Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱՅԴԻ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱՅԴԻ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-1915 ապրիլի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-19)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 15 ապրիլի 2019թ. ՍԴԴԿՈ - 19 | «ԱՅԴԻ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 15 ապրիլի 2019 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը

Նախագահությամբ Ֆ. Թոխյանի

Անդամակցությամբ Ա. Պետրոսյանի

Ա. Թունյանի

Քննության առնելով «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի

անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

1. «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն 2019 թվականի մարտի 25-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով. «Որոշել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի իա. 1) կետի ՀՀ Սահմանադրության 10-րդ, 28-րդ, 61, 63-րդ հոդվածներին (համադրությամբ) և 60-րդ հոդվածին համապատասխանության հարցը»:

2. Ըստ դիմողի վիճարկվող դրույթներով նախատեսված իրավակարգավորումները հակասում են ՀՀ Սահմանադրությանը, մասնավորապես 28-րդ, 60-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածներին այնքանով, որքանով համահունչ չեն դատավարության կողմերի իրավահավասարության սկզբունքին, փաստացի օժտում են «անձեռնմխելիությամբ» սնանկության կառավարչին, ինչը կարող է չարաշահման առարկա դառնալ հանգեցնելով բարեխիղճ անձանց գույքային իրավունքների ոտնահարմանը: Դիմողի կարծիքով առանց պատշաճ հակակշիռների մեխանիզմի վիճարկվող իրավակարգավորումները հնարավորություն են ընձեռում սնանկության կառավարչին չարաշահել դատական իր իրավունքները արհեստականորեն քաղաքացիական դատավարության մեջ ներգրավելով անձանց և նրանց վրա թողնելով դատական ակտերի բողոքարկման առնչությամբ պետական տուրքի վճարման պարտականությունը: Ըստ դիմողի «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը պարունակում է իրավական բաց այն առումով, որ սնանկության կառավարիչների կողմից դատարաններ ներկայացվող հայցադիմումների հիման վրա հարուցված դատական վարույթի շրջանակներում վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելիս պատասխանողի կողմից սահմանված չեն պետական տուրքի գծով արտոնություններ պետական տուրքի վճարումից ազատման ձևով: Ընդ որում, նման օրենսդրական բացը հանգեցնում է անձի դատական արդյունավետ պաշտպանության, սեփականության իրավունքների խախտմանը: Դիմողը գտնում է, որ առկա օրենսդրական բացի արդյունքում խախտվել է համաչափության սահմանադրական սկզբունքը: Օրենսդրական բացով պայմանավորված օրենսդիրը չի ապահովել ողջամիտ հավասարակշռություն երկու կողմերի շահերի միջև, և նշյալ բացի արդյունքում առաջացած դրությունն անհամարժեք խաթարում է պատասխանողի սահմանադրորեն ճանաչված և օրենսդրորեն երաշխավորված իրավունքները:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանդրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Սահմանադրական դարտարանի կողմից սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները: Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2018թ. մարտի 2-ին վճռել է.

«1. «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Հակոբ Ասոյանի հայցն ընդդեմ «Անելիք բանկ» ՓԲ ընկերության, երրորդ անձ «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊ ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասին, բավարարել:

2. «Անելիք բանկ» ՓԲ ընկերությունից հօգուտ «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊ ընկերության բռնագանձել 21.863.856,35 (քսանմեկ միլիոն ութ հարյուր վաթսուներեք հազար ութ հարյուր հիսունվեց ամբողջ երեսունհինգ) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ որպես 04.03.2015 թվականին կնքված համաձայնագրով սահմանված տույժի գումար:

3. «Անելիք բանկ» ՓԲ ընկերությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 437.277,12 (չորս հարյուր երեսունյոթ հազար երկու հարյուր յոթանասունյոթ ամբողջ տասներկու) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ որպես պետական տուրքի գումար»: Դիմողը նշյալ վճիռը բողոքարկել է վերաքննության կարգով: Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2018 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ որոշել է. «1. «Անելիք Բանկ» փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդ` «ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերության վերաքննիչ բողոքը բավարարել մասնակիորեն: ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԿԴ1/1293/02/17 քաղաքացիական գործով 02.03.2018 թվականի վճիռը բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` սույն որոշմամբ նշված ծավալով նոր քննության….»: Այսինքն, Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ դատական ծախսերը բաշխելու հարցին պետք է անդրադարձ կատարվի գործի նոր քննության արդյունքում դատական ակտ կայացնելիս: Այլ կերպ ասած պետական տուրքի հետ կապված հարցերը դեռևս չեն ստացել իրենց վերջնական հանգուցալուծումը, և հետագա դատավարական գործընթացների արդյունքում, գործի ելքից կախված, նոր լույսի ներքո քննարկման առարկան են դառնալու նաև դատական ծախսերի հետ կապված հարցերը: Վերաքննիչ դատարանի որոշման դեմ դիմողի կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք: 2018թ. նոյեմբերի 14-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը մերժել է բողոքը վարույթ ընդունելը: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ «գործով բողոք բերած անձի ներկայացրած փաստարկները բավարար չեն բողոքարկվող դատական ակտում դատավարական իրավունքի նորմերի խախտման առկայությունը և այդ խախտմամբ արդարադատության բուն էության խաթարումը հիմնավորված համարելու համար: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերով բողոքը վարույթ ընդունելու հետևության հանգելու համար: Հետևաբար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման»: Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության, ինչպես նաև լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական (այդ թվում սահմանադրական) պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոններն ինքնանպատակ չեն և հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, քանզի դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական գործընթաց, որն էլ պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով։ Հետևաբար, դիմողը Սահմանադրական դատարանում պարտավորված է կատարել այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը, հենվելով վերոնշյալ սահմանադրական նորմի վրա, սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան, մասնավորապես ա/ երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ/ երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ/ երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Ելնելով վերոնշյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով Սահմանադրական դատարանի դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:

Նախագահող

Անդամներ

15 ապրիլի 2019 թվականի

ՍԴԴԿՈ-19

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
15 ապրիլի, 2019 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-19
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել