«ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1087.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ԵՎ 8-ՐԴ ՄԱՍԵՐԻ, «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 6-ՐԴ ԿԵՏԻ Բ) ԵՆԹԱԿԵՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 102-ՐԴ ՀՈԴՎԱ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-11)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 14 փետրվարի 2023թ. ՍԴԱՈ - 11 | «ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1087.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ԵՎ 8-ՐԴ ՄԱՍԵՐԻ, «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 6-ՐԴ ԿԵՏԻ Բ) ԵՆԹԱԿԵՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 102-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 8-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1087.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ԵՎ 8-ՐԴ ՄԱՍԵՐԻ, «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 6-ՐԴ ԿԵՏԻ Բ) ԵՆԹԱԿԵՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 102-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 8-ՐԴ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 7-րդ և 8-րդ մասերի, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի բ) ենթակետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 8-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. Արման Բաբաջանյանի (այսուհետ նաև Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի հոկտեմբերի 25-ին (դիմումը փոստին է հանձնվել 2022 թվականի հոկտեմբերի 21-ին): Դիմողը խնդրել է. «(…) որոշել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի խնդրո առարկա դրույթների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածում առկա օրենսդրական բացի, նույն հոդվածի 8-րդ մասի, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «դրամական պահանջի մասով» դրույթի, հիշյալ հոդվածներով նախատեսված իրավադրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության և/կամ խնդրո առարկա օրենսդրության բացերի ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը»: Դիմողը նաև միջնորդել է Սահմանադրական դատարանին «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ազատել իրեն պետական տուրքի վճարումից:
2. Դիմողը, շարադրելով թիվ ԵԴ/14973/02/19 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը, վկայակոչելով Սահմանադրության 1, 3, 61, 75, 79 և 81-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վիճարկվող դրույթները, պնդում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով ամրագրված նորմերից հետևում է, որ զրպարտության և վիրավորանքի գործերով հիմնական պահանջը խնդրո առարկա հրապարակումը/արտահայտությունները զրպարտություն կամ վիրավորանք ճանաչելու վերաբերյալ դատարանին հասցեագրված խնդրանքն է, իսկ քննարկման առարկա հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով նախատեսված միջոցները հիմնական պահանջը բավարարվելու պարագայում համարվում են ածանցյալ պահանջներ: Դիմողը նշում է. «Բողոք բերողն իրավունք ունի որոշելու, թե դատական ակտն ինչ ծավալով է բողոքարկում, և իր համար դատավարական իրավունքներն ու պարտականությունները համապատասխանաբար առաջանում են բողոքի ծավալին համապատասխան»: Դիմողի դիտարկմամբ եթե վերաքննիչ բողոք է ներկայացվում դատական ակտով բավարարված հիմնական պահանջի կապակցությամբ, որն ունի նաև ածանցյալ պահանջներ, ապա ըստ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 8-րդ մասի ածանցյալ պահանջների համար պետական տուրք չի գանձվում: Դիմողը եզրահանգում է, որ` «(…) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով նախատեսված միջոցները չեն հստակեցվում օրենքով դրանք հիմնական, թե ածանցյալ պահանջներ են, կամ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը, համաձայն որի դրանք համարվում են հիմնական պահանջ, հակասում են ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 75-րդ և 79-րդ հոդվածներին: (…) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածում առկա է այնպիսի բաց, որ չի հստակեցվում այն, որ եթե ներկայացված բողոքը վերաբերում է հիմնական պահանջին, որի բավարարման հետևանքով անվերապահ բավարարվում է նաև ածանցյալ պահանջը, և այդպիսի բողոքի պարագայում ածանցյալ պահանջի համար պետական տուրք չի գանձվում, հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ և 79-րդ հոդվածներին: (…) «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «դրամական պահանջի մասով» դրույթը, որի համաձայն ցանկացած դրամական արտացոլմամբ պահանջ անկախ նրանից դա նյութական փոխհատուցում է, թե ոչ, և հիմնական պահանջ է, թե ոչ, վիճարկվում է, թե ոչ, հանդիսանում է պետական տուրքի հաշվարկման օբյեկտ, և պետք է վճարվի վիճարկվող գումարի 3 տոկոսի չափ պետական տուրք, կամ այնքանով, որքանով վիճարկվող դրույթին տրվել է այդպիսի մեկնաբանություն, հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ և 79-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներին»: Վերոգրյալի համատեքստում Դիմողը խնդրում է. «(...) որոշել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի խնդրո առարկա դրույթների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածում առկա օրենսդրական բացի, նույն հոդվածի 8-րդ մասի, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «դրամական պահանջի մասով» դրույթի, հիշյալ հոդվածներով նախատեսված իրավադրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության և/կամ խնդրո առարկա օրենսդրության բացերի ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը»:
3. Ազգային ժողովը (այսուհետ նաև Պատասխանող) գտնում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի վիճարկվող դրույթներով օրենսդիրն անձին լիազորել է ընտրել իրավունքի պաշտպանության որոշակի եղանակներ, որոնցից յուրաքանչյուրն անձը կարող է պահանջել ինչպես առանձին որպես մեկ հիմնական պահանջ, այնպես էլ դրանցից մի քանիսը որպես տարբեր, սակայն, զուգահեռաբար կիրառելի երկու հիմնական պահանջներ: Պատասխանողի եզրահանգմամբ նշյալ դրույթներով նախատեսված միջոցներից յուրաքանչյուրի առանձին գոյություն ունենալու փաստը վկայում է, որ դրանք ինքնուրույն միջոցներ/պահանջներ են, որոնցից անձը կարող է ընտրել մեկը կամ մի քանիսը: Անդրադառնալով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վիճարկվող դրույթին Պատասխանողը նշում է, որ հիշյալ օրենքն առանձնացնում է «դրամական պահանջի և ոչ դրամական պահանջի առնչությամբ գանձվող պետական տուրքերը: Այսինքն, այն դեպքում, երբ դիմումը ներառում է դրամական և ոչ դրամական պահանջներ, ապա Օրենքը, այդ պահանջներից յուրաքանչյուրի քննությունը դիտարկելով որպես օրենքի իմաստով ինքնուրույն և առանձին գործողություն, պահանջում է, որ պետական տուրք վճարվի միաժամանակ և՛ դրամական, և՛ ոչ դրամական պահանջների առնչությամբ»: Պատասխանողը, մեջ բերելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի վերաբերելի իրավական դիրքորոշումները, հանգում է հետևության առ այն, որ օրենսդիրը գործին մասնակցող անձանց վերապահել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով բողոքարկելու իրավունք միևնույն ժամանակ նախատեսելով այդ իրավունքի իրականացման կարգը: Պատասխանողը գտնում է, որ օրենսդիրը հիշյալ անձանց վրա պարտականություն է դրել վերաքննիչ բողոք ներկայացնելիս դրան կից ներկայացնելու նաև պետական տուրքը վճարելու մասին ապացույցներ, բացառությամբ այն դեպքերի, երբ բողոք բերող անձն օրենքով սահմանված կարգով ազատված է պետական տուրք վճարելու պարտականությունից, կամ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման վերաբերյալ արտոնություն, և բողոքին կցված է կամ բողոքում ներառված է դրա վերաբերյալ միջնորդություն: Վերոհիշյալ վերլուծությունների համատեքստում Պատասխանողը եզրահանգում է, որ վիճարկվող դրույթները պետության և անձի օրինական շահերի միջև սահմանադրաիրավական հավասարակշռությունն ապահովող իրավական երաշխիքներ են: Ամբողջացնելով իր դիրքորոշումները Պատասխանողը խնդրում է. «Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 7-րդ և 8-րդ մասերի, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի բ) ենթակետի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 8-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ընդունել որոշում վիճարկվող դրույթները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին»:
4. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունն ու վերլուծությունը ցույց են տալիս, որ դիմումն ակնհայտ անհիմն է, և դրանում առաջադրված որոշ հարցեր ենթակա չեն Սահմանադրական դատարանին, ուստի` գործի վարույթը ենթակա է կարճման` հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ Օրենք) 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրաիրավական վերոնշյալ նորմի հիման վրա Օրենքը սահմանում է անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական պահանջները: Մասնավորապես Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն այդ պահանջներն են.
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ դիմողը վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում Օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն Օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Հիշյալ պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննությունից: Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանը 2010 թվականի հոկտեմբերի 19-ի ՍԴՈ-921 որոշման շրջանակներում արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ կոնկրետ վերահսկողության շրջանակներում նորմի սահմանադրականության գնահատումն իմաստ ու նշանակություն է ստանում տվյալ կոնկրետ գործով սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության առումով։ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «անհատական դիմումների ընդունելիության վավերապայմանների սահմանումն ինքնանպատակ չէ: Այդ վավերապայմանների նպատակն է ապահովել սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու իր գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացումը դատարանին ձերբազատելով ինչպես անհիմն դիմումներից և դրանց հետևանքով սահմանադրական դատարանն անհիմն ծանրաբեռնելուց, այնպես էլ այն դիմումներից, որոնք չեն ծառայելու կոնկրետ սահմանադրական վերահսկողության նպատակին, այն է ընդհանուր արդարադատության իրականացումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա ապահովելուն»: Դիմողի կողմից ներկայացված դիրքորոշումների հիմնավորված լինելու կարևորությունը պայմանավորված է նրանով, որ Սահմանադրական դատարանը, առաջնորդվելով սահմանադրական արդարադատություն իրականացնելու իր բացառիկ լիազորությամբ, իրավասու է քննության առարկա դարձնել բացառապես սահմանադրաիրավական վեճի բովանդակություն ունեցող հարցերը, որպիսի պայմաններում դիմումով բարձրացվող հարցադրումները պետք է լինեն առնվազն այնչափ հստակ և հիմնավոր, որ Սահմանադրական դատարանի համար դիմումի ընդունելիության, ապա նաև գործի քննության փուլում պարզորոշ լինեն ինչպես սահմանադրաիրավական վեճի առարկայի շրջանակները, այնպես էլ դիմողի կոնկրետ գործով սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության առումով սահմանադրական արդարադատություն հայցելու վերաբերյալ սպասելիքները: Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ (և հետագայում 13.11.2012թ. ՍԴԱՈ-80, 08.04.2014թ. ՍԴԱՈ-13, 07.04.2015թ. ՍԴԱՈ-19, ինչպես նաև 05.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-4, 18.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-5, 21.03.2016թ. ՍԴԴԿՈ/1-9, 02.04.2016թ. ՍԴԴԿՈ/1-13 և այլ որոշումներով վերահաստատված) իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` 4 «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ 4.1. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 7-րդ և 8-րդ մասերը Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջն անհիմն է` հետևյալ պատճառաբանությամբ. իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները» վերտառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 7-րդ և 8-րդ մասերի համաձայն` «7. Վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`
1) հրապարակայնորեն ներողություն խնդրել: Ներողություն խնդրելու ձևը սահմանում է դատարանը.
2) եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը: Հրապարակման եղանակը և ծավալը սահմանում է դատարանը.
3) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:
8. Զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`
1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը: Հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.
2) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել»:
Դիմողը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով ամրագրված նորմերից հետևում է, որ զրպարտության և վիրավորանքի գործերով հիմնական պահանջը խնդրո առարկա հրապարակումը/արտահայտությունները զրպարտություն կամ վիրավորանք ճանաչելու վերաբերյալ դատարանին հասցեագրված խնդրանքն է, իսկ քննության առարկա հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով նախատեսված միջոցները հիմնական պահանջը բավարարվելու պարագայում, համարվում են ածանցյալ պահանջներ: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ իրավունքի պաշտպանության մեխանիզմը ներառում է ինչպես իրավունքի խախտման ճանաչումը, այնպես էլ խախտված իրավունքի վերականգնումը` առանց որի սոսկ իրավունքի խախտման արձանագրումն ինքնանպատակ կլիներ: Նշված մեխանիզմի բոլոր տարրերի իրացումն է ապահովում իրավունքի լիարժեք պաշտպանությունը: Տվյալ դեպքում պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցումը խախտված իրավունքների վերականգնման միջոց է: Ուստի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով նախատեսված միջոցները կիրառելու պահանջները ինքնուրույն պահանջներ են անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը պաշտպանելու հարցում: Սահմանադրական դատարանն իր` 2020 թվականի դեկտեմբերի 8-ի ՍԴՈ-1571 որոշմամբ արձանագրել է, որ պետությունը պետք է ստեղծի անհրաժեշտ երաշխիքներ մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ իրացման համար: Պետությունը պարտավորվում է ոչ միայն ճանաչել, պահպանել և պաշտպանել իրավունքները և ազատությունները, այլև ստեղծել պետական-իրավական այնպիսի կառուցակարգեր, որոնք արդյունավետ ձևով կարող են կանխել, վերացնել դրանց ցանկացած խախտումներ, վերականգնել խախտված իրավունքներն ու ազատությունները։ Սահմանադրական դատարանը գտնում է, որ պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցումը նպատակ ունի ապահովել հիմնական իրավունքների և ազատությունների (տվյալ դեպքում պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի անձեռնմխելիության) արդյունավետ իրականացման անհրաժեշտ երաշխիքները և ուղղված է վերջիններիս արդյունավետ իրացմանն ու պաշտպանությանը։ Ավելին, անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին վնաս պատճառելու փաստի արձանագրումն ինքնին չի հանգեցնում պատճառված վնասի հատուցման միջոցների կիրառմանը: Մասնավորապես` այս միջոցներից որևէ մեկը կիրառելու վերաբերյալ պահանջի քննության շրջանակներում դատարանն առանձին գնահատման առարկա է դարձնելու արարքի կատարման հանգամանքները, եղանակը, իրավախախտողի գույքային դրությունը, արարքի արդյունքում հասցված վնասի բնույթն ու չափը և այլն: Սահմանադրական դատարանն իր` 2011 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-997 և 2021 թվականի հոկտեմբերի 5-ի ՍԴՈ-1612 որոշումներում, անդրադառնալով կարծիքի ազատ արտահայտման իրավունքի ոչ իրավաչափ իրացման արդյունքում վրա հասնող փոխհատուցման հարցին, արձանագրել է.
- «Վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունը` անկախ դրա բնույթից ու չափից, հանդիսանում է միջամտություն անձի արտահայտվելու ազատությանը: Նման ձևով արտահայտվելու ազատությանը միջամտության և այդ միջամտությամբ հետապնդվող իրավաչափ նպատակի (տվյալ դեպքում` անձի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու նպատակի) միջև արդարացի հավասարակշռությունը պայմանավորող գործոն է, ի թիվս այլնի, վիրավորանքի կամ զրպարտության համար սահմանվող պատասխանատվության համաչափությունն անձի պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասին: Այս առնչությամբ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը պահանջում է, որպեսզի վիրավորանքի կամ զրպարտության համար սահմանվող փոխհատուցումը համաչափության ողջամիտ հարաբերակցություն ունենա անձի հեղինակությանը պատճառված վնասի հետ»,
- «փոխհատուցման պահանջն անձի իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող գործողություններից դատական կարգով պաշտպանվելու օրենքով նախատեսված միջոց է», -«փոխհատուցման չափը որոշում է դատարանը ելնելով կոնկրետ գործի առանձնահատկություններից, այդ թվում վիրավորանքի կամ զրպարտության եղանակից և տարածման շրջանակից, ինչպես նաև վիրավորողի կամ զրպարտողի գույքային դրությունից», -«փոխհատուցման չափը որոշելիս դատարանը հաշվի չի առնում վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով անձին պատճառված գույքային վնասը»,
- «Օրենսդիրը (...) իրավակիրառողից պահանջում է նաև փոխհատուցման չափը սահմանելիս հաշվի առնել վիրավորանքի կամ զրպարտության եղանակը և տարածման շրջանակը, ինչպես նաև վիրավորողի կամ զրպարտողի գույքային դրությունը»,
- «(...) գույքային դրությունը հաշվի առնելու պահանջը, մասնավորապես, ենթադրում է.
- հաշվի առնել պատասխանողի եկամուտների չափը,
- թույլ չտալ պատասխանողի համար անհամաչափ ծանր նյութական բեռ, որը բացասական վճռորոշ ֆինանսական ազդեցություն կունենա վերջինիս գործունեության համար»: Ողջ վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանը կրկին արձանագրում է, որ անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին վնաս պատճառելու փաստի արձանագրումն ինքնանպատակ չէ, և այն ինքնաբերաբար չի հանգեցնում պատճառված վնասի փոխհատուցման միջոցների կիրառմանը, առանց որոնց լիարժեք չի իրացվում նշված ոչ նյութական բարիքների պաշտպանությունը: Ինչպես նշվեց` վնասի փոխհատուցման միջոցների կիրառման վերաբերյալ պահանջներն ինքնուրույն քննության և գնահատման պետք է արժանանան դատարանի կողմից հաշվի առնելով տարաբնույթ փաստական հանգամանքները: Վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողը չի ներկայացրել որևէ հիմնավորում առ այն, թե պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման միջոցների կիրառումն ինչո՞ւ պետք է դիտարկվի որպես ածանցյալ պահանջ, ըստ այդմ դրա ինքնուրույն պահանջ հանդիսանալը (իրավունքի պաշտպանության մեխանիզմի տարրերի ամբողջության համատեքստում) ինչպե՞ս է հանգեցնելու Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման: Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանն արձանագրում է, Դիմողը չի առաջնորդվել Օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված պահանջներով, այն է պատշաճ կերպով չի հիմնավորել, թե իր կողմից վիճարկվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 7-րդ և 8-րդ մասերի ենթադրյալ հակասահմանադրականության կամ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված ենթադրյալ հակասահմանադրական մեկնաբանության հետևանքով Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր ո՞ր հիմնական իրավունքը/ազատությունն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող դրույթների և իր իրավունքների/ազատությունների խախտման փաստի միջև: 4.2. Անդրադառնալով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի բ) ենթակետի վերաբերյալ Դիմողի փաստարկներին Սահմանադրական դատարանն արձանագրում է. քննարկվող համատեքստում ուսումնասիրելով թիվ ԵԴ/14973/02/19 քաղաքացիական գործով կայացված դատական ակտերը և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի բ) ենթակետի վերաբերյալ Դիմողի դիրքորոշումները Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողը, ձևականորեն բարձրացնելով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան դրույթների սահմանադրականության խնդիր, ըստ էության բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց, որպիսին չի կարող Սահմանադրական դատարանում քննության առարկա հանդիսանալ: Այսպես` Վերաքննիչ քաղաքացիական դատարանը թիվ ԵԴ/14973/02/19 քաղաքացիական գործով կայացրել է Դիմողի համար ենթադրյալ անբարենպաստ ելքով դատական ակտ արձանագրելով, որ ներկայացված վերաքննիչ բողոքին կցվել է սահմանվածից պակաս չափով պետական տուրքի վճարման փաստը հաստատող ապացույց, այն է Վերաքննիչ քաղաքացիական դատարանը նշել է, որ` «(...) «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի ուժով դրամական պահանջի մասով պետք է վճարվեր վիճարկվող գումարի 3 տոկոսի չափ պետական տուրք, իսկ ոչ դրամական պահանջի մասով` 10.000 դրամի չափ»: Վճռաբեկ դատարանը 2022 թվականի ապրիլի 20-ին մերժել է թիվ ԵԴ/14973/02/19 քաղաքացիական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2021 թվականի նոյեմբերի 1-ի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Արման Բաբաջանյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը: Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ` «(…) Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումների մասին բողոք բերած անձի փաստարկները հերքվում են Վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանություններով և եզրահանգումներով, ուստի սույն գործով բողոք բերած անձի ներկայացրած հիմնավորումները բավարար չեն բողոքարկվող դատական ակտում նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման առկայությունն ու այդ խախտմամբ արդարադատության բուն էության խաթարումը հիմնավորված համարելու համար»: Դիմումի շրջանակներում ներկայացված հիմնավորումների ուսումնասիրությունը վկայում է, որ Դիմողը, ըստ էության, իր անհամաձայնությունն է հայտնել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի խնդրո առարկա որոշմամբ արտահայտած դիրքորոշմանը, որպիսի պատճառաբանությունները չեն կարող դիտվել իբրև վիճարկվող նորմի Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ պատշաճ հիմնավորումներ. դրանք առավելապես բովանդակում են Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2021 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԴ/14973/02/19 որոշման իրավաչափությունը կասկածի տակ դնող եզրահանգումներ: Ուստի` Դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթների սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթների կիրառման իրավաչափության խնդիր: Վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանը գտնում է, որ գործի վարույթն այս մասով ենթակա է կարճման առաջադրված հարցերը Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով: 4.3. Դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Դիմողը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի ենթադրյալ հակասահմանադրականության հարցը ներկայացնում է խնդրո առարկա հոդվածում առկա օրենսդրական բացի լույսի ներքո նշելով, որ այնքանով, որքանով հիշյալ օրենսդրական կարգավորման շրջանակներում չի հստակեցվում այն, որ եթե վերաքննիչ բողոքը վերաբերում է հիմնական պահանջին, որի բավարարման հետևանքով բավարարվում է նաև ածանցյալ պահանջը, ապա այդպիսի բողոքի պարագայում ածանցյալ պահանջի համար պետական տուրք չի գանձվում: Սահմանադրական դատարանն իր` 2019 թվականի սեպտեմբերի 4-ի ՍԴՈ-1476 որոշմամբ արտահայտել է դիրքորոշում, ըստ որի «(…) օրենսդրական բացի դեպքում որևէ կոնկրետ վկայակոչում դատական ակտում անհրաժեշտ չէ, որ Սահմանադրական դատարանն անդրադառնա այդ օրենսդրական բացի սահմանադրականության հարցին, քանի որ այլ կերպ օրենսդրի կողմից թույլ տրված օրենսդրական բացերը, որոնք կարող են խախտել կամ խախտում են անձի հիմնական իրավունքները և ազատությունները, Սահմանադրական դատարանի կողմից չեն կարող քննվել կամ հաղթահարվել, մինչդեռ Սահմանադրական դատարանն այդ առումով ձևավորել է տևական և հետևողական պրակտիկա արտահայտելով կոնկրետ իրավական դիրքորոշումներ»: Վերոգրյալ և Սահմանադրական դատարանի վերաբերելի այլ դիրքորոշումների լույսի ներքո վերլուծելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Պետական տուրքը» վերտառությամբ 102-րդ հոդվածի Դիմողի կողմից վիճարկվող 8-րդ մասը Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն դրույթն ամրագրում է օրենսդրի իմպերատիվ պահանջը, այն է բոլոր այն քաղաքացիական գործերով, որոնցով հիմնական պահանջից բացի, ներկայացված են նաև ածանցյալ պահանջներ, որոնք հիմնական պահանջի բավարարման դեպքում ենթակա են անվերապահ բավարարման, ածանցյալ պահանջների համար պետական տուրք չի գանձվում: Հիշատակված իրավանորմն ուղղակիորեն սահմանում է քաղաքացիական գործով ներկայացված հիմնական պահանջի բավարարման դեպքում, դրա անմիջական արդյունքում նաև ածանցյալ պահանջի բավարարման պայմաններում, ածանցյալ պահանջի համար պետական տուրք գանձելու անթույլատրելիությունը: Այս համատեքստում Սահմանադրական դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր քաղաքացիական գործով ներկայացված հայցապահանջների հիմնական կամ ածանցյալ բնույթ կրելու հարցի բացահայտումը, ըստ այդմ նաև դրանց դիմաց պետական տուրք գանձելու անհրաժեշտության հարցի լուծումը, գտնվում է կոնկրետ դատարանի իրավասության տիրույթում, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածում հիմնական և ածանցյալ պահանջների իրավակիրառ պրակտիկայում հստակ չլինելու հարցը Վճռաբեկ դատարանի իրավասության ներքո օրենքի միատեսակ կիրառության ապահովման համատեքստում օրենսդրական եզրույթների մեկնաբանման լիազորության շրջանակներում: Վերոգրյալի հաշվառմամբ գործի վարույթն այս պահանջի մասով ենթակա է կարճման առաջադրված հարցերը Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 7-րդ և 8-րդ մասերի, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի բ) ենթակետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 8-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ
14 փետրվարի 2023 թվականի
ՍԴԱՈ-11
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 փետրվարի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-11
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
