Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/««ԱՐՏՅՈՄ ԵՎ ՎԱՀԱԳՆ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 405-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

««ԱՐՏՅՈՄ ԵՎ ՎԱՀԱԳՆ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 405-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-6429 ապրիլի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-64)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 29 ապրիլի 2025թ. ՍԴԱՈ - 64 | ««ԱՐՏՅՈՄ ԵՎ ՎԱՀԱԳՆ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 405-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

««ԱՐՏՅՈՄ ԵՎ ՎԱՀԱԳՆ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 405-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով ««Արտյոմ և Վահագն» ՍՊԸ դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2025 թվականի մարտի 31-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել «ԱՐՏՅՈՄ ԵՎ ՎԱՀԱԳՆ» ՍՊԸ (այսուհետ՝ Դիմող, ի պաշտոնե ներկայացուցիչ՝ Լուսինե Նալբանդյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածը՝ դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածին, 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր»:

2. Ներկայացնելով թիվ ԵԴ/0805/11/21 գործի դատավարական նախապատմությունը և վկայակոչելով տվյալ գործով 2024 թվականի սեպտեմբերի 27-ին Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշումը՝ Դիմողը նշում է, որ այդ գործով Վճռաբեկ դատարանը բացառել է քրեական վարույթի մասնավոր մասնակից եղած անձի կողմից նոր ի հայտ եկած հանգամանքներով բացառիկ վերանայման բողոք ներկայացնելու իրավունքի իրացման անմիջական հնարավորությունը, որն առերևույթ հակասում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 402-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, ըստ որի՝ բացառիկ վերանայման բողոք բերելու իրավունք ունի տվյալ վարույթի մասնավոր մասնակից եղած անձը, որի իրավաչափ շահերին առնչվում է ենթադրյալ նոր ի հայտ եկած հանգամանքը:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Դիմողը գտնում է, որ այդպիսով Վճռաբեկ դատարանը քրեական վարույթի մասնավոր մասնակից եղած անձի կողմից նոր ի հայտ եկած հանգամանքով վարույթային ակտի վերանայմանը հասնելու հնարավորությունը կապել է բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածով սահմանված կառուցակարգի կիրառման հետ:

Ըստ Դիմողի՝ Վճռաբեկ դատարանի կողմից տրված նման մեկնաբանության հետևանքով քրեական վարույթի մասնավոր մասնակից եղած անձն անօրինական և անհիմն կերպով զրկվում է նոր ի հայտ եկած հանգամանքով բացառիկ վերանայման բողոք բերելու հնարավորությունից:

Ամփոփելով՝ Դիմողը եզրահանգում է, որ Վճռաբեկ դատարանը, անտեսելով համապատասխան սահմանադրական երաշխիքները, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածով նախատեսված կառուցակարգի առկայությունը դիտարկել է որպես քրեական վարույթի մասնավոր մասնակից եղած անձի կողմից նոր ի հայտ եկած հանգամանքով բացառիկ վերանայման բողոք անմիջականորեն ներկայացնելը բացառող հանգամանք, որը ոչ միայն հակասում է նույն օրենսգրքի 402-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջին, այլև խախտում է իր՝ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով և 63-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները:

Միաժամանակ, Դիմողը սույն դիմումին կից ներկայացրել է իրեն պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդություն՝ այն հանգամանքի հաշվառմամբ, որ թիվ ԵԴ/0392/04/18 գործով 2018 թվականի ապրիլի 25-ից մինչ օրս իրականացվում է սնանկության վարույթ, որի շրջանակներում կիրառված սահմանափակումների հետևանքով ինքը զրկված է տնտեսական գործունեություն իրականացնելու և եկամուտ ստանալու հնարավորությունից:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև` Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրվել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: (…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:

Սահմանադրական դատարանը վերը նշված՝ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։

Այս առումով հարկ է փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և իր համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:

Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»:

Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանը հանգում է հետևյալ եզրակացության.

այսպես, Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում բարձրացնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականության հարց։

Քննարկվող համատեքստում Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածով օրենսդրի կողմից հստակ նախատեսվել են նոր ի հայտ եկած հանգամանքներով նախնական վարույթին առնչվող կարգավորումները, մասնավորապես՝ տվյալ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ նոր ի հայտ եկած հանգամանքների մասին հաղորդումը շահագրգիռ կամ իրավասու անձը պետք է ուղարկի դատախազին: Այսինքն` այս առումով սահմանված է հստակ ընթացակարգ, որի պահպանումը պարտադիր է նոր ի հայտ եկած հանգամանքների հիմքով բացառիկ վերանայման բողոք ներկայացնելու համար:

Մինչդեռ, խնդրո առարկա դատական գործի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ վերոնշյալ ընթացակարգը Դիմողի կողմից չի պահպանվել, և տվյալ հանգամանքով պայմանավորված է, որ Վճռաբեկ դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 27-ին կայացրել է «Բացառիկ վերանայման վարույթի հարուցումը մերժելու մասին» որոշումը: Ավելին, նման պայմաններում հնարավոր չէ կանխորոշել Դիմողի կողմից սահմանված ընթացակարգը պահպանելու պարագայում խնդրո առարկա գործի հետագա զարգացումը՝ հնարավոր իրավական հետևանքների համատեքստում:

Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր՝ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով և 63-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված՝ համապատասխանաբար արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների խախտման փաստը, հետևաբար և՝ համապատասխան հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը:

Քննարկվող համատեքստում Սահմանադրական դատարանը կարևոր է համարում փաստել, որ անհատական դիմումի շրջանակներում նորմատիվ իրավական ակտի դրույթի, իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության կամ դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացը) հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված առնվազն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, որը տվյալ պարագայում տեղի չի ունեցել:

Փոխարենը՝ Դիմողը սահմանափակվել է իր՝ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով և 63-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված հիմնական իրավունքների խախտման վերաբերյալ պնդումների պարզապես վկայակոչմամբ՝ բավարար կերպով իրավաբանորեն չհիմնավորելով իր կողմից վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) և նման խախտման ընդհանրությունը, դրանց միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայությունը՝ սույն կոնկրետ գործի հանգամանքների և առանձնահատկությունների հաշվառմամբ:

Անդրադառնալով Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 3-րդ հոդվածին, Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ այն ամրագրված է Սահմանադրության՝ «Սահմանադրական կարգի հիմունքները» վերտառությամբ 1-ին գլխում: Մինչդեռ կոնկրետ վերահսկողության պարագայում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելիս անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացը) հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման:

Այսպիսով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) հակասությունը Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների 1-ին մասերին:

Այսինքն՝ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, ինչը գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից մերժելու հիմք է:

Ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Բավարարել «ԱՐՏՅՈՄ ԵՎ ՎԱՀԱԳՆ» ՍՊԸ՝ պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդությունը՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. ««ԱՐՏՅՈՄ ԵՎ ՎԱՀԱԳՆ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

29 ապրիլի 2025 թվականի

ՍԴԱՈ-64

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 ապրիլի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-64
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել