Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՎԱՐԴԱՆԻ ԶԱՐԹՈՆՔԸ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՎԱՐԴԱՆԻ ԶԱՐԹՈՆՔԸ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-1821 հունիսի, 2016 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-18)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 21 հունիսի 2016թ. ՍԴԴԿՈ/1 - 18 | «ՎԱՐԴԱՆԻ ԶԱՐԹՈՆՔԸ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

21 հունիսի 2016թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը`

Նախագահությամբ Ա.Գյուլումյանի

Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի

Ա.Պետրոսյանի

Քննության առնելով «Վարդանի Զարթոնքը» ՍՊԸ-ի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` «Վարդանի Զարթոնքը» ՍՊԸ-ն 02.06.2016թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով` «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ մասի` «կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ» դրույթը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 6-րդ, 50-րդ և 60-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

2. Դիմողը գտնում է, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ մասի` «կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ» դրույթը հակասում է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասին, քանի որ նախատեսում է օրենքի դրույթի իրավական ուժ չունենալու իրավիճակ այն պայմաններում, երբ օրենքով նախատեսված չէ այդ դրույթի կատարումն ապահովող ենթաօրենսդրական ակտ ընդունելու հնարավորություն:

Դիմողի կարծիքով, վիճարկվող իրավանորմը հանդիսանում է մասնավոր սուբյեկտների համար լրացուցիչ երաշխիք հանրային իշխանության անգործությունից բխող բացասական իրավական հետևանքների դեմ: Այսինքն, եթե հանրային իշխանության մարմինը թերանում է որևէ իրավական ակտ ընդունելու հարցում, որով պայմանավորված է մեկ այլ իրավական ակտում ամրագրված նորմի կատարումը, ապա այդ երկրորդ նորմը չի կարող կիրառվել դրա գործողության տիրույթում գտնվող սուբյեկտների նկատմամբ և չի կարող անցանկալի իրավական հետևանքներ առաջացնել վերջիններիս համար: Ըստ դիմողի` այս կամ այն նորմի կատարման համար անհրաժեշտ է մեկ այլ իրավական ակտի ընդունում, թե` ոչ, կախված է մնում զուտ իրավակիրառողի հայեցողությունից ստեղծելով անկանխատեսելիության լայն դաշտ իրավահարաբերության մասնակիցների համար:

Դիմողը կարծում է, որ ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի սահմանադրական դրույթից հետևում է ոչ միայն անձի պարտականությունը վճարելու օրենքին համապատասխան սահմանված պարտադիր վճարներ, այլև այստեղից հետևում է նաև անձի իրավունքը պահանջելու, որ իրենից պարտադիր վճարների գանձումը տեղի ունենա օրենքին համապատասխան: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը պետական տուրքի վճարման եղանակներ է սահմանել ինչպես փաստացի վճարումը, այնպես էլ` հաշվանցը: Ըստ դիմողի` օրենքի վիճարկվող դրույթի առկայության պայմաններում ստեղծվել է իրավիճակ, երբ Ընկերության համար բացառվել է օրենքին համապատասխան հաշվանց կատարելու եղանակով պետական տուրքի պարտավորությունը մարելու հնարավորությունը:

3. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով և ելնելով խնդրո առարկա դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից «Վարդանի Զարթոնք» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ:

Դիմումին կից ներկայացված դատական ակտերի, մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դիմողի համար իրավական համապատասխան հետևանքների առաջացումը պայմանավորված է ոչ թե նրա կողմից վիճարկվող դրույթով, այլ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավակարգավորումներով:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում օրենսդիրը, ամրագրելով պետական տուրքերը ժամանակին և լրիվ վճարելու պարտականությունը, միաժամանակ սահմանել է դրա վերադարձման կարգը` այդ գործողությունը պայմանավորելով վճարողի կողմից դիմում ներկայացնելով: Ի տարբերություն հարկային օրենսդրության, որտեղ նախատեսված է գերավճարները հարկային մարմնի կողմից հարկ վճարողի այլ պարտավորությունների հաշվին հաշվանցելու և/կամ վերադարձնելու հնարավորությունը, ընդ որում` հարկ վճարողի համապատասխան դիմումի հիման վրա, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը հարկային մարմնի համար պետական տուրքի գերավճարների հաշվանցում կատարելու իրավական հնարավորություն չի նախատեսում: Այսինքն` դիմողի համար առաջացած անցանկալի հետևանքներն արդյունք են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով ամրագրված իրավակարգավորումների: Ինչ վերաբերում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ մասի` դիմողի կողմից վիճարկվող դրույթին, ապա վերջինս վկայակոչված է ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման մեջ որպես «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթների վերաբերյալ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների հիմնավորում:

ՀՀ Սահմանադրության 101–րդ հոդվածի 6-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով օրենքի դրույթի կիրառում հասկացության սահմանադրաիրավական բովանդակությունը Սահմանադրական դատարանը բացահայտել է իր` 2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշման մեջ, մասնավորապես, արտահայտելով իրավական դիրքորոշում առ այն, որ «...ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետի` «...իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի...» բառակապակցության մեջ կիրառում հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման: Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի կիրառում, երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ: Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի կիրառում»:

Վերոշարադրյալի համատեքստում վիճարկվող դրույթը դիմողի նկատմամբ չի կիրառվել, քանի որ ՀՀ վճռաբեկ դատարանի դատական ակտում խնդրո առարկա դրույթի վկայակոչումն իրավական հետևանքներ չի առաջացրել դիմողի նկատմամբ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

«Վարդանի Զարթոնքը» ՍՊԸ-ի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:

Նախագահող`

Անդամներ`

21 հունիսի 2016 թվականի

ՍԴԴԿՈ/1-18

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 հունիսի, 2016 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-18
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել