Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐՄԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐՄԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-3130 հունիսի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-31)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 30 հունիսի 2025թ. ՍԴԴԿՈ - 31 | ԱՐՄԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 30 հունիսի 2025 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը՝

Նախագահությամբ՝ Ս. Սաֆարյանի,

Անդամակցությամբ՝ Հ. Թովմասյանի,

Ա. Վաղարշյանի,

Քննության առնելով Արմեն Առաքելյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Արմեն Առաքելյանի (այսուհետ նաև` Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Աշոտ Աբրահամյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի հունիսի 18-ին, որով Դիմողը խնդրել է.

«(…) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, այնքանով, որքանով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու փաստարկների և հիմնավորումների բավարար չլինելու հիմքում դրված եզրահանգման հետ մեկտեղ, չի պարունակի նաև դրան հանգեցրած պատճառաբանությունը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

2. Ներկայացնելով թիվ ԵԴ/36083/02/20 քաղաքացիական գործի նախապատմությունը և վկայակոչելով Սահմանադրության և Քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) վերաբերելի կարգավորումները, ինչպես նաև Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ նաև՝ ՄԻԵԴ) վերաբերելի որոշումների համապատասխան դիրքորոշումները՝ Դիմողը նշում է, որ Սահմանադրության 171-րդ հոդվածով Վճռաբեկ դատարանին տրվել է լիազորություն՝ ապահովելու օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը, վերացնելու մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները, իսկ Օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 5-7-րդ կետերով սահմանված է, որ Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են իրավական հիմքերը, որոնցով դրվել է դատական ակտի օրինականությունն ստուգելու հարցը (օրենքներ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրեր և այլ իրավական ակտեր, որոնցով ղեկավարվել է Վճռաբեկ դատարանը որոշում կայացնելիս), մինչդեռ Դիմողի գործով Վճռաբեկ դատարանը չի տրամադրել բավարար պատճառաբանություն՝ սահմանափակվելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումներով, ինչը, ըստ Դիմողի, հակասում է Սահմանադրության 61, 63, 78-79-րդ հոդվածներին, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ ՄԻԵԿ) 6-րդ և 9-րդ հոդվածներին, ՄԻԵԴ-ի և Սահմանադրական դատարանի՝ 2022 թվականի փետրվարի 1-ի ՍԴՈ-1628 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումներին առ այն, որ դատական որոշումները պետք է պարունակեն հստակ պատճառաբանություն՝ կողմերի փաստարկները գնահատելու և հանրային վստահությունն ապահովելու համար, որպիսի պատճառաբանվածությունն արդար դատաքննության անբաժանելի մաս է:

Վերոնշյալի լույսի ներքո՝ Դիմողը գտնում է, որ Վճռաբեկ դատարանը թերացել է կատարել դատական ակտը պատճառաբանելու իր պարտավորությունը՝ պարտավոր լինելով դատական ակտում կատարել պատճառաբանված եզրահանգումներ՝ նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը վարույթը ընդունելը մերժելու մասին որոշման նկատմամբ ուղղակիորեն տարածվում է դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ Սահմանադրության 63-րդ հոդվածով նախատեսված՝ արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ հանդիսացող դատական ակտի պատճառաբանվածության պահանջը:

Ամփոփելով՝ Դիմողն առաջ է քաշում հետևյալ հարցադրումները.

- արդյո՞ք Վճռաբեկ դատարանի սահմանադրական լիազորությունների, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման նկատմամբ ուղղակիորեն չի տարածվում դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ Սահմանադրության 63-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքից բխող՝ պատճառաբանվածության պահանջը, որից որևէ շեղում օրենսդրի կողմից նախատեսված չէ, որպիսի դիրքորոշումն ամրագրված է Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1628 որոշմամբ Օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածների կիրառման նկատմամբ արտահայտած իրավական դիրքորոշմամբ,

- արդյո՞ք Վճռաբեկ դատարանը սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշում կայացնելիս իրավասու էր որոշման հիմքում դնել «Մելտեքս» ՍՊԸ-ն և Մեսրոպ Մովսիսյանն ընդդեմ Հայաստանի գործով 2008 թվականի հունիսի 17-ի վճիռն այն դեպքում, երբ տվյալ ժամանակահատվածում Վճռաբեկ դատարանն ունեցել է սահմանադրական լիազորություն վճռաբեկ բողոքի հիմքով վերանայելու գործին մասնակցող անձանց նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը, և հետևաբար՝ նման պայմաններում արդյո՞ք Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1628 որոշմամբ Օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածների վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումը, որոշման մեջ պարտավոր չէր տալ նաև որոշման հիմնավորումները՝ կիրառելով դատական ակտերի պատճառաբանված լինելու սահմանադրական պարտավորությունը, որը չկիրառելով՝ հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված՝ Դիմողի հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը,

- արդյո՞ք Օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթների իմաստով «վճռաբեկ բողոքում ներկայացրած հիմնավորումները բավարար չլինելու մասին եզրահանգումը» չի հակասում Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 78-79-րդ հոդվածներով ամրագրված՝ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքին այն հիմնավորմամբ, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման նկատմամբ ուղղակիորեն տարածվում է դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ Սահմանադրության 63-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ հանդիսացող դատական ակտի պատճառաբանվածության պահանջը, որից որևէ շեղում օրենսդրի կողմից նախատեսված չէ, մինչդեռ Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի մարտի 5-ի դատական ակտում շարադրված չէ նման եզրահանգման համար հիմք ծառայած դատողությունների ընթացքը, «(...) ինչը հակասում է Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1628 որոշմամբ՝ Օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածների վերաբերյալ արտահայտած իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությանը»:

3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ սահմանված են դիմումի ընդունելիության օրենսդրական չափանիշների իրավական առանձնահատկությունները, որոնք դիմողը պետք է հաշվի առնի Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելիս: Ի շարս այլ չափանիշների՝ Սահմանադրական դատարանն անդրադարձել է նաև դիմումի առարկայի վերաբերելիությանը Սահմանադրական դատարանի իրավասությանը և այդ համատեքստում՝ նաև դիմումի առերևույթ հիմնավորվածությանը: Ըստ այդմ՝ Սահմանադրական դատարանը գտել է, որ «(...) դիմումը չի բավարարում հիմնավորված լինելու պահանջը նաև այն դեպքում, երբ դիմողի հիմնավորումները կապված են ոչ թե վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցի հետ, այլ վերաբերում են պարզապես այդ օրինադրույթի կիրառման իրավաչափության հարցին: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Ըստ այդմ՝ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ՝ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի սահմանադրականության գնահատման հարցեր:

Սույն պարագայում Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողի կողմից վիճարկվում է Օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի սահմանադրականությունը, սակայն չեն ներկայացվում այդ պնդումը հիմնավորող համարժեք փաստարկներ: Փոխարենը՝ Դիմողը ներկայացրել է հիմնավորումներ առ այն, որ Վճռաբեկ դատարանի՝ Դիմողի բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը չի համապատասխանում Օրենսգրքի, Սահմանադրական դատարանի և ՄԻԵԿ-ի համապատասխան կանոնակարգումներին, ինչից հետևում է, որ, ըստ էության, Դիմողն իր դժգոհությունն է հայտնել դատական ակտի վերաբերյալ և, մասնավորապես, այդ ակտի՝ պատճառաբանվածության իրավական չափանիշներին և Վճռաբեկ դատարանի սահմանադրական գործառույթներին անհամապատասխանությունից:

Մասնավորապես՝ դիմումի ողջ շարադրանքը հիմնված էր այն առանցքի վրա, ըստ որի՝ Վճռաբեկ դատարանի համապատասխան դատական ակտը կայացվել է Սահմանադրության, ինչպես նաև ՄԻԵԴ-ի և Սահմանադրական դատարանի կողմից ձևավորված իրավունքի խախտմամբ՝ կապված դատական ակտի պատճառաբանվածության պահանջի հետ: Ավելի կոնկրետ՝ Դիմողը նշել է հետևյալը. «Սույն գործով Վճռաբեկ դատարանը կրկնել է Վերաքննիչ դատարանի եզրահանգումները, մինչդեռ Վճռաբեկ դատարանը պետք է հաշվի առներ, սույն գործով inter alia, փաստարկների բազմազանությունը, որոնք դատավարության կողմը՝ բողոքաբերը ներկայացրել է Վճռաբեկ դատարանին, մասնավորապես՝ սույն գործով առկա են եղել դատավարության կողմերի տարբեր մոտեցումները օրենքի դրույթների, իրավական կարծիքի և վճիռների ներկայացման և շարադրման վերաբերյալ, բացի այդ, անհրաժեշտ եմ համարել, որ Վճռաբեկ դատարանն անդրադառնա հետևյալ իրավական հարցադրմանը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 177-րդ հոդվածի և 367-րդ հոդվածի 4-րդ կետի նորմերի մեկնաբանությանը, քանզի նշված նյութական իրավունքի նորմերով սահմանված իրավունքի իրացման ապահովման վերաբերյալ կարևոր նշանակություն կունենա նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար, Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը միտված է ապահովել, որ քննարկվող հոդվածներում ամրագրված իրավակարգավորումները պետք է մատչելի լինեն շահագրգռված անձանց համար և ունենա բավարար հստակ ձևակերպում, որպեսզի հնարավորություն տա նրանց (անհրաժեշտության դեպքում պատշաճ խորհրդատվության միջոցով) ողջամտության սահմաններում կանխատեսել կոնկրետ գործողության հնարավոր հետևանքները:

(…)

Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանը չի տրամադրել բավարար պատճառաբանություն՝ սահմանափակվելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումներով (...):

(…)

Այսպիսով, Վճռաբեկ դաստարանի այն եզրահանգումը, համաձայն որի «Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումների մասին բողոք բերած անձի փաստարկները հերքվում են Վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանություններով ու եզրահանգումներով, ուստի՝ (...) բողոք բերած անձի հիմնավորումները բավարար չեն բողոքարկվող դատական ակտում նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման առկայությունն ու այդ խախտմամբ արդարադատության բուն էության խաթարումը հիմնավորված համարելու, ուստիև՝ այդ հիմքով բողոքը վարույթ ընդունելու համար, և նկատի ունենալով, որ բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով բողոքը վարույթ ընդունելու հետևության հանգելու համար» (...) հակասում է Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքին (...)»:

Վերոնշյալով և դիմումի մնացյալ բովանդակությամբ պայմանավորված՝ ակնհայտ է, որ Դիմողի կողմից փաստացի վիճարկվել է ոչ թե վերջնական դատական ակտով իր նկատմամբ կիրառված օրինադրույթի սահմանադրականությունը, այլ օրինադրույթի կիրառման իրավաչափությունը, որը դրսևորվել է, այդ թվում՝ դատական ակտի որակից դժգոհության արտահայտմամբ:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանի դատական կազմն ի գիտություն է ընդունում այն հանգամանքը, որ դիմումում բարձրացված հարցը Դիմողի կողմից հիմնավորվել է նաև Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1628 որոշման պահանջներով, որոնց, ըստ Դիմողի, Վճռաբեկ դատարանի համապատասխան դատական ակտը չի համապատասխանում:

Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ ՍԴՈ-1628 որոշմամբ Սահմանադրական դատարանն անդրադարձ է կատարել Օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածների սահմանադրականությանը, որոնք օրգանական կապի մեջ են գտնվում Դիմողի կողմից վիճարկվող օրինադրույթների հետ:

Սահմանադրական դատարանի դատական կազմն ընդգծում է, որ բարձրացնելով Վճռաբեկ դատարանի՝ իր գործով կայացված որոշմամբ կիրառված Օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կիրառման (մեկնաբանման)՝ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1628 որոշմանն անհամապատասխանության հարցը, Դիմողն ըստ էության ընդունում է սահմանադրաիրավական մակարդակում խնդրի կարգավորվածությունը, քանզի Վճռաբեկ դատարանի դատական ակտով Օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Սահմանադրական դատարանի նշյալ որոշմանը հակասելու հանգամանքի մատնանշումը հանգում է դատական ակտի իրավաչափության վիճարկմանը, որպիսի հարցը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասությունից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի կազմը ՈՐՈՇԵՑ.

Արմեն Առաքելյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Ս. Սաֆարյան

Անդամներ՝ Հ. Թովմասյան

Ա. Վաղարշյան

30 հունիսի 2025 թվականի

ՍԴԴԿՈ-31

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 հունիսի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-31
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել