Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐՈՒՍՅԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐՈՒՍՅԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-5521 նոյեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-55)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 21 նոյեմբերի 2023թ. ՍԴԴԿՈ - 55 | ԱՐՈՒՍՅԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 21 նոյեմբերի 2023 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ Ա. Թունյանի

Անդամակցությամբ` Ե. Խունդկարյանի

Է. Շաթիրյանի

Քննության առնելով Արուսյակ Ալեքսանյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Արուսյակ Ալեքսանյանը (այսուհետ` Դիմող) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի հոկտեմբերի 9-ին)` խնդրելով. Սահմանադրության 27-րդ հոդվածով հռչակված անձնական ազատության իրավունքին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործով տրված այն մեկնաբանության կամ այն բովանդակության շրջանակներում, որ մեղադրյալը չի կարող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի ուժով համարվել կալանքից ազատված, եթե, թեև լրացել է կալանքի ժամկետը, չի ստացվել այն երկարաձգելու մասին դատարանի որոշումը և անձը հայտնվել է ազատության մեջ, սակայն մինչև կալանքի ժամկետը լրանալը դատարանը սկսել է մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու հարցի քննությունը»:

2. Ներկայացնելով թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործի դատավարական նախապատմությունը Դիմողը նշում է, որ բոլոր այն դեպքերում, երբ լրացել է մեղադրյալի կալանքի ժամկետը և առկա չէ դատարանի որոշում կալանքի ժամկետը երկարաձգելու մասին, ապա օրենքի ուժով մեղադրյալը ձեռք է բերում կալանքից ազատվածի կարգավիճակ, որպիսի փաստն էլ խոչընդոտում է, որպեսզի կալանքի ժամկետի երկարաձգման հարցը լուծում ստանա: Դիմողը փաստում է, որ կալանքի ժամկետը լրանալու փաստն անվերապահորեն արձանագրում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված մեղադրյալին կալանքից ազատելու անվերապահ հիմքը կամ իրավիճակը, այսինքն անձը ձեռք է բերում կալանքից ազատվածի կարգավիճակ, հետևաբար նրա կալանքի ժամկետը երկարաձգելու անհրաժեշտության իրավիճակ այլևս չկա, քանի որ կալանքի ժամկետը լրացել է (չի կարող երկարաձգվել մի ժամկետ, որն արդեն լրացել է, հետևապես գոյություն չունի): Ըստ Դիմողի այդ պարագայում անձը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասի ուժով նույն մեղադրանքով, առանց նոր էական հանգամանքների չի կարող կրկին կալանավորվել: Դիմողի պնդմամբ թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետին դատարանների կողմից փաստացի տրված այն մեկնաբանությունը, համաձայն որի մեղադրյալը չի կարող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի ուժով համարվել կալանքից ազատված, եթե, թեև լրացել է կալանքի ժամկետը, չի ստացվել այն երկարաձգելու մասին դատարանի որոշումը, և անձը հայտնվել է ազատության մեջ, սակայն մինչև կալանքի ժամկետը լրանալը դատարանը սկսել է մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու հարցի քննությունը, հակասում է Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված անձի անձնական ազատության հիմնարար իրավունքի բովանդակությանը: Մասնավորապես, ըստ Դիմողի «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետին տրված վերոհիշյալ մեկնաբանությունը, առանց դատավարական օրենքով նախատեսված համապատասխան հիմքի և կարգի գոյության, թույլատրելի է համարում անտեսել մեղադրյալի կալանքի ժամկետը լրանալու փաստը և քննարկել ու լուծել կալանքի ավարտված ժամկետը երկարաձգելու հարցը»: Հավելելով Դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունն այնքանով, որքանով թույլատրելի կամ իրավաչափ է համարում անձին ազատությունից զրկել օրենքով չնախատեսված հիմքով ու կարգով, հակասում է Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված և ազատության հիմնարար իրավունքի բովանդակությունը կազմող այն երաշխիքին, որ անձն ազատությունից կարող է զրկվել բացառապես օրենքով նախատեսված հիմքով ու կարգով: Միաժամանակ, Դիմողը, վկայակոչելով Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված իրավակարգավորումը, փաստել է. սույն անհատական դիմումը ենթակա է քննության ընդունվելու հաշվի առնելով 2022թ. մարտի 15-ի ՍԴՈ-1639 որոշմամբ Սահմանադրական դատարանի արտահայտած սահմանադրաիրավական դիրքորոշումները, նկատի ունենալով այն, որ չի լրացել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի Սահմանադրության 27-րդ հոդվածին համապատասխանելու հարցով Արուսյակ Ալեքսանյանի կողմից անհատական դիմում ներկայացնելու Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետը»։

3. Ելնելով դիմումի և դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է ընդունման` հետևյալ նկատառումներից ելնելով. դիմողի կողմից միևնույն թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետին, 121-րդ հոդվածի 1-ին մասին և 316-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականությունը վիճարկելու վերաբերյալ անհատական դիմում Սահմանադրական դատարան մուտքագրվել է նաև 2023 թվականի մայիսի 23-ին: Սահմանադրական դատարանը 2023 թվականի հունիսի 13-ի ՍԴԱՈ-66 աշխատակարգային որոշմամբ Արուսյակ Ալեքսանյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 121-րդ հոդվածի 1-ին մասի և 316-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել է քննության: 2023 թվականի հոկտեմբերի 3-ի ՍԴԱՈ-114 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը վերոգրյալ գործի վարույթը մասամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասի և 316-րդ հոդվածի 1-ին մասի մասով, կարճել է: 2023 թվականի հոկտեմբերի 6-ին Սահմանադրական դատարանի www.concourt.am պաշտոնական կայքում տեղադրվել է հետևյալ բովանդակությամբ հայտարարություն. 2023 թվականի հոկտեմբերի 3-ի նիստում Սահմանադրական դատարանը քննության է առել «Արուսյակ Ալեքսանյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը: Նշված գործով Սահմանադրական դատարանը ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում չի ընդունել, ուստի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն Արուսյակ Ալեքսանյանի դիմումը համարվում է մերժված, որի մասին հայտարարվել է նիստերի դահլիճում»: Քննարկվող համատեքստում Սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում վկայակոչել Սահմանադրական դատարանի կողմից 2022 թվականի մարտի 15-ի ՍԴՈ-1639 որոշմամբ արտահայտված հետևյալ իրավական դիրքորոշումները. Հաշվի առնելով Սահմանադրական դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակի ու իր կողմից ընդունվող որոշումների իրավաբանական ուժի և բնույթի առանձնահատկությունները` Սահմանադրական դատարանը գտնում է, որ ձայների հավասարության իրավիճակում դիմումը մերժված համարելու պայմաններում վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ Դատարանի պատճառաբանությունների բացակայությունը, Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի գործող կարգավորումների պայմաններում, ինքնին ուղղված է սահմանադրական արդարադատության իրավունքի պաշտպանությանը, քանզի այն հնարավորություն է ընձեռում հետագայում տվյալ ակտի սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմելիս այդ գործով դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կայացված ըստ էության որոշում ստանալ»: (․․․) Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ գործող օրենսդրական կարգավորումները միտված են սահմանադրաիրավական վեճի քննության ընթացքում դատավորների ձայների հավասարության դեպքում Սահմանադրական դատարանի կողմից որոշում կայացնելու անհնարինության իրավիճակի լուծմանն այն հաշվառմամբ, որ առկա իրավական կառուցակարգերի պայմաններում երաշխավորվում է Սահմանադրությամբ նախատեսված իրավասու սուբյեկտների նույն սահմանադրաիրավական վեճի կապակցությամբ կրկին սահմանադրական արդարադատություն հայցելու իրավունքը»: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 69-րդ հոդվածով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. «Արուսյակ Ալեքսանյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:

Նախագահող Ա. Թունյան

Անդամներ` Ե. Խունդկարյան

Է. Շաթիրյան

21 նոյեմբերի 2023 թվականի

ՍԴԴԿՈ-55

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 նոյեմբերի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-55
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել