«ՈՒՂՂԱԿԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-40)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 18 մայիսի 2026թ. ՍԴԴԿՈ - 40 | «ՈՒՂՂԱԿԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 18 մայիսի 2026 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ՝ Հ. Հովակիմյանի
Անդամակցությամբ՝ Ա. Զեյնալյանի
Դ. Խաչատուրյանի
Քննության առնելով «Ուղղակի ժողովրդավարություն» ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման հասարակական կազմակերպության անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. «Ուղղակի ժողովրդավարություն» ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման հասարակական կազմակերպությունը (այսուհետ նաև՝ Դիմող, ի պաշտոնե ներկայացուցիչ՝ Գևորգ Քոթանջյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի մայիսի 8-ին)՝ խնդրելով.
«ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, 1.1-ին մասը և 216.6-րդ հոդվածը ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին հակասող և անվավեր այնքանով, որքանով դրանք չեն նախատեսում հասարակական կազմակերպությունների իրավունքը՝ դիմելու վարչական դատարան իրենց կանոնադրական նպատակներին համապատասխան հանրային/համայնքային շահերի կամ կոլեկտիվ իրավունքների պաշտպանության հայցով»։
2. Ներկայացնելով թիվ ՎԴ/16986/05/25 վարչական գործի դատավարական նախապատմությունը` Դիմողը նշում է, որ «(...) պետությունը պարտավոր է արդյունավետ մեխանիզմներ ստեղծել, մասնավորապես՝ դատարան դիմելու հնարավորություն ստեղծել նաև անձանց՝ ընտրելու իրավունքի պաշտպանության համար: Ընտրողների իրավունքի իրացման վերջնարդյունքը ընտրովի մարմինների ձևավորումն է։ Այդ իրավունքը կրում է կոլեկտիվ բնույթ, քանի որ ընտրովի մարմինները ձևավորվում են ընտրողների կամքի հավաքական արտահայտության, այլ ոչ թե մեկ անձի կամքի իրացման արդյունքում: Երբ այդ մարմինները չեն ձևավորվում, ստացվում է, որ ընտրողի` որպես անձի իրավունքը ֆորմալ առումով իրականացված է, քանի որ նրան թույլ են տվել մասնակցել ընտրություններին, սակայն ըստ էության նրա քվեն չի հանգեցրել այն մարմինների ձևավորմանը, որի համար նա մասնակցել էր ընտրություններին»:
Դիմողը նաև նշում է, որ «Տեղական ինքնակառավարման մարմիններն են համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը, այսինքն` տեղական ընտրությունների արդյունքները կարելի է կիրառված համարել միայն այն դեպքում, երբ համայնքն ունի ոչ միայն ավագանի, այլ նաև ղեկավար։
Այս կոլեկտիվ իրավունքի պաշտպանությունը ֆիզիկական անձինք չեն կարող իրացնել ինքնուրույն՝ անհատապես դատարան դիմելու միջոցով»:
Դիմողի պնդմամբ՝ «Հենց այս դեպքերի համար է պետությունը պարտավոր ապահովել հասարակական կազմակերպությունների իրավունքը` դիմելու դատարաններ անձանց կոլեկտիվ իրավունքների պաշտպանության նպատակով»:
Դիմողը, վկայակոչելով Սահմանադրական դատարանի՝ 2010 թվականի սեպտեմբերի 7-ի ՍԴՈ-906 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները, նշում է, որ «(...) Վարչական դատավարության օրենսգիրքը մինչ օրս Հասարակական կազմակերպություններին հնարավորություն է տալիս դիմելու վարչական դատարան միայն երկու դեպքում՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության նպատակով և բնապահպանական հարցերով։ Հասարակական կազմակերպությունների՝ վարչական դատարան դիմելու այսքան նեղ շրջանակը չի բխում ժողովրդավարության սկզբունքներից և Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումից»:
Ըստ Դիմողի՝ իր կանոնադրական նպատակներում, ի թիվս այլնի, նշված են Հայաստանի Հանրապետության համայնքներում մասնակցային քաղաքականության ամրապնդմանը և իրականացմանը, հաշվետվողական, բաց և թափանցիկ կառավարման ստեղծմանը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նպաստելը, որը վկայակոչվել է դատական բոլոր ատյաններում:
Դիմողը գտնում է, որ «(...) ընտրողների կոլեկտիվ իրավունքների պաշտպանությունը հնարավոր է միայն հասարակական կազմակերպությունների` դատարան դիմելու իրավունքի ամրագրմամբ, ուստի Վարչական դատավարության օրենսգրքի նորմերը, որոնք հնարավորություն չեն տալիս հասարակական կազմակերպություններին դիմելու վարչական դատարան համայնքային/հանրային շահերի և/կամ կոլեկտիվ իրավունքների պաշտպանության նպատակով, անհրաժեշտ է ճանաչել Սահմանադրությանը հակասող»:
Դիմողի պնդմամբ՝ այն պարագայում, «Երբ հասարակական կազմակերպություններին չի տրվում այդպիսի օրենսդրական հնարավորություն, կոլեկտիվ իրավունքների պաշտպանությունը դառնում է անհնարին»:
3. Ելնելով դիմումի և դիմումին կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(...) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
(...) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը վերը նշված աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(...) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (...)»:
Միաժամանակ, 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ Սահմանադրական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։
Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման փաստի միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի (օրինադրույթների) և համապատասխան հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:
Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ անհատական դիմումի շրջանակում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը (սույն պարագայում՝ դրույթները, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը) հանգեցրել է (են) Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, ինչը սույն պարագայում տեղի չի ունեցել:
Մասնավորապես՝ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում վիճարկում է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասի, նույն հոդվածի 1.1-ին մասի և 216.6-րդ հոդվածի (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի)՝ Սահմանադրության 61, 63 և 75-րդ հոդվածներին համապատասխանությունը, որի կապակցությամբ հարկ է արձանագրել հետևյալը.
այսպես՝ Դիմողը վկայակոչել է Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի, նույն հոդվածի 1.1-ին մասի և 216.6-րդ հոդվածի (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասությունը Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ համապատասխանաբար՝ արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքներին, սակայն բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր՝ տվյալ հոդվածներով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի խախտման փաստը, հետևաբար և՝ վիճարկվող դրույթների (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) և համապատասխան հիմնական իրավունքի ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։
Քննարկվող համատեքստում Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Սահմանադրական դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 7-ի ՍԴՈ-906 որոշմամբ, անդրադառնալով Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ «խախտվել» բառից հետո «նրա» արտահայտության՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցին, արձանագրել է հետևյալը.
«(...) ուրիշի փոխարեն դատարան դիմելու իրավունքը գործում է սահմանափակ դեպքերում, նախատեսված է այն իրավիճակների համար, երբ այն անձը, որի իրավունքները խախտվել են կամ կարող են խախտվել, օբյեկտիվ պատճառներով չի կարող անմիջականորեն դիմել դատարան (օրինակ` անգործունակ կամ սահմանափակ գործունակ լինելը), կամ օրենսդիրը, հետապնդելով իրավաչափ նպատակ, այլ անձի կամ անձանց, հանրության խախտված իրավունքների պաշտպանությունը կանոնակարգում է հանրային գործառույթի և հանրային շահերի համատեքստում (օրինակ` հանցագործությունների կամ համայնքի սեփականության իրավունքի խախտման դեպքում): Բոլոր դեպքերում, ընդհանուր կանոնն այն է, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ: Բացառիկ կանոն է ուրիշի խախտված իրավունքների համար դատարան դիմելու իրավունքը, որի իրացման դեպքերի և կարգի սահմանումը բացառապես օրենսդիր մարմնի իրավասության հարց է:
(...)
Հաշվի առնելով հասարակական կազմակերպությունների դերը պետության և քաղաքացիական հասարակության կյանքում, առաջնորդվելով վերջիններիս գործունեության արդյունավետության բարձրացման նկատառումներով` սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը շահագրգիռ (կանոնադրական համապատասխան իրավասությամբ օժտված) հասարակական կազմակերպությունների համար, որպես իրավաբանական անձ, կարող է սահմանել տվյալ ոլորտում անձանց խախտված իրավունքների համար դատարան դիմելու իրավունքի իրացման դեպքերը և կարգը` հաշվի առնելով actio popularis բողոքների ինստիտուտի առնչությամբ եվրոպական ներկա զարգացումների միտումները: Նման իրավակարգավորումը կնպաստեր ոչ միայն խախտված իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, այդ թվում դատական պաշտպանության արդյունավետությանը, այլև կբարձրացներ քաղաքացիական հասարակության բաղադրատարր հանդիսացող` հասարակական կազմակերպությունների դերը: Ընդ որում, ուրիշի խախտված իրավունքների համար դատարան կամ այլ մարմիններին ու պաշտոնատար անձանց դիմելու իրավունքի իրացման դեպքերը և կարգը սահմանելիս հարկ կլինի հաշվի առնել միայն այն հասարակական կազմակերպություններին, որոնց նպատակներից են կոլեկտիվ կամ համայնքային կոնկրետ շահերի պաշտպանությունը: (...):
(...) Վարչական դատավարությունում այլոց իրավունքների պաշտպանությամբ դատարան դիմելու իրավունքի („Actio popularis”) առնչությամբ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ, որպես կանոն, եվրոպական երկրներում այս ինստիտուտն իր դասական իմաստով և լրիվ ծավալով կիրառում չունի: Միաժամանակ, սահմանադրական դատարանը նման ուսումնասիրության արդյունքներով արձանագրում է, որ մի շարք երկրներում վարչական գործերով հայց ներկայացնելու իրավասության հիմնական չափանիշ է հանդիսանում «իրավական շահագրգռվածությունը»: Վերջինս դատաիրավական պրակտիկայում ստացել է այնքան լայն մեկնաբանություն, որ հասարակական կազմակերպություններին կամ քաղաքացիական նախաձեռնությամբ հանդես եկող և օրենքով սահմանված կարգով գործունեություն իրականացնող այլ միավորումների հնարավորություն է ընձեռվում հանդես գալ որոշակի խմբի կոլեկտիվ իրավունքի պաշտպանությամբ, եթե այդ պաշտպանությունը տվյալ միավորման կոնկրետ նպատակների շրջանակում է: Այսպիսի դիրքորոշում է ըստ էության արտահայտված նաև Հայաստանի Հանրապետության դատական պրակտիկայում: (...):
(...)
Բոլոր դեպքերում հիմնական մոտեցումն այն է, որ առանց իրավական շահի actio popularis-ը պետք է բացառվի:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական հասարակությունում հասարակական կազմակերպությունների գործառույթների իրականացման, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների միջոցով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման նկատմամբ հասարակական վերահսկողության արդյունավետության բարձրացման նկատառումներով հետագա օրենսդրական զարգացումները պետք է ընթանան վերոհիշյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ»:
Արդյունքում՝ Սահմանադրական դատարանը վերը վկայակոչված որոշմամբ որոշել է.
«(...) Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի` «խախտվել» բառից հետո «նրա» արտահայտությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում:
(...)»:
Այսպիսով, Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Սահմանադրական դատարանը վերոնշյալ որոշմամբ արձանագրել է Օրենսգրքում շահագրգիռ (կանոնադրական համապատասխան իրավասությամբ օժտված) հասարակական կազմակերպությունների համար, որպես իրավաբանական անձ, տվյալ ոլորտում անձանց խախտված իրավունքների համար դատարան դիմելու իրավունքի իրացման դեպքերը և կարգը սահմանելու իրավական հնարավորությունը:
Անդրադառնալով Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 75-րդ հոդվածին՝ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ տվյալ հոդվածի բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում այն ինքնին չի կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող է դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո:
Այսպիսով, Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի, նույն հոդվածի 1.1-ին մասի և 216.6-րդ հոդվածի (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասությունը Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին, հետևաբար և՝ Սահմանադրության 75-րդ հոդվածին:
Ուստի՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
«Ուղղակի ժողովրդավարություն» ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման հասարակական կազմակերպության անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Հ. Հովակիմյան
Անդամներ՝ Ա. Զեյնալյան
Դ. Խաչատուրյան
18 մայիսի 2026 թվականի
ՍԴԴԿՈ-40
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 մայիսի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-40
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
