Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՄՀԵՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՄՀԵՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-4610 սեպտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-46)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 10 սեպտեմբերի 2025թ. ՍԴԴԿՈ - 46 | ՄՀԵՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 10 սեպտեմբերի 2025 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը՝

Նախագահությամբ՝ Հ. Հովակիմյանի

Անդամակցությամբ՝ Ա. Զեյնալյանի

Դ. Խաչատուրյանի

Քննության առնելով Մհեր Հակոբյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Մհեր Հակոբյանը (այսուհետ՝ Դիմող), դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի սեպտեմբերի 2-ին), խնդրել է հետևյալը.

«(...) դիմումը բավարարել և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված «արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ» դրույթը՝ դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին և 3-րդ հոդվածներին, 6 հոդվածի 1-ին մասին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 73-րդ հոդվածի 1-ին մասին, 75 և 78-79-րդ հոդվածներին հակասող ու անվավեր»:

2. Ներկայացնելով թիվ ԵԴ/6269/02/22 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ թեև վիճարկվող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 372-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով համապատասխան սահմանափակման նախատեսումն իրավաչափ է և ողջամիտ, սակայն գործող իրավակարգավորումը չի համապատասխանում Սահմանադրության 79-րդ հոդվածով երաշխավորված՝ իրավական որոշակիության սկզբունքի պահանջներին:

Դիմողը գտնում է, որ «(...) Օրենսգրքում «արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ» հասկացության բովանդակությունը բացահայտված չէ, որպիսի պայմաններում որպես մեկնաբանման չափանիշ հիմք են ընդունվում ՀՀ Սահմանադրական դատարանի և ՀՀ Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշումները, սակայն եթե ՀՀ Սահմանադրական դատարանը նշում է, որ այդպիսի սխալ ասելով պետք է հասկանալ ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածով և ՄԻԵԿ 6-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքի երաշխիքների խախտումները, ապա ՀՀ Վճռաբեկ դատարանը նշում է, որ այս հասկացության ներքո պետք է ներառել ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքի նորմերի առավել ծանր բնույթի խախտումները, որոնք ի սկզբանե կանխորոշում են ցանկացած գործի ոչ ճիշտ ելքը»:

Դիմողը պնդում է, որ «(…) նման պայմաններում, նույնիսկ դատական մեկնաբանության միջոցով, հնարավոր չէ որոշել, թե ոչ մեծ հայցապահանջներով վերաքննիչ բողոք բերելու համար դատավարական իրավունքի նորմի որ խախտումն է համարվում սովորական և որն է համարվում առավել ծանր կամ ոչ սովորական կամ, օրինակ՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի խախտման հիմքով ներկայացված վերաքննիչ բողոքն արդյոք համապատասխանում է այս չափանիշին, եթե նույնիսկ գործի ելքը ճիշտ է որոշված: Այսինքն, քննարկման առարկա հանդիսացող դրույթը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին»:

Ըստ Դիմողի՝ «(...) գործող իրավակարգավորումից հետևում է, որ ոչ մեծ հայցապահանջների գործերով առաջին ատյանի դատարանի դատական ակտերի՝ Օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով բողոքարկման ենթակա լինելու հանգամանքը որոշվում է ոչ թե այն ժամանակ, երբ առաջին ատյանի դատարանը կայացնում է դատական ակտ, այլ այն ժամանակ, երբ առաջին ատյանի դատարանը կայացնում է ներկայացված հայցադիմումը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշում, քանի որ միայն այդ պահից է ներկայացված հայցը նույնականանում այսպես կոչված «ոչ մեծ հայցապահանջներով» գործերի հետ: Այսինքն, գործող իրավակարգավորումը ենթադրում է, որ եթե հայցը ներկայացվել է նախքան ՀՕ-82-Ն օրենքի ուժի մեջ մտնելը և հայցագնի արժեքը գերազանցել է 50.000 ՀՀ դրամը, այսինքն՝ հայցը չի հանդիսացել ոչ մեծ հայցապահանջներով գործ, ապա այդ գործով կայացված դատական ակտը ենթակա է բողոքարկման ընդհանուր կարգով, քանի որ ՀՕ-82-Ն օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա են եղել նախկինում ծագած և շարունակվող հասարակական հարաբերություններ և այդ հասարակական հարաբերությունների կողմերը՝ հայցվորն ու պատասխանողը, ողջամիտ ակնկալիք են ունեցել, որոնց իրենց գործի վերաբերյալ կայացված դատական ակտն ընդհանուր կարգով ենթակա է լինելու վերանայման վերաքննիչ բողոքարկման կարգով: Այնինչ, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, խախտելով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, մերժում է այն վերաքննիչ բողոքների վարույթ ընդունելը, որոնցով թեև վերաքննիչ բողոքը ներկայացվել է ՀՕ-82-Ն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, սակայն հայցը ներկայացվել է նախքան այդ օրենքի ուժի մեջ մտնելը և այդ գործով հայցագնի արժեքը թեև գերազանցում է 50.000 ՀՀ դրամը, սակայն չի գերազանցում 200.000 ՀՀ դրամը»:

Ամփոփելով՝ Դիմողը եզրահանգում է, որ Օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ «արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ» հասկացությունը՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, հակասում է Սահմանադրության 1-ին և 3-րդ հոդվածներին, 6-րդ հոդվածի 1-ին մասին, 61, 63 և 73-րդ հոդվածների 1-ին մասերին, 75, 78 և 79-րդ հոդվածներին, քանի որ չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին և անհամաչափորեն սահմանափակում է անձի՝ դատական պաշտպանության հիմնական իրավունքը, ինչպես նաև՝ իրավակիրառ պրակտիկայում տվյալ նորմին հետադարձ ուժ է տրվում, մինչդեռ վերջինս անձի իրավական վիճակը վատթարացնող նորմ է:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն սույն անհատական դիմումով գործի քննությունը մերժելու՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը` նկատի ունենալով, որ՝

1) դիմումում առաջադրված հարցերը ենթակա են Սահմանադրական դատարանին,

2) Դիմողն իրավասու է տվյալ հարցերով դիմելու Սահմանադրական դատարան, այն է՝

ա) Դիմողը հանդիսացել է դատարանում դատավարության մասնակից,

բ) Դիմողի նկատմամբ դատարանի կողմից կիրառվել են վիճարկվող նորմատիվ իրավական ակտերի դրույթները,

գ) Դիմողի նկատմամբ վիճարկվող նորմատիվ իրավական ակտերի դրույթները (բարձրացված հարցերի համատեքստում) կիրառվել են դատարանի վերջնական ակտով,

դ) Դիմողը (բարձրացված հարցերի համատեքստում) սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

3) դիմումում առաջադրված հարցերի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,

4) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

5) դիմումն ակնհայտ անհիմն չէ,

6) Դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 69-րդ հոդվածով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. «Մհեր Հակոբյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված «արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ» դրույթի՝ դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին։

Նախագահող՝ Հ. Հովակիմյան

Անդամներ՝ Ա. Զեյնալյան

Դ. Խաչատուրյան

10 սեպտեմբերի 2025 թվականի

ՍԴԴԿՈ-46

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
10 սեպտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-46
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել