը մեկնաբանելիս կարելի է վերագրել վերջիններիս: Որևէ իրավակարգավորում, որը հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին՝ անվերապահորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը, սա բխում է ՀՀ Սահմանադրության 3, 5 (6), 81, (43), 116-րդ (3-րդ մաս) հոդվածներից»:

19. Դիմողները փաստում են, որ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածով երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների էությունն ապահովելու նպատակով յուրաքանչյուր իրավական պետություն պարտավոր է իր ներպետական օրենսդրությամբ անհրաժեշտ իրավական նախադրյալներ ստեղծել արդարադատության մատչելիության, հասանելիության սկզբունքների ապահովման, անձի իրավունքների արդյունավետ պաշտպանությունը երաշխավորելու համար:

20. Դիմողները նշում են, որ սույն դիմումով վիճարկում են Օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ իրավական բացի սահմանադրականությունը: Օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթները (իրավական բացը) թույլ չեն տվել, որ Վերաքննիչ դատարանը 2022 թվականի մարտի 30-ի որոշմամբ նոր հանգամանքի հիմքով վերջնական դատական ակտը վերանայի, ըստ որի՝ «ՄԻԵԴ դատական ակտի պատճառաբանական մասում շարադրված իրավական դիրքորոշումները և Հայաստանի ներպետական իրավական ակտերին տրված իրավական գնահատականներն ու որակումները «նոր հանգամանք» չեն ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայման վարույթ հարուցելու համար: Սահմանադրաիրավական վեճի առարկա հոդվածի դրույթների՝ 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, դատական ակտի բեկանման համար անհրաժեշտ է, որ Հայաստանի վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի՝ ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորված լինի, որ վերանայվող դատական ակտով է խախտվել անձի՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքը»:

21. Դիմողներն ընդգծում են, որ սույն դիմումով սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթների բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից ուղղակիորեն չի բխում, որ միջազգային դատարանի դատական ակտի պատճառաբանական մասում Հայաստանի Հանրապետության նորմատիվ ակտի դրույթների, իրավակիրառական պրակտիկայի, փաստերի գնահատման իրավաչափության վերաբերյալ՝ Կոնվենցիայի տեսակետից արտահայտած իրավական դիրքորոշումը, խնդրո առարկա նորմատիվ ակտի, դրա դրույթի կամ փաստերի կիրառմամբ ընդունված դատական ակտերը նոր հանգամանքով վերանայման համար հիմք է:

22. Դիմողները նշում են, որ Օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը գործի վերաբացման հիմք է նախատեսում՝ ուժի մեջ մտած միջազգային դատարանի ակտով անձի միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստի հիմնավորումը: Այս դրույթը սահմանափակվում է ակտի եզրափակիչ մասում կատարված եզրահանգումներով: Սա հակասում է ՄԻԵԴ-ի իրավական դիրքորոշումներին, ըստ որի՝ «իր վճիռների պատճառաբանական մասում արտահայտած իրավական դիրքորոշումները և՛ս պարտադիր են պետությունների կատարման համար»:

23. Դիմողները փաստում են, որ իրավունքի գերակայության, արդարության, օրինականության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքներից բխում է, որ օրինականության խախտման վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումների և ՄԻԵԴ-ի վճիռների պատճառաբանական մասերում արտահայտած իրավական դիրքորոշումների, գնահատականների նոր հանգամանքով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար պայման հանդիսանալն ունիվերսալ է իրավունքի բոլոր դատարանների համար, և Սահմանադրությունը, ինչպես նաև ՄԻԵԴ-ը քաղաքացիական գործերով բացառություն չեն սահմանել: Հակառակ դեպքում՝ այն վարույթը, որի արդյունքում Սահմանադրական դատարանը կամ ՄԻԵԴ-ը նորմատիվ իրավական ակտի կամ ներպետական դատարանների կողմից փաստերի գնահատումը ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ իրավական դիրքորոշում, գնահատական է տվել, սակայն դատական ակտի եզրափակիչ մասում անվավեր չի ճանաչել կամ չի բացահայտել դրա իրավական ճշգրիտ բովանդակությունը (եզրափակիչ մասում), իմաստազրկում է իրավունքի գերակայության, արդարության, օրինականության սկզբունքները, իսկ Սահմանադրության 1-ին, 3, 4, 61, 63, 75, 79 և 80-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքները մնում են տեսական, չեն նյութականանում և այդպիսով իմաստազրկվում են:

Պատասխանողի դիրքորոշումները

24. Ազգային ժողովը (այսուհետ՝ Պատասխանող) գտնում է, որ «(…) օրենսդիրը, սահմանելով դատական ակտը վերանայող դատարանի լիազորությունները, հստակեցրել է, որ.

ա. դատական ակտի վերանայման հիմք կարող է հանդիսանալ միջազգային դատարանի (տվյալ դեպքում՝ Եվրոպական դատարանի) կայացրած դատական ակտը, որով արձանագրվել է Կոնվենցիայի դրույթների խախտում,

բ. Եվրոպական դատարանի կայացրած դատական ակտը, որով արձանագրվել է Կոնվենցիայի խախտում, հանդիսանում է նոր հանգամանք, որը, թեև առաջացել է ներպետական դատական ակտի ընդունումից հետո, բայց որը կարևոր է գործի ճիշտ լուծման համար,

գ. թեև հիմնավորվում է, որ Եվրոպական դատարանի դատական ակտը նոր հանգամանք է, այդուհանդերձ այն դատարանի համար վերանայվող դատական ակտի բեկանման հիմք կարող է չհանդիսանալ, եթե դատական ակտի վերանայման արդյունքում կպարզվի և կհիմնավորվի, որ այն ըստ էության հետագայում չի կարող որևէ ազդեցություն ունենալ գործի ելքի վրա»:

25. Ըստ Պատասխանողի՝ նոր հանգամանքի հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի նպատակն է անձանց խախտված իրավունքների վերականգնումը: Նման պայմաններում իրավական պետության առաջնային նպատակներից մեկն է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը, ինչպես նաև դրա արդյունքում առաջացած բացասական հետևանքների վերացումը՝ վերականգնելով նաև մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum):

26. Պատասխանողը գտնում է, որ օրենսդրի կողմից հստակորեն նախատեսվել է, որ այն բոլոր դեպքերում, երբ միջազգային դատարանի որոշմամբ կամ վճռով հիմնավորվել կամ հաստատվել է անձի՝ ներպետական դատարանների կողմից որևէ սահմանադրական կամ կոնվենցիոն իրավունքի խախտման փաստ՝ վիճարկվող դրույթի համատեքստում այն անվերապահորեն հանդիսանում է նոր հանգամանք՝ հիմք, արդեն իսկ ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման համար:

27. Անդրադառնալով օրենքի ենթադրյալ բացի խնդրին՝ Պատասխանողը նշում է, որ խնդրո առարկա իրավակարգավորման առնչությամբ օրենքի բաց առկա չէ, քանի որ օրենսդրի կողմից հետևողականորեն և ամբողջությամբ կանոնակարգվել է նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման գործընթացը՝ որպես անձի սահմանադրական իրավունքների արդյունավետ պաշտպանության երաշխիք:

28. Վերոհիշյալ վերլուծությունների համատեքստում Պատասխանողը եզրահանգում է, որ վիճարկվող դրույթն ապահովում է անձի՝ նոր հանգամանքի առկայության պայմաններում դատարան դիմելու իրավունքի իրացման հնարավորությունը: Նշվածին զուգահեռ՝ օրենսդիրը, հիմքում ունենալով համաչափության ողջամիտ հարաբերակցություն ապահովելու նպատակը, սահմանել է որոշակի պայմաններ այդ իրավունքի իրացման գործընթացում, որոնք որևէ կերպ կամ այն աստիճանի չեն սահմանափակում անձի՝ դատարանի մատչելիության իրավունքն այնպես, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը:

29. Պատասխանողը խնդրում է սույն գործով ընդունել որոշում՝ վիճարկվող դրույթները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին:

Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

30. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Սահմանադրական օրենք) 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել է սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմք:

31. Ուսումնասիրելով և վերլուծելով դիմումն ու կից փաստաթղթերը, Պատասխանողի գրավոր բացատրությունը, ինչպես նաև Դատական դեպարտամենտից, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչից և Վերաքննիչ դատարանից ստացված նյութերը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ «Կարինե Խաչատուրյանի, Սեդա Փիլոյանի, Աննա Փիլոյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է կարճման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն, ըստ որի՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-5-րդ կետերում նշված գործերով ներկայացված որևէ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի որոշում։

32. Մասնավորապես՝ Սահմանադրական դատարանը, քննելով «Արամայիս, Համասփյուռ, Արմինե, Արման, Արշակ, Լևոն, Մանուշակ Ալիխանյանների և այլոց դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 2025 թվականի փետրվարի 11-ի ՍԴՈ-1769 որոշմամբ (այսուհետ նաև՝ Որոշում) անդրադարձել է հետևյալ հարցադրումներին.

«ա) արդյո՞ք վիճարկվող դրույթը համապատասխանում է Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով և 63-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմնական իրավունքների սահմանափակման իմաստով՝ Սահմանադրության 79-րդ հոդվածով նախատեսված որոշակիության պահանջներին.

բ) արդյո՞ք վիճարկվող դրույթով նախատեսված՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դիմաց համարժեք փոխհատուցում վճարելու պահանջի առնչությամբ նոր հանգամանքով դատական ակտերի վերանայման սահմանափակումները հետապնդում են սահմանադրաչափ նպատակ.

գ) արդյո՞ք վիճարկվող դրույթով նախատեսված՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դիմաց համարժեք փոխհատուցման պահանջի առնչությամբ նոր հանգամանքով դատական ակտերի վերանայման սահմանափակումները համապատասխանում են Սահմանադրության 78-րդ հոդվածով նախատեսված համաչափության սկզբունքին»։

33. Որոշման մեջ Սահմանադրական դատարանն արտահայտել է, ի թիվս այլնի, հետևյալ դիրքորոշումները.

1) «(…) վերջնական դատական ակտը Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռի կամ որոշման հիման վրա վերանայելու կարգավորումը, բացի համապատասխան միջազգային դատարան դիմում ներկայացրած անձից, որի դիմումի հիման վրա ընդունվել է համապատասխան միջազգային դատարանի վճիռը կամ որոշումը, նաև տարածվում է այն անձանց վրա, որոնք թեև չեն դիմել տվյալ միջազգային դատարան, սակայն համապատասխան միջազգային դատարանի վճռի կամ որոշման ուժի մեջ մտնելու պահին ունեցել են նույն միջազգային դատարան դիմելու իրավունք: Այսինքն՝ վիճարկվող դրույթի կարգավորումից օգտվելու հնարավորության առկայության մասին եզրահանգման համար՝ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման իրավասությամբ օժտված` Հայաստանի Հանրապետության դատարանն անհրաժեշտաբար պետք է պարզի, թե արդյոք միջազգային դատարանի կողմից սույն սահմանադրական վեճի շրջանակներում ՄԻԵԴ-ի կայացրած համապատասխան վճիռը կամ որոշումն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ անձն ունեցել է ՄԻԵԴ դիմում ներկայացնելու իրավունք»,

2) «(…) Օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթից հետևում է, որ ՄԻԵԴ-ի վճռի հիման վրա դատական ակտի վերանայման համար անհրաժեշտ է, որ (1) այդ միջազգային դատարանի ակտով արձանագրվի գործին մասնակցած անձի իրավունքի խախտում, կամ (2) իրավունքի խախտում արձանագրող ՄԻԵԴ-ի վճռի կայացման պահին գործին մասնակցած անձը, որը չէր դիմել ՄԻԵԴ, ՄԻԵԿ-ի պահանջներին համապատասխան ունենար նման հնարավորություն։ Այսպիսով, վիճարկվող դրույթով հնարավոր է համարվում դատական ակտի վերանայում նոր հանգամանքի հիմքի «հորիզոնական» ազդեցությամբ, այսինքն՝ նաև այն դեպքերում, երբ ՄԻԵԴ-ի կայացրած ակտն անհատապես չի վերաբերում գործին մասնակցած անձի իրավունքի խախտմանը, սակայն պայմանով, որ իրավունքի խախտում արձանագրող ՄԻԵԴ-ի վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահին այդ անձը պետք է ՄԻԵԿ-ի պահանջներին (ժամկետներին) համապատասխան ունենար ՄԻԵԴ դիմելու իրավունք»,

3) «(…) ՄԻԵԴ-ի վճիռներով և որոշումներով (որոնց փաստակազմը թույլ է տալիս նույնանման գործերով կոնվենցիոն իրավունքների խախտման մասին եզրահանգման գալ) արձանագրված իրավունքի խախտումները հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դիմաց «նախնական և համարժեք փոխհատուցում» ստանալու իրավունքի պաշտպանության նպատակով անձի գործով կայացված օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման համար հիմք չեն հանդիսանում, եթե անձը չի դիմել ՄԻԵԴ կամ ՄԻԵԴ-ի վճիռը կայացվելու պահին ՄԻԵԿ-ի պահանջներին (ժամկետներին) համապատասխան ՄԻԵԴ դիմելու իրավունք չի ունեցել»։

34. Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ վիճարկվող՝ Օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը հաշվի չի առնում հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դիմաց «նախնական և համարժեք փոխհատուցում» ստանալու՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված երաշխիքի առանձնահատկությունները, և իր հիմքում ունենալով Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ սեփականության իրավունքի սահմանափակման ընդհանուր կանոնը, բոլոր տեսակի քաղաքացիական իրավահարաբերությունների համար սահմանել է նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման միևնույն նախապայմաններն ու վերապահումները: Այսինքն՝ Օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը չի արտացոլում Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված «նախնական և համարժեք փոխհատուցման» իրավունքի բացարձակ բնույթով պայմանավորված՝ դրա թե՛ նյութական, թե՛ ընթացակարգային (մասնավորապես՝ արդար դատաքննության իրավունքի համապատասխան կառուցակարգերի, ներառյալ` նոր հանգամանքով դատական ակտերի վերանայման, միջոցով պաշտպանության) բաղադրիչներին անմիջամտելիության սահմանադրական երաշխիքը:

35. Սահմանադրական դատարանը, հիմք ընդունելով հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դիմաց «նախնական և համարժեք փոխհատուցման» իրավունքի բացարձակ լինելու վերաբերյալ հայտնած իր դիրքորոշումները, գտել է, որ «(…) սկզբունքորեն անձանց համար պետք է բաց լինի «նախնական և համարժեք փոխհատուցման» իրավունքի պաշտպանություն ստանալու «իրավական հնարավորության պատուհանը»:

36. Հետևաբար՝ Սահմանադրական դատարանը գտել է նաև, որ «(…) բոլոր այն գործերով, երբ խնդրո առարկա են Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված «նախնական» կամ «համարժեք» փոխհատուցման սահմանադրական երաշխիքների իրավական բովանդակությունը կազմող սկզբունքները, և նոր հանգամանք հանդիսացող դատական ակտով արձանագրվել է դրանցից որևէ մեկի խախտում, նույնաբովանդակ այլ հնարավոր խախտումների զոհերի վերաբերյալ կայացված դատական ակտերի՝ նոր հանգամանքով վերանայման և վերջիններիս իրավունքների վերականգնման հնարավորության սահմանափակումն անհամաչափ միջամտություն է անձի սեփականության և արդար դատաքննության հիմնական իրավունքներին՝ հակասելով համապատասխանաբար Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ և 63-րդ հոդվածի 1-ին մասերին»։

37. Սահմանադրական դատարանն իր Որոշմամբ եզրահանգել, որ «(…) նոր հանգամանքով բողոք բերելու իրավունքը պետք է ապահովվի նաև այն անձանց համար, որոնք, մասնակցած չլինելով Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող դատարանում քննված գործին, նույն դատարանի կողմից վճռի կամ որոշման կայացման պահին չեն ունեցել այդ դատարան դիմելու իրավունքը միջազգային պայմանագրով նախատեսված պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն, սակայն միջազգային դատարանի ակտը վերաբերում է իրենց իրավունքների նույնաբովանդակ խախտմանը, այն է՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դիմաց «նախնական և համարժեք փոխհատուցման» որևէ սկզբունքի խախտման»։

38. Հիմք ընդունելով վերը նշվածը և հաշվի առնելով, որ Կարինե Խաչատուրյանի, Սեդա Փիլոյանի, Աննա Փիլոյանի կողմից ներկայացված դիմումում Օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կապակցությամբ առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի 2025 թվականի փետրվարի 11-ի ՍԴՈ-1769 որոշումը, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Կարինե Խաչատուրյանի, Սեդա Փիլոյանի, Աննա Փիլոյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

29 ապրիլի 2025 թվականի

ՍԴԱՈ-61

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 ապրիլի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-61
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել