Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ 1998 Թ. ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 309.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ՀԵՏ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԱՌՈՒՄՈՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՆՈՒՅՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 35-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ, 4 ԵՎ 5-ՐԴ ՄԱՍԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 366-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻՆ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ՝ ՍԱ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ 1998 Թ. ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 309.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ՀԵՏ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԱՌՈՒՄՈՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՆՈՒՅՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 35-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ, 4 ԵՎ 5-ՐԴ ՄԱՍԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 366-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻՆ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ՝ ՍԱ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-11022 հուլիսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-110)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 22 հուլիսի 2024թ. ՍԴԱՈ - 110 | «ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ 1998 Թ. ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 309.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ՀԵՏ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԱՌՈՒՄՈՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՆՈՒՅՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 35-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ, 4 ԵՎ 5-ՐԴ ՄԱՍԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 366-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻՆ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՄԱՍԱՄԲ՝ ՆՈՒՅՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 35-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ, 4 ԵՎ 5-ՐԴ ՄԱՍԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 366-ՐԴ ՀՈԴՎԱԾ

Ամբողջ Տեքստ

«ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ 1998 Թ. ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 309.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ՀԵՏ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԱՌՈՒՄՈՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՆՈՒՅՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 35-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ, 4 ԵՎ 5-ՐԴ ՄԱՍԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 366-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻՆ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՄԱՍԱՄԲ՝ ՆՈՒՅՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 35-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ, 4 ԵՎ 5-ՐԴ ՄԱՍԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 366-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻՆ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ, ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ՀՀ Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա՝ 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասի և վերջինիս հետ համակարգային առումով փոխկապակցված նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին, 4 և 5-րդ մասերի, ինչպես նաև 366-րդ հոդվածի 2-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ՝ նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին, 4 և 5-րդ մասերի, ինչպես նաև 366-րդ հոդվածի 2-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության մասով, կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1.

ՀՀ Վճռաբեկ դատարանի (այսուհետ նաև` Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի հունվարի 22-ին, որով Դիմողը խնդրել է.

«(...) որոշելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 3-րդ մասի և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերի, և 366-րդ հոդվածի 2-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ հոդվածին համապատասխանության հարցը՝ հաշվի առնելով, որ առկա օրենսդրական բացը ստեղծում է տուժողի դատական պաշտպանության, արդար դատաքննության իրավունքների, այդ թվում՝ սոցիալական արդարության վերականգնման և հատուցում ստանալու իրավունքի իրացման անհաղթահարելի խոչընդոտ, ինչպես նաև հանգեցնում հիմնական իրավունքները կարգավորելիս օրենքով դրանց իրականացման կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր նախատեսելու, Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան հաշվի առնելու սահմանադրական պահանջների խախտման:

(...)»:

2. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) ուժը կորցրել է 2022 թվականի հուլիսի 1-ին` բացառությամբ 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն օրենսգրքի 483-րդ հոդվածով նախատեսված դեպքերի: Օրենսգրքի 54-րդ, 54.1-ին, 54.2-րդ, 54.3-րդ, 54.4-րդ գլուխների դրույթներն ուժը կորցրած չեն ճանաչվել:

Օրենսգրքի՝ «Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ» վերտառությամբ 35-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված է.

«1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`

1) բացակայում է հանցագործության դեպքը.

2) արարքի մեջ հանցակազմ չկա.

3) վնաս պատճառած արարքը քրեական օրենքով համարվում է իրավաչափ.

4) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բացակայում է դիմողի բողոքը.

5) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում տուժողը հաշտվել է կասկածյալի կամ մեղադրյալի հետ.

6) անցել են վաղեմության ժամկետները.

7) անձի նկատմամբ կա նույն մեղադրանքով օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կամ դատարանի այլ որոշում, որը հաստատում է քրեական հետապնդման անհնարինությունը.

8) անձի նկատմամբ կա նույն մեղադրանքով քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի չվերացված որոշում.

9) անձն արարքը կատարելու պահին չի հասել քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված տարիքին.

10) անձը մահացել է, բացառությամբ այն դեպքերի, երբ գործի վարույթն անհրաժեշտ է մահացածի իրավունքների վերականգնման համար կամ ուրիշ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար.

11) անձը կամովին հրաժարվել է հանցագործությունը մինչև վերջ հասցնելուց, եթե նրա փաստորեն կատարած արարքն այլ հանցակազմ չի պարունակում.

12) անձը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից.

13) ընդունվել է համաներման մասին օրենք»:

Օրենսգրքի 35-րդ հոդվածի 4-5-րդ մասերով ամրագրված է.

«4. Մեղադրողը, դատարանում հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, պարտավոր է հայտարարել ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին: Ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին մեղադրողի հայտարարությունը դատարանի համար քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք է:

5. Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:

Օրենսգրքի 35-րդ հոդվածի վիճարկվող դրույթները փոփոխվել են 2006 թվականի մայիսի 25-ի ՀՕ-91-Ն և 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՕ-415-Ն օրենքներով:

Օրենսգրքի՝ «Արդարացման դատավճիռը» վերտառությամբ 366-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է.

«2. Դատարանը պարտավոր է սույն օրենսգրքի 35 հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով և երկրորդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում տվյալ դատական նիստում կայացնել արդարացման դատավճիռ»:

Օրենսգրքի 366-րդ հոդվածի 2-րդ մասում փոփոխություն/լրացում չի կատարվել:

3. Դիմողի դիրքորոշումները

Դիմողը, մասնավորապես, գտնում է, որ Օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին, 4 և 5-րդ մասերի, 309.1-ին հոդվածի 3-րդ մասի և 366-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումների գործողության պայմաններում բացակայում է մեղադրողի կողմից արարքի իրավաբանական որակումը փոխելու հնարավորությունն այն պայմաններում, երբ չնայած նրան, որ հանցակազմ սահմանող քրեաիրավական նորմը, որով որակված է անձի արարքը, ճանաչվում է Սահմանադրությանը հակասող և անվավեր, այնուամենայնիվ, կատարված արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մեկ այլ հանցակազմի հատկանիշներին։ Դիմողը նշում է, որ վերոնշյալ նորմերի համակցված վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջիններս հնարավորություն չեն տալիս համապատասխան ու անհրաժեշտ դատավարական գործիքակազմի գործադրմամբ փոփոխել մեղադրանքը, մասնավորապես այն դեպքում, երբ ՀՀ քրեական օրենսգրքի նորմը, որով նախատեսված և որով որակված է անձին մեղսագրվող արարքը, այլևս չի գործում, սակայն այդ արարքն առերևույթ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի մեկ այլ նորմով նախատեսված ընդհանուր հանցակազմի հատկանիշներին։

Վերոնշյալի հիման վրա Դիմողը Սահմանադրական դատարանի ուշադրությունն է հրավիրում վիճարկվող իրավակարգավորումների համատեքստում արարքի իրավաբանական որակումը փոխելու հնարավորության բացակայությունը (իր գնահատմամբ) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորման առարկայի շրջանակներում օրենսդրական բաց դիտարկելու անհրաժեշտության վրա, ինչի առկայությունն արձանագրելու պարագայում, ըստ Դիմողի, նշված նորմի հետ համակարգային կապի մեջ գտնվող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին, 4 և 5-րդ մասերի և 366-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները տվյալ գործի շրջանակներում ենթակա են լինելու անմիջական կիրառման, քանի որ գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող նորմերի կիրառման միջոցով։

Դիմողը նշում է. «(…) Սույն գործով Սահմանադրական դատարանի առջև բարձրացվող իրավական հարցը հետևյալն է. հատուկ հանցակազմ սահմանող քրեաիրավական նորմը, որով որակված է անձին մեղսագրվող արարքը, ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու պարագայում մեղադրողի կողմից արարքի իրավաբանական որակումը փոփոխելու և ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մեկ այլ հանցակազմի հատկանիշներ պարունակող այդ արարքը վերաորակելու հնարավորության բացակայության և դատարանի կողմից քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելու պահանջի առկայության պայմաններում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի կապակցությամբ առկա օրենսդրական բացը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին և 4-րդ, 5-րդ մասերի և 366-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը արդյո՞ք չեն ստեղծում մեղադրանքի պաշտպանության գործառույթի սահմանափակում, տուժողի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների խախտում, այդ թվում՝ սոցիալական արդարության վերականգնման և հատուցում ստանալու իրավունքի իրացման անհաղթահարելի խոչընդոտ, ինչպես նաև՝ հանգեցնում հիմնական իրավունքները կարգավորելիս օրենքով դրանց իրականացման կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր նախատեսելու, Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան հաշվի առնելու սահմանադրական պահանջների խախտման»։

4․ Պատասխանողի դիրքորոշումները

Ազգային ժողովը (այսուհետ նաև՝ Պատասխանող), մասնավորապես, վկայակոչելով Սահմանադրության 61, 63 և 176-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի վերաբերելի դրույթները, մեջբերելով Օրենսգրքի վիճարկվող դրույթներով սահմանված և այլ վերաբերելի իրավակարգավորումները, Վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք ակտերում արտացոլված առանձին իրավական դիրքորոշումները, գտնում է, որ «Մեղադրանքի փաստական հանգամանքների փոփոխությունը հիմք է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով մեղադրանքը փոխելու որոշում կայացնելու համար, եթե այդ հանգամանքների փոփոխությունը առաջացնում է հանցակազմի հատկանիշների փոփոխություն։

(...)

Հարկ է նաև արձանագրել, որ դատարանի կողմից անձին մեղսագրվող արարքի քրեաիրավական որակման փոփոխությունը օրենսդրությամբ սահմանված երաշխիքների պահպանման պայմաններում բխում է Օրենսգրքով սահմանված՝ գործի արդարացի քննության սկզբունքի էությունից։ Օրենսգրքով սահմանված իրավական երաշխիքների պայմաններում անձին մեղսագրվող արարքի իրավական որակման փոփոխությունն ամբողջությամբ անկանխատեսելի լինել չի կարող՝ մասնավորապես հիմնված լինելով անձին մեղսագրվող արարքի փաստական հանգամանքների վրա»։

Պատասխանողն արձանագրում է. «(…) տվյալ դեպքում օրենքի բացը հաղթահարելու անհնարինություն առկա չէ, մասնավորապես, այն պայմաններում, երբ օրենսդրի կողմից սահմանվել է հանցանքի քրեաիրավական որակման հնարավորություն, որի լայն մեկնաբանման պայմաններում հնարավոր է դառնում կիրառել նախկին խմբագրությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված կարգավորումների համատեքստում։ Բոլոր դեպքերում նշված նորմում սահմանված կարճման ինստիտուտը չի բացառում փաստական հանգամանքների բավարար լինելու դեպքում հանցանքի քրեաիրավական որակումը փոփոխել (մեղադրանքը փոխել)»։

5. Ուսումնասիրելով դիմումը, Դիմողի և Պատասխանողի գրավոր բացատրությունները` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը մասամբ՝ 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին, 4 և 5-րդ մասերի, ինչպես նաև 366-րդ հոդվածի 2-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության մասով, ենթակա է կարճման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ.

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Սահմանադրական օրենք) 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան՝ Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում` եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասը, ամրագրելով դատարանների՝ Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը, կանխորոշել է այդ իրավասության իրացման շրջանակները: Այսպես՝ դատարանը նշված իրավասությունը կարող է իրացնել բացառապես

1) իր վարույթում գտնվող կոնկրետ գործով.

2) տվյալ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկած ունենալու պարագայում,

3) տվյալ գործի լուծումը միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով հնարավոր լինելու դեպքում:

Հիշատակված սահմանադրաիրավական բոլոր պայմանների համաժամանակյա առկայությունը դատարանների՝ Սահմանադրական դատարան դիմելու իրավասության իրացման պարտադիր նախապայմանն է:

Սույն գործով Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողը Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում առկա ենթադրյալ բացի խնդիր՝ պատճառաբանելով, որ այն հանգեցնում է տուժողի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների խախտման, սահմանափակում է մեղադրանքի պաշտպանության գործառույթն այնքանով, որքանով Օրենսգրքում բացակայում են մեղադրողի կողմից արարքի իրավական որակումը փոփոխելու հնարավորությունն այն պայմաններում, երբ հատուկ հանցակազմ սահմանող քրեաիրավական նորմը, որով որակված է անձի արարքը, ճանաչվում է Սահմանադրությանը հակասող և անվավեր, սակայն այդ արարքն առերևույթ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մեկ այլ հանցակազմի հատկանիշներին։

Սահմանադրական դատարանն իր՝ 2022 թվականի մայիսի 6-ի ՍԴԱՈ-83 աշխատակարգային որոշմամբ փաստել է. «(…) վիճարկվող նորմի սահմանադրականության վերաբերյալ դատավորի սուբյեկտիվ դիրքորոշումն արտահայտում է վերջինիս ներքին համոզմունքը, որը չի կարող հիմնվել սոսկ ենթադրությունների կամ չպատճառաբանված դատողությունների վրա, ուստի Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշումը պետք է բովանդակի վիճարկվող իրավադրույթի՝ Սահմանադրության համապատասխան հոդվածի համատեքստում ենթադրյալ հակասահմանադրականությունը հիմնավորող պատճառաբանությունների վերաբերյալ համապատասխան վերլուծություն, որը օբյեկտիվ հիմք է հանդիսացել դատավորի ներքին համոզմունքի ձևավորման համար»:

Սահմանադրական դատարանի 2021 թվականի օգոստոսի 5-ի ՍԴԱՈ-175 աշխատակարգային որոշմամբ արձանագրված է. ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի նշված պահանջը դատարանները պետք է դիտարկեն Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված պայմանների (կոնկրետ սահմանադրական վերահսկողության) ենթատեքստում: Ըստ այդմ՝ դատարանները համապատասխան դիմումներում պետք է ներկայացնեն վիճարկվող դրույթի՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ իրենց հիմնավորումները, ինչպես նաև պետք է հիմնավորեն, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով»:

Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ դատարանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում սահմանադրական արդարադատության իրականացման իմաստավորումը հանգում է դատարանի կողմից ենթադրյալ հակասահմանադրական նորմի հիման վրա կոնկրետ վեճի լուծումը կանխելուն, որպիսի պայմաններում հիմնարար նշանակություն է ձեռք բերում արդարադատություն իրականացնելու բացառիկ իրավասությամբ օժտված սուբյեկտի կողմից ներկայացված դիմումի շրջանակներում, ի թիվս այլնի, վիճարկվող նորմի՝ Սահմանադրությանն անհամապատասխանությունը հիմնավորող այն բազմաբովանդակ պատճառաբանության ներկայացումը, որը կբացահայտի դատարանի՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջը:

Անդրադառնալով Դիմողի կողմից բարձրացված հարցադրմանը՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ դիմումի շրջանակներում Դիմողի պատճառաբանությունների շղթան առավելապես վերաբերում է Օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասի ենթադրյալ հակասահմանադրականությանը, մինչդեռ Օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին, 4 և 5-րդ մասերի, ինչպես նաև 366-րդ հոդվածի 2-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության հարցով Դիմողը համապատասխան հիմնավորումներ չի ներկայացրել: Դիմողի բարձրացրած խնդիրը, ըստ էության, Օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասի կարգավորման տիրույթում է:

Ողջ վերոգրյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ Դիմողի՝ Օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին, 4 և 5-րդ մասերի, ինչպես նաև 366-րդ հոդվածի 2-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ ներքին համոզման հիման վրա ձևավորված պատճառաբանությունների ու հիմնավորումների բացակայությունը հանգեցնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկածի» բացառմանը, ուստի՝ նշված մասով սույն դիմումով առկա է գործի քննությունը մերժելու՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքը, և սույն գործի վարույթը նշված մասով ենթակա է մասամբ կարճման՝ հաշվի առնելով Սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջը:

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 71-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«ՀՀ Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա՝ 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասի և վերջինիս հետ համակարգային առումով փոխկապակցված նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին, 4 և 5-րդ մասերի, ինչպես նաև 366-րդ հոդվածի 2-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ՝ նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին, 4 և 5-րդ մասերի, ինչպես նաև 366-րդ հոդվածի 2-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության մասով, կարճել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

22 հուլիսի 2024 թվականի

ՍԴԱՈ-110

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
22 հուլիսի, 2024 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-110
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել