Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 426.4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 426.4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-1014 հունվարի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-10)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 14 հունվարի 2022թ. ՍԴԱՈ - 10 | «ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 426.4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 426.4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ՀՀ վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2021 թվականի նոյեմբերի 30-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումով

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ Վճռաբեկ դատարան կամ Դիմող) խնդրել է որոշել. «… ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 68-րդ հոդվածի 2-րդ մասին, 75-րդ և 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը հաշվի առնելով, որ առկա օրենսդրական բացը ստեղծում է տուժողի (տուժողի իրավահաջորդի) դատական պաշտպանության, արդար դատաքննության իրավունքների, այդ թվում արդարադատության մատչելիության իրավունքի, սոցիալական արդարության վերականգնման և հատուցում ստանալու իրավունքի իրացման անհաղթահարելի խոչընդոտ, ինչպես նաև հանգեցնում հիմնական իրավունքները կարգավորելիս օրենքով դրանց իրականացման կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր նախատեսելու, Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս Հայաստանի Հանրապետության վավերացրած մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան հաշվի առնելու սահմանադրական պահանջների խախտման»: Գործի դատավարական նախապատմությունը հանգում է, մասնավորապես, նրան, որ թիվ ԱՐԱԴ1/0025/01/15 գործով տուժողի մահվան փաստով նոր երևան եկած հանգամանքի քննության արդյունքներով կազմված եզրակացության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը 2019 թվականի սեպտեմբերի 16-ին ներկայացրել է վճռաբեկ բողոք խնդրելով նոր երևան եկած հանգամանքի հիմքով Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016 թվականի ապրիլի 5-ի դատավճիռը և վերաքննիչ դատարանի 2016 թվականի նոյեմբերի 16-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան նոր քննության, որպիսի հիմքով Վճռաբեկ դատարանի 2019 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ հարուցվել է դատական ակտի վերանայման վարույթ, և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ։ Դիմողը 2021 թվականի նոյեմբերի 26-ին կայացրել է որոշում Սահմանադրական դատարան դիմելու մասին:

2. Վկայակոչելով նոր և նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայման ինստիտուտի առնչությամբ Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք դատական ակտերում արտացոլված իրավական դիրքորոշումները և անդրադառնալով որպես դատական ակտի վերանայման բացառիկ հիմքեր նոր և նոր երևան եկած հանգամանքների գնահատման չափանիշներին Վճռաբեկ դատարանը փաստել է, որ դրանց տարբերակման հիմքում ընկած են համապատասխան հանգամանքի ծագման պայմանները, որոնք էլ հենց պայմանավորում են դրանց տարբերակման տրամաբանությունը: Դիմողն անհրաժեշտ է համարել քննարկման առարկա դարձնել տուժողի մահվան փաստը որպես օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման հիմք դիտարկելու հնարավորության հարցը: Կոնկրետ գործի փաստական հանգամանքներից հետևում է, որ անձի նկատմամբ դատական ակտ կայացնելու և այն օրինական ուժի մեջ մտնելու պահի դրությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածք ստացած տուժողը եղել է կենդանի, սակայն դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մահացել է, ինչը, ըստ փորձագետի եզրակացության, պատճառահետևանքային կապի մեջ է գտնվել ստացված ծանր մարմնական վնասվածքի հետ: Նման պայմաններում պարզ է դառնում, որ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ծագած տուժողի մահվան փաստը գոյություն չի ունեցել մինչև դատական ակտի կայացումը: Հետևաբար այն չի կարող դիտարկվել որպես դատական ակտի վերանայման նոր երևան եկած հանգամանք: Նշված փաստական հանգամանքների համատեքստում Դիմողը հանգել է այն համոզման, որ տուժողի մահվան հանգամանքը կարող է դիտարկվել միայն որպես դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ծագած նոր հանգամանք, ինչը նախատեսված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասում: Վկայակոչելով օրենքի/իրավունքի բացի հիմնահարցի առնչությամբ Սահմանադրական դատարանի մի շարք որոշումներում արտացոլված իրավական դիրքորոշումները Դիմողը նշել է, որ բարձրացված իրավական խնդիրն օրենսդրական իրավակարգավորման այնպիսի թերություն է, որի պայմաններում անհնար է դառնում ապահովել դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ծագած տուժողի մահվան փաստի հիմքով այդ ակտի բացառիկ վերանայումը: Մասնավորապես, նկատի ունենալով, որ մի կողմից տուժողի մահվան փաստը չի կարող դիտարկվել որպես նոր երևան եկած հանգամանք, մյուս կողմից օրենսդրի կողմից չի նախատեսվել այդպիսի նոր հանգամանքի տեսակ, առաջանում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման իրավական փակուղի օրենսդրական ոչ լիարժեք կարգավորման հետևանքով (բարձրացված խնդիրն առկա է եղել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մոդելն ունեցող Ռուսաստանի Դաշնության քրեական դատավարության օրենսգրքում, ինչի առնչությամբ օրենսդրական բացի հարցը լուծվել է ՌԴ սահմանադրական դատարանի կողմից, ընդ որում գործի փաստական հանգամանքներն, ըստ էության, նույնաբնույթ են): Դիմողն ընդգծել է, որ որպես բարձրագույն դատական ատյան իրավունքի զարգացման և օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրականացման շրջանակներում, ելնելով տուժողի (տուժողի իրավահաջորդի) հիմնարար իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունից, եթե փորձի դատական մեկնաբանության միջոցով լուծել բարձրացված խնդիրը, այն է նոր հանրորեն վտանգավոր հետևանքների վրա հասնելու փաստը «տեղավորելով» դատական ակտի վերանայման նոր երևան եկած հանգամանքի ոչ սպառիչ ցանկում (ինչը խնդրել է բողոքաբերը), ապա կխաթարվի նոր և նոր երևան եկած հանգամանքների տարբերակման ողջ էությունն ու տրամաբանությունը նախատեսված ոչ միայն հայրենական, այլև միջազգային մակարդակով: Ըստ դիմողի կխաթարվեն նաև դատապարտյալի հիմնարար իրավունքները, կխախտվի non bis in idem սկզբունքի պաշտպանությունը դատական ակտի կայունության հատկանիշով հանդերձ: Կոնկրետ դեպքում դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ծագած տուժողի մահվան փաստը մեխանիկորեն չի կարող դիտարկվել որպես նոր երևան եկած հանգամանք. այն կվտանգի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման բացառիկության հատկանիշը, քանի որ զերծ կլինի լեգիտիմությունից:

3. Ելնելով դիմումի ուսումնասիրության արդյունքներից` Սահմանադրական դատարանը գտնում է, որ առկա է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ Օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` գործի քննությունն ամբողջությամբ մերժելու հիմք, ուստի նշված գործի քննությունը ենթակա է մերժման ներքոնշյալ պատճառաբանությամբ. 3.1. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով: Սահմանադրական վերոհիշյալ նորմն ամրագրվել է նաև Օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասով: Օրենքի հիշյալ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառման միջոցով: Սահմանադրության վերոնշյալ դրույթի բովանդակությունից ուղղակիորեն բխում է, որ դատարանների Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունն առկա է միայն հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, երբ դատարանները

1. հիմնավոր կասկածներ ունեն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ և

2. գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով (կոնկրետ սահմանադրական վերահսկողություն): Սահմանադրական դատարանի 2021 թվականի օգոստոսի 5-ի ՍԴԱՈ-175 աշխատակարգային որոշմամբ արձանագրված է. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի նշված պահանջը դատարանները պետք է դիտարկեն Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված պայմանների (կոնկրետ սահմանադրական վերահսկողության) ենթատեքստում: Ըստ այդմ դատարանները համապատասխան դիմումներում պետք է ներկայացնեն վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ իրենց հիմնավորումները, ինչպես նաև պետք է հիմնավորեն, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով»: Սահմանադրական դատարանը, զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, իր 2021 թվականի հոկտեմբերի 26-ի ՍԴԱՈ-212 աշխատակարգային որոշման մեջ նշել է. «(...) Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած»-ի առկայությունը դատարանի կողմից հիմնավորված կարող է լինել, եթե դատարանի կողմից, ի թիվս դիմումին ներկայացվող այլ պայմանների, բավարար հիմնավորումներ են ներկայացվել առ այն, որ Սահմանադրական դատարանի ստուգմանն առաջադրվող նորմերի անորոշությունն անհնար է հաղթահարել դատարանի կողմից իր լիազորությունների գործադրմամբ իրավական նորմի բավարար հստակությունն ապահովող սպառիչ դատական մեկնաբանություն տալով։ Այսինքն Սահմանադրական դատարան դիմող դատարանը պարտավոր է հիմնավորել, թե իր կողմից վիճարկվող իրավական նորմերի հստակության վերաբերյալ կասկածները փարատելու ուղղությամբ ինչպե՛ս է փորձել մեկնաբանել վիճարկվող իրավական նորմերը, և վիճարկվող նորմերի իր կողմից մեկնաբանման մեթոդաբանական ողջ գործիքակազմի կիրառմամբ դրանք ի՛նչ վերջնական իրավական բովանդակություն են ստացել հիմնավորելով այդ բովանդակության անհամապատասխանությունը Սահմանադրությանը»։ Վերոնշյալի առնչությամբ Սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 14-ի ՍԴԱՈ-254 աշխատակարգային որոշմամբ արձանագրված է. «(...) հիշյալ հանգամանքները պետք է սպառիչ կերպով արտացոլված լինեն համապատասխան դատական ակտում, ընդ որում դատարանների որպես Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն ունեցող սուբյեկտների դիմումներին ներկայացվող նման պահանջն ինքնանպատակ չէ: Կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկածի մասին կարող է խոսվել այն պարագայում, երբ դատարանը համոզվի, որ դատական մեկնաբանմամբ անհնար է հաղթահարել կիրառման ենթակա նորմի Սահմանադրությանը հակասության վերաբերյալ հիմնավոր կասկածը: Նման իրավիճակ կարող է առաջանալ այն պարգայում, երբ, օրինակ, վիճարկվող նորմը հնարավոր է մեկնաբանել միայն այնպես, որ այն իր վերջնական բովանդակությամբ հակասում է Սահմանադրությանը: Այդ դեպքում Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում նշելով օգտագործված մեկնաբանման մեթոդները դատարանը պարտավոր է հիմնավորել դատական մեկնաբանմամբ կիրառման ենթակա իրավական նորմի սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկածը հաղթահարելու անհնարինութթյունը։ Այլապես նման հիմնավորումների բացակայությունը կարող է գնահատվել Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պայմանի, այն է նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ դատարանի մոտ հիմնավոր կասկածների բացակայություն»: 3.2. Սույն գործի շրջանակներում Դիմողը բարձրացրել է օրենսդրական բացի խնդիր: Օրենսդրական բացի հիմնահարցերին Սահմանադրական դատարանն անդրադարձել է իր բազմաթիվ որոշումներում (մասնավորապես ՍԴՈ-864, ՍԴՈ-914, ՍԴՈ-922, ՍԴՈ-1020, ՍԴՈ-1056, ՍԴՈ-1143): Զարգացնելով օրենսդրական բացի վերաբերյալ իր իրավական դիրքորոշումները` Սահմանադրական դատարանը 2019 թվականի սեպտեմբերի 4-ի ՍԴՈ-1476 որոշմամբ գտել է. «1) օրենսդրական բացը Սահմանադրական դատարանի քննության առարկա կարող է դառնալ այն ժամանակ, երբ այն իրավակարգավորման թերությունն է, այլ ոչ թե իրավաստեղծ մարմնի, տվյալ դեպքում` օրենսդրի կամքը` ձեռնպահ մնալու որպես օրենսդրական բաց ընկալվող իրավական կարգավորումից.

2) ցանկացած թերի օրենսդրական կարգավորում չէ, որը որպես օրենսդրական բաց կարող է Սահմանադրական դատարանի քննության առարկա դառնալ, այլ միայն այնպիսի օրենսդրական բացը, որը հնարավոր չէ հաղթահարել այլ վերաբերելի իրավակարգավորումները մեկնաբանելու և կիրառելու միջոցով.

3) օրենսդրական բացը պետք է հանգեցրած լինի հակասական իրավակիրառ պրակտիկայի, որը հնարավոր չէ հաղթահարել կամ որը փաստացի չի հաղթահարվել սովորական դատարանների կողմից.

4) օրենսդրական բաց առկա է այն պարագայում, երբ իրավակարգավորման լիարժեքություն ապահովող տարրի բացակայության կամ այդ տարրի թերի կանոնակարգման հետևանքով խաթարվում է օրենսդրորեն կարգավորված իրավահարաբերությունների ամբողջական և բնականոն իրագործումը.

5) այն դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է (…)»: Վերահաստատելով օրենսդրական բացի վերաբերյալ նախկինում արտահայտած իր դիրքորոշումները, ընդունելով, որ սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկածը, ի թիվս այլնի, կարող է պայմանավորված լինել նաև օրենքի բացով, Սահմանադրական դատարանը 2021 թվականի դեկտեմբերի 14-ի ՍԴԱՈ-254 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(...) կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտում օրենքի բացի և դրա արդյունքում դրա սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկածի մասին ևս կարող է խոսվել միայն այն դեպքում, երբ դատարանը հանգի այն եզրակացության, որ դատական մեկնաբանման որևէ մեթոդի կիրառմամբ անհնար է հաղթահարել այդ բացը»: 3.3. Սահմանադրական դատարանի վկայակոչած իրավական դիրքորոշումները կիրառելի համարելով նաև սույն գործով Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողի կողմից բավարար հիմնավորումներ չեն ներկայացվել առ այն, թե որքանով է անհնար եղել իր կողմից մատնանշված ենթադրյալ օրենսդրական բացը դատական մեկնաբանությամբ հաղթահարելը, որի պատճառով դիմել է վիճարկվող նորմերի Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրականության ստուգման միջոցին: Դիմողը, առանց սույն գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, ենթադրյալ բացի հաղթահարմանն ուղղված մեկնաբանողական գործիքակազմ (մեկնաբանման որևէ մեթոդ) գործնականում կիրառելու, սոսկ նշել է, որ եթե փորձի դատական մեկնաբանության միջոցով նոր հանրորեն վտանգավոր հետևանքների վրա հասնելու փաստը «տեղավորել» դատական ակտի վերանայման նոր երևան եկած հանգամանքի ոչ սպառիչ ցանկում, ապա կխաթարվեն նոր և նոր երևան եկած հանգամանքների տարբերակման ողջ էությունն ու տրամաբանությունը, կխաթարվեն նաև դատապարտյալի հիմնարար իրավունքները, կխախտվի non bis in idem սկզբունքի պաշտպանությունը դատական ակտի կայունության հատկանիշով հանդերձ. կոնկրետ դեպքում դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ծագած տուժողի մահվան փաստը որպես նոր երևան եկած հանգամանք մեխանիկորեն դիտարկելը կվտանգի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման բացառիկության հատկանիշը, քանի որ այն զերծ կլինի լեգիտիմությունից: Վերոնշյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողի կողմից սույն գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, ենթադրյալ բացի հաղթահարմանն ուղղված մեկնաբանողական գործիքակազմ (մեկնաբանման որևէ մեթոդ) գործնականում չկիրառելը և, նշված հանգամանքով պայմանավորված, օրենսդրական բացի վերաբերյալ կասկածը փարատելու անհնարինության մասին բավարար հիմնավորումների բացակայությունը հանգեցնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկածի» բացառմանը: Ուստի սույն դիմումով առկա է գործի քննությունը մերժելու Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմք։ 3.4. Դիմողը, իրականացնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում ամրագրված «նոր երևան եկած» և «նոր» հանգամանքների տարբերակումը հիմք ընդունելով դրանց ծագման պահը, նկատում է, որ «նոր երևան եկած հանգամանքները պետք է գոյություն ունեցած լինեն օբյեկտիվ իրականությունում մինչև դատական ակտի կայացումը (...)», իսկ «նոր հանգամանքները գոյություն չունեն և ողջամտորեն չեն էլ կարող գոյություն ունենալ մինչև դատական ակտի կայացումը (...)» արձանագրելով, որ «նոր և նոր երևան եկած հանգամանքների տարբերակման այս մոտեցումն անվիճելի է և ունի միանշանակ ընկալում հայրենական, միջազգային և ակադեմիական բոլոր մակարդակներում»: Այդ առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նշված հիմքերի տարբերակումը տեսական մակարդակում միանշանակ չէ, ավելին` վիճելի է: Ընդ որում, այն, որ այդպիսի տարբերակումը և, մասնավորապես, նոր երևան եկած հանգամանքի օբյեկտիվ իրականությունում մինչև դատական ակտի կայացումը գոյություն ունենալու հատկանիշը ոչ միանշանակ է ընդունվում քրեական դատավարագիտության մեջ, ուղղակիորեն արտահայտվում է նաև Դիմողի մատնանշած աշխատություններից մեկում այլ աշխատանքներից մեջբերվող տեսաբանների «նոր երևան եկած» հանգամանքների սահմանումներում: Որոշ գիտնականներ տարբերակման հիմքում դնում են Դիմողի վերը շարադրված մոտեցումը: Գիտնականների երկրորդ խումբը, հարելով այդ մոտեցմանը, այնուամենայիվ, նկատում է, որ նոր երևան եկած հանգամանքները «որպես ընդհանուր կանոն» պետք է լինեն նոր ոչ թե ծագման ժամանակով, այլ նոր քննիչի, դատախազի, դատարանի համար, երրորդ խումբն այդ հանգամանքների դատարանին հայտնի չլինելը դիտարկում է և՛ որպես նոր, և՛ որպես նոր երևան եկած հանգամանքների հատկանիշներ, չորրորդ խումբը ելնելով կոնկրետ երկրի օրենսդրական կարգավորումներից տարանջատման այլ տրամաբանություն է որդեգրել նկատելով, որ ի տարբերություն նոր երևան եկած հանգամանքների նոր հանգամանքները չեն վկայում կայացված դատական ակտի արատավոր լինելու մասին, քանի որ դրանք կապված չեն որևէ մեկի հանցավոր չարաշահումների հետ: Միևնույն ժամանակ հեղինակների այս խումբն ընդգծում է, որ նոր հանգամանքները չեն հանդիսանում բացահայտված, այսինքն, թեև դրանք անմիջականորեն չեն բխել գործի ներկայացված նյութերից, բայց և այնպես դրանք մինչ այդ ամբողջությամբ և խորքային թաքցված չեն եղել: Դրանք դատարանի համար նոր են համարվում, քանի որ նա չէր կարողացել դրանք ժամանակին հայտնաբերել, չնայած կողմերի բարձր ակտիվության կամ դատարանի խորաթափանցության և որակավորման պայմաններում դրա պրակտիկ հնարավարությունը կար: Հինգերորդ խումբը նոր երևան եկած հանգամանքներով վերանայումը պայմանավորում է գործի ճիշտ լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի ի հայտ գալով և նկատում, որ, ի տարբերություն դրանց նոր հանգամանքները վերաբերում են իրավունքին: Նրանք ընդգծում են. եթե նոր երևան եկած հանգամանքով վերանայման համար առաջնային էր նոր ի հայտ եկած փաստը, ապա նոր հանգամանքով վերանայման համար կարևոր է փաստին տրված իրավական գնահատականը: 3.5. Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև դիմումում որպես իրավական փաստարկ բերվող Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի 2007 թվականի մայիսի 16-ի թիվ 6-П որոշմանը, որով, Դիմողի գնահատմամբ, Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի կողմից քննության առնված գործի փաստական հանգամանքները, ըստ էության, նույնաբնույթ են եղել իր վարույթում գտնվող գործի փաստական հանգամանքների հետ, այն է` «տուժողը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո»: Այդ առնչությամբ Սահմանադրական դատարանը նախ հարկ է համարում նկատել, որ ՌԴ սահմանադրական դատարանի կողմից քննության առնված Դիմողի մատնանշած գործի փաստական հանգամանքները նույնաբնույթ չեն. մասնավորապես, այդ գործով տուժողը մահացել է մինչ գործով դատավճռի կայացումը, սակայն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո է միայն հաստատվել մահվան պատճառահետևանքային կապն իրեն պատճառված կտրող-ծագող մարմնական վնասվածքի հետ (Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի 2007 թվականի մայիսի 16-ի թիվ 6-П որոշման 1-ին կետ): Երկրորդ թեև Դիմողն իրավացիորեն պնդում է, որ ՀՀ և ՌԴ քրեական դատավարության օրենսգրքերն ունեն ընդհանուր առմամբ նույն մոդելը, այնուամենայնիվ, նա արժանի ուշադրություն չի դարձրել այն հանգամանքին, որ քննարկվող հարցերի վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների համեմատ էականորեն տարբեր են եղել ՌԴ սահմանադրական դատարանի կողմից համապատասխան որոշումը կայացնելու պահին գործող ՌԴ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումները: Մասնավորապես, ի տարբերություն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4263-րդ հոդվածի կարգավորումների ՌԴ քրեական դատավարության օրենսգրքի 413-րդ հոդվածի 2-րդ մասով ուղղակիորեն ամրագրվում էր, որ «նոր երևան եկած» հանգամանքներ են «սույն հոդվածի երրորդ մասում սահմանված հանգամանքները, որոնք գոյություն են ունեցել դատավճռի կամ այլ դատական որոշման օրինական ուժի մեջ մտնելու պահին, բայց հայտնի չեն եղել դատարանին»: ՌԴ քրեական դատավարության օրենսգրքի 413-րդ հոդվածի 3-րդ մասում սպառիչ կերպով թվարկվում էին բոլոր նոր երևան եկած հանգամանքները (հիմքերը), որոնք, ըստ էության, խիստ մոտ են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4263-րդ հոդվածի 1-ին մասի միայն 1-3-րդ կետերում թվարկված նոր երևան եկած հանգամանքներին, դրանք այն հանգամանքներն են, որոնք վկայում են քրեական վարույթի մասնակիցների (այդ թվում նաև դատարանի) մինչ դատավճռի կամ այլ դատական որոշման օրինական ուժի մեջ մտնելու պահը կատարած հանցագործությունների մասին: ՌԴ օրենսդիրը ՌԴ սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը կայացնելու պահին ՌԴ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումներում նոր երևան եկած հանգամանքներ է դիտարկել քրեական վարույթի մասնակիցների (այդ թվում նաև դատարանի) մինչ դատավճռի կամ այլ դատական որոշման օրինական ուժի մեջ մտնելու պահը կատարած հանցագործությունները միայն: Մինչդեռ, ՀՀ օրենսդիրը որդեգրել է որոշակիորեն տարբերվող մոտեցում. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, ի թիվս այլնի, որպես նոր երևան եկած հանգամանք է (են) դիտարկվում նաև դատական ակտ կայացնելիս դատարանին անհայտ մնացած այլ հանգամանքների ի հայտ գալը, որոնք ինքնին կամ մինչև այդ պարզված հանգամանքների հետ ապացուցում են դատապարտյալի անմեղությունը կամ նրա կատարած հանցանքի նվազ ծանր կամ ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է, ինչպես նաև ապացուցում են արդարացվածի կամ այն անձի մեղավորությունը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ գործով վարույթը կարճվել է (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4263-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ): Այսպիսով, ի տարբերություն ՌԴ օրենսդրության ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանվել է նոր երևան եկած հանգամանքների ոչ սպառիչ ցանկ: Հարկ է նկատել, որ ՌԴ սահմանադրական դատարանի համապատասխան որոշման կայացման պահին ՌԴ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումներով հանրորեն վտանգավոր հետևանքների վրա հասնելը նաև չէր կարող դիտարկվել որպես «նոր» հանգամանք, քանի որ տվյալ պահի կարգավորումներով «նոր» էին դիտարկվում ՌԴ քրեական դատավարության օրենսգրքի 413-րդ հոդվածի 4-րդ մասում թվարկված հանգամանքները, որոնք «վերացնում էին արարքի հանցավորությունն ու պատժելիությունը» (ՌԴ քրեական դատավարության օրենսգրքի սկզբնական խմբագրությամբ 413-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ): Այս համատեքստում արձանագրելով, որ անձի վիճակը վատթարացնող և դատավճռի կամ այլ դատական որոշման արդարադատ լինելու վրա ազդող այլ նոր փաստական հանգամանքների երևան գալու դեպքում (որոնք արդարադատության դեմ ուղղված հանցագործություններ չեն), դրանց (եթե այդ հանգամանքները կապված չեն գործի քննության ընթացքում թույլ տրված բացթողումների հետ) ՌԴ քրեական դատավարության ո՛չ նոր կամ նոր երևան եկած հանգամանքների վարույթի վերաբացման, ո՛չ հսկողական վարույթի շրջանակներում հաշվառումն անհնար լինելու պայմաններում է, որ ՌԴ սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ ՌԴ քրեական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածը փոխկապակցված ՌԴ քրեական դատավարության օրենսգրքի 413 և 237-րդ հոդվածների հետ, «մեղադրյալի վիճակի վատթարացմանը հանգեցնող նոր կամ նոր երևան եկած հանգամանքների հայտնաբերման դեպքում դատարանին թույլ չի տալիս կայացնելու գործի վարույթը վերաբացելու որոշում, որը քրեական հետապնդման մարմիններին հնարավորություն կտար հաշվի առնել այդ հանգամանքները որպես մեղադրանքի ձևակերպման փոփոխության հիմք: Այդպիսով խոչընդոտներ են առաջանում դատարանի կողմից արդարադատության գործառույթի իրականացման և, հետևաբար մարդու ու քաղաքացու իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության համար (...)» (5-րդ կետ): Այսպիսով, հարկ է փաստել ՀՀ և ՌԴ օրենսդիրների նշված հարցի կարգավորման մոտեցումների խիստ կարևոր տարբերությունը. եթե ՌԴ օրենսդրության մեջ տեղ է գտել նոր երևան եկած հանգամանքների բնորոշումը օրենսգրքում ուղղակիորեն ամրագրելով դրանց ծագման պահի հատկանիշը, միաժամանակ, սահմանելով նոր երևան եկած հանգամանքների սպառիչ ցանկը, ապա ՀՀ օրենսդիրն այլ մոտեցում է որդեգրել: Վերոշարադրյալ պայմաններում Սահմանադրական դատարանի գնահատմամբ որևէ սահմանադրաիրավական խոչընդոտ առկա չէ և չի առաջանա Դիմողի կողմից բարձրացվող հարցն իր իրավունքի զարգացման և օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրականացման շրջանակներում լուծելու դեպքում: Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «ՀՀ վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

14 հունվարի 2022 թվականի

ՍԴԱՈ-10

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
14 հունվարի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-10
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել